Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը, մաս-մաս կտրտելով, թշնամուն տալու գործընթաց է։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ գործընթացն առանց որեւէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից։ Եվ տարածքները, որոնց վրա ՀՀ-ն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ՝ տրված ՀՀ անունից, առանց որեւէ հիմնավորման տրվեցին թշնամուն։
«Հիմա տեսնում ենք՝ Սյունիքում ինչ է կատարվում, ինչքանով է դժվարացել հաղորդակցությունն Իրանի ու աշխարհի հետ։ Նույնը հիմա կատարվում է Տավուշում։ Որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որպեսզի ԱԺ-ն ընդուներ հայտարարություն, որպեսզի կանոնակարգենք այն գործընթացը, որն այսօրվա իշխանությունները ոգեւորության պահին կոչում են սահմանազատում։ Եվ առաջարկեցինք իրավական բազա՝ առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագուն փորձով։ Կառավարությունը՝ փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը, որեւէ օրենքի նախագիծ այստեղ չի ներկայացվել, որով կանոնակարգվի այս գործընթացը։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել, բայց մերժեցին»,- ասաց նա։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այսօր կառավարությունը սահմանազատումից անդին իրականացնում է նաեւ սահմանագծում, անհասկանալի իրավապայմանագրային բազայի վրա գծվում են սահմաններ։ «Այնտեղ ինչ-որ սյուներ են դրվել, ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրահանգով է դա արվում»,- նշեց նա։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ ընդդիմության հայտարարության մեջ կա եւս մեկ սկզբունքային կետ, որից իշխանությունը խուսափում է, ինչպես ժանտախտից. «Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային կոնտուրների որոշումը որեւէ կերպ չի կարող ազդել Արցախի Հանրապետության ու Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա»։