Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր կքննարկվի «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Ըստ նախագծի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին եւ պետք է բխի ՄԱԿ-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում՝ հիմնարար սկզբունքներից, համաձայն որի՝ առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն։
Նախագծի հեղիանակները նաեւ կարծում են, որ սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձեւավորման կարեւոր նախապայմաններից են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսիայի եւ ծավալապաշտական հռետորաբանության դադարեցումը, բոլոր ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պահպանումը։
«Ընդ որում, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը որեւէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ կանխորոշել Արցախի վերջնական կարգավիճակը»,- նշվում է հայտարարության նախագծում։
Նշենք, որ այս նախագծին ՔՊ խմբակցությունն ավելի վաղ դեմ էր քվեարկել։