“Մերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը”, ասում է ՔՊ-ն եւ գնում Ալմա-Աթա

  • 12:15 30.04.2024

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի մեկին։ Այ մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին:

«Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրբեջանի գոյություն ունեցող սահմանի վերարտադրության գործընթաց: Այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել: Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության ու կայսրության համատեղ հայտարարության նախագիծն ու մերժել այն, քանի որ Հայաստանը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է ու Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ, առհասարակ, Հայաստանի պետականության վերացման»,- ընդգծեց Կարապետյանը։

Նա նշեց, որ հայտարարության նախագիծն առաջարկում է, որ Հայաստանը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթաց, հիմք առաջարկի 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ շփման գիծը այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանն այդ ժամանակ է վավերացրել ԱՊՀ կանոնադարությունը: Սա, ըստ էության, առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից եւ վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանության: Սա բացարձակապես անընդունելի է եւ իր մեջ պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ռիսկեր: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ստորագրել են, վավերացրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-ի դեկտեմբերի 21-ին, այդպիսիով միանալով նորաստեղծ ԱՊՀ-ին: 1993-ին գրվել է ԱՊՀ կանոնադրությունը, Ադրբեջանն այն վավերացրել է 1993-ի սեպտեմբերին եւ այդ օրը եւս մեկ անգամ ստորագրել է Ամա-Աթայի հռչակագիրը: Հայաստանը եւս ԱՊՀ կանոնադրությունը վավերացրել է 1993-ի նոյեմբերին»,-ասաց Կարապետյանը:

Նա նկատեց, որ ԱՊՀ կանոնադրությունն անհնար է առանձնացնել մյուս հիմնադիր փաստաթղթերից. «Նորից մեջբերում եմ՝ ԱՊՀ բոլոր նորանկախ հանրապետությունները հաստատակամ դիրքորոշում են որդեգրել պահպանել իրենց նախկին վարչական, ներպետական սահմանները որպես միջպետական սահմաններ ԽՍՀՄ փլուզումից հետո»:

Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 51 պատգամավոր։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով, այո, վարչապետին իրավունք է տրվում  կազմել խորհրդակցական մարմիններ: Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը: Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Տարածքը դա այն տեղն է, այն  հողն է, որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ որի վրա Հայաստանն ունի տիտղոս: Հետեւաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,- ասաց Արթուր  Խաչատրյանը:

Ընդդիմության կարծիքով՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ:

«Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը, եւ նաեւ ճանապարհների ապաշրջափակումը, հաղորդակցության ուղիների նկատմամբ ամբողջական, միաժամանակյա ապաշրջափակումը պետք է լինի ինքնիշխանության պահպանմամբ»,- նշեց Խաչատրյանը։

Ոչ կայսրության մասին խոսող ՔՊ-ն, ոչ “ընդդիմությունը” չեն վիճարկում Ալմա-Աթայի համաձայնագիրը եւ այն սահմանները, որը գծել է կայսրությունը։