Տավուշի համար պայքարող քաղաքացիները պետք է քաղաքական պահանջներ ձևակերպեն, կարծում են փորձագետները, այլապես նրանց ինքնամոռաց նվիրումը ապարդյուն կլինի։
Մինչ այժմ միակ պահանջը Բագրատ սրբազանի շուրթերից է հնչել՝ նախ պետք է դադարեցնել հողերի միակողմանի հանձնման անօրինական գործընթացը։ Բողոքի ակցիաներին միացած խորհրդարանական ընդդիմությունը կասկածի տակ չի դնում Ալմա-Աթայի հռչակագիրը կամ Եռակողմ հայտարարությունը։ Թեև հենց Եռակողմ հայտարարության սկզբնական տարբերակում գրված էր, որ հայկական կողմը վերադարձնում է «Ղազախի շրջանի գյուղերը»։ Կրեմլի կայքում հրապարակված տարբերակում այս կետը չկա, բայց ոչ ոք չի վիճարկում, որ Նիկոլ Փաշինյանը նման պարտավորություն է ստանձնել ու հիմա ամեն գնով կատարում է այն։
Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, ինչը, ըստ ընդդիմության, կարող է փոխել բանակցությունների և «սահմանազատման» գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տա. Հայաստանի պետականությունը վերացնելու միջազգային կոնսենսուսի մասնակիցները նրան թույլ չեն տա, իսկ փողոցային պայքարի միջոցով նրան ստիպելու հրաժարական տալ պոտենցիալ չկա: Ու ստացվում է, որ Կիրանցի բողոքի ակցիաները միայն միավորներ են ավելացնում Փաշինյանին նրա տերերի աչքում։ Իսկ «սահմանազատման», սահմանային սյուների տեղադրման, ականազերծման, մարտական դիրքերի դուրսբերման գործընթացը շարունակվում է անխոչընդոտ։ Եւ դա է իրողությունը։
Ի՞նչը կարող է կոտրվածք առաջացնել:
Առաջին գործոնը եկեղեցին է։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին երեկ միացել են Շիրակի և Գուգարքի թեմի առաջնորդները։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել հոգեւորականներին կատարել իրենց պարտավորությունները՝ մոտ լինել հոտին։ Այսինքն՝ նա թույլ տվեց եկեղեցու անդամներին մասնակցել հողերի հանձնման դեմ բողոքի ակցիաներին։ Չնայած Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու իշխող կուսակցության կոշտ փորձերին եւ հիմնավոր կասկածներին, որ եկեղեցականները այլ արտաքին ուժերի են ծառայում, Եկեղեցին շարունակում է մնալ միակ ազգային ինստիտուտը, որն ազդեցություն ունի ժողովրդի գիտակցության վրա։
Երկրորդ գործոնը բանակն է։ Երեկ հայտնի դարձավ, որ ցուցարարներին են միացել Տավուշի մարզից մոտ 20 պայմանագրային զինծառայողներ։ Ռազմական ոստիկանությունն արդեն պարզում է նրանց ինքնությունը։ Բացի այդ, ընդդիմությունը կոչ է անում բանակի հրամանատարներին չկատարել քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները։ Երեկ ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ զինվորականներին քաղաքական գործընթացներում ներգրավելու ցանկացած փորձ կստանա համապատասխան գնահատական։ Միաժամանակ փորձագետները հիշեցնում են, որ կանոնադրության համաձայն՝ հրամանները կարող են բողոքարկվել, իսկ Գլխավոր շտաբը կարող է հրապարակայնորեն կարծիք հայտնել վիճահարույց հրամանների վերաբերյալ։
Երրորդ գործոնը ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումն է։ Երեկ Կիրանցի մոտ, ականատեսների վկայությամբ, լուսաձայնային ռումբ է կիրառվել, ինչից մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ոստիկանությունն ասում է, որ իրենք նման ռումբեր չեն օգտագործել։ Ուրեմն պետք է պարզել, թե ով է դա արել, քանի որ արդեն կան տուժածեր, բայց «Մարտի 1»-ի ուրվականը կրկին սկսել է սավառնել Հայաստանի գլխին։ Freedom House-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցների ֆոնին, որոնք ջարդուփշուր արեցին փաշինյանական Հայաստանի «ժողովրդավարությունը», այս ուրվականը կարող է շրջադարձային կետի հանգեցնել հանրային գիտակցության մեջ։ Առավել եւս, որ իշխանությունները հստակ պարզաբանումներ չեն տվել, թե ինչի հիման վրա են տեղադրվում սահմանային սյուները, և ինչու է դիրքերի դուրսբերումը տեղի ունենում Հայաստանի հաշվին։
Այս բոլոր գործոնները շատ կարևոր են և ինչ-որ պահի իսկապես կարող են հանգեցնել շրջադարձի, բայց միայն այն դեպքում, եթե առաջ քաշվեն իրավական պահանջներ։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության» հատկանիշներով կատարված հանցագործության մասին ծանուցում արդեն իսկ ներկայացվել է Գլխավոր դատախազություն։ Բայց մի հայցը քիչ բան կփոխի. դատարանները պետք է ողողվեն երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ կառավարության ձեռնարկած քայլերի հակասահմանադրականության և անօրինականության մասին հայցերով։ Բայց ամենակարևորն այն է, որ պետք է քաղաքական կոնսենսուս առաջանա այս քայլերի անօրինականության և Սահմանադրությանը հակասողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Քանի դեռ այս քայլերը չեն ձեռնարկվել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որն իրեն ապահովել է գրեթե կատարյալ ֆիզիկական եւ քաղաքական պաշտպանություն, կշարունակի գործել իր պայմանավորվածություններին և գաղտնի արձանագրություններին համապատասխան։ Իսկ հաջորդ քայլը, ինչպես գրում են լրատվամիջոցները, «ադրբեջանցի փախստականների» զանգվածային բնակեցումն է Հայաստանում, Ադրբեջանից գազի գնումը և այսպես շարունակ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: