“Արդարություն եւ վերադարձ” հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպություն
«Արդարություն և վերադարձ» հասարական կազմակերպությունը ձևավորվել է Արցախի բռնի տեղահանումից մի քանի օր անց: Կազմակերպության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով` պարտավորության զգացումը շատ ավելի մեծ էր, քան կարող էր լինել երբևէ. «Երևան հասնելուց 2-3 օր դեռևս անհասկանալի ձևաչափով սկսեցինք աշխատել: Առաջնային նպատակն արցախցիներին գտնելն ու մեկտեղ հավաքելն էր: Այցելեցինք գյուղեր, քաղաքներ, մարզեր`փորձելով օգնություն ցուցաբերել մեր համերկրացիներին: Կային խնդիրներ, որոնց լուծման համար պետք էր դռներ թակել: Հասկանալի պատճառներով ՀՀ-ում ոչ մեկը մեզ որպես քաղաքական ուժ չէր դիտարկում: Մենք պաշտոնապես որևէ գործունեություն չէինք կարող ծավալել և խնդրի միակ լուծումը հասարակական կազմակերպության հիմնադրումն էր, որը մեզ հնարավորություն կտար իրավական դաշտում գործունեություն ծավալելու: Անկախ ամեն ինչից, նախ և առաջ ես հանդիսանում եմ ԱՀ Ազգայի ժողովի պատգամավոր և այս իրավիճակում չեմ դադարելու զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մենք արդեն հասցրել ենք բավականին մեծ թվով հայրենակիցների աջակցություն ցուցաբերել, օգնել տարբեր ձևերով, որպեսզի այս իրավիճակում չկոտրվեն, չհիասթափվեն և կարողանան առաջ նայել»:
«Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել Հրազդանում, Սյունիքում, Կոտայքում, Շիրակում բնակվող արցախցիների հետ: Քննարկվող թեմաներն էին` ՀՀ վտանգված սահմանագիծը, առկա սոցիալ-հոգեբանական խնդիրները, հայրենակիցներին հուզող հարցերը, դեպի Արցախ վերադարձի հնարավոր տարբերակները:
«Մեր գրանցած հարցումների փոքր վերլուծությունը փաստաթղթային տեսքով ներկայացնելու ենք Արցախի և ՀՀ իշխանություններին: Վարդան Օսկանյանի գլխավորությամբ միջազգային կառույցներին հետ ակտիվորեն աշխատող հանձնախումբը դեռևս գտնվում է արտերկրում: Բանակցային գործընթացի համար պետք է ուղենիշ լինի արցախցու կարծիքը, թե ինչպիսի Արցախ է ուզում վերադառնալ:
2020թ. հետո Արցախում եղած խնդիրները նույնությամբ կրկնվում են նեկայումս Տավուշում և Սյունիքում: Մենք ոչ թե տարանջատում ենք Արցախը և ուզում ենք առանձին գործունեություն ծավալել, այլ հերթական անգամ միավորելով դեպքերն ու իրադարձությունները, փորձում ենք ճիշտ գնահատականներ տալով, ելքեր գտնել իրավիճակից: 2020–ից հետո շատ հաճախ էինք ասում, որ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախի: Արցախի հանձնումով սկսվեց Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի փլուզումը և ընդհանրապես պետականության հանդեպ վտանգները: Հիմա էլ համոզված ենք, որ եթե այսօր չաշխատենք Արցախ վերադառնալու ուղղությամբ, ապա Հայաստանը ավելի վատ վիճակում կհայտնվի»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:
Արցախի պատգամավորը հավելել է, որ Արցախի իշխանությունները բռնի տեղահանումից հետո ավելի շատ են ենթարկվում թիրախավորումների.«Մենք միշտ կարողացել ենք կանխատեսել և հասկանալ, թե ինչի կտանի այս կամ այն քաղաքականությունը: Վերջերս հաճախ շրջանառվում էր այն միտքը, որ մեր ցանկացած շարժ կամ գործունեություն վտանգ է ՀՀ-ին, ինչին մենք ունենք հետևյալ պատասխանը․ Արցախը միշտ եղել է ՀՀ դարպասը, ՀՀ անվտանգության երաշխավորը: Անընդհատ հնչում էին մտքեր, որ ՀՀ որևէ խնդիր լինելու դեպքում մեղավոր կլինեն Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը: Սա իշխանությունների գործելաոճն է: Այն չպետք է մեզ համար պատճառ դառնա մեր գործունեությունը չիրականացնելու: Նրանք ի սկզբանե որևէ պարտության, գործարքի գնալուց առաջ նշանակում են մեղավորներ, պատասխանատուներ: Կամ էլ նշում են, որմինչ զբաղված էին Արցախի հարցերով, Հայաստանում տուժել է ժողովրդավարությունը: Այնինչ` այդ կեղծ թեզերը շրջանառվում են ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու համար»:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: