Մեր հայրենիքը, մեր պետությունը կտոր-կտոր սահմանափակելով՝ դառնալու է պարզապես հուշ ու երազանք․ Բագրատ սրբազան

Տավուշում երեկվանից փակ է միջպետական ճանապարհը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ գիշեր նաեւ կանայք ու երեխաներն են եղել դրսում։

«Այս ամբողջ շարժումը հանուն ճշմարտության ու հանուն հայրենիքի է։ Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ, եւ այդ ստրի պատմությունն է, որ մենք պետք է ամեն իմաստով չեզոքացնենք։ Այս ժողովուրդն ինչո՞ւ է փողոցում, որովհետեւ խաբված է, մարդը խաբել է։ 2021 թվականին եկել այս մարդկանց քվեները գողացել է բառիս բուն իմաստով՝ մեկ բառ չասելով, թե ինչ է տեղի ունենալու այստեղ։ Եվ 2024 թվականին, փոխանակ գար ներողություն խնդրեր, ահաբեկել ու վախեցրել է պատերազմով։ Հետեւաբար, ճշմարտությունը պետք է հաղթանակի, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա։

Այսօր Տավուշի մարզ է այցելելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ըստ տեղեկությունների՝ հանդիպելու է տավուշցիների հետ։ Բագրատ սրբազանն ասաց, որ նախօրոք Տավուշի վարչական ղեկավարներին հրահանգներ են տվել։

«Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ամբողջ գործընթացը տեղափոխել մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ։ Այսինքն՝ ինչ տեղի ունենա, իրենք կլինեն ուղղակի առաջին պատասխանատուն։ Եվ սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, մարդկանց պետք է համոզեն, թե պետական սահմանն ինչպես պետք է լինի՞, իրենք պետք է որոշե՞ն, թե ինչպես պետք է լինի։ Ընդամենը չորս օր առաջ եկել ասել են՝ ձեզ հետ կհամաձայնեցնենք, հետո հրապարակում են քարտեզներ, գրված փաստաթղթեր, որոնք բացարձակ չեն խոսում այն մասին, որ դրանք չորս օրվա մեջ են տեղի ունեցել։ Այսինքն՝ ամեն ինչ նախօրոք արել են, եկել ժողովրդի վրա են բարդում։ Հիմա էլ վարչական ղեկավարներին կանչում են, որ ի՞նչ անեն։ Արդեն հող են նախապատրաստում, որ այս մարդկանց պատասխանատվության տիրույթ տեղափոխեն հարցը։ Դա անընդունելի է, սա ամբողջ հայոց պետականության հարցն է, հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն եւ միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա կոչ արեց հայ հասարակությանը դիրքորոշում հայտնել՝ համաձա՞յն են այս գործընթացների հետ, միասնության կոչ արեց։ «Դիմում եմ նաեւ զինվորականներին՝ նախկին եւ ներկա։ Նախ որեւէ ապօրինի գործ չեք անելու, ձեր համազգեստը ձեր պատիվն է։ Նախկին զինվորականներին՝ սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է, հետեւաբար, ձեր ձայնն ու ներկայությունը ցույց տվեք, չի կարող հայոց զինվորականությունը լուռ մնալ այս իրավիճակի առջեւ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշին, վաղը գալու են Տիգրանաշեն, մեր հայրենիքը, մեր պետությունը կտոր-կտոր սահմանափակելով՝ դառնալու է պարզապես հուշ ու երազանք, այն, ինչի մասին խոսում է մարդը՝ պատմական Հայաստան։ Դիմում եմ մեր ոստիկանությանը, իրավապահ ողջ համակարգին՝ որեւէ տեսակի ապօրինի քայլ չկատարեք։ Ոչ ոք չասի՝ ծառայության մեջ ենք, հրաման ենք կատարում, այդ հրամանը կարող է լինել ձեր տան վրա, կկարատե՞ք։ Սա էլ ձեր տունն է, մեծ տունն է։ Այս ժողովուրդն այստեղ կանգնած է հայոց պատվի համար»,- հայտարարեց նա։

 

Հայասերի դժվարին ճանապարհը. նրանց բախտ է վիճակվել լինել բնակարանով ապահովված 1000 ընտանիքների ցուցակում

Հայասեր Վարդանյանը ծնվել է Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Այասերի մայրը՝ Զեմֆիրան, ծնվել և մեծացել է Բաքվում։ Նա ականատես է եղել 1988 թվականի այն սարսափելի իրադարձություններին։ 1988 թվականի դեկտեմբերին նա ստիպված է եղել լքել հայրենի քաղաքը և տեղափոխվել Արցախ։

Չնայած այն ժամանակվա բոլոր դժվարություններին, նա երբեք չէր հուսահատվում, առաջ էր նայում և չէր կորցնում հույսը։ Ունի չորս որդի, որոնցից ավագը Հայասերն է։

2013 թվականին Հայասերն ամուսնացել է և ընտանիք կազմել։ Հետագայում նրա ընտանիքը համալրվեց երկու որդիով։ Ավագ որդին 9 տարեկան է, իսկ փոքրը՝ 4 տարեկան։

2016 թվականին Հայասերը ինքնակամ դարձավ 4-օրյա պատերազմի մասնակից։ Պատերազմի ավարտից հետո նա շարունակել է ծառայել բանակում։ Ինչպես շատ արցախցիներ, նա էլ է աշխատել ու կյանքի մեծ ծրագրեր կազմել։ Եվ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե 2019 թվականի հունվարին դժբախտ պատահար չլիներ, որի արդյունքում նա ողնաշարի վնասվածք ստացավ։

Հայասերը վիրահատվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում։ Որից հետո հետագա բուժման համար ուղարկվել է Երևան, որտեղ անցել է բուժման երկար, հոգնեցուցիչ ճանապարհ։ Ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենիք։ Վերականգնումը տեղի է ունեցել Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։ Կենտրոնի մասնագետներն արել են ամեն ինչ, որպեսզի այն որոշ չափով անկախանա։ Այնուհետև վերականգնողական կենտրոնի մասնագետները տնային այցելություններ են կատարել, ցուցաբերել բուժօգնություն և տրամադրել անհրաժեշտ բժշկական պարագաներ։

2023 թվականի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի ավարտից հետո, ինչպես բոլոր արցախցիները, նրանք նույնպես ստիպված են եղել լքել հայրենի գյուղը՝ թողնելով երեք տուն, երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված ողջ ունեցվածքը, ինչպես նաև հարազատների գերեզմանները։

Չնայած իր վիճակին, անկողնային խոցերին, Հայասերը կարողացել է ընտանիքին ինքնուրույն դուրս բերել գյուղից։ 8 ժամում նրանք կարողացան հասնել Ստեփանակերտ։ Ճանապարհին սարսափելի խցանումներ էին։ Հայասերի մայրը գնում էր մեքենայի առջև և վարորդներին խնդրում թույլ տալ անցնի այն մեքենան, որտեղ գտնվում էր Հայասերի ընտանիքը:

Երբ հասան Ստեփանակերտ, Հայասերին փոխարինեց նրա կրտսեր եղբայրը։ Նրանք հինգ օր ճանապարհին էին։ Հայասերի մայրը արցունքն աչքերին հիշում է այդ դժոխքը. ճանապարհին ուտելիք չունեին, բոլորը սոված էին։ Հայասերի երեխան ջերմություն ուներ։ Այս վիճակում նրանք հասել են Հայաստան, որտեղ տեղավորվել են Տաշիր քաղաքում։

Նրանց բախտ է վիճակվել հայտնվել բնակարանով ապահովված 1000 ընտանիքների ցուցակում։ Պայմանները, իհարկե, իդեալական չեն՝ սանհանգույցը բակում է, ուստի Հայասերը չի կարողանում ինքնուրույն օգտվել։ Հայասերը գամված է անկողնուն եւ շարժվում է միայն հաշմանդամության սայլակով։

Չնայած անցած բոլոր փորձություններին, Հայասերն ու իր ընտանիքը ցանկանում են հավատալ լավագույնին և հույս ունենալ, որ մի օր կկարողանան վերադառնալ Արցախ։

Արսեն Աղաջանյան

Լավրովն ընտրում է Փաշինյանին․ ինչի մասին է աղմկում ՀՀԿ-ն

«Մենք դիմում ենք դաշնակից Ռուսաստանի իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին, որպեսզի դադարեցնեն խաղաղապահ զորքերի դուրսբերման գործընթացը և սկսեն լայն գործընկերային քննարկումներ այս հարցի շուրջ»,- հանկարծ արթնացավ և հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ-ն։

Եվ կրկին, եկեք հիշենք դասականը `յա, իրո՞ք: Ցանկանու՞մ եք, որ ռուսական զորքերը մնան և շարունակեն այն, ինչ անում են 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ այն է՝ Արցախի օկուպացիան և բնիկ բնակչության արտաքսումը։ Ինչո՞ւ եք ուզում, որ ռուս խաղաղապահները մնան՝ հայկական սրբավայրերն ու ունեցվածքը պաշտպանելու համար։ Նրանք դա չէին անում նույնիսկ այն ժամանակ, երբ հայերը դեռ ապրում էին Արցախում, ինչո՞ւ հիմա պետք է անեն։ Թե՞ ուզում եք, որ Տավուշ ու Սյունիք չտեղափոխվեն ու մնան Արցախում։

ՀՀԿ-ն կատարում է Կոպիրկինի ծրագրի իր մասը։ Բայց քանի դեռ Փաշինյանը կա, Մոսկվային ՀՀԿ-ն պետք է միայն սազանդարության համար։

«Կարծում եմ՝ Հայաստանում կան այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը և՛ Հայաստանի անվտանգության, և՛ տնտեսական զարգացման համար, այդ թվում՝ ՀՀ կառավարության ղեկավարը, ով վերջերս ելույթ ունեցավ խորհրդարանում և ասաց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում, սակայն դրանց նշանակությունը չի կարելի գերագնահատել մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման համար։ Նա նաև ասաց. «Մենք գնահատում ենք մեծ դրական բաները, որոնք եղել և կան մեր հարաբերություններում»: Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Հայաստանին Ռուսաստանից արագացված տեմպերով տարանջատելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ամբարտավան և անամոթ գործողություններին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։

Նա հույս հայտնեց, որ շփումներ կլինեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև, որտեղ այս բոլոր հարցերը կարող են քննարկվել առանց «արևմտյան չարակամների կողմից նետված» փաստարկների։

Ի դեպ, նման շփումներ կարող են լինել մայիսի սկզբին, բայց Մոսկվայում Փաշինյանը պետք է զեկուցի, որ ամբողջ համաշխարհային հանրությանը համոզել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը այլընտրանք չունի, որ ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներն անվիճելի են, որ նա արդեն հանձնել է «օտար» գյուղերը եւ ղազախ խաղաղապահներին հրավիրել Հայաստանի նոր սահման։ Ներկայումս ընթանում է հաշվետվության ակտիվ նախապատրաստումը։ Բլինքենը և Միշելը կհաստատեն զեկույցը:

Ի՞նչ կասի ՀՀԿ-ն այդ ժամանակ. որ լավ կլինի ռուս սահմանապահներ լինեին, բայց ղազախներն էլ վա՞տ չեն։

Խուրշուդյանը կոչ կանի պատժել նենգ ոսկեպարցիներին

Մարդիկ Ոսկեպարի մոտ թույլ չեն տվել ականազերծել եկեղեցու մոտ տարածքը՝ թշնամուն փոխանցելու համար։ Նման «նենգ» քայլը դատապարտում են Հայաստանը միայն լեգիտիմ սահմաններով սիրողները։ Փաշինյանի՝ Հայաստանը լուծարելու ծրագրի գլխավոր խոսնակ դարձած Հովսեփ Խուրշուդյանը կպահանջի պատժել իրենց լավը չիմացող ոսկեպարցիներին։

4 հայկական գյուղ թշնամում հնաձնելուց հետո /ինչը արձանագրել են Բաքուն եւ Անկարան/ ՔՊ պատգամավորները փորձում են արդարացնել այդքայլը։ Նրանց միանում են նաեւ “արեւմտամետները”, եւ դժվար է պատկերացնել, թե նրանք ինչպե՞ս են բացատրում այդ քայլը իրենց երեխաներին, ծնողներին, իսկ ոմանք՝ զուգընկերներին։ Հավանաբար, ասում են, որ հանուն երեխաների ապագայի են գնում ստոր քայլերի։

Հովսեփ Խուրշուդյանն, օրինակ, որպես ձեռքբերում է ներկայացնում այն, որ Բաքուն համաձայնվել է սկսել դեմարկացիան/դելիմիտացիան 1976թ․քարտեզների հենքով։ Յա, իրո՞ք, կասեր դասականը։ Իսկ ի՞նչ լավ բան կա այդ քարտեզների մեջ։

Բայց Խուրշուդյանը կանխագուշակել է դասականի հարցը եւ նախապատրաստվել։ Պարզվում է, մեզ թույլ են տվել չտալ Հայաստան-Վրաստան ճանապարհը, փոխարենը մենք «չենք հավակնում» այն կողմի ինչ-որ ճանապարհի։ Կարելի է թվաբանությունից թույլ լինել, բայց որ զրոյից երկու անգամ հանես եւ դրական պատասխան ստանաս, անհավանական է։

Ուռաաա, վայ՝ կեցցե, Հայաստան-Վրաստան ճանապարհը մնալու է մեր վերահսկողության տակ։ Էս ի՛նչ լավ է, թե չէ մինչ հիմա ուրիշն էր վերահսկում։ «Այսինքն թանկարժեք շրջանցիկ ճանապարհի /թունելի կառուցման անհրաժեշտություն գոնե այս պահի դրությամբ չի առաջանում», ասում է Խուրշուդյանը։ Կարել ի է ասել, որ եթե Սեւանն էլ չտանք, կարիք չի լինի ջուր ներկրել Վոլգայից եւ թանկարժեք ջրանցք կառուցել։

Խուրշուդյանը պատմության համար արձանագրում է, որ «այս հատվածում այսպիսի դելիմիտացիայի հետեւանքով Հայաստանը վերադարձնում է հարյուրավոր հեկտարների տարածք, իսկ Արդբեջանը Հայաստանին՝ կարծես ոչինչ»։ Հետո կասի, որ իրականում սա ոչ թե Փաշինյանին արդարացնելու, այլ զգուշացնելու փորձ էր։ Չհավատաք։

Դու մի ասա, «այս որոշմամբ էապես կանխվում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի ռիսկը՝ իր բնակավայրերի «ազատագրման» պատրվակով»։ Այսինքն, դու ճանաչում ես քո հողը ադրբեջանական տարածք է, դրանով իսկ հրավիրելով նրանք «ազատագրել», հետո ինքնակամ տալիս ես, որ ուժով չվերցնեն։ Փայլուն է։

Խուրշուդյանն եւ այլոք պետք է իմանան, որ նման հայտարարությունները դավաճանության հոդվածով քրեական գործի ապացույց են լինելու, եւ տողատակերոի «նամյոկները» չեն ընդունվի։

Ոսկեպարի բնակիչները թուլ չեն տվել ականազերծման աշխատանքներ իրականացնել

Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքներում ՀՀ զինված ուժերն այսօր փորձել են ականազերծման աշխատանքներ իրականացնել, սակայն գյուղի բնակիչները խոչընդոտել են։ Այս մասին Ոսկեպարից ուղիղ եթերով հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Այստեղից պարզ երեւում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, եւ սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երեւում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է։ Հակառակ դեպքում որեւիցե պատճառ չէր լինի, որ Ոսկեպար գյուղի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Նշենք, որ Կիրանց գյուղի բնակչներն այսօր դարձյալ փակել են գյուղի ճանապարհը, բողոքի ակցիա է նախատեսվում նաեւ Ոսկեպար գյուղում։

Տավուշից Լոռի. այժմ կարելի է ծնկի վրա որոշել, թե որ հողերն են հայկական, որոնք՝ ոչ

Նիկոլ Փաշինյանը կրկին հավաքել է իր հավատարիմ համախոհներին, այս անգամ Լոռիում՝ Տավուշի հարցը լուծված համարելով։

Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ մենք 4 գյուղը տալիս ենք, քանի որ դա Հայաստան չէ, ինչպես Հայաստան չէր Արցախը, Պանդորայի արկղը լայն բացվեց։ Հիմա ծնկի վրա կարելի է որոշել, թե ինչ է Հայաստանը, ինչը՝ ոչ։ Եվ քանի որ այդ ամենը որոշվում է միջպետական ​​ճանապարհների հետ կապված, ուրեմն պետք է վերանայել նաեւ Լոռիով անցնող հայ-վրացական մայրուղու պատկանելությունը։ Հակառակ դեպքում խառնաշփոթ է ստացվում. Տավուշով դեպի Վրաստան ճանապարհը փոխանցվում է իրական «տերերին», իսկ Ալավերդիով երթուղին, այդ թվում՝ երկաթուղին, մնում է հայկական։ Մի տեսակ ճիշտ չէ։

Իսկ քանի որ Տավուշի “փայլուն օպերացիայից” հետո հեղափոխություն չի եղել՝ ուղղակի փակել են ճանապարհը, բոցաշունչ ելույթներ են ունեցել անհետևանք, նշանակում է՝ երկաթ պետք է ծեծել, քանի տաք է, այսինքն՝ գնալ Լոռի։ Ո՞վ գիտի, միգուցե Այրում կայանը եւս Հայաստանի տարածքը չէ, միշտ կարելի է գտնել քարտեզներ, որոնք դա կվկայեն։

Բլինքենն ու Միշելը պատրաստակամորեն կհաստատեն, իսկ Լավրովը ՀԱՊԿ «խաղաղապահներ» կառաջարկի մինչև հունիս։ Եթե ​​չեք ուզում Ռուսաստանը, թող դա լինի Ղազախստանն ու Ղրղզստանը, ինչ պակաս Հայաստանին բարեկամ երկրներ են։ Բլինքենն ու Միշելը դա էլ կհաստատեն առանց խղճի խայթի։ Միայն թե հայերը չհիշեին Արցախը, Նախիջևանը, Կարսը, ազգային իրավունքները և մտածեին միայն շուտով բացվող ճանապարհներին հասարակաց տների մասին։

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ

Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։ Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։

Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Որքանով մեզ է հայտնի՝ նրա միայն արյան ճնշումն են չափել և ուրիշ ոչինչ, ինչը մեզ ավելի է անհանգստացնում նրա առողջական վիճակի վատթարացման առումով։ Ռուբեն Վարդանյանը վերջում ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը թույլ տա Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ կերպով այցելել նրան, որպեսզի նրա առողջական վիճակի մասին ունենանք անկախ ապացույցներ և համոզված լինենք, որ հացադուլի ընթացքում նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:

Ի հավելումն՝ մենք վերահաստատում ենք Ռուբենի պահանջը՝ անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։

Մենք երախտագիտություն ենք հայտնում միջազգային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այդ ջանքերի շնորհիվ է հնարավոր դարձել ավելի քան երկու շաբաթ անց նրա առաջին հեռախոսակապը ընտանիքի հետ։

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում ապրիլի 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի  կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 21-ի և 22-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ուկրաինային, Թայվանին և Իսրայելին աջակցությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, երկար շաբաթների ձգձգումից հետո, վստահ մեծամասնությամբ քվեարկեց մի օրինագծի օգտին, որը մոտ 61 միլիարդ դոլար է հատկացնում Ուկրաինային աջակցելու ուղղակի կամ անուղղակի նպատակների համար: Օրենսդրական գործընթացի ավարտից հետո Վաշինգտոնը կկարողանա վերսկսել ռազմական մատակարարումները Կիևին, որոնք ընդհատվել էին մի քանի ամսով։

Նախագծին կողմ են քվեարկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները՝ 311 կողմ, 112 դեմ։ Դեմոկրատների շրջանում Ուկրաինային օգնություն տրամադրելուն աջակցել են ներկա գտնվող բոլոր 210 մարդիկ: Հանրապետականներից 101-ը կողմ է քվեարկել, սակայն կեսից ավելին՝ 112 կոնգրեսական, դեմ է քվեարկել։

Բյուջեի հայտը դեռևս պետք է վերահաստատվի Սենատի կողմից, որտեղ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պաշտպանվում է օրենսդիրների մեծամասնության կողմից: Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը նախապես զգուշացրել է գործընկերներին, որ նրանք կարող են ստիպված լինել աշխատել մինչև հանգստյան օրերը, եթե պալատն ընդունի օգնության փաթեթը:

Այնուհետև այն պետք է ստորագրի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, ով խոստացել է դա անել անմիջապես, հենց որ փաստաթուղթն իրեն հասնի:

Ինչպես այս շաբաթ հաղորդել են Politico-ն և Washington Post-ը, Պենտագոնը նախօրոք պատրաստել է Ուկրաինային նորացված ռազմական օգնության մեծ խմբաքանակ, այնպես որ բյուջեն վերջնական տեսքի բերելուց հետո «մեկ շաբաթից էլ քիչ» կպահանջվի ուկրաինական բանակին զինամթերք մատակարարելու համար:

Նաև շաբաթ օրը, Ներկայացուցիչների պալատը առանձին քվեարկեց Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթների վերաբերյալ: Սկզբում նրանք Ուկրաինային աջակցելու բյուջեով մեկ փաթեթի մաս էին կազմում, սակայն, ի վերջո, Ներկայացուցիչների պալատի նախագահը որոշեց բաժանել նրանց: Դրանք նույնպես պետք է վերահաստատվեն Սենատի կողմից, որից հետո նախագահը կարող է ստորագրել դրանք։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հիշում եմ, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այլ ցուցակ ներկայացրեց՝ Ուկրաինա, Թայվան, Հայաստան։ Բայց հիմա Հայաստանն ուրիշ ցուցակում է՝ որտեղ հարցերը լուծվում են Ալմա-Աթայի հռչակագրով:

Աշխարհը հռհռում է Հայաստանի վրա․ տատս էլ կարող է այդպես հարց լուծել

Թուրքիայի ԱԳՆ-ն, հետևելով Բաքվին, ողջունել է “Հայաստանի կողմից 4 գյուղերի հանձնումը”։ Իսկ Բաքվի պաշտպանության նախարարն արդեն հանձնարարել է զորքերին պատրաստվել «սահմանազատման»։

Ըստ երևույթին, «սահմանազատումը» տեղի կունենա այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհին, Ջերմուկի և Տեղ գյուղի մոտ, երբ ադրբեջանցիները պարզապես եկան և անցակետ տեղադրեցին, որտեղ իրենց հարմար էր։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա շատ շուտով, բառիս բուն իմաստով մեկ գիշերվա մեջ, մանավանդ որ Փաշինյանն անձամբ է երաշխիքներ տվել։

Դիտարկմանը, որ 4 գյուղի հարցը լուծվում է առանց կարգավորման վերջնական սկզբունքների հաստատման, Փաշինյանն ասաց. «Այո՛, այս 4 գյուղերը տրվում են որպես նախնական գործողություններ, բայց կարգավորման հիմնական սկզբունքները համաձայնեցված են»։

Փաշինյանն ասում է, որ թեև Ադրբեջանը շահեց, բայց Հայաստանն էլ իբր որոշ խնդիրներ լուծեց։ Ինչպես ասում են, տատս էլ կարող է նույն կերպ խնդիր լուծել՝ այգին տալ հարեւաններին և հայտարարել, որ սա «պիլոտային նախագիծ» է, իսկ շուտով նա կտա նաև հավի տնակը։

Համաշխարհային հանրությունը հռհռում է Հայաստանի վրա՝ Բլինքենը, Բերբոկը, Շոլցը և նույնիսկ Լավրովը ծափահարում են Փաշինյանին և լուրջ դեմքով ասում, որ աշխարհի ամենագլխավոր փաստաթուղթը Ալմա-Աթայի հռչակագիրն է, և Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում։ Դա ձեր ընտրությունն է, ասում են հայերին։ Վայելե՛ք։

«Ավելի լավ է մեռնենք, քան այսպես ապրենք, պետք է սպասենք, որ թուրքը գա մեր գերեզմանները պղծի՞». Արցախի սցենար

Տավուշի մարզի բնակիչներն այսօր առավոտվանից փակել էին Կիրանց գյուղի կամրջի ճանապարհը՝ բողոքելով Տավուշի տարածքները թշնամուն հանձնելու որոշման դեմ։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, հանդիպելով բնակչության հետ, հանդարտության կոչեր էր արել։ «Մարզպետն ինչ ասել է, ճիշտ է ասել, ինքը եկել է Անվտանգության խորհրդի նիստին, ձեզ մտահոգող հարցերը բարձրացրել է։ Ձեր հետեւից ոչ մի բան չի լինելու, գործընթացին կներգրավվեն նաեւ գյուղացիները։ Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի։ Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, եւ ես բացատրեմ»,- հայտարարել էր Վահե Ղազարյանը։

Բնակիչները հանդիպել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպումից հետո նրանք հայտարարել էին․ «Շարունակում են ժողովրդին խաբել, Ոսկեպարում ուրիշ բան ասացին, Կիրանցում ուրիշ բան։ Մարզպետը մեզ ասում էր՝ ճանապարհը բացեք, բայց չենք բացելու»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացրել էր, որ գյուղացիներից գաղտնի արդեն սկսել են չափագրումներ անել։ «Ադրբեջանցիները եթե հայտնվեցին այն տեղերում, որտեղ հայտնվելու են, այս գյուղը լինելու է անկենսունակ։ Որտեղ հայտնվեց ադրբեջանցին, որեւէ երաշխիք չկա, որ ադրբեջանցին դրանից հետո իրեն պահելու է հանգիստ ու հանդարտ։ Երկրորդ, սահմանազատման-սահմանագծման գործընթացը պետք է արվի այն սկզբունքների հիման վրա, որ որեւէ գյուղի կենսունակության վրա չազդի։ Այսօր, եթե թուրքը եկավ այստեղ կանգնեց, այս գյուղը լինելու է անկենսունակ»,- ասել էր Գառնիկ Դանիելյանը։

Գյուղացիները հայտարարել են, որ արյունով պահած հողերը չեն պատրաստվում զիջել թշնամուն, սահմանը գծել է հայ զինվորն իր արյամբ։ «Ոչ մի տեղ չունենք գնալու, ոչ մի մետր հող էլ չունենք տալու։ Թեկուզ կռվով, բայց մենք հող չունենք տալու։ Ավելի լավ է մեռնենք, քան այսպես ապրենք, պետք է սպասենք, որ թուրքը գա մեր գերեզմանները պղծի՞»,- ասում էին մարդիկ։

Գյուղացիները նշեցին, որ սահմանի գիծն անցնելու է Կիրանցի գերեզմանատան միջոց, որտեղ հուղարկավորված են նաեւ պատերազմին մասնակցած 16 հերոսներ․ «Արյան գնով պահպանվել է այս հողը, իրենցից ոչ մի բան չենք ուզել, պահել ենք այս հողը։ Մեզ խաբել են, խաղաղության գնացող պետությունները փոխզիջումներով պետք է գնան խաղաղության, եթե փոխզիջում չեն անում, միայն մենք ենք հետ քաշվում, դա խաղաղություն չի։ Ինքն իր զորքը բերի մխրճի այստեղ, ի՞նչ խաղաղություն։ Մեզ թող չվախեցնեն պատերազմով, Կիրանցը ոչ մի անգամ չի վախեցել, Տավուշի մարզի, Հայաստանի բնակչությանը թող չվախեցնեն պատերազմով, հերոս գյուղ է, պատերազմից չի վախենում, 10 տարեկան երեխեն պատրաստ է այստեղ զենք վերցնելու»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, դիմելով տավուշցիներին, ասել էր․ «Եթե կարողանանք ոտքի կանգնել այստեղ, եթե Բաղանիսը, Բերքաբերը, Կիրանցը, Ոսկեպարը կանգնեն ոտքի, կտեսնենք, թե ոնց է սկսվում իրավիճակը փոխվել»։ Գյուղացիներն ասացին, որ հարակից գյուղերի բնակիչներին էլ են խնդրել գալ ու կանգնել իրենց կողքին, պայքարելու են մինչեւ վերջ։

Գրող Հովհաննես Իշխանյանը, ով նույնպես այցելել է Տավուշ, Ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է հայ ժողովրդին․ «Էս պահին Հայաստանի տարբեր մասերից փակել են Կիրանցի կամրջի ճանապարհը, կան նաև արցախցիներ: Անհրաժեշտ է լինել այսստեղ նախ իմանալու համար, որ Նիկոլը ինչ լուր այստեղից բերում է Երևան, սուտ է։  Հայաստանի էս տարածքները հանձնում են առանց ձեր կարծիքը լսելու, տեղացիները ձեր օգնության կարիքն ունեն, դավաճանները ամեն սադրանք կարող են անել էստեղ, իսկ ձեր ներկայությունը կնվազեցնի հավանականությունը։ Եթե Տավուշի գյուղերը չմնացին, շատ էլ լավ տեղյակ ենք, որ Սյունիքն էլ են նույն օրը գցելու, եթե համահայկական շարժում չլինի»։

Արդեն օրվա վերջին հայտարարվեց, որ ճանապարհը բացվում է։ Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը կազմակերպել տավուշցիների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը։

 

Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան

Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր դելիմիտացիայի սկիզբ դնելով, առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու

2. Զիջումը միակողմանի է, առանց ծպտուն հանելու Ջերմուկի, Ներքին Հանդի, Սեւ լճի և այլ հատվածներում 2020-ից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին

3. Հայաստանի այս միակողմանի զիջման միակ բացատրությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու «փաստարկ»-ն է, ինչը՝ պետք է, և կարող է դիվանագիտական ճանապարհով արվել

Ինչպե՞ս

1. Խոսել և ամեն օր հիշեցնել արցախահայության էթնիկ զտման և Ադրբեջանում շարունակ ահագնացող հայատյացության մասին

2. Առանց արցախահայության վերադարձի իրավունքի հարցը հասկանալու՝ անհնար է լինելու իրական համակեցության մասին խոսելը ադրբեջանցիների հետ

3. Միակողմանի զիջումներ անելով խաղաղության մասին խոսելը ոչ թե լուծում է, այլև պարտություն-հաղթանակ (win-lose) շղթայի շարունակություն, որտեղ Հայաստանը շարունակ պարտվում է:

Ասելիք շատ կա: Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնամ տեղի ունեցողին, սակայն, եթե այս տրամաբանությամբ շարունակվի՝ Տավուշին հաջորդելու է Տիգրանաշենը, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Ծափաթաղը, հետո թերևս միջանցքը, մնացածն էլ կմնա Ալիևի երևակայությանը: Այդ նույն ընթացքում օկուպացիայի տակ կշարունակի մնալ Ջերմուկը, Սեւ Լիճը, Ներքին Հանդն ու Սիսիանի լեռները: Հետո պահանջվելու է ետ կանչել Հաագայից Ադրբեջանի դեմ դատական հայցերը, դա էլ մի այլ հիմնավորմամբ են անելու:

Գործող քաղաքական մեծամասնությունը մեծ նվաճում է որակում Ալմա Աթիի հռչակագիրը՝ առանց քարտեզ՝ ամորֆ մի փաստաթուղթ, որի վերաբերյալ բացի Հայաստանից, այդ տեքստի տակ ստորագրած որևէ այլ երկիր կարծես թե չի խոսում: Այսինքն, այդ փաստաթղթի հիմքով նախկին ԽՍՀՄ տարածքի որևէ երկու այլ հարևան պետություն միմյանց միջև հարաբերություններ կարգավորելը օրակարգում չէ:

Էլ չեմ ասում գերիների վերադարձի խնդիրն անգամ օրակարգ մտցնելու անկարողությունը:

Բանակն ու դիվանագիտությունը, այո՛, ուղիղ փոխկապակցված են, իմա՝ որքան ուժեղ ես մի կողմում, այնքան ուժեղ կարող ես լինել մյուսում: Նիկոլ Փաշինյանը թույլ է երկուսում էլ, ուրեմն ի՞նչ, մի ողջ երկիր ու ժողովուրդ դատապարտված է անվերջ պարտությա՞ն:

Աշխատասենյակում Արարատի նկարն Արագածով փոխարինելու, Տիգրանաշենը՝ Քյարքի, վաղն էլ թերևս Վարդենիսը Բասարքեչար անվանելով չի լինելու խաղաղության պայմանագիր: Պատգամավորի հետ հանրայնորեն վատ պահվածքի համար ոստիկանական բռնությամբ քաղաքացուն նվաստացնելով ու Freedom House-ներին գրողի ծոցն ուղարկելով Քաղաքացու օր նշելո՞ւց եք խոսում:

Շատ բարակ սառույցի վրայով եք քայլում տիկնայք և պարոնայք ու ոչ միայն չեք համեստանում՝ ներքին համերաշխության հասնելու փորձեր անելով, այլև Ազգային ժողովի հարթակն ու այդ սենյակի ձեր մեծամասնությունն օգտագործելով բացարձակ ճշմարտությունների դիրքից՝ «մենք մեր պատմությունը երբեք չենք գրել» (Չամչյանը գերեզմանում շուռ է գալիս) ու Հայոց Ցեղասպանության զոհերի ճշգրիտ թվերից եք խոսում:

Մեծամտության, պրիմիտիվության ու անկրթության այս հորձանուտը պետք է դադարի, այլապես կորցնելու եք մարդկային վստահության այն վերջին փշրանքները, որ 2021-ին որպես քվե տրվել է ձեզ ու 2018-ի ժողովրդական զարթոնքին:

Խաղաղության նպատակի, իսկ իրականում պարզ մորթապաշտական մղումներով ամեն հնարավոր ձախողում արդարացնելու ճանապարհը կարճ է: Ի վերջո, աննկարագրելի դաժանություններ տեսած մեր ժողովուրդը չի ամլացել, նրա արգանդը չի չորացել, իսկ մեր լավագույն օրերն առջևում են, ձեզ հետ, թե առանց ձեզ…»: