Step1.am-ի զրուցակիցն է «Բերդ» ՀԿ անդամ, հանրային գործիչ Արփի Թոփչյանը
-Տավուշում տարածքներ են հանձնվում թշնամուն, այս միակողմանի զիջումներով ու ՀՀ տարածքները հանձնելով՝ հնարավո՞ր է զսպել թշնամուն, ինչպես ՀՀ իշխանություններն են փորձում ներկայացնել։
-Ո՛չ, հնարավոր չէ, և այդ մասին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ես նոյեմբերի 9-ից սկսած այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք։ Թշնամին կանգ չի՛ առնելու, նա ուղղակիորեն հայտարարում է, որ հայկական պետության գոյության իրավունքը չի ճանաչում։ Թշնամուն կանգնեցնելու միակ տարբերակը երկրի ներսում համակարգային մոբիլիզացիան է, իսկ դրսում բոլոր հնարավոր հարթակներում թշնամու՝ ցեղասպանի և ագրեսորի կարգավիճակի հաստատումը։ Մինչդեռ այս բոլոր տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում, որ ՀՀ այսպես կոչված իշխանությունները հերթով լեգիտիմացնում են Ադրբեջանի՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ բռնություն գործադրելու իրավունքը, և մոբիլիզացիայի փոխարեն հետևողական ջլատում են հանրության դիմադրողականությունը, վատնում են պետության ռեսուրսները և էլ ավելի են նվազեցնում Հայաստանի պաշտպանունակությունը։
-Ի՞նչ վտանգ են պարունակում այս գործընթացները ՀՀ համար։
-Այս գործընթացների վերջնարդյունքը հայկական պետության վերջնական կապիտուլյացիան է։ Ալիևը հստակ ներկայացրել է առաջիկա մի քանի տարում իր պլանները, և ՀՀ այսպես կոչված իշխանություններն իրենց ձեռքի տակ եղած բոլոր պետական լծակները գործադրելու են այդ պլանը իրագործելու համար։ Նրանք չեզոքացնելու են բոլոր ուժերին և անհատներին, ովքեր ի վիճակի են քիչ թե շատ դիմադրություն ցույց տալ։ Այդ գործընթացը արդեն իսկ սկսվել է։
-Արցախի հարցը Հայաստանի իշխանությունները փակել են, չեն խոսում ո՛չ Արցախի ժողովրդի վերադարձի, ո՛չ կարգավիճակի մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում, եւ արդյոք հնարավո՞ր է այսպես փակել Արցախի հարցը։
-ՀՀ այսպես կոչված իշխանությունները չեն որոշում Արցախի հարցը լուծվել է, թե ոչ։ Արցախի հարցը աշխարհաքաղաքական բալանսի մաս է և, ըստ անհրաժեշտության, կրկին ակտիվացվելու է այն ժամանակ, երբ ուժային կենտրոնները կորոշեն այն խաղարկել։ Ու երբ այդ պահը գա, նրանք թքած են ունենալու, թե ինչ է մտածում հայ այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությունը։
-Ի՞նչ պետք է անել, հայ հասարակությունը պատրա՞ստ է իրավիճակ փոխել։
-Պետք է գիտակցել, որ այս իշխանությունները հստակ վերածվել են թշնամու քաղաքականությունը իրականացնող գործիքի և դրա համար հայ ժողովրդի դեմ օգտագործելու են իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ ՀՀ ուժային կառույցները, իրավական համակարգը, մեդիաները, ֆինանսները։ Նրանք ինքնակամ կանգ չե՛ն առնելու։ Նրանք վաղուց են անցել կանգ առնելու սահմանը։ Վերջին դրվագը՝ երեկ ՀՀ այսպես կոչված վարչապետը Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ փաստացի ասել է, որ իր ղեկավարած պետությունը ի վիճակի չէ երաշխավորել նրանց անվտանգությունը։ Ցանկացած այլ երկրում այդ խոստովանությանը հետևելու էր իշխող ուժի հրաժարականը, բայց ոչ ՀՀ-ում։ ՀՀ Սահմանադրությունը բազմաթիվ անգամ խախտած, ՀՀ ուժային կառույցները և իրավական համակարգը անձնական մահակ դարձրածները իրենց վաղուց դուրս են դրել իրավական դաշտից՝ դրանով իսկ լեգիտիմացնելով իշխանությունից հեռացվելու բոլոր տարբերակները։ Այլ է հարցը, հայ հանրությունը իր մեջ ուժ կգտնի՞ դա իրականացնել, թե՞ ոչ։ Կա համատարած պասիվ դժգոհություն, դա միանշանակ է։ Բայց այդ դժգոհությունը արդյունավետ ալիքի վերածելու համար անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում լուծել իրական քաղաքական ինքնակազմակերպման գերխնդիրը։
Մենք գործ ունենք թշնամու քաղաքականությունը մեզ պարտադրող ներքին հակապետական ուժի հետ, որոնք վաղուց արդեն գործում են «պատերազմում ինչպես պատերազմում» սկզբունքով՝ միջոցների միջև տարբերություն չդնելով։ Բոլոր նրանք, ովքեր իրապես ցանկանում են ընդդիմանալ այդ քայլերին, ևս պետք է գործեն այդ տրամաբանությամբ։ Հակառակ դեպքում դատապարտված են թե՛ իրենք, թե՛ հայոց պետականությունը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: