Կիրանց
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին։
Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Հայաստանի սահմանների փոփոխությունը պետք է հանրաքվեով լինի։
«Հանձնաժողովին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը, սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ Տավուշի՝ Ադրբեջանին հանձնվող տարածքների վրա գործում է Հայաստանի տիտղոսը, եւ հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրականում Ադրբեջանը չի ընդունում անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը․ «Ձեզ է թվում, թե Ադրբեջանն Ալմա-Աթան ընդունում է, Ալմա-Աթան հաստատում է այն ժամանակ, երբ մեզնից ինչ-որ բան պետք է ստանա։ Այդպես արեց, իրեն պետք էր Արցախն ստանալ, ստացավ, հիմա պետք է Տավուշի այս հատվածը, որովհետեւ այստեղ մնացել է մեր ամուր առաջնագիծը։ Այդ տարածքները ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքներ են, ուստի, այդ տարածքների հանձնումը, սահմանների ճշտումը հակասում է մեր սահմանների մասին օրենքին եւ հակասում է Սահմանադրությանը։ Անհրաժեշտություն է, որ դուք գնաք ժողովրդին հարցնեք՝ փոխեք, թե չփոխեք»։
Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, որ այսպիսով իշխանությունները լեգիտիմացնում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները․ «Ձեր դիվանագիտությունը հետեւյալն է՝ նախ հիմնավորվում է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները ճիշտ են, դրանով լեգիտիմացվում են Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հիմքերը։ Հիմա դուք արդեն պատերազմ սկսելու հիմքերը տվել եք։ Այս միակողմանի զիջումներով դուք Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու, նրանք մեր հայկական ինքնության ու հայկական գործոնի վերացումն են ուզում»։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սարգիս Խանդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում «անկլավ/էքսկլավների» սահմանազատման գործընթաց է տեղի ունենալու։ Նա հավելեց, որ դրա շրջանակում կբարձրացնեն Արծվաշենի հարցը։
Հարցին, որ Տավուշի բնակիչները եւ ընդհանրապես հայ ժողովուրդը դեմ է այս գործընթացներին, ինչո՞ւ է ՔՊ-ն միանձնա որոշում, թե որտեղով պետք է անցնի սահմանը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «2021 թվականին Հայաստանում տեղի են ունեցել արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, ընտրությունների միջոցով ձեւավորվել է խորհրդարան, այդ խորհրդարանը ձեւավորել է կառավարություն։ Եվ այդ կառավարությունն ունի լիազորություն՝ գործադրել ջանքեր խաղաղության հասնելու համար»։