Ղուկասյան․ ռազմական ղեկավարների պատասխանատվության հարցն այսօր առաջնային է՝ ՀՀ բանակը ենթարկվելո՞ւ է ապօրինի հրամաններին, թե՞ ոչ

  • 21:19 26.04.2024

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարո՛ն Ղուկասյան, իշխանությունները Տավուշի մարզի տարածքները հանձնելու գործընթացն անվանում են «սահմանազատման-սահմանագծման» գործընթաց։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Ես այս գործընթացը հրապարակային անվանել եմ բլեֆ, հետեւյալ պատճառաբանությամբ։ Առաջինը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն ունեն միջազգային պարտավորություն ԵԱՀԿ շրջանակում ԵԱՀԿ պետությունների առջեւ։ Եվ նույնկերպ այդ ԵԱՀԿ պետություններն ունեն պարտավորություն՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման ճանաչել խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի սահմանը։ Այսինքն՝ դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ հայ ժողովրդին ներկայացվում է, որ իբր թե Ադրբեջանի կողմից մեծ քայլ է եղել, Ադրբեջանն ինչ-որ սկզբունք է ճանաչել սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ։ Դա մեծ սուտ է, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն այդ սահմանի ճանաչման պարտավորությունն ունեն ոչ միայն միմյանց, այլ ամբողջ ԵԱՀԿ-ի առջեւ։

Երկրորդ, սահմանագծան-սահմանազատման գործընթացն իրավական գործընթաց է։ Եվ համակամարտության մեջ գտնվող ցանկացած երկու պետություն, որպեսզի կարողանան այդ գործընթացն անել, առաջին քայլը խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Խաղաղության պայմանագիրը՝ որպես միջազգային պայմանագիր,  պետք է վավերացվի երկու պետությունների խորհրդարանների կողմից եւ գրանցվի ՄԱԿ-ի քարտուղարությունում՝ որպես միջազգային պայմանագիր, որպեսզի հետագայում կողմերն իրար միջեւ առաջացած վեճերը կարողանան կարգավորել Հաագայի դատարանի միջոցով։ Խաղաղության մասին այդ պայմանագիրը պետք է պարունակի նաեւ սահմանագծման վերաբերյալ դրույթ։ Այդ պայմանագրի հավելվածն է լինում սահմանագծման հանձնաժողովի աշխատելու կանոնակարգը։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունները ԵԱՀԿ առջեւ՝ կարգավորելու Արցախի խնդիրը, այդ պայմանագիրը նաեւ պետք է պարունակի Արցախին վերաբերող դրույթներ։ Այսինքն՝ այդ խաղաղության պայմանագիրը՝ որպես իրավական հիմք, հանդիսանում է հենարան սահմանագծման եւ սահմանների որոշման հանձնաժողովի աշխատանքի համար։ Երբ այդ աշխատանքն ավարտվում է, կարող է լինել հաջորդ քայլը՝ տարածքային փոխանակումներ, դա նույնպես միջազգային պայմանագիր է, նույնպես վավերացվում է խորհրդարանների կողմից եւ դարձյալ գրանցվում է ՄԱԿ-ի քարտուղարությունում։ Ի դեպ, այդ պայմանագրերը դառնում են միջազգային իրավունքի մաս։ Միջազգային իրավունք ասվածը պետությունների միջեւ միջազգային պատշաճ ձեւակերպված եւ կնքված պայմանագրերի բազմությունն է։

Երբ այդ տարածքային փոխանակումների վերաբերյալ պայմանագիրը եւս հաստատված ու կնքված, ՄԱԿ-ի քարտուղարությունում գրանցված լինի, գալիս է երրորդ քայլի ժամանակը՝ միջպետական պայմանագիր սահմանի վերաբերյալ։ Դարձյալ խորհրդարանների վավերացմամբ պետք է հաստատվի այդ պայմանագիրը՝ պետությունների համար դառնալով ներքին օրենսդրության մաս, ինչպես նախորդ երկու պայմանագրերը։ Այն ՄԱԿ-ի քարտուղարությունում գրանցվելուց հետո դարձյալ դառնում է միջազգային իրավունքի մաս։ Այդ պայմանագրի հավելվածն է սահմանային սյուների կոորդինատների վերաբերյալ ցանկը։ Այսինքն՝ որպեսզի սահմանային սյուներն իրավական պարտադիր նշանակություն ունենան կողմերի համար, պայմանագրով պետք է այդ կարգավիճակն ստանան, եւ հավելվածով պետք է գետնի վրա կոնկրետացվի իրենց տեղը։ Դա կոչվում է սահմանազատում, այ սա է միջազգային գործընթացը՝ խաղաղության պայմանագրից մինչեւ սահմանային սյուներ։

Գիտենք, որ այսօր նման գործընթաց չկա, եւ հետեւաբար իշխանությունների կողմից պաշտոնապես հայտարարված տեղեկությունը, թե Տավուշի հատվածում տեղի է ունեցել սահմանազատում ու սահմանագծում, ես համարում եմ բլեֆ։ Իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի հակամարտություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ իրավական հրադադար է սահմանված։ Այսինքն՝ գոյություն չունի հրադադարի վերաբերյալ կնքված, ՄԱԿ-ի քարտուղարությունում գրացված միջազգային պայմանագիր, որի խախտումը հանդիսանում է միջազգային քննության առարկա։ 1994 թվականից այդպիսի իրավական հետեւանքներ ստեղծող հրադադարի մասին պայմանագիր չի եղել։ Դա արվել է դիտավորությամբ, որպեսզի հետագայում պահպանեն ռազմական կոնֆլիկտի ապասառեցման հնարավորությունը, եւ դրա հետեւանքն Արցախի էթնիկ զտումն էր։

Նման պայմաններում գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծ եւ գոյություն ունի կրակի դադարեցման մասին համաձայնություն, որի խախտումը որեւէ իրավական հետեւանք չի ստեղծում կողմերի համար։ Քաղաքական հետեւանքները նման իրավիճակում պետք է տարբերակել․ երբ ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի վրա հարձակումը ծանր հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար, դրանք քաղաքական քայլեր են՝ պատերազմը զսպելու համար, այն պայմաններում, երբ հակամարտող կողմերի միջեւ հրադադարի վերաբերյալ որեւէ միջազգային պայամանագիր չկա։  Ցավոք սրտի, իրողությունն այսօր սա է, հայ ժողովրդին 30 տարի սովորեցրել են, որ դա այդպես էլ պետք է լինի։

Բոլորը տեսնում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարումը կամ դրան հակառակ գործելը Ադրբեջանի համար որեւէ հետեւանք չի ստեղծում։ Բայց դա տալիս է հիմք՝ պնդելու, որ Հայաստանի իշխանութունները (ընդգծում եմ՝ իշխանությունները, ոչ թե ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ) քաղաքական պարտավորություններ ունեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի իշխանությունների առջեւ։ Մասնավորապես, հիմա ՀՀ իշխանություններից, անձամբ Նիկոլ Փաշինյանից պահանջվում է Հայաստանի Սահմադրության դրույթներին հակառակ տրամադրել արտատարածքային միջանցք՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ անվերահսկելի կապ ապահովելու համար։ Նաեւ այլ նախապայմաններ կան, բոլորդ լսել եք, դրանք են Սահմանադրության փոփոխության, զինանշանի փոփոխության պահանջները եւ այլն։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի ղեկավարությունը դիտավորյալ որոշումներ է ընդունում եւ քայլեր է ձեռնարկում, որոնք Հայաստանի պետական շահերի դեմ են, վտանգում են Հայաստանի քաղաքացիներին, հանգեցրել են Արցախի էթնիկ զտմանը։ Արցախն ըստ միջազգային իրավունքի՝ ճանաչվել է վիճելի տարածք Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի մասին է խոսքը։ Այդ ամենը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության հարցն է, բացի այլ պետությունների հանցավոր ղեկավարությունների որոշումից, մեր ժողովրդի համար պատասխանատուն հենց մեր երկրի ղեկավարությունն է։

Մենք այս պահին ունենք մեր պետության շահերին դեմ հերթական ոչ իրավական համաձայնությունը Ադրբեջանի հետ, որն ըստ էության հանդիսանում է շփման գծի միակողմանի փոփոխություն։ Այն, ինչը պաշտոնական տեղեկատվությամբ ներկայացվել է որպես իբր թե սահմանագծման եւ սահմանազատման համաձայնեցված հատվածներ, դրանք մարտական շփման գծի այն հատվածներն են, որտեղ Հայաստանի իշխանություններն ունեն պարտավորություն՝ չկազմակերպել պաշտպանություն, չիրականացնել ականապատում, չունենալ մարտական դիրքեր։ Եվ այդ հատվածում Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի միայն կազմակերպել թեթեւ հրաձգային զենքով հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայություն։

Պարզ է, որ եթե չկա պետական սահմանի մասին պայմանագիր, չի կարող լինել նաեւ սահմանային ծառայություն։ Սահամանապահ ծառայությունը ենթադրում է կարգավիճակ՝ թե երկրի ներսում, թե միջազգային հարաբերություններում, որը թույլ է տալիս ընդհուպ ուժ գործադրելու, պետական սահմանն ապօրինի հատողների նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու։ Ցավոք սրտի, տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի գնում օրինական ճանապարհով՝ ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս։ Ապօրինություն է իրականացնում եւ իր որոշումներով ու դիտավորությամբ ոտնահարում է քաղաքացիների օրինական շահերը, վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի, առողջության եւ սեփականության համար։

Այսօր մեր բանակի համար շատ վատ դրություն է, որովհետեւ բանակի ղեկավարությունը ենթարկվում է ապօրինի հրամանների։ Եթե զորքերը հետ քաշելու ապօրինի հրամաններ են արձակվել, այդ բոլոր գործողությունները պատասխանատվություն են ստեղծում այդ ռազմական ստորաբաժանումների բոլոր ղեկավարների համար, հատկապես այն պայմաններում, երբ քաղաքացիների կողմից առկա է արդարացի դժգոհություն։ Դա նաեւ բարոյական առումով բանակի համար շատ վատ դրսեւորում է։ Ըստ Սահմանադրության՝ բանակի պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքի անձեռնմխելիությունը։ Երբ ՀՀ զինված ուժերը կատարում են ոչ իրավական, ապօրինի հրամաններ, որոնք վտանգ են ստեղծում տարածքային անձեռնմխելիության համար, դա չափազանց ցավալի փաստ է։

-Բանակը կարո՞ղ է չկատարել այդ հրամանները։

-Կարծում եմ, որ այդ շղթայի ղեկավարները, եթե չեն ցանկանում այդ ապօրինի հրամանները կատարել, կամ պետք է հրաժարականներ տան, կամ, եթե կատարում են, ուրեմն անմիջապես իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը։ Իրենք, ըստ ռազմական կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկել ապօրինի հրամանները։ Գլխավոր շտաբի անդամներն իրավունք ունեն հրապարակային հանդես գալ եւ այդ հրամանների գնահատականները տալ։ Այսինքն՝ ռազմական ղեկավարների պատասխանատվության հարցն այսօր առաջնային հարց է՝ ՀՀ բանակը ենթարկվելո՞ւ է ապօրինի հրամաններին, թե՞ ոչ։

Ռոզա Հովհաննիսյան