Լուսանկարը Ժենյա Ենգիբարյանի
Ներկայիս ադրբեջանցի հորջորջվող ժողովրդի նախնիները 866 թվականին չգիտեմ որ մի տափաստաններում էին իրենց նախիրն արածացնում, լիպարիտյանիզմի հետևորդները նույնպես, երբ Սարգիսը Արցախի Վաղուհաս գյուղում խաչքար էր կանգնեցնում ու վրան հայատառ, կրկնում եմ, հայատառ հիշատակագրություն թողնում․ «Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք»: Անշուշտ աղոթքով կհիշվեն բոլոր հայրենապահներն ու հայրենապաշտները և նզովքով հայրենադավները։ Չնայած նզովքը մինչ օրս ի՞նչ օգուտ է տվել․․․
Լուսանկարը Սամվել Կարապետյանի
Այստեղ հարկ է նկատել, որ Վաղուհասի «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում գտնվող սույն հուշարձանը, միակ ստույգ թվագրված ամենահին խաչքարը չէ, պարզապես այն ամբողջական է մնացել ի տարբերություն մյուսի։ Մեծառանից Հակոբավանքի ամենահին արձանագրությունը քանդակված է մի խաչքարի պատվանդանի վրա, որն օգտագործվել է հետագա նորոգումների ժամանակ որպես շինաքար, թվագրվում է (ՅԲ) 853 թ․, ասել է թե 13 տարով ավելի հին է։ Պատվանդանը նաև քիվ ունի, որի վրա փորագրված է արձանագրության առաջին տողը։
Արձանագրության մեջ հիշատակված է, որ Աղվանից Հովհաննես իշխանի օրոք Մեծառանից վանքի եպիսկոպոս Սողոմոնը կանգնեցրել է խաչը։ Սարգիսն ու Սողոմոնը 9-րդ դարում երևի կասկած անգամ չունեին, թեկուզ երկիրը անհանգիստ ժամանակներ էր ապրում, որ կգա ժամանակ ու կասկածի տակ կառնվի իրենց պապենական երկրի հայկականությունը, և ոչ ավել, ոչ պակաս, նաև հայերի կողմից։
Որ կգա ժամանակ, եւ Հայաստանի քաղաքականություն վարողների համար պատմական փաստերը կդառնան առ ոչինչ, իսկ պատմական Հայաստանը կապ չի ունենա իրական Հայաստանի հետ։ Պարզվում է, քոչվորները, որ երեկ հայտնվել են մեր հողերի վրա, շատ հաճախ ամայացրել ու դարձրել իրենց ոչխարների համար արոտավայր, հայրենատեր են, մենք ոչ։ Մենք դեռ կադաստրի թուղթ ենք որոնում։ Այստեղ տեղին է հիշել երջանկահիշատակ Սամվել Կարապետյանին, ով ասում էր․ «Մենք, իբրև հայկական լեռնաշխարհի բնիկներ, բնիկների պահվածք չունենք, մեր կեցվածքը շատ հեռու է տանտիրոջ կեցվածք լինելուց»։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: