Հայաստանի Սահմանադրությունը նաեւ հարեւանների սահմաններն է որոշում․ հաջորդ սյան տեղը հայտնի է

  • 12:10 24.04.2024

Հայաստանի սահմանները կամայական որոշող Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ին Հայաստանի գոյություն չունեցող “սահմանին” առաջին սյունն է տեղադրել։ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում նա նախանշել է հաջորդ սյան տեղը՝ Թուրքիայի հետ եւս գոյություն չունեցող սահմանին։ 

Բաքուն եւ Անկարան բաց տեքստով ասում են, որ իրենց սահմանները ուղակիորեն կախված են Հայաստանից՝ կոչ անելով հայերին հրաժարվել իրենք անքակտելի իրավունքներից եւ օրինական պահանջներից։ Նրանք ասում են, որ “խաղաղությունը” հնարավոր է միայն այն բանից հետո, երբ հայերը “կամավոր” փոխանցեն իրենց ժառանգական իրավունքները զավթիչներին եւ ցեղասպաններին։

Իր ուղերձում Փաշինյանը այդ ուղղությամբ հերթական քայլն է արել․ «Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»:

Փաշինյանը “արձանագրում է”, որ հայ ժողովուրդը մոռացել է պետական ավանդույթները, եւ քիչ էր մնում ասի, որ  Հայաստանը հայտնվել է քաղաքական քարտեզին ի շնորհիվ ցեղասպանության։ Նա նաեւ ակնարկում է, որ դա ոչ թե հայ ժողովրդի, այլ ուրիշների /նկատի ունի ԱՄՆ նախագահ Վիլսոնի/ սին խոստումների արդյունքն է։

Փաշինյանն ասում է, որ ցեղասպանության հետեւանքների պահանջատիրության հիմքերի վրա կառուցված Հայաստանին պետք է վերջ դնել, եւ քանի որ նա չի առաջարկում անկախ պետականության այլ հիմք, մնում է միայն “Հայաստանին վերջ դնելը”։

Հենց դա են ուզում Թուրքիան եւ Ռուսաստանը, որոնք այկեւս իրավունք չունեն որոշել Հայաստանի սահմանները եւ անում են դա հայերի “կամավոր” որոշումներով։

«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից», – Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։

«Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»․ սա էլ Իլհամ Ալիևն է։

«Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում են խառնվել այլ երկրի ներքին գործերին։ Ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրված է, որ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն։ Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը, ոչ թե որովհետև ես կոպիտ եմ և ամբարտավան, այլ որովհետև դա նախապայման է», – հայտարարում էր Ալիևը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրվա առթիվ հղած ուղերձում նշել է․ «Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը»:

Նա պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»:

Թուրքերը պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրութունը, քանի որ գիտեն՝ դա նաեւ իրենց պետությունների չկայացած լինելու սահմանադրությունն է։