Մեր առավելությունն այն է, որ մենք աշխարհին ասելու բան ունենք

«Ստեփանակերտից հեռանալու օրվանից մինչ օրս  ոչ մի նոր գործ չեմ սկսել։ Շարունակում եմ «Շուշի» խորաքանդակի վրա աշխատել։ Պետք է հասցնեմ այն ​​կատարելության, հետո միայն ցուցադրեմ, որպեսզի բոլորը տեսնեն, որ Շուշին դժբախտ ու դժգույն չէր։»

Այսպես սկսվեց իմ զրույցը արցախցի անվանի նկարիչ և դիզայներ Գեւորգ Սարգսյանի հետ։ Նա դասավանդել է Արցախի  արվեստի ինստիտուտում։ Հեղինակել է դիզայներական նախագծեր, ստեղծել ուշագրավ գործեր, մասնակցել տարբեր ​ցուցահանդեսների։ Շրջափակման ժամանակ Ստեփանակերտի տներից մեկի բակում  նրա քանդակած Ղազանչեցոց տաճարի ձյունե փերֆորմանսը սոցիալական ցանցում երկար ժամանակ ամենահայտնին էր։

«2020-ին Շուշիի կորուստը մեծ ցավ ու ցնցում էր ոչ միայն ինձ համար։ Հաջորդ երեք տարիների իմ բոլոր ստեղծագործությունները Շուշիի մասին  էին, որպեսզի մարդիկ  չմոռանան հայկական Շուշին: Ստեփանակերտից հեռանալուց առաջ՝ վերջին ժամերին սկսեցի աշխատել «Շուշի» խորաքանդակի վրա։ Անցած լինելով Ղարաբաղյան բոլոր պատերազմների միջով՝ մտքով գիտակցում  էի իրավիճակի ողջ լրջությունը, բայց սրտով հրաժարվում էի ընդունել Արցախը կորցնելու իրողությունը։»

Բռնի տեղահանումից հետո արվեստագետն ավելի լռակյաց է դարձել։ Գլխի շարժումով  ցույց է տալիս կնոջը՝ Արմենուհուն, ով «ոչ միայն աշխարհի լավագույն կինն ու մայրն է, այլ նաև՝ նրա լավագույն զրուցակիցը»։

«Մենք վերջիններից ենք դուրս եկել Ստեփանակերտից։ Քաղաքը գրեթե դատարկ էր, մեր բոլոր հարեւաններն արդեն հեռացել էին իրենց տներից։ Այդ իրավիճակում Գեւորգը սկսեց նոր քանդակի վրա աշխատել։ Ես նրան չէի շտապեցնում։ Հասկանում էի՝ որքան դժվար է նրա համար, նաև վստահում էի ճակատագրին՝ թեկուզ 200 մետր հեռավորության վրա, հարևան փողոցի տներում, արդեն ադրբեջանցի զինվորներ էին։ Լուռ հավաքեցի իրերը։ Վերցրեցի միայն այն ամենը, ինչը մեր ընտանիքի պատմության մասն էր՝ գրքեր, հնաոճ իրերի հավաքածու, ամուսնուս արվեստի գործերը, տղաներիս նկարները: Երեկոյան մոտ նա զգուշորեն փաթեթավորեց իր սկսած  գործը փափուկ կտորի մեջ, նստեցինք մեքենան, և դուրս եկանք Ստեփանակերտից, շարժվեցինք դեպի Հայաստան։ Միայն Երեւանում  տեսա, որ դա Շուշի քաղաքի խորաքանդակ է։ Այսքան ամիս ոչ մի գործ չէ արել, և միայն այդ խորաքանդակի վրա է աշխատում օրեր, ժամեր շարունակ՝ առանց մի բառ ասելու»,- պատմում է Արմենուհին։

Նկարիչը  հասկանում է, որ շատ այլ ընտանիքների հետ համեմատած՝ ինքը  չպետք է այդքան տառապի, չէ՞ որ իրենց հաջողվել է ողջ դուրս գալ։ Բայց դեռ ի վիճակի չէ նոր բան ստեղծագործել.  պետք է ավարտի «Շուշի» խորաքանդակը։ Ասում է,  որ Հայաստանում ստեղծագործող մարդկանց համար ավելի մեծ հնարավորություններ կան՝ չնայած բարձր մրցակցությանը։ Պետք է մի քիչ ձեռնարկատեր դառնալ, ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերի հնարավորությունները, չսահմանափակվել նեղ մասնագիտացմամբ, այլ փորձել արվեստի այլ ձևերով նույնպես զբաղվել, այդ թվում՝ կիրառականով, ուսումնասիրել շուկան և չհրաժարվել հաղորդակցությունից:

«Մենք աշխարհին ասելիք ունենք, քանի որ բազմաթիվ իրադարձություններ ենք տեսել, ապրել։ Բայց շատ դժվար է սկսելը»,- եզրափակում է Գեւորգ Սարգսյանը։

 

Սոցիալական խնդիրներն այնքան անհաղթահարելի են, որ սիրելի գործդ եկամտի չնչին աղբյուր է դառնում

1985 թվականին Աիդա Առուստամյանը 17 տարեկան էր, երբ մազերը երկու պոչ կապած, եկավ Ստեփանակերտի գորգագործական գործարան։ Նրան ընդունեցին աշխատանքի, վերապատրաստեցին և  տեսնելով նրա ընդունակությունները՝ վարպետ նշանակեցին, որպեսզի ինքն էլ նորեկներին սովորեցնի։

Աիդան շուրջ 40 տարվա փորձ ունի, աշխատել է Ստեփանակերտի բոլոր գորգագործական ձեռնարկություններում։ «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը գործել է անգամ շրջափակման պայմաններում, սակայն Աիդայի և մյուս արհեստավորների՝ վերջին տարիներին գործած գորգերը  հնարավոր չի եղել տեղափոխել բռնի տեղահանության ժամանակ։

«Արցախում շատ լավ արհեստավորներ կային, գորգագործությունը մեծ զարգացում էր ապրում։ Մեր գորգերը մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և հայտնվել մասնավոր կոլեկցիաներում։ Բայց Հայաստանում ոչ բոլորին է հաջողվում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ։ Միայն մի քանի արհեստավորներ աշխատանքի անցան Երևանի «Արցախ-Կարպետ» փոքրիկ ընկերությունում։ Մնացածը ցրված են մարզերով, որտեղ չկա գորգագործական արտադրություն կամ այլ աշխատանք»։

Աիդան միայն լավ արհեստավոր չէ․ նա գիտի հայկական գորգերի բոլոր ավանդական նախշերն ու մոտիվները։ Կարողանում է կարդալ նախշերի մեջ ծածկագրված նշանները, պատմությունը, տարբերակել ոճերը և գորգերի տեսակները՝ «Արևագորգ», «Վիշապագորգ», «Անահիտ», «Ղարաբաղ» և այլն: Չի հիշում իր գործած գորգերի ստույգ թիվը, բայց վստահ է, որ դրանք հազարից ավելին են։ Նույնքան էլ ուսանող է ունեցել։

«4 տարեկանից աղջկաս գորգ գործել եմ սովորեցրել։ Կողքիս նստած՝ կրկնակի հանգույցներ կապելով նախշեր էր անում։ Տանը մենք սեփական գորգագործական հաստոց ունեինք փայտից ։ Միասին տարբեր թեմաներով, նախշերով, գույներով գորգեր էինք  գործում: Արցախում պատվերներ շատ ունեինք, հավանում էին մեր աշխատանքը։ Բնանկարներ, տաճարներ, ազգային հերոսների դիմանկարներ՝ մենք ամեն ինչ անում էինք: Երբ ընդունվեց համալսարան, ցերեկը գնում էր դասերի, իսկ երեկոյան գորգ էր գործում և հոգում իր ֆինանսական ծախսերը»։

Աիդա Առուստամյանի ընտանիքը տեղահանման ժամանակ, շատերի պես, բացի փաստաթղթերից ու մանկական իրերից, ոչինչ չի վերցնել իր հետ։ Գործիքը, թելերը, գորգերի էսքիզները, իր գործած  գորգերը՝ ամեն ինչ թողել է Ստեփանակերտում։

«Ադրբեջանցիների հսկողության ներքո Հակարիի կամուրջն անցնելիս՝ ես միայն աղոթում էի, որ երեխաներին ոչինչ չպատահի։ Հասնելով Հայաստան՝  հանգիստ շունչ քաշեցի, որ ողջ մնացինք։ Բայց և մտածում էի, որ նման անարդարություն չի կարող լինել, և մենք տուն կվերադառնանք, ինչպես վերադարձանք 44-օրյա պատերազմից հետո։ Անցել է ավելի քան վեց ամիս, և թեև հույսը չի մարում, ես դրան ավելի ու ավելի քիչ եմ հավատում»։

Հայաստանում Աիդան հնարավորություն չունի տանը իր սիրելի գործով զբաղվելու։ 6 հոգանոց ընտանիքը փոքր բնակարան է վարձում։ Գորգագործական  հաստոց, գործիքներ ու թելեր գնելու գումար չունեն։ Բնակարանի բարձր վարձը, չնչին աշխատավարձը, առողջությունը և բազմաթիվ այլ խնդիրներ թույլ չեն տալիս նրան վերսկսելու իր սիրելի գործը։ Եթե ​ տեղափոխվեն գյուղում ապրելու ավելի քիչ բնակվարձով, այդ դեպքում էլ չի կարողանա ամեն օր աշխատանքի գալ-գնալ։

Աիդան ասում է, որ արցախցի արհեստավորները, արվեստագետները, երաժիշտներն փոքր աջակցության կարիք ունեն, որպեսզի վերսկսեն ստեղծագործել, իրենց աշխատանքները ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում և շուկայում։

«Կցանկանայի աղջկաս հետ միասին նորից գորգ գործելու հնարավորություն ունենալ, ինչպես  Արցախում։ Մեր աշխատանքի որակը չի զիջում տեղի արհեստավորների գործերին։ Ես ուսումնասիրել և համեմատել եմ։ Բայց արցախցիների սոցիալական խնդիրները Հայաստանում անհաղթահարելի են։ 40+10 ծրագրով աջակցությունը բավարարում է միայն բնակվարձին, մյուս կենսական  հարցերը լուծելու համար ընտանիքից գոնե մեկը, երկուսը պետք է աշխատեն: Վերջին վեց ամսվա մեջ ես չեմ կարողացել ինձ թույլ տալ որևէ հագուստ կամ կոշիկ գնել։ Գորգ գործելը ինձ այսօր շատ չնչին եկամուտ է ապահովում»։

 

Մենք մրցունակ ենք, բայց ամաչում ենք գովազդել մեր հնարավորությունները

Էռնա Մկրտչյանը ավելի քան 27 տարի աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնում՝ դասավանդելով արվեստի մի քանի դասարաններում։ Լավ նկարիչ է, կիրառական արվեստի վարպետ, ցուցահանդեսների մշտական ​​մասնակից, Արցախի նկարիչների միության անդամ։ Աշակերտները սիրում էին նրան, ծնողներն էլ ձգտում էին միշտ իրենց երեխաներին «սիրելի Էռնա Էդուարդովնա դասարանում տեղավորել»:

Բռնի տեղահանումից հետո Էռնայի ընտանիքը բնակվում է Երևանում։ Երեք ուսանող ունեն ընտանիքում և նրանց կրթությունից զրկելը անընդունելի են համարում. «Դրա համար էլ ես ու ամուսինս ցանկացած աշխատանք ենք վերցնում, և մենք պարզապես ժամանակ չունենք ստեղծագործելու։ Միայն հասցնում ենք սոցիալական խնդիրներ լուծել՝ ընդհուպ մինչև օրվա հացի հարցը:»

Սկզբում Էռնան վաճառել է իր գործերից մի քանիսը, որոնք բերել էր իր հետ Ստեփանակերտից։ Հետո ուզում էր ցանկացած դպրոցներում թեկուզ կես դրույքով աշխատանքի անցնել:

«Մի օր աղջիկս սոցիալական ցանցում գովազդ տեսավ։ Globbing ընկերությունը միկրոդրամաշնորհներ է առաջարկում  տեղահանվածներին, որոնք ցանկանում էին փոքր բիզնես սկսել: Ես ոչինչ չեմ հասկանում սոցիալական ցանցերից, ուստի կասկածանքով վերաբերվեցի դրան: Չէի հավատում, որ որևէ մեկը կարող է անշահախնդիր օգնել մեզ: Բայց աղջիկս լրացրեց դիմումը։ Մի քանի ամիս հետո մեզ զանգահարեցին, հաստատեցին, ֆինանսներ հատկացրին, որով կարողացա մոլբերտներ և մի քանի այլ իրեր գնել, որպեսզի սկսեմ երեխաների հետ նկարչություն պարապել։  Մեր վարձակալած բնակարանում սենյակ  հատկացրեցինք դասերի համար։Հիմա ամեն օր պարապում եմ 3-4 ուսանողի հետ, այդքան մարդ կարող է տեղավորվել սենյակում»:

Էռնան վստահ է, որ  եթե արցախցի ստեղծագործող մարդկիկ մի փոքր աջակցություն  ունեն, կարողանան վերսկսել իրենց   գործունեությունը։

«Արցախի արվեստագետներն ու արհեստավորները բավականին մրցունակ են տեղական հարթակում։ Սակայն արցախցի ստեղծագործողները  պետք է հասկանան գովազդի ուժը և դրա անհրաժեշտությունը։ Մենք մի տեսակ փակ ենք։ Այն, ինչ մենք համարում ենք համեստություն, Երևանում բարդույթ է ընկալվում, մենք չենք հասկանում, որ գովազդը կամ նույնիսկ ինքնագովազդը ամոթ չէ։ Սովորության համաձայն, նստած սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեզնով հետաքրքրվի։ Կարծում եմ՝ պետք է սկսենք հասկանալ նոր միջավայրի կանոնները, եթե ցանկանում ենք, որ մեր ստեղծագործությունը ճանաչվի և եկամուտ բերի»:

 

Պետական ​​մակարդակով աջակցության կարիք

«Վըսկե ծեռքեր» խորագրով  երկրորդ ցուցահանդեսին, որ կազմակերպվեց 2024թ-ի ապրիլի 7-ին,  մասնակցեցին արցախցի 60 արվեստագետ, ներկայացվել էին բազմազան աշխատանքներ։ Միջոցառման կազմակերպիչ Արցախի մայրիկների աջակցության կենտրոնը հոգացել էր, որ ոչ մի ստեղծագործություն ուշադրությունից դուրս չմնա։

Չնայած  ներկայացված աշխատանքների բարձր վարպետությանը՝ Շուշի քաղաքի թանգարանների տնօրեն Լուսինե Գասպարյանը  նկատեց, որ Արցախի ստեղծագործները տեղահանության արդյունքում հայտնվել է աներևակայելի ծանր վիճակում։

«Ավելի քան վեց ամիս է անցել արցախցիների հարկադիր տեղահանումից հետո։ Պետական ​​մի շարք ծրագրերով աջակցություն և պաշտպանություն են տրամադրում փախստականներին, սակայն սոցիալական և հոգեբանական խնդիրները մնում են չլուծված: Արցախցի արվեստագետները ավելի արագ կվերականգվեն, եթե սկսեն լիարժեք աշխատել և ստեղծագործել։ Բայց դրա համար անհրաժեշտ է նրանց պաշտպանել սոցիալական խնդիրներից։ Սա պահանջում է լայնածավալ աջակցություն՝ ներառյալ կառավարության կողմից: Նկատի ունենալով, որ թշնամին սրընթաց ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, մշակույթի և գիտության մարդկանց նկատմամբ վերաբերմունքը պետք է ակնածալից լինի և խրախուսի նրանց ստեղծագործելու․ չէ՞ որ նրանք արցախյան մշակույթի ու ինքնության կրողներ են։»։

Հոգեբան Զարինե Պետրոսյանը նշում է, որ «տեղահանման արդյունքում արցախցին իր մտածելակերպով ու ավանդույթներով հանկարծ հայտնվեց իր համար նոր, բաց միջավայրում, և նրան համակեց ֆիզիկապես և բարոյապես գոյատեւելու անհանգստությունը․ «Բոլորը հիանալի հասկանում են, որ վերականգնումն ավելի հեշտ է, եթե մարդ զբաղված է և պարապ չի նստում։ Շատ կարևոր է, որ մարդիկ չընտելանան սոցիալական օգնությանը, քանի որ դա մի օր կդադարի, եւ նոր սթրես կբերի։ Հետևաբար, զբաղվածության խթանումը կամ ինքնազբաղվածությունը լավագույն աջակցությունը կլինի ստեղծագործող մարդկանց համար»:

Ավելի քան վեց ամիս է անցել արցախցիների հարկադիր տեղահանումից։ Պետական ​​մի շարք ծրագրեր աջակցություն և պաշտպանություն են տրամադրում փախստականներին, սակայն սոցիալական և հոգեբանական խնդիրները  մնում են չհաղթահարված: Ստեղծագործական աշխատանքին վերադառնալը այս իրավիճակում կարող էր թերապևտիկ նշանակություն ունենալ  մարդկանց հոգեկան և հուզական վիճակի վրա, և օգներ հաղթահարելու սթրեսն ու դեպրեսիան:

Ալվարդ Գրիգորյան

«Ասում է՝ ձեր ուզածն եմ արել՝ գետից այն կողմ եք ուզել, գետից այն կողմ եմ արել». Բագրատ սրբազան

«Այս գործընթացը պետք է կասեցվի, եւ մեր առաջին գործը պետք է լինի այս գործընթացը կասեցնելը, քանի որ այն խաբեությամբ արված գործընթաց է»,- Տավուշի մարզում ճանապարհը փակած բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նշենք, որ այսօր առավոտվանից Տավուշի մարզի բնակիչները փակել են Կիրանց գյուղի կամրջի ճանապարհը՝ անհամաձայնություն հայտնելով Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշմանը։

«Եկել են Կիրանց, հետո չորս օրվա մեջ քարտեզ են հրապարակել, նշանակում է՝ նախօրոք հստակ պատրաստված ծրագիր է սա։ Այս ժողովուրդն էլ անմեղ-անմեղ, հավատալով ամեն ինչի, եկել հասել է այս օրվան։ Այս երկրում կա՛մ մենք պիտի ապրենք, կա՛մ իրենք՝ նրանք, ովքեր թելադրում են՝ այս երկրի ղեկավարի գլխավորությամբ։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի, պետք է հեռանա ի վերջո, չի կարող այսպես շարունակվել, ոչ մի օր մեր ո՛չ միտքն է հանգիստ, ո՛չ սիրտը, ո՛չ հոգին, ո՛չ էլ կյանքն է հանգիստ։ Սա մեկ կամ երկու գյուղի հարց չէ, սա ՀՀ ու հայ ժողովրդի հարցն է։ Իրենց արածն ապօրինի է, հանցանք է։ Եվ եթե մեզ այսօր ասում ենք, որ այս տարածքները ադրբեջանական են, ուրեմն ամբողջ Տավուշի ու ամբողջ Հայաստանի ժողովուրդը բոլորը հանցագործ են, որովհետեւ Ադրբեջանի սահմանը հազար անգամ հատել են»,- ասաց նա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց իրավապահներին․ «Ոչ մեկին չեք նեղացնելու, ոչ մեկին չեք վախեցնելու ո՛չ քրեական գործերով, ո՛չ այլ տարբերակով, սա ձեր հայրենիքն է նաեւ։ Երկրորդ, խնդիրը Ոսկեպարը, Կիրանցն ու Բաղանիսը չէ, թող բոլորը լավ իմանան՝  խնդիրը ձերը չէ, բերել է ձեր ուսերին ու ձեր պատասխանատվության տակ է դրել այդ մարդը, այսօր էլ ասում է՝ ձեր ուզածն եմ արել՝ գետից այն կողմ եք ուզել, գետից այն կողմ եմ արել։ Ո՛չ, մենք ուզում ենք, որ սա լինի օրինական ճանապարհով։ Եթե պետք է լինի սահմանազատում եւ սահմանագծում, պետք է լինի ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի շրջագծում։ Իսկ լայն իմաստով, եթե մեր պահանջների տրամաբանության ծիրից ներս չի ընթանալու, ուրեմն հարցը դրվելու է, որ այսպիսի իշխանություն չի կարող լինել, որն ահաբեկում ու վախեցնում է իր ժողովրդին՝ կատարելով սրա-նրա կամքը»։

Բաքու. Հայաստանը «համաձայնել է վերադարձնել 4 օկուպացված գյուղերը», սահմանազատում չի լինի

Կիրանց

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև համաձայնագիրը, ըստ որի երկրների միջև «սահմանազատումը» իբր սկսվում է Տավուշի մարզից, փաստորեն հերքվել է Բաքվի կողմից։ Բաքուն, որի հետ իբր «խաղաղություն» է կառուցում Փաշինյանը, հայտարարել է, որ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 օկուպացված գյուղեր»։ Ոչ մի խոսք հետագա սահմանազատման կամ բանակցությունների մեկնարկի մասին:

Սահմանազատում չի լինի, և Բաքվի կողմից հայ-վրացական սահմանի մի մեծ հատվածի, միջպետական ​​ճանապարհի, գազատարի վերահսկողությունից հետո նոր պահանջ կառաջադրվի՝ Տիգրանաշեն։ Հայ-իրանական և հայ-վրացական ճանապարհների վրա վերահսկողություն հաստատելուց հետո ժամանակն է անցնել Հայաստանի մասնատմանը և կառուցել Ջերմուկ-Սիսիան-Երասխ-Երևան-Մարգարա բաղձալի միջանցքը։

Ճանապարհների նկատմամբ վերահսկողությունն այն է, ինչին ձգտում են այն ուժերը, որոնք ցանկանում են վերացնել Հայաստանը և ում ծառայում է Հայաստանում գործող վարչակարգն իր իշխանություն-ընդդիմություն ամվողջ սպեկտրում։ Հայաստանում Իրանի դեսպանը երեկ ասել է, որ Հայաստանը հավաստիացրել է Իրանին, որ սահմանազատման ժամանակ միջպետական ​​ճանապարհները չեն տուժելու։ Բայց Իրանի դեսպանը լավ գիտի, որ հենց այս ճանապարհներով է Հայաստանը մասնատվում։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն և մեթոդաբար իրականացնում է այս ծրագիրը՝ հայտարարելով, որ զոհաբերում է իր «բարի համբավը» իբր հանուն «ինքնիշխան Հայաստանի»։ Նա «ազնվորեն» ընդունում է, որ ինքնիշխան Հայաստանի համար երաշխիքներ չկան։ Եվ այն պահին, երբ Հայաստանը շագրենի կաշվի պես կրկին փոքրանում է, իսկ Արցախում ջնջվում է ազգային ամրոց՝ Քարին տակը, Փաշինյանը կնոջ հետ դիտում է «Պապ թագավոր» ներկայացումը։

Սա մեր հողը չէ, ասում է Փաշինյանը՝ Հայաստանի մի մասի թշնամուն տալով, մենք սահման չունենք։ Նույն բանն են ասում Լավրովը, Բլինքենը և մյուսները, ովքեր ողջունում են հայկական հողերի հերթական հատվածի հանձնումը։ Եթե ​​Հայաստանը սահմաններ չունի, ապա որտեղի՞ց են Ադրբեջանի սահմանները։ Թե՞ բոլորդ արդեն որոշել եք, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա, և նրա փոխարեն դրախտային «հաբ» կլինի։

“Քաղաքացիական պայմանագրի” պատգամավորները, ովքեր վաղը նույն եռանդով կպաշտպանեն Տիգրանաշենի պատկանելությունը Ադրբեջանին, ինչպես պաշտպանում են Արցախի, Նախիջևանի, Տավուշի և Գեղարքունիքի պատկանելությունը, պատրաստվում են դառնալ Չորրորդ Հանրապետության առաջին քաղաքացիները։ Այն կկոչվի Հաբաստանը, թագավորն էլ նոր Պապը կլինի։

Նաիրա Հայրումյան

Վարպետաց դաս. արցախյան համ ու հոտ

2024թ. ապրիլից «Դիզակ Արտ» ՄՀԿ-ն մեկնարկում է «Համի վարպետաց դաս (Master class of Taste)» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է՝ հանրահռչակել Արցախից տեղահանված տնայնագործ կանանց աշխատանքները՝ ներգրավելով հասարակության տարբեր շրջանակների, այդ թվում՝ ռեստորանային, սննդի արտադրության բիզնեսով զբաղվող անձանց եւ կազմակերպություններին։

Ծրագիրն իրականացվում է ԵԽ կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով: «Մեր նպատակն է հնարավորինս թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալական բեռը, օգնել նրանց նոր գնորդներ ձեռք բերելու հարցում», -ասում է Դիզակ Արտ-ի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը:

Ասկերանի բնակչուհի Ալլա Արզումանյանի սրճարանը դստեր ուսանողական ընկերների մշտական հավաքատեղին էր: Մայրիկը տարբեր տեսակի խոտաբույսերը միքսելով անուշահոտ թեյ էր հյուրասիրում: «Մայրիկ» թեյի անվանումը նվիրված է ծննդավայրում անցկացրած ջերմ հիշողություններին: Մտադիր են լայն տարածել իրենց արտադրանքը:

Շերտավոր խմորից, մեղրից, ընկույզից պատրաստված արցախյան փախլավան ներկայացրեց Ինգա Ղարայանը: Ասում է, որ նոր է սկսել զբաղվել հրուշակեղենի պատրաստմամբ, բայց համը հուշում է` սա սկսնակի ձեռքի գործ չէ, առնվազն` վարպետի: Փոքրիկ թղթե տոպրակներում գեղեցիկ դասավորված մրգային չիպսերը ևս իր ձեռքի գործն են:

Տաթև Ազիզյան

Բաղանիս գյուղի հատվածում գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում գյուղացիները փակել են միջպետական ճանապարհը՝ անհամաձայնություն հայտնելով Տավուշի մարզի գյուղերը հանձնելու որոշմանը։

Ոսկեպարի բնակիչ Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ տեղեկությունների, այո, տավուշցիները Բաղանիսի հատվածում ճանապարհը փակել են։ Առավոտյան իրավիճակը պարզ կլինի։

Հիշեցնենք, որ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել է Տավուշի մարզում սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ըստ այդմ չորս գյուղերը կհանձնվեն Ադրբեջանին։

Նվեր Բեգլարյանն ասաց, որ վաղը ոսկեպարցիները կհավաքվեն՝ որոշելու իրենց անելիքը։ Նա նշեց, որ գյուղում այն տրամադրությունն է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է մարդկանց։ «Երկու օր առաջ եկավ ասաց՝ դա Կիրանց-Ոսկեպար ճանապարհին չի վերաբերում, բայց մեկ էլ տեսնում ենք, որ գործընթացը մոտավորապես գնում է այնպես, ինչպես մեկ ամիս առաջ էր ասել։ Հայտարարության մեջ ընդհանուր է գրված, բայց մեզ կոնկրետ հետաքրքիր է՝ ճանապարհների հարցը ինչ է լինելու։ Առայժմ կարող եմ ասել, որ ժողովուրդը մտահոգված է, հետագա գործողությունները պարզ կլինեն»,- ասաց նա։

Եթե դա Հայաստանի տարածք չէ, ո՞վ է ասել, որ Ադրբեջանի տարածք է

Step1.amզրուցակցին է պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել է Տավուշի մարզում սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն՝ Տավուշի 4 գյուղերը ՀՀ իշխանությունները հանձնում են Ադրբեջանին՝ հիմնավորելով, թե դրանք հայկական տարածքներ չեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

-Նախ եւ առաջ մենք պետք է արձանագրենք, որ ըստ ՀՀ վարաչատարածքային բաժանման մասին օրենքի՝ այդ տարածքները համարվում են որպես Տավուշի մարզի մաս։ Եվ ցանկացած փոփոխություն միայն համազգային հանրաքվեի միջոցով պետք է լիներ։ Եթե ոչ, ապա դա սահմանադրական կարգի տապալում է։ Երկրորդ, Ադրբեջանն իրեն հռչակել է որպես այսպես կոչված Ադրբեջանի առաջին դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որը չի ունեցել  ճանաչված սահմաններ։ Այսինքն՝ այս պարագայում նշանակում է, որ անգամ Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի մաս։ Եթե խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, ապա նաեւ պետք է ֆիքսեքն, որ ըստ այդ հռչակագրի՝ խոսք է գնում ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ-ի ձեւավորման մասին։ Ընդ որում, նախքան այդ Արցախի հայկական Հանրապետությունն անկախություն հռչակեց եւ հանրաքվե անցկացրեց, իսկ Ադրբեջանը՝ դրանից ավելի ուշ։ Ադրբեջանն Ալմա-Աթայի պայմանագրի անդամ է դարձել ընդամենը 1993 թվականին։ Այսինքն՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին խոսք չի կարող լինել, դա բացառված է։ Ընդ որում, Արցախը ԽՍՀՄ օրենքների համաձայն ԽՍՀՄ-ից դուրս է եկել 1990 թվականի ապրիլի 3-ին։ Ադրբեջանական ԽՍՀ-ն փլուզվեց ու բաժանվեց երկու մասի՝ մեկը ինքնահռչակ, Հարավային Կովկասի ապօրինի զավակ այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետությունն է, իսկ մյուս մասը Արցախի հայկական Հանրապետությունն է։

Եթե մենք խոսում ենք «անկլավների» հարցի մասին, պետք է հասկանանք, որ Ադրբեջանը դրանով չի բավարարվելու։ Եվ դրանք իրենց տարածքների հետ կապ չունեն՝ ոչ իրավական, ոչ էլ պատմական հիմքեր չունեն։ Հաջորդիվ Ադրբեջանը կպահանջի արտատարածքային միջանցներ, որպեսզի այդ «անկլավների» հետ կապ ունենա։ Դրանով մենք հետաձգո՞ւմ ենք պատերազմը, ոչ։ Պատերազմն անխուսափելի է, ուղղակի Ադրբեջանը սպասում է իր համար ռազմաքաղաքական համար իրավիճակի ձեւավորմանը։

Իշխանությունը փորձում է հանրությանը մատուցել, թե սրանով իբր պետական սահման է ձեւավորվում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

– Եթե խոսում ենք պետական սահմանի մասին, ուրեմն պետք է խոսենք նաեւ Հայ դատի, Արեւտմյան Հայաստանի, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ամրագրված մեր սահմանների մասին։ Ադրբեջանի հիմնադիր փաստաթղթերում ամրագրված է, որ Ադրբեջանը 113 800 քկմ է, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս Հանրապետության նկատմամբ 19 200 քկմ պահանջ ունի։ Այսինքն՝ նրանք հավակնություն ունեն Սյունիքի, վայոց Ձորի, Տավուշի մարզերի, Սեւանի ավազանի եւ Արարատի մարզի հարավային մասի նկատմամբ, համարյա մինչեւ Երեւան հասնող տարածքների մասին է խոսքը։ Հայաստանի առաջին Հանրապետությունը 71 333 քկմ էր, չհաշված Արեւմտյան Հայաստանի մասը, որը, ըստ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի, պետք է միանար Արեւելյան Հայաստանին։ Եվ եթե մենք հղում ենք անում քարտեզներին, ապա պետք է այդ քարտեզները դնենք սեղանին, որով Արցախը ՀՀ մաս է կազմում։ Մենք չպետք է հրաժարվենք նաեւ մեր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում անելուց, որտեղ հստակ նշված է Արցախի հետ վերամիավորման խնդիրը, Արեւմտյան Հայաստան ձեւակերպումը եւ նաեւ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը։

Եվ ուրեմն, մենք պետք է խաղանք արեւելյան դիվանագիտության կանոններով եւ հաղթող կլինենք, եթե կարողանանք տիրապետել այդ հմտություններին, եթե գիտական ու մասնագիտական համայնքի ունակությունները պահանջված լինեն։ Հակառակ պարագայում, ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն ասաց՝ մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը։

Ռոզա Հովհաննիսյան

Ի՞նչ են ուզում Արցախի պատգամավորները, որ ռուսները դուրս չգա՞ն Արցախից

Արցախի խորհրդարանի երեք խմբակցություններ հայտարարություն են տարածել “Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացի” կապակցությամբ։
“Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ հայտնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների թակարդում և հավատաց Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության՝ իր անվտանգությունն ապահովելու հավաստիացումներին”,- ասված է հայտարարության մեջ։
“Ստիպված ենք ցավով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվեց”,- կարծում են պատգամավորները, որոնք մինչ օրս օժտված են Արցախի ժողովրդի մանդատով եւ կարող են ցանկացած որոշում ընդունել:
Անհասկանալի է, թե ի՞նչ են ուզում դեպուտատները՝ որ ռուսները մնա՞ն եւ “պահեն” Արցախը՝ մինչեւ հայերի վերադարձը հաստատվի։ Նրանք նախատում են Մոսկվային, որ նախապես Արցախի խորհրդարանին չեն տեղեկացրել որոշման մասին, ասելով, որ ռուսների դուրս բերումը ինչ-որ բան է վտանգելու Արցախում։
Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նշում է, որ «եթե արցախցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ բռնի տեղահանվել են, և Ռուսաստանը գործողություններ չի կարողացել անել կամ չի արել դա կանխելու համար, արդեն նշանակում է, որ վերադարձի համար լրացուցիչ գործոններ պետք է ավելացվեին, կամ միջազգային պաշտպանության նոր մեխանիզմներ գործարկվեն»:
«Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները չեն խոսում նոյեմբերի 9-ի ի սկզբանե անօրեն հայտարարության չեղարկման մասին, չեն խոսում, որ Արցախի առնվազն երեք շրջան հանձնվել է ըստ այդ հայտարարության, իսկ մնացած տարածքը գրավվել է բիրտ ուժով, այդ թվում՝ ՌԴ մասնակցությամբ։ Չեն խոսում, որ Ռուսաստանի առաքելությունը՝ հենց Արցախի օկուպացիան եւ հայաթափումն էր։ Եւ երբ ռուսները Արցախի խորհրդարան օրենք էին բերում ռուսաց լեզուն պաշտոնական հռչակելու մասին, պետք էր ոչ թե ընդունել այն, այլ քաղաքական գնահատական տալ նման քայլին։ Նույնիսկ հիմա պատգամավորները չեն պահանջում միջազգային լեգիտիմ երաշխիքներ, կառչելով ռուսներից։
Կարո՞ղ է ուզում են, որ ռուսները իրենց է՞լ հետները տանեն։ Море рядом, топитесь

Սահմանազատումը սկսվեց․ այն տեղի կունենա խորհրդային սահմաններով

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ-ն։

Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ.

  • Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
  • Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջեւ մինչեւ 2024 թ. մայիսի 15-ը:
  • Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաեւ, որ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
  • Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024թ. հուլիսի 1-ը եւ մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պահանջների համաձայն:
  • Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
  • Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը եւ շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Իրանի եւ ԱՄՆ օպերացիայից հետո Ալիեւը կհանդիպի Պուտինին եւ Շոլցին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում կատարել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։ «Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ թեմաներ»,- նշել է նա։

Ապրիլի 14-ի Իրանի եւ ԱՄՆ “համատեղ օպերացիայից՛ հետո գեներացվում էր Իսրայելի, այդ թվում՝ Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներից հուժկու պատասխանի թեման։ Սպասվում էր մեծ պատերազմ, Իրանի տրոհում, որի արդյունքում Բաքուն ու Մոսկվան պետք է լուծեին Հայաստանի տարածքով “միջանցքի”, Երեւանի եւ Բաքվի՝ եվրասիական օրրան վերադառնալու հարցերը եւ Արեւմուտք-Ռուսաստան՝ Հարավային Կովկասի հարցով նոր պակտ ստորագրեն՝ Մոսկվայի պայմաններով։

Սակայն ամեն ինչ այլ ձեւ ստացվեց․ արդյունքում Ռուսաստանը անսպասելիորեն դուրս բերեց իր զորքերը Արցախից եւ արդեն բաց տեքստով խոսում է Հարավային Կովկասը “կորցնելու” մասին, ՄԱԿ-ը քիչ էր մնում Պաղեստինը իր անդամ ճանաչեր, Փաշինյանը սկսեց խոսել ոչ թե միակողմանի զիջումների, այլ հողերի փոխանակման մասին։ Տարածաշրջան են եկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկյան համանախագահները, դրանով իսկ հաստատելով, որ դեռ իրավա-քաղաքական լուծումներ են լինելու։ 

Այդ ֆոնին Ալիեւը հանդիպումներ է խնդրել Պուտինից եւ Շոլցից։ Առեւտուրը հասել է մի կետի, երբ սեղանին են դրվում իսկզբանե չվաճառվող “լոտեր”։ 

Ավետարանոց․ կրկնակի տեղահանումից հետո գյուղացիները պահպանում են կապը

Սմբատ Մադաթյանը Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոցի համայնքի ղեկավարն է, բռնի տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։

Պատմական մելիքանիստ գյուղի բնակչությունը առաջին անգամ տեղահանվել է 2020 թվականին և բնակություն հաստատել Արցախի տարբեր բնակավայրերում՝ միշտ երազելով տուն վերադառնալու մասին։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին գյուղը դասվել է կրկնակի տեղահանվածների շարքին։ Երկու անգամ տեղահանվելուց հետո ավետարանոցցիները սփռվել են աշխարհով մեկ։

Ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա համայնքի ղեկավարը չի դադարում կատարել իր պարտականությունները՝ իր շուրջը համախմբելով համագյուղացիներին։

-2020 թվականին, երբ տեղահանվեցինք, առաջինը, որ գիտակցեցի՝ այն էր, որ պիտի տեր կանգնեմ համայնքի բնակչությանը։ Հենց այդ պատճառով Ստեփանակերտ քաղաքում գրասենյակ վարձակալեցինք ու սկսեցինք շարունակել մեր աշխատանքը։ Դժվար էր, սակայն կարողանում էինք հաղթահարել խոչնդոտները, աջակցել խոցված բնակչությանը։ Հիմա ևս շարունակում եմ ամուր պահել իմ սերտ կապը համագյուղացիներիս հետ, ինչպես նաև մշտական կապի մեջ եմ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի հետ։ Ցուցակագրել եմ բոլորի գտնվելու վայրը և կոնտակտային տվյալները։ Գյուղի ակտիվ երիտասարդների հետ այցելություններ ենք ունենում մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։ Ուրախությամբ ասեմ, որ շատերն արդեն ինտեգրվում են նոր միջավայրին, աշխատում են, ստեղծում են իրենց սեփական բիզնեսները։ Մեր ուշադրության կենտրոնում են զոհված տղաների, պայթյունի զոհերի, ինչպես նաև վիրավորների ընտանիքները։ Աշխատում ենք գոնե բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալ նրանց։

Ի՞նչ արած, պետք է առաջ նայել, անել հնարավորը, որ կարողանանք կրկին ոտքի կանգնել,-ասում է Ս․ Մադաթյանը և ավելացնում, որ ամեն ինչ հնարավոր է նորից ստեղծել, ցավն այն է, որ Հայրենիքում թողեցինք մեր բոլոր սրբությունները, պատմամշակութային հարուստ արժեքները, մեր հարազատների շիրիմները։

Որպես համայնքի ղեկավար՝ Սմբատ Մադաթյանը շարունակում է տեղեկանքներ տալ համագյուղացիներին, հիմնականում՝ ավտոմեքենաների գույքահարկի գծով պարտք չունենալու մասին, իսկ վերջերս էլ տեղեկանքներ է տրամադրում Արցախյան վերջին պատերազմներին մասնակցություն ունեցած անձանց՝ որոշակի արտոնություններից օգտվելու համար։ Վերոնշյալ տեղեկանքներն ունեն իրավական ուժ և գործում են ՀՀ տարածքում։

-Ավետարանոցցին, որտել էլ լինի, պահելու է արցախյան իր կոլորիտը, լեզուն և ավանդույթները։ Հավաստիացնում եմ, որ երբեք չի դադարի իմ կապը համագյուղացիներիս հետ,-հավելում է համայնքի ղեկավարը։

2020 թվականին Ավետարանոցի անկումից հետո գյուղից տեղահանվել է շուրջ 254 ընտանիք, որոնցից 54-ը ժամանակի ընթացքում հեռացել են Արցախից, իսկ մյուս մասը տեղահանվել է 2023-ի սեպտեմբերին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Step1.am-ի համար

Երկու տասնյակ ամերիկացի օրենսդիրներ Կոնգրեսում հանդես են եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարիլիցի միջոցառմանը

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգների Կոնգրեսում ապրիլի 17-ին կայացավ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում, որի առանցքում էր նաև Լեռնային Ղարաբաղի ու տեղահանված հայության շուրջ ստեղծված իրավիճակը: Ավելի քան երկու տասնյակ ամերիկացի օրենսդիրներ, միջոցառման այլ մասնակիցներ ու ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ իրենց խոսքն ուղղեցին ներկաներին:

Առանցքային թեմաներից էին Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայության իրավունքները, ներառյալ՝ ԼՂ հայության անվտանգ և աժանապատիվ վերադարձի իրավունքը, տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում:

Ելույթ ունեցած ԱՄՆ կոնգրեսականները ներկայացնում էին ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունները: Սենատոր Հարի Փիթերսը, ով անցած սեպտեմբերին այցելել էր Հայաստան, Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանումը բնութագրեց Ադրբեջանի կողմից իրականացրած «էթնիկ զտում»։ Նրա խոսքով, համաշխարհային հանրությունը բավարար ուշադրություն չդարձրեց խնդրին: Փիթերսը, ով առաջնորդող դերակատարություն է ունեցել «Հայաստանի պաշտպանության ակտ» (S.3000) օրենսդրական նախաձեռնությունն ԱՄՆ Սենատում ընդունելու գործում, կոչ արեց հասնել օրինագծի վավերացմանը ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը ևս Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանումը որակեց «էթնիկ զտում»՝ շեշտելով 907 բանաձևի իրագործման կարևորությունը՝ Ադրբեջանին սպառազինության մատակարարման արգելքը պահպանելու համար:

Սենատոր Էդ Մարքին էլ իր խոսքում կոչ արեց պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ հայտնի պահվածքի համար․ «Ժամանակն է հասկացնել Ադրբեջանի կառավարությանը, որ այն պետք է դադարեցնի բոլոր [տեսակի] ռազմական գործողությունները [Հայաստանի դեմ] և վերադառնա խաղաղության»:

Միջոցառմանը ելույթ ունեցած ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրաքիսը, Ադամ Շիֆը ընդգծեցին Հայաստանին ամերիկյան օգնության, այդ թվում՝ ռազմական բնույթի օժանդակության տրամադրման կարևորությունը:

«[Նախագահ Բայդենի] վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել և չեն կարող անպատասխան մնալ»,- հայտարարել է Ադամ Շիֆը:

Իր հերթին, կոնգրեսական Փալոնը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ռազմական օգնություն տրամադել Հայաստանին և ավելացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից տեղահանված հայերին, իսկ կոնգրեսական Բիլիրաքիսը դատապարտել է Թուրքիայի գործողոթյունները տարածաշրջանում:

Ամերիկացի այլ կոնգրեսականներ, որոնց թվում էին Աննա Էշուն, Դինա Թիթուսը, Ջուդի Չուն, Թոմ ՄըքՔլինթոքը, Քրիս Սմիթը, Բրեդ Շերմանը, Սանֆորդ Բիշոփը, Սեթ Մուլթոնը, Ջիմ Կոստան, Ջամաալ Բոամանը, Գեբի Ամոն, Յանգ Քիմը, Ջենիս Սչաովսկին, Թոմ Սուոզին, ևս մասնակցեցին Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը:

Կոնգրեսական Դինա Թիթուսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայությանն ուղղված Կոնգրեսի ջանքերին, ընդգծեց Բաքվին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ հանդես է գալու «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին ակտ» օրենսդրական նախաձեռնությամբ․ «Այն նախատեսում է տարբեր պատժամիջոցների սահմանում ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները։ Ժամանակն է, որպեսզի ստիպենք նրանց վճարել նման գործողությունների համար»:

Իր հերթին՝ կոնգրեսական Բրեդ Շերմանն ընդգծել է ԼՂ-ից տեղահանված հայերին տրամադրվող օգնության ընդլայնման և Ադրբեջանին հատկացվող աջակցության կրճատման կարևորությունը. «Իրական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց պապենական օջախները Արցախում, ուր ապրել են հազար ու ավելի տարիներ։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է [Բայդենի] վարչակազմը։ Եթե այս օրինագիծն ներկայացվի, կարծում եմ՝ կանցնի»:

Կոնգրեսական Թոմ ՄըքՔլինթոքն էլ կոչ է արել Թուրքիային վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը․ «Հիշում ենք այն ջարդերը, որ տեղի են ունեցել է Հայոց ցեղասպանության ժամանակ, և դրանց դասերը։ Հորդորում ենք թուրքական կառավարությանը [ճանաչել ցեղասպանության փաստը]»:

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառման պատվավոր հյուր ու հիմնական բանախոս, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան Բուվեն իր ելույթում ընդգծեց. «Ֆրանսիան առաջին խոշոր երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 23 տարի առաջ, և Ֆրանսիան որոշել է չթողել Հայաստանին միայնակ՝ արդիականացնելով հայկական բանակը և մեծացնելով նրա պաշտպանունակությունը»։