Մենք պետք է այդ սյունը հանենք, տեղափոխենք Սումգայիթի մոտ դնենք. Արաբոյի Մանվել

  • 16:41 24.04.2024

«Հիմա էլ Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չէ, անգամ այս բարոյահոգեբանական ծանր վիճակի մեջ Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չէ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Նա հավելեց․ «Ամեն մի հայ տղամարդ պետք է գիտակցի՝ կյանքի փեշից կախվել պետք չէ, տղամարդու ամենամեծ արժեքն այն է, որ փորձության պահին կյանքը տա հայրենիքի համար։ Մենք տալիս էինք պատվի կռիվ, ոչ թե ստամոքսի, իսկ այսօր ստամոքսի կռիվ է»։

Անդրադառնալով Տավուշի տարածքները հանձնելու գործընթացի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, թե իբր դրանք հայկական տարածքներ չեն, Մանվել Եղիազարյանն ասաց․ «Դա անգրագետ մարդու խոսելաձեւ է։ Այդ հողերը 30 տարի եղել են մեզ մոտ, դրանից առաջ 50 տարի եղել են Ադրբեջանի մոտ, բա դրանից առաջ ո՞ւմ հողերն են եղել։ Մենք մեր հողերն ազատագրել ենք։ Նրանք անգրագետ մարդիկ են, հասկանո՞ւմ եք, որովհետեւ ստրուկի համար իր վզի վզնոցն ավելի թեթեւ է, քան ասպետի զրահը, որն ինքը պետք է հագնի։ Այսօր ստրուկների ժամանակաշրջան է, այնպես որ զարմանալու ոչ մի բան չկա։ Իսկ ստրուկը դա անկանխատեսելի էակ է»։ Մանվել Եղիազարյանը կոչ արեց միավորվել ու այս իշխանություններին քշել, հետո կորոշենք, թե երկիրը ոնց ենք փրկելու։

Անդրադառնալով երեկ Տավուշում տեղադրված սյուներին եւ հարցին, թե դրանով հնարավո՞ր է խաղաղության հասնել, Մանվել Եղիազարյան ասաց․ «Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք, տեղափոխենք Սումգայիթի մոտ դնենք, այնտեղ պետք է մեր սահմանը լինի։ Ադրբեջանը վտանգավոր չէ մեզ համար, մենք ենք վաճառում ամեն ինչը, ոչ մի վախենալու բան չկա, ուղղակի ժողովրդին բերել հասցրել են այս վիճակում, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն։ Դուք խաղաղ չեք ապրելու, սրանից հետո ադրբեջանցիներին բերելու են բնակեցնեն Հայաստանում, նույն ոստիկանությունը ձեռք ձեռքի տված նրանց պաշտպանելու է, որ մենք չկարողանանք մատով կպչել։ Մենք այնպիսի դժբախտության մեջ ենք, ամենամեծ դժբախտությունը առջեւում է։ Դրա համար մենք պետք է ականջներս փակենք, ոչ մեկին չլսենք եւ հիշենք մի բան՝ առաջ՝ երկիրը փրկելու, ուրիշ ճանապարհ չկա»։

Հարցին, թե ինչո՞ւ իրենց ջոկատով չեն գնում Տավուշ, Մանվել Եղիազարյանը պատասխանեց․ «Մտածեցինք, ուզում էինք գնալ, բայց ես ասացի ճիշտը չգնալն է, որովհետեւ եթե մենք այնտեղ լինեինք, ծեծելու էինք իրենց բառի բուն իմաստով, հետո մեզ ասելու էին՝ սադրիչ եք։ Միլիցեքի հետ դեպք եղավ, սրբազանին քաշքշեցին, ես հայ քրիստոնյա եմ, թույլ էի տալու, որ սրբազանին քաշքշեի՞ն, խառնվելու էի, ծեծելու էի, մի մեծ պատմություն էր դառնալու»։

f