Ապրեց Արցախով, գնաց Արցախով, կգա Արցախով

  • 18:01 25.04.2024

Ես կամ, Մկրտիչ Մկրտչյան

Ղազարի թոռ, Հրաչի որդի Մակիչը երեկ՝ ապրիլի 24-ին կդառնար 62 տարեկան, այսինքն ի՞նչ կդառնար, դարձավ, ու դեռ մի բան էլ, բոլորիս հրավիրեց իր ծնունդին։ Ինչպես միշտ համեստ, հզոր, ազնվական ու այո ասպետական․․․

Տեսակով ասպետ էր Մակիչը, ով Արցախում հայտնի էր որպես երգող ֆիդային, կամ երգող զինվոր։ Մարդը մի անգամ երդում տվեց ծառայել Հայրենիքին ու հավատարիմ մնաց ողջ կյանքում։ Ապրածով ապացուցեց դա, միշտ մնաց Հայրենիքի նվիրյալ զինվորը, պատրաստ նրա կանչին։ Այս հարափոփոխ կյանքում նրան ոչինչ չփոխեց։ Ասում է զղջում եմ, որ դասական երգարվեստի ճանապարհով չգնացի, աշխարհը իմը կլիներ, ու շտապում ավելացնել, այսպես թե այնպես աշխարհը իմն է։ Աշխարհը իրենն էր թե չէ, չգիտեմ, բայց որ նա մի անծայրածիր աշխարհ էր, դա միանշանակ։ Երևի դրանից է, որ չտեղավորվեց մեր մեջ։

Հայրենիքի համար կռվողն ու Հայրենիքի ցավը երգողը այդ ցավը նաև կրեց, հազար անգամ ապրեց ու վերապրեց,  ասում է․ երբ իմացա, որ օրգանիզմիս մեջ դավադիրներ են հայտնվել, պարզվեց՝ լավ հիմնավորվել են, բայց կոնտրոլնին խփեց Արցախի կորուստը։

Մակիչ ջան, քեզ ու մյուս հզորներին Արցախ պարտք մնացինք․․․ քեզ հատուկ ասպետությամբ ասում ես, ամենասոսկալին պարտությունը չէ, այլ դրանից դասեր չքաղելը, պարտությունից դասեր քաղելով միայն կարող ենք հասնել հաղթանակի։ Ախր հենց դրանից էլ սոսկում եմ, մենք մի տեսակ դասեր քաղող ժողովուրդ չենք։ Ու քանի որ դու կաս ու ապրում ես, էստեղ ասեմ՝ տեսնենք ո՞նց կստացվի։

Ապրիլի 24-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ հուշ-երեկո՝  նվիրված Հայաստանի վաստակավոր արտիստ, ազգային ազատագրական երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) ծննդյան օրվան։

Միջոցառումը Մակիչի պես ինքնատիպ էր, զգացական, բայց և տոկուն։ «Ես կամ, ես ապրում եմ» խորագրով վավերագրական ֆիլմը, Մակիչավարի ներկայացրեց նրա անցած հարուստ, տառապանքներով ու վայելքներով լեցուն կյանքի ուղին։

Մկրտիչ Մկրտչյանը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին, 61 տարեկան հասակում։ Ապրեց Արցախով, գնաց Արցախով, որ վերածնվի Արցախում, իսկ մինչ այդ պետք է ինչքան էլ որ դժվար լինի, դիմանանք, վախկոտ չլինենք չմահանանք։

Արմինե Հայրապետյան

f