Լավ կլիներ, որ Էջմիածնից հայտարարություն լիներ, որ բոլոր թեմերը կանգնեն Տավուշի թեմի կողքին

  • 12:11 25.04.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Պարո՛ն Հայրյան, Ցեղասպանությունից 109 տարի անց մենք ականատես ենք լինում նրան, որ ՀՀ իշխանությունները կարծես փորձում են փակե՞լ Ցեղասպանության հարցը։

-Նախ արձանագրենք, որ ամենաանհասկանալի երեւույթն այն է, որ Ցեղասպանությունից 109 տարի հետո Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չունենք։ Դա թույլ է տալիս այսօրվա պաշտոնյաներին, օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին կասկածի տակ դնել զոհերի թիվը եւ հայտարարել, թե պետք է հաշվառել զոհերին։ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձում Ցեղասպանության փոխարեն ընգծել է Մեծ եղեռն արտահայտությունը։ Այսինքն, լինելով ռուսների ու թուրքերի կամակատարը, ուզում են հարցականի տակ դնել այդքան պետությունների կողմից ճանաչված ակտերը եւ գնալ թուրքերի ճանապարհով, որ իբր պատմաբանների խորհուրդը պետք է որոշի։ Մենք մեր ելույթներում 2020 թվականի դեպքերից հետո միշտ ասել ենք, որ այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հադրութին հետեւելու է Ստեփանակերտը, այնուհետեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը եւ հայկական պետականության վերացումը, քանի որ այլ պետություններից առաջադրանք ունեն՝ փակել հայկական հարցը։

Դուք հիշեցրել եք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է 1,5 մլն զոհերին։ Այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակավ կասկածի տակ են դնում Ցեղասպանության զոհերի թիվը, եկեղեցին կարո՞ղ է բանադրել սրբադասված զոհերի հիշատակն անարգողներին։

-Թեպետ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չունենք, բայց կրոնական հասկացողություններով 100-ամյա տարելիցին Ցեղասպանության զոհերի սրբադասվումը համապատասխանում է քաղաքացիական կյանքում Ցեղապանության ժխտումը քրեականացնող օրենքին։ Դա համարժեք է նրան, եթե քաղաքացիական կյանքում ունենայինք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Եթե զոհերը սրբադասվել են, եւ դրանից հետո ոմանք փորձում են կասկածի տակ դնել զոհերի թիվը, ստացվում է, որ դեմ են գնում եկեղեցու կանոններին։ Եթե եկեղեցու կանոնները խախտում են, դա կոչվում է սրբապղծություն, ուստի, մեր եկեղեցին լրիվ իրավունք ունի եւ պարտավոր է բանադրել սրբապիղծներին։ Անդրանիկ Քոչարյանի այս խոսույթն ինքնուրույն չի դրվել շրջանառության մեջ, երեւի իր վերադասից է ստացել այդ հանձնարարականը, եկեղեցին այստեղ պետք է շատ խիստ լինի։ Բայց մեր եկեղեցուց այդպիսի խիստ վերաբերմունք սպասելի չէ։ Ես համենայնդեպս չեմ հիշում, որ  վերջին հարյուրամյակներում մեր եկեղեցին որեւէ մեկին բանադրած լինի։ Գուցե ես պատմությունը լավ չգիտեմ, բայց երեւի Թոնդրակեցիների օրերից բանադրության ակտ չի եղել։

Մենք 2020 թվականի պատերազմից հետո փորձել ենք կապ հաստատել եկեղեցու հետ եւ առաջարկել ենք, որ 44-օրյա պատերազմի զոհերը նույնպես սրբադասվեն։ Սա, մեր կարծիքով կզգաստացներ աշխարհին, որը լուռ հետեւում էր այդ ցեղասպան պատերազմին։ Եվ եթե 2020 թվականին եկեղեցին սրբադասեր պատերազմի զոհերին, 2023 թվականի գործընթացները հաստատ տեղի չէին ունենա։ Ընդ որում, աշխարհը ոչ թե կողքից նայում էր, այլ այդ աշխարհի առնվազն մեկ տասնյակ պետություններ ակտիվորեն մասնակցում էին 2020 թվականի ցեղասպանությանը։ Ստացվում է հետաքրքիր բան՝ որոշ պետություններ մեզ ցեղասպանում են, մենք էլ չենք բողոքում, չենք պայքարում մեր իրավունքների համար, աշխարհն էլ իրեն իրավունք է վերապահում հետեւել այդ ամենին։

Հայ առաքելական եկեղեցին հայ ազգի հոգեւոր հովիվն է եւ եկեղեցին պետք է հասկանա, որ եթե հոտը վերանա, իրեն հովվելու ոչինչ չի մնա։ Եթե պետությունը վերանա, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկությունը կդառնա թափառական, ինչպես միջին դարերում։ Այսինքն՝ եկեղեցին, ե՛ւ իր, ե՛ւ ազգի շահերից ելնելով, պետք է ամուր կառչի հայոց պետականության գաղափարին եւ պահպանի այն ամբողջ ուժով։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցական իշխանությունները պետք է օգտագործեն իրենց բոլոր լծակները՝ պայքարելու համար այսօրվա ապազգային իշխանությունների դեմ։

Ցեղասպանության տարելիցին հասարակությունն ամեն տարի ավանդական ջահերով երթ է անցկացնում,  եկեղեցին կարո՞ղ է անցկացնել համարժեք միջոցառում։

– Ցեղասպանության հիշատակին կազմակերպված ամենահաջողված միջոցառումներից մեկը ջահերով երթն է։ Սա փաստում է այն հանգամանքը, որ համարյա բոլոր երկրներում հայ համայնքների կողմից այն անցկացվում է եւ վայելում է մեծ ժողովրդականություն։  Միեւնույն ժամանակ իր մասշտաբներով կարողանում է այլ ազգերի եւ պետությունների ուշադրությունը գրավել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի միջոցառում կարող է անցկացնել եկեղեցին այս պարագայում, ասեմ, որ աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիներն ազգի, երկրի կամ եկեղեցու համար տագնապալի վիճակներում անցկացնում են խաչերով երթ, կարճ ասենք՝ խաչերթ։ Ցանկալի է, որ մեր եկեղեցին այս օրերին մեր ապազգային իշխանություններին զգաստացնելու, ազգին թմբրից հանելու եւ աշխարհի ուշադրությունը մեր կողմը դարձնելու համար անցկացներ խաչերթ։ Դա սթափեցնող ազդեցություն կունենա ապազգային իշխանությունների համար, կարթնացնի հայ ազգին թմբիրից եւ աշխարհին կզգուշացնի, որ չի կարելի անտարբեր հետեւել հայոց  ցեղասպանությանը։ Եկեղեցու կողմից նաեւ կարելի է համազգային ղողանջ հնչեցնել Տավուշի համար։ Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձություններում մեծ համբավ է ձեռք բերել Բագրատ սրբազանը, որը ժողովրդի հետ պայքարում է իր հողի համար։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ են մյուս թեմերը Բագրատ Գալստանյանին թողել մենակ։ Լավ կլիներ, որ Էջմիածնից հայտարարություն լիներ, որ բոլոր թեմերը կանգնեն Տավուշի թեմի կողքին։ Իմ կարծիքով՝ Բագրատ սրբազանի՝ այդ ակցիաներին մասնակցելը եւ եկեղեցու այդ կոչը ոգեշնչող կլիներ ժողովրդի համար։

Ռոզա Հովհաննիսյան