«Մեր առաջարկության բուն նպատակն ու հիմքը՝ միջազգային իրավունքին համապատասխան ապահովել Հայաստանի անվտանգության ավելի բարձր մակարդակ, պաշտպանված միջազգային իրավունքով ու փաստաթղթերով»,- ԱԺ նիստում ասաց «Հայասատան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին, որը ՔՊ-ն մերժել է։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, Հայաստանը տանում է վերջնական կոտորման։ «Այս հայտարարության մեջ առանցքային կետերից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցը որեւէ կերպ չի կարող սահմանափակել ԼՂ ժողովրդի՝ միջազգային իրավուքնով հավաքական վերադարձի իրավունքը իր ծննդավայր, իր հայրենիք։ Ինչպես նաեւ այս գործընթացը չի կարող որեւէ կերպ կանխորոշել ԼՂ կամ Արցախի կարգավիճակը։ Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ուրացել է Արցախը»,- նշեց նա։