“Բանակցային գործընթացի համար պետք է ուղենիշ լինի արցախցու կարծիքը, թե ինչպիսի Արցախ է ուզում վերադառնալ”

“Արդարություն եւ վերադարձ” հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպություն

«Արդարություն և վերադարձ» հասարական կազմակերպությունը ձևավորվել է Արցախի բռնի տեղահանումից մի քանի օր անց: Կազմակերպության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով` պարտավորության զգացումը շատ ավելի մեծ էր, քան կարող էր լինել երբևէ. «Երևան հասնելուց 2-3 օր դեռևս անհասկանալի ձևաչափով սկսեցինք աշխատել: Առաջնային նպատակն արցախցիներին գտնելն ու մեկտեղ հավաքելն էր: Այցելեցինք գյուղեր, քաղաքներ, մարզեր`փորձելով օգնություն ցուցաբերել մեր համերկրացիներին: Կային խնդիրներ, որոնց լուծման համար պետք էր դռներ թակել: Հասկանալի պատճառներով ՀՀ-ում ոչ մեկը մեզ որպես քաղաքական ուժ չէր դիտարկում: Մենք պաշտոնապես որևէ գործունեություն չէինք կարող ծավալել և խնդրի միակ լուծումը  հասարակական կազմակերպության հիմնադրումն էր, որը մեզ հնարավորություն կտար իրավական դաշտում գործունեություն ծավալելու: Անկախ ամեն ինչից, նախ և առաջ ես հանդիսանում եմ ԱՀ Ազգայի ժողովի պատգամավոր և այս իրավիճակում չեմ դադարելու զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մենք արդեն հասցրել ենք բավականին մեծ թվով հայրենակիցների աջակցություն ցուցաբերել, օգնել տարբեր ձևերով, որպեսզի այս իրավիճակում չկոտրվեն, չհիասթափվեն և կարողանան առաջ նայել»:

«Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակում հանդիպումներ են կազմակերպվել Հրազդանում, Սյունիքում, Կոտայքում, Շիրակում բնակվող արցախցիների հետ: Քննարկվող թեմաներն էին` ՀՀ վտանգված սահմանագիծը, առկա սոցիալ-հոգեբանական խնդիրները, հայրենակիցներին հուզող հարցերը, դեպի Արցախ վերադարձի հնարավոր տարբերակները:

«Մեր գրանցած հարցումների փոքր վերլուծությունը փաստաթղթային տեսքով ներկայացնելու ենք Արցախի  և ՀՀ իշխանություններին: Վարդան Օսկանյանի գլխավորությամբ միջազգային կառույցներին հետ ակտիվորեն աշխատող հանձնախումբը դեռևս գտնվում է արտերկրում: Բանակցային գործընթացի համար պետք է ուղենիշ լինի արցախցու կարծիքը, թե ինչպիսի Արցախ է ուզում վերադառնալ:

2020թ. հետո Արցախում եղած խնդիրները նույնությամբ կրկնվում են նեկայումս Տավուշում և Սյունիքում: Մենք ոչ թե տարանջատում ենք Արցախը և ուզում ենք առանձին գործունեություն ծավալել, այլ հերթական անգամ միավորելով դեպքերն ու իրադարձությունները, փորձում ենք ճիշտ գնահատականներ տալով, ելքեր գտնել իրավիճակից: 2020–ից հետո շատ հաճախ էինք ասում, որ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախի: Արցախի հանձնումով սկսվեց Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի փլուզումը և ընդհանրապես պետականության հանդեպ վտանգները: Հիմա էլ համոզված ենք, որ եթե այսօր չաշխատենք Արցախ վերադառնալու ուղղությամբ, ապա Հայաստանը ավելի վատ վիճակում կհայտնվի»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:

Արցախի պատգամավորը հավելել է, որ Արցախի իշխանությունները բռնի տեղահանումից հետո ավելի շատ են ենթարկվում թիրախավորումների.«Մենք միշտ կարողացել ենք կանխատեսել և հասկանալ, թե ինչի կտանի այս կամ այն քաղաքականությունը: Վերջերս հաճախ շրջանառվում էր այն միտքը, որ մեր ցանկացած շարժ կամ գործունեություն վտանգ է ՀՀ-ին, ինչին մենք ունենք հետևյալ պատասխանը․ Արցախը միշտ եղել է ՀՀ դարպասը, ՀՀ անվտանգության երաշխավորը: Անընդհատ հնչում էին մտքեր, որ ՀՀ որևէ խնդիր լինելու դեպքում մեղավոր կլինեն Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը: Սա իշխանությունների գործելաոճն է: Այն չպետք է մեզ համար պատճառ դառնա մեր գործունեությունը չիրականացնելու: Նրանք ի սկզբանե որևէ պարտության, գործարքի գնալուց առաջ նշանակում են մեղավորներ, պատասխանատուներ: Կամ էլ նշում են, որմինչ զբաղված էին Արցախի հարցերով, Հայաստանում տուժել է ժողովրդավարությունը: Այնինչ` այդ կեղծ թեզերը շրջանառվում են ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու համար»:

Տաթև Ազիզյան

Ցանկացած այլ երկրում այդ խոստովանությանը հետևելու էր իշխող ուժի հրաժարականը, բայց ոչ ՀՀ-ում

Step1.am-ի զրուցակիցն է «Բերդ» ՀԿ անդամ, հանրային գործիչ Արփի Թոփչյանը

-Տավուշում տարածքներ են հանձնվում թշնամուն, այս միակողմանի զիջումներով ու ՀՀ տարածքները հանձնելով՝ հնարավո՞ր է զսպել թշնամուն, ինչպես ՀՀ իշխանություններն են փորձում ներկայացնել։

-Ո՛չ, հնարավոր չէ, և այդ մասին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ես նոյեմբերի 9-ից սկսած այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք։ Թշնամին կանգ չի՛ առնելու, նա ուղղակիորեն հայտարարում է, որ հայկական պետության գոյության իրավունքը չի ճանաչում։ Թշնամուն կանգնեցնելու միակ տարբերակը երկրի ներսում համակարգային մոբիլիզացիան է, իսկ դրսում բոլոր հնարավոր հարթակներում թշնամու՝ ցեղասպանի և ագրեսորի կարգավիճակի հաստատումը։ Մինչդեռ այս բոլոր տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում, որ ՀՀ այսպես կոչված իշխանությունները հերթով լեգիտիմացնում են Ադրբեջանի՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ բռնություն գործադրելու իրավունքը, և մոբիլիզացիայի փոխարեն հետևողական ջլատում են հանրության դիմադրողականությունը, վատնում են պետության ռեսուրսները և էլ ավելի են նվազեցնում Հայաստանի պաշտպանունակությունը։

-Ի՞նչ վտանգ են պարունակում այս գործընթացները ՀՀ համար։

-Այս գործընթացների վերջնարդյունքը հայկական պետության վերջնական կապիտուլյացիան է։ Ալիևը հստակ ներկայացրել է առաջիկա մի քանի տարում իր պլանները, և ՀՀ այսպես կոչված իշխանություններն իրենց ձեռքի տակ եղած բոլոր պետական լծակները գործադրելու են այդ պլանը իրագործելու համար։ Նրանք չեզոքացնելու են բոլոր ուժերին և անհատներին, ովքեր ի վիճակի են քիչ թե շատ դիմադրություն ցույց տալ։ Այդ գործընթացը արդեն իսկ սկսվել է։

-Արցախի հարցը Հայաստանի իշխանությունները փակել են, չեն խոսում ո՛չ Արցախի ժողովրդի վերադարձի, ո՛չ կարգավիճակի մասին։ Սա ինչպե՞ս եք գնահատում, եւ արդյոք հնարավո՞ր է այսպես փակել Արցախի հարցը։

-ՀՀ այսպես կոչված իշխանությունները չեն որոշում Արցախի հարցը լուծվել է, թե ոչ։ Արցախի հարցը աշխարհաքաղաքական բալանսի մաս է և, ըստ անհրաժեշտության, կրկին ակտիվացվելու է այն ժամանակ, երբ ուժային կենտրոնները կորոշեն այն խաղարկել։ Ու երբ այդ պահը գա, նրանք թքած են ունենալու, թե ինչ է մտածում հայ այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությունը։

-Ի՞նչ պետք է անել, հայ հասարակությունը պատրա՞ստ է իրավիճակ փոխել։

-Պետք է գիտակցել, որ այս իշխանությունները հստակ վերածվել են թշնամու քաղաքականությունը իրականացնող գործիքի և դրա համար հայ ժողովրդի դեմ օգտագործելու են իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ ՀՀ ուժային կառույցները, իրավական համակարգը, մեդիաները, ֆինանսները։ Նրանք ինքնակամ կանգ չե՛ն առնելու։ Նրանք վաղուց են անցել կանգ առնելու սահմանը։ Վերջին դրվագը՝ երեկ ՀՀ այսպես կոչված վարչապետը Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ փաստացի ասել է, որ իր ղեկավարած պետությունը ի վիճակի չէ երաշխավորել նրանց անվտանգությունը։ Ցանկացած այլ երկրում այդ խոստովանությանը հետևելու էր իշխող ուժի հրաժարականը, բայց ոչ ՀՀ-ում։ ՀՀ Սահմանադրությունը բազմաթիվ անգամ խախտած, ՀՀ ուժային կառույցները և իրավական համակարգը անձնական մահակ դարձրածները իրենց վաղուց դուրս են դրել իրավական դաշտից՝ դրանով իսկ լեգիտիմացնելով իշխանությունից հեռացվելու բոլոր տարբերակները։ Այլ է հարցը, հայ հանրությունը իր մեջ ուժ կգտնի՞ դա իրականացնել, թե՞ ոչ։ Կա համատարած պասիվ դժգոհություն, դա միանշանակ է։ Բայց այդ դժգոհությունը արդյունավետ ալիքի վերածելու համար անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում լուծել իրական քաղաքական ինքնակազմակերպման գերխնդիրը։

Մենք գործ ունենք թշնամու քաղաքականությունը մեզ պարտադրող ներքին հակապետական ուժի հետ, որոնք վաղուց արդեն գործում են «պատերազմում ինչպես պատերազմում» սկզբունքով՝ միջոցների միջև տարբերություն չդնելով։ Բոլոր նրանք, ովքեր իրապես ցանկանում են ընդդիմանալ այդ քայլերին, ևս պետք է գործեն այդ տրամաբանությամբ։ Հակառակ դեպքում դատապարտված են թե՛ իրենք, թե՛ հայոց պետականությունը։

Ռոզա Հովհաննիսյան

Մայիսի 2-ին տեղի կունենա արցախցի երիտասարդներ Հայկ Հարությունյանի և Վաչե Աղաջանյանի համերգը

Մայիսի  2-ին, ժամը 20:00-ին Մամա Ջան սրճարանում տեղի կունենա արցախցի երիտասարդներ Հայկ Հարությունյանի և Վաչե Աղաջանյանի համերգը։ Կհնչեն սիրված երգերի cover-ներ։ Մուտքը ազատ է։

Ո՞ր ուժերն են պատրաստ հրաժարվելու սովետական անցյալից

«Եկե՛ք համախմբվենք, Նիկոլին հեռացնենք, հետո որոշենք ապագան»…

Հաճախ եմ լսում այսպիսի պնդումներ: Կարծես, շատ տրամաբանական է, և այո, սրան հանելն իսկապես համազգային աղետից փրկվելու միջոց է:

Բայց այդ պնդման մեջ կան խութեր: Վտանգավոր խութեր: Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար հարկավոր են հստակ քայլեր:

Բազմիցս նշել ենք, որ խնդիրը X անձի փոխելը չէ: X անձը խնդիրներից մեկն է: Համընդհանուր խնդիրը դա` ներկա համակարգի փոփոխություն է: Ռուս-թուրքական սինթեզ համակարգի փոխման խնդիր կա, որպեսզի այլևս երբեք նիկոլներ չծնվեն:

Նիկոլի հեռացումից հետո, համակարգի փոփոխության հասնելու համար արտահերթ ընտրությունները չեն կարող անմիջապես անցկացվել: Այս մեխանիզմով մենք չենք հասնի համակարգային փոփոխության, ինչպես չհասանք 2018-ին, և որի շնորհիվ հասանք այս վիճակին։

Ինչպես բազմիցս ասել ենք, մեզ անհրաժեշտ է անցումային հակաճգնաժամային ժամանակաշրջան, որի ժամանակ արմատախիլ կանվեն բոլոր այն ծիլելը, որոնք սնում են այս ապապետական համակարգը: Դա պարզապես անհրաժեշտություն է, առանց որի մենք դուրս չենք գա այս պերմամենտ քաոսային վիճակից:

Նոր որակի ընտրություններում չպետք է մասնակցեն հետխորհրդային գաղափարախոսության ուժեր: Դա կբերի նոր աղետների:

Վերադառալով «Եկեք համախմբվենք, Նիկոլին հեռացնենք, հետո որոշենք ապագան»-ին:

Ո՞ր ուժերն են պատրաստ համակարգի ախտահանման միջոցառումներին, որի ընթացքում արմատախիլ կարվեն ռուսական գործակալական ցանցային կառույցները:

Ո՞ր ուժերը և անձերն են պատրաստ հրաժարվելու սովետական անցյալից` անցնելով ապակոմունիզացիայի քավարանով և վերադառալով առաջին հանրապետության իրավահաջորդությանը:

Այս վերոնշված կետերը իմ կամ Բևեռի քմահաճույքները չեն: Սրանք միակ ձևաչափն է, որով անցնելով Հայաստանը կկագնի պետականաշինության և հասարական ներդաշնակության ռելսերի վրա:

Ես համախմբման կողմնակից եմ, և այո` «Եկեք համախմբվենք, Նիկոլին հեռացնենք»: Բայց շատ կարևոր է ՀԵՏՈ-ն:

Մենք իրավունք չունենք կրկնել անցյալի սխալները:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Ազգային ոգին մայրաքաղաքի կենտրոնում (video)

Նախօրեին Հանրապետության հրապարակում կայացավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակութային ծրագիրը:

Աջակիցը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն է, նախաձեռնողը՝ նույն բուհի  Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանը:

Մշակութային ծրագրին մասնակցում էին  մայրաքաղաքի և մարզային երաժշտական  դպրոցների դհոլահարները, ավանդական համույթները, պետական անսամբլները և այլ պարային խմբեր:

Տեսանյութ՝ https://youtu.be/Z6lT4ydMFx0

«Պուտինի վստահված անձինք». Ալիևին կարելի է

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բացառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «վստահված անձանց» հետ համագործակցության հնարավորությունը։ Պուտինի «մարդիկ» փորձում են «ոչնչացնել» ԵՄ-ն ներսից՝ ապատեղեկատվության և բևեռացման միջոցով, երկուշաբթի օրը Մաաստրիխտում կայացած միջոցառման ժամանակ ասաց ֆոն դեր Լեյենը։

Նա նշեց Ռուսաստանի հետ կապերի մասին մեղադրանքները, որոնք ներկայացվել են Եվրախորհրդարանում AfD-ի գլխավոր թեկնածու Մաքսիմիլիան Կրահի և AfD-ի պատգամավոր Պետր Բիստրոնի դեմ:

Ֆրաու ֆոն դեր Լեյենը Ալիևին չի հիշատակել «Պուտինի ընկերների» շարքում, թեկուզ ապրիլի 22-ին հենց Ալիեւն է այցելել Մոսկվա և հաստատել Ռուսաստանի հետ համագործակցությունն ու ապագա ծրագրերը։ Նա չնշեց, որ Ալիևը Պուտինի հետ հանդիպումից հետո ուժեղացրել է ճնշումը Հայաստանի վրա՝ պահանջելով արտատարածքային միջանցք «Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության ներքո»։ Նա նաև չմեկնաբանեց այն տեղեկությունը, որ Ռուսաստանը Բաքվիմիջոցով արգելված վառելիք է մատակարարում Եվրոպա։ Իսկ այն, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն մեկ օր առաջ, բոլորովին չի հիշվում։

Բաքվի ընդդիմադիր Արիֆ Յունուսովը, ի պատասխան ուկրաինացի լրագրողի կշտամբանքին, թե Ադրբեջանը եղբայրանում է Ռուսաստանի հետ, պատասխանել է՝ լավ է անում, ձեզ ի՞նչ։ Ադրբեջանը, ըստ Յունուսովի, կշարունակի սերտ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ հենց նա օգնեց գրավել Ղարաբաղը և մաքրել այն հայերից։

Եվրամիությունը, ըստ երևույթին, քարտ-բլանշ է տվել Ալիևին՝ դառնալու Պուտինի «վստահելի անձը» ոչ միայն Հայաստանի վերացման քաղաքականության համատեքստում, այլ նաև Իրանի հետ կարևոր հարևանության հետ կապված։ Ալիեւին կարելի է, նա ավելի հասկանալի է։

Մենք տանտիրոջ կեցվածքը զիջել ենք քոչվորներին․ Վաղուհասի 9-րդ դարի խաչքարը վկա

Լուսանկարը Ժենյա Ենգիբարյանի

Ներկայիս ադրբեջանցի հորջորջվող ժողովրդի նախնիները 866 թվականին չգիտեմ որ մի տափաստաններում էին իրենց նախիրն արածացնում, լիպարիտյանիզմի հետևորդները նույնպես, երբ Սարգիսը Արցախի Վաղուհաս գյուղում խաչքար էր կանգնեցնում ու վրան հայատառ, կրկնում եմ, հայատառ հիշատակագրություն թողնում․ «Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք»: Անշուշտ աղոթքով կհիշվեն բոլոր հայրենապահներն ու հայրենապաշտները և նզովքով հայրենադավները։ Չնայած նզովքը մինչ օրս ի՞նչ օգուտ է տվել․․․

Լուսանկարը Սամվել Կարապետյանի

Այստեղ հարկ է նկատել, որ Վաղուհասի «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում գտնվող սույն հուշարձանը, միակ ստույգ թվագրված ամենահին խաչքարը չէ, պարզապես այն ամբողջական է մնացել ի տարբերություն մյուսի։ Մեծառանից Հակոբավանքի ամենահին արձանագրությունը քանդակված է մի խաչքարի պատվանդանի վրա, որն օգտագործվել է հետագա նորոգումների ժամանակ որպես շինաքար, թվագրվում է (ՅԲ) 853 թ․, ասել է թե 13 տարով ավելի հին է։ Պատվանդանը նաև քիվ ունի, որի վրա փորագրված է արձանագրության առաջին տողը։

Արձանագրության մեջ հիշատակված է, որ Աղվանից Հովհաննես իշխանի օրոք Մեծառանից վանքի եպիսկոպոս Սողոմոնը կանգնեցրել է խաչը։ Սարգիսն ու Սողոմոնը 9-րդ դարում երևի կասկած անգամ չունեին, թեկուզ երկիրը անհանգիստ ժամանակներ էր ապրում, որ կգա ժամանակ ու կասկածի տակ կառնվի իրենց պապենական երկրի հայկականությունը, և ոչ ավել, ոչ պակաս, նաև հայերի կողմից։

Որ կգա ժամանակ, եւ Հայաստանի քաղաքականություն վարողների համար պատմական փաստերը կդառնան առ ոչինչ, իսկ պատմական Հայաստանը կապ չի ունենա իրական Հայաստանի հետ։ Պարզվում է, քոչվորները, որ երեկ հայտնվել են մեր հողերի վրա, շատ հաճախ ամայացրել ու դարձրել իրենց ոչխարների համար արոտավայր, հայրենատեր են, մենք ոչ։ Մենք դեռ կադաստրի թուղթ ենք որոնում։ Այստեղ տեղին է հիշել երջանկահիշատակ Սամվել Կարապետյանին, ով ասում էր․ «Մենք, իբրև հայկական լեռնաշխարհի բնիկներ, բնիկների պահվածք չունենք, մեր կեցվածքը շատ հեռու է տանտիրոջ կեցվածք լինելուց»։

Արմինե Հայրապետյան

«Հեղափոխություն» Վրաստանում. Իվանիշվիլին հանեց դիմակը, «խաղն ավարտված է»

Ապրիլի 29-ին իր կողմնակիցների հանրահավաքում Իվանիշվիլիի ելույթը շատ քաղաքական դիտորդների կողմից գնահատվել է որպես ծրագրային պլան, թե ինչ է նախատեսում անել կառավարությունը հոկտեմբերին, եթե հաղթի խորհրդարանական ընտրություններում, գրում են վրացական լրատվամիջոցները։

Իվանիշվիլին անմիջապես նշել է, թե ում է համարում իր իշխանության թշնամիները՝ Արևմուտքին, ընդդիմությանը և ոչ կառավարական հատվածին։ Ելույթի մեծ մասը նվիրված էր Արևմուտքի դեմոնիզացմանը։ Իվանիշվիլին Վրաստանի արևմտյան գործընկերներին անվանել է «օտարերկրյա գործակալներ» և «գլոբալ պատերազմի պարտիա»։ Իվանիշվիլիի ելույթում Ռուսաստանը հիշատակվել է միայն մեկ անգամ՝ այն համատեքստում, որ 2008 թվականին «գլոբալ պատերազմի պարտիան» Վրաստանին, իսկ հետո Ուկրաինային կանգնեցրեց Ռուսաստանի դեմ։ Իվանիշվիլին հենց այսպես է պատկերացնում Ուկրաինայում շարունակվող պատերազմը։

Նա նաև ասաց, որ տարիների ընթացքում կառավարությունը բավականաչափ ռեսուրսներ է կուտակել՝ սկսելու «ինքնիշխանության ամբողջական ամրապնդումը»։ Իվանիշվիլին հայտարարեց, որ ընտրություններից հետո պատրաստ է ռեպրեսիաների քաղաքական հակառակորդների, մասնավորապես Ազգային շարժման դեմ։ Իվանիշվիլին փաստացի հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում հաշվի առնել երկրում դատական ​​համակարգի բարեփոխման վերաբերյալ եվրոպական առաջարկությունները։

Իր ելույթում Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը ժամանակին ունեցել է օտար կառավարություն՝ ի դեմս Սահակաշվիլիի «Ազգային շարժման»։ Նրա խոսքով, «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպել են արտաքին ուժերը՝ ՀԿ-ների օգնությամբ եւ հիմա էլ նույն բանն են ուզում կրկնել.

«Այսօր այդ օտարերկրացիներին ուզում է Վրաստան վերադարձնել նույն անմարդկային և սադիստ մարդկանց դիկտատուրան, ինչը մենք ոչ մի գնով թույլ չենք տա»,- ասել է Իվանիշվիլին։

«Իվանիշվիլին հանեց դիմակը. Սա այլևս չի կոչվի «Վրացական երազանք», դա Կրեմլի երազանքն է՝ Վրաստանը դարձնել Բելառուս, և միայն վրաց հասարակությունը կարող է կանգնեցնել դրան։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանեն նրա և նրա շրջապատի դեմ»,- գրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է արտաքին ազդեցության մասին օրենքը, իսկ Ռուսթավելիի պողոտայում երկու հանրահավաք է։ Օրենքը ընդունվի թե չընդունվի, Վրաստանը հեղափոխության առաջ է կանգնելու։ Այն արդեն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իվանիշլին հանեց դիմակը։ 2012 թվականից «Վրացական երազանքը», չթաքցնելով իր կապերը Ռուսաստանի հետ, ձեւացնում  է, որ երկիրը տանում է դեպի ԵՄ։ Հիմա խաղն ավարտված է՝ կա՛մ Վրաստանը դառնում է Բելառուս, կա՛մ Սահակաշվիլին ազատվում է։

“Մերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը”, ասում է ՔՊ-ն եւ գնում Ալմա-Աթա

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի մեկին։ Այ մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին:

«Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրբեջանի գոյություն ունեցող սահմանի վերարտադրության գործընթաց: Այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել: Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության ու կայսրության համատեղ հայտարարության նախագիծն ու մերժել այն, քանի որ Հայաստանը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է ու Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ, առհասարակ, Հայաստանի պետականության վերացման»,- ընդգծեց Կարապետյանը։

Նա նշեց, որ հայտարարության նախագիծն առաջարկում է, որ Հայաստանը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթաց, հիմք առաջարկի 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ շփման գիծը այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանն այդ ժամանակ է վավերացրել ԱՊՀ կանոնադարությունը: Սա, ըստ էության, առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից եւ վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանության: Սա բացարձակապես անընդունելի է եւ իր մեջ պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ռիսկեր: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ստորագրել են, վավերացրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991-ի դեկտեմբերի 21-ին, այդպիսիով միանալով նորաստեղծ ԱՊՀ-ին: 1993-ին գրվել է ԱՊՀ կանոնադրությունը, Ադրբեջանն այն վավերացրել է 1993-ի սեպտեմբերին եւ այդ օրը եւս մեկ անգամ ստորագրել է Ամա-Աթայի հռչակագիրը: Հայաստանը եւս ԱՊՀ կանոնադրությունը վավերացրել է 1993-ի նոյեմբերին»,-ասաց Կարապետյանը:

Նա նկատեց, որ ԱՊՀ կանոնադրությունն անհնար է առանձնացնել մյուս հիմնադիր փաստաթղթերից. «Նորից մեջբերում եմ՝ ԱՊՀ բոլոր նորանկախ հանրապետությունները հաստատակամ դիրքորոշում են որդեգրել պահպանել իրենց նախկին վարչական, ներպետական սահմանները որպես միջպետական սահմաններ ԽՍՀՄ փլուզումից հետո»:

Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 51 պատգամավոր։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով, այո, վարչապետին իրավունք է տրվում  կազմել խորհրդակցական մարմիններ: Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որեւէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը: Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով: Տարածքը դա այն տեղն է, այն  հողն է, որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ որի վրա Հայաստանն ունի տիտղոս: Հետեւաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, այլ ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,- ասաց Արթուր  Խաչատրյանը:

Ընդդիմության կարծիքով՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության կողմից մշակած փաստաթուղթը սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ:

«Ինչպես նշեցի, սահմանազատման հիմք պետք է հանդիսանա 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ սահմանը, եւ նաեւ ճանապարհների ապաշրջափակումը, հաղորդակցության ուղիների նկատմամբ ամբողջական, միաժամանակյա ապաշրջափակումը պետք է լինի ինքնիշխանության պահպանմամբ»,- նշեց Խաչատրյանը։

Ոչ կայսրության մասին խոսող ՔՊ-ն, ոչ “ընդդիմությունը” չեն վիճարկում Ալմա-Աթայի համաձայնագիրը եւ այն սահմանները, որը գծել է կայսրությունը։

Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ուրացել է Արցախը. Մինասյան

«Մեր առաջարկության բուն նպատակն ու հիմքը՝ միջազգային իրավունքին համապատասխան ապահովել Հայաստանի անվտանգության ավելի բարձր մակարդակ, պաշտպանված միջազգային իրավունքով ու փաստաթղթերով»,- ԱԺ նիստում ասաց «Հայասատան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագծին, որը ՔՊ-ն մերժել է։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, Հայաստանը տանում է վերջնական կոտորման։ «Այս հայտարարության մեջ առանցքային կետերից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցը որեւէ կերպ չի կարող սահմանափակել ԼՂ ժողովրդի՝ միջազգային իրավուքնով հավաքական վերադարձի իրավունքը իր ծննդավայր, իր հայրենիք։ Ինչպես նաեւ այս գործընթացը չի կարող որեւէ կերպ կանխորոշել ԼՂ կամ Արցախի կարգավիճակը։ Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ուրացել է Արցախը»,- նշեց նա։

“Տարածքները, որոնց վրա ՀՀ-ն ուներ տիտղոս, առանց որեւէ հիմնավորման տրվեցին թշնամուն”

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը, մաս-մաս կտրտելով, թշնամուն տալու գործընթաց է։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝  գործընթացն առանց որեւէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից։ Եվ տարածքները, որոնց վրա ՀՀ-ն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ՝ տրված ՀՀ անունից, առանց որեւէ հիմնավորման տրվեցին թշնամուն։

«Հիմա տեսնում ենք՝ Սյունիքում ինչ է կատարվում, ինչքանով է դժվարացել հաղորդակցությունն Իրանի ու աշխարհի հետ։ Նույնը հիմա կատարվում է Տավուշում։ Որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որպեսզի ԱԺ-ն ընդուներ հայտարարություն, որպեսզի կանոնակարգենք այն գործընթացը, որն այսօրվա իշխանությունները ոգեւորության պահին կոչում են սահմանազատում։ Եվ առաջարկեցինք իրավական բազա՝ առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագուն փորձով։ Կառավարությունը՝ փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը, որեւէ օրենքի նախագիծ այստեղ չի ներկայացվել, որով կանոնակարգվի այս գործընթացը։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել, բայց մերժեցին»,- ասաց նա։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այսօր կառավարությունը սահմանազատումից անդին իրականացնում է նաեւ սահմանագծում, անհասկանալի իրավապայմանագրային բազայի վրա գծվում են սահմաններ։ «Այնտեղ ինչ-որ սյուներ են դրվել, ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրահանգով է դա արվում»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ ընդդիմության հայտարարության մեջ կա եւս մեկ սկզբունքային կետ, որից իշխանությունը խուսափում է, ինչպես ժանտախտից. «Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային կոնտուրների որոշումը որեւէ կերպ չի կարող ազդել Արցախի Հանրապետության ու Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա»։

“Ղարաբաղցիներին 10 հազ․ դրամ են տվել, որ Աննային վիրավորեն, ի՞նչ է արել Աննան”

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ Մնացած ձեռբակալված 6 ԱԺԲ անդամները ազատ են արձակվել։

Մինչ պարզվում էր Աննա Հակոբյանին պատիվն կպածների ինքնությունը, իշխանամետ ֆեյքերը գրում էին, որ դա արել են ղարաբաղցիներ, որոնք 10 հազար դրամով համաձայվել են գալ ու նման արարք կատարել։ Ի՞նչ է արել ձեզ Աննան, ծնկներին խփելով ասում են խոհանոցում Դոգ լսող կանայք։

Արցախցիներին իշխանափոխության, անկարգություն հրահրելու եւ հայերի կյանքն ուտելու մեջ մեղադրելը ֆեյքերի հիմնական գործն է։ Ոչ ոք հետո չի պարզում, թե ի՞նչ եղավ “հայտնի մարդուն սպանելու նպատակով” գրանատամյոտով կամ սառը զենքով Արցախից Երեւան հասած անձանց հետ։ Մասկի-շոուները նկարահանվում էին, մարդկանց մի քիչ պահում ու բաց էին թողնում։ Հետո պարզվում էր, որ դա սուտ է, բայց նստվածքը մնում էր։