Ես հիշում եմ, երբ 4-5 տարեկան էի, հայրս ինձ վեր էր թռցնում: Ասում էր` ե՞րբ ես մեծանալու: Ասում էի` կմեծանամ ու քեզ համար կերակուրներ կպատրաստեմ: Հետո լսեցինք զոհվելու մասին լուրը: Մայրս շատ մեծ դժվարությամբ էր միայնակ հոգ տանում 4 երեխաների մասին: Ես դեռ փոքր էի, երբ ադրբեջանցիները սպանեցին մեր հարևանին, դին դրեցին ձիու վրա: Ձին էլ գտավ ճամփան ու եկավ գյուղ: Հարևանների լացուկոծը աննկարագրելի էր: Հայերի հանդեպ այդ վերաբերմունքը միշտ էլ կար:
17 տարեկանում ամուսնացել եմ Խաչմաչ գյուղում: Մենք 5 երեխա ունեինք` 4 տղա, 1 աղջիկ: 1988թ. ամուսինս մահացել է հիվանդությունից:
Բաքվի ջարդերի ժամանակ տեգրս ու իր ընտանիքը փախել են ու տեղափոխվել Ռուսաստան: Արցախի բոլոր պատերազմների ընթացքում մեր ընտանիքը կորուստներ է ունեցել: 1994թ. աղջկաս ամուսինն է զոհվել, 2020թ. զոհվել է փոքր տղայիս փոքր որդին:
Խաչմաչ գյուղում 1990-ական թթ. նկուղներում շատ օրեր ենք անցկացրել: Եղել են դեպքեր, երբ ստիպված էինք մի սենյակում 30 հոգով ապրել: Գնում էինք հանդերից հասկ հավաքում, հետո ջրաղացում ալյուր պատրաստում, հաց թխում ու պահպանում մեր գոյությունը, իսկ ընտանիքի տղամարդիկ առաջնագծում էին:
2023թ. սեպտեմբերի 19-ին ես գյուղում էի: Չէի ուզում դուրս գալ, ոչ ոք չկարողավ ինձ համոզել: Գնացել եմ եղբորս տուն, որ տեսնեմ տանը ով է մնացել: Կրակոցներ էին լսվում, մտածեցինք, թե մերոնք են, գյուղն են պաշտպանում: Ես հետ եկա մեր տուն, որ թեյ խմեմ: Կրակոցներն ուժգնացան: Երկու ժամ հետո հայտնեցին, որ գյուղից դուրս գանք, ես չլսեցի: Հետո ադրբեջանցիները 10 հոգով մտնում են մեր տուն․ թեյ են սարքել, խմում են: Մի բաժակ էլ ինձ տվեցին: Հետները ադրբեջաներեն էի խոսում: Մեր տանը իրենց լավ էին զգում, հաց կերան, թեյ խմեցին: Տունը տակնուվրա արեցին, որ փող գտնեն: Ես ասել էի, որ չկա: Վերմակները բարձրացրին ոսկի գտնելու հույսով: Հետո ասացին, որ ականջօղերս հանեմ տամ: Ես մերժեցի, չէի կարող, ամուսնուցս մնացած միակ նվերն է: Էլ չպնդեցին:
Եղբորս տնից բերեցին պահածոներ, ձու, կարտոֆիլ և սկսեցին ճաշ պատրաստել: Ուզում էին ինձ էլ հյուրասիրել` հրաժարվեցի: Տեսնում էի, թե ինչպես են մտնում այգիները, տները թալանում:
Հետո ինձ տարան Ֆիզուլի, որտեղ էլ 5 օր մնացի: Ֆիզուլիում օրը 3 անգամ հաց էին տալիս ինձ: Երկու ադրբեջանցի լրագրողներ եկել էին հարցազրույց վերցնելու: Հետո իրենք, ըստ խոստացածի, ինձ բերեցին Ստեփանակերտ:
Ճամփին տեսա ավերված Հադրութը, Շուշիիում ընթացող շինարարական աշխատանքները: Շուշիում մեզ միացան նաև ուրիշ գերիներ, մի 10 հոգի: Մեզ խոստացան, որ ոչ մի վատ բան չեն անի:
Հասանք Ստեփանակերտ ու հասկացանք, որ տարհանվում ենք: Մեր տնեցիները ձայնս լսելուց հետո լացում էին ուրախությունից:
Սեպտեմբերի 26-ին հասնում ենք Երևան: Հաջորդ օրը ինձ ինսուլտ խփեց ու հայտնվեցի հիվանդանոցում: Երկրորդ ու երրորդ ինսուլտը խփեց արդեն հիվանդանոցում: Տեսողությունս վատացավ ու վիրահատություն արեցինք:
Ես երբեք այդպիսի խնդիրներ չեմ ունեցել: Ողջ, առողջ էի, բանջարանոց էի մշակում, ամբողջ օրը ոտքի վրա էի:
Ես ուզում եմ գնալ Արցախ: Իմ բակը, տունը, այգին, իմ գյուղը….Մեր բերքը հիմա երևի հասել է, մեր ծառերը ծաղկել են…Մեր կանաչեղենի նմանը չկա աշխարհում: Մեր գյուղի ամեն ինչը շատ եմ սիրում: Ես չեմ կարողանում չմտածել Խաչմաչ գյուղի մասին:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: