Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել

Ապօրինի կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ նա հացադուլ է սկսել՝ պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը սկսվել է 2024 թվականի ապրիլի 5-ին՝ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմիցս պահանջներից հետո՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան ժամանակին, արդար և թափանցիկ դատավարություն իրականացնելու վերաբերյալ։

Կասկածելի է, որ հացադուլի մեկնարկից հետո Վարդանյանի և նրա ընտանիքի հեռախոսազրույցները դադարեցվել են՝ խախտելով միջազգային բոլոր նորմերը։ Դատավարությունը, որն ի սկզբանե նշանակված էր հունվարին, անհարկի հետաձգվեց մինչև մայիս։

Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ ստիպելով նրա 120 հազար բնակիչներին լքել շրջանը։ Բնակչության հարկադիր տեղահանման ժամանակ Վարդանյանը և ևս յոթ նախկին պաշտոնյաներ ձերբակալվել են։ Նրանց առաջադրվում են կեղծ քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ։ Նրանք բոլորը քաղբանտարկյալներ են։

«Լրջորեն վախենում եմ հորս առողջության համար»,- ասաց Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը։ «Մեր ընտանիքը նրան գրեթե 200 օր չի տեսել։ Ապրիլի 5-ից հացադուլ սկսելուց հետո մենք դադարեցրել ենք նրա հետ բոլոր շփումները»։

Ռուբեն Վարդանյանի գործը տարանջատվեց մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից, և դա հարց է առաջացնում, թե արդյոք նա է քաղաքական հետապնդման թիրախը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է՝ 1. անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան և բոլոր հայ քաղբանտարկյալներին. 2. Եթե ապօրինի դատավարություն տեղի ունենա, ապա այն պետք է լինի մինչև նրանց կալանքի որոշման ժամկետը լրանալը մայիսին, պետք է համապատասխանի միջազգային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին և լրատվամիջոցներին պետք է թույլատրվի ներկա գտնվել: 3. Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ թույլ տան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել Ռուբեն Վարդանյանին և մյուս քաղբանտարկյալներին՝ գնահատելու նրանց առողջական վիճակը։ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի հեռախոսային կապը պետք է վերականգնվի. 4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 5. Ադրբեջանը չի կարողանա ընդունել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովը՝ առանց վերը նշված բոլոր միջոցները ձեռնարկելու:

Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. «Հետք»

Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է, գրում է «Հետքը»:

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ավելի քան 100 000 մարդ բռնի տեղահանվեց։

Հարազատներին, տունը և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում  կենսական հարցերի են բախվում։ Ի թիվս այլ խնդիրների՝ անորոշ է 2019 թվականից նրանց  կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։

Արցախցիները հույս ունեն վաղաժամկետ ստանալ այդ գումարները՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը։ Սակայն, հարցին առնչվող կառույցները, պետական մարմիններն ու պաշտոնյաները կամ իրար հակասող տեղեկություններ են տալիս, կամ «ձեռքերը լվանում»՝ խնդրի կարգավորումը դուրս համարելով իրենց տիրույթից։

Արցախցի պաշտոնյաները փորձում են հասնել այդ գումարների վաղաժամկետ տրամադրմանը։

«Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը բռնի տեղահանումից հետո Հայաստանում զբաղվում է արցախահայության խնդիրներով։

Արմինեն բազմաթիվ զանգեր է ստացել Արցախում աշխատած և կենսաթոշակ կուտակած քաղաքացիներից։ Փորձել է հարցումների միջոցով պարզել կուտակած գումարների և համակարգի հետագա ճակատագիրը։

«Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը բավականին քիչ էր մեկնաբանված Արցախում։ Համակարգի մասնակիցները քիչ էին տեղեկացված, թե այդ կուտակային բաղադրիչն ի՞նչ գործիքակազմ է տալիս իրենց, ի՞նչ իրավունքներ ունեն նրանք և այլն։ Ավելին, արցախցիներին կենսաթոշակային ֆոնդը ընտրելու հնարավորություն չի էլ տրվել․ մարդիկ ավտոմատ կերպով են միացել այդ համակարգին»,- ասում է Արմինե Ավագիմյանը։

Արմինեի նախաձեռնությանը միացել են մոտ վեց հարյուր արցախցիներ։ Նրանք պահանջում են վերադարձնել կենսաթոշակային կուտակային հաշվին առկա իրենց գումարները։

«Գաղտնիք չէ, որ արցախցիներից շատերն այսօր գտնվում են ծանր սոցիալական վիճակում և շատերը կնախընտրեին այդ գումարները հետ ստանալ»,- ասում է Արմինեն։

Արցախցիները կուտակում են 2019 թվականից. շուրջ 34 500 մասնակից, 18 մլրդ դրամ ակտիվներ

Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին քննարկումները սկսվել են 2013 թվականից։ Բայց միայն 2019 թվականին է համակարգը ներդրվել։

Գրանցված աշխատող քաղաքացու աշխատավարձի 5-10%-ը (կախված աշխատավարձի չափից) պետության և աշխատողի մասնակցությամբ ուղղվել է կենսաթոշակային ֆոնդ, որն էլ իր հերթին մեկ այլ ֆոնդի է լիազորել կառավարել այդ գումարները։

Կառավարիչ ֆոնդն այդ գումարները ներդրել է տարբեր աղբյուրներում՝ պարտատոմսերում, արժեթղթերում, բանկերում և պարտավորվել դրանք այնպես «աշխատեցնել», որ հավելյալ եկամուտներ կուտակվեն։ Քաղաքացին այդ գումարները ստանում է կենսաթոշակային տարիքին հասնելուն պես։

Արցախում կենսաթոշակային կուտակվող գումարները հավաքվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի կենտրոնական բանկում 2019 թվականի օգոստոսի 2-ին և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչը նշանակում է, որ ընկերության գործունեությունը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից։

Ընկերության միակ բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ներդրումների կառավարման հիմնադրամ»-ը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներ են արցախցի նախկին պետական գործիչներ Գրիգոր Մարտիրոսյանը, Արթուր Հարությունյանը և Սամվել Ավանեսյանը։

Արցախի պետնախարար Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ն էլ արցախցիների կուտակային գումարները փոխանցում էր Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ին։

Ստացվում է, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ը միջնորդ ֆոնդ է արցախցիների և «Ցե-Կվադրատ»-ի միջև։

Ըստ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի ներկայացրած վերջին կատարողականի՝ 2024 թվականի ապրիլի 16-ի դրությամբ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը մոտ 18.1 մլրդ դրամ է։ Դրանից ենթադրվում է, որ արցախցիների կուտակած գումարներն այս պահին այդքանն են։

Արմինե Ավագիմյանին դիմած արցախցիներից մեկն այս տարվա մարտին հայտնել է, որ չնայած արդեն մի քանի ամիս է՝ չի աշխատում, սակայն օնլայն համակարգով ստուգել է իր կենսաթոշակային կուտակած գումարը և նկատել, որ այն աճում է։ «Կուտակային բաղադրիչի իմաստն էլ այն է, որ ֆոնդերը, որոնք կառավարում են այդ գումարները, դրանք տեղաբաշխում են տարբեր ֆինանսական գործիքների մեջ, և տոկոսային եկամուտի տեսքով այդ գումարները վերադառնում են մասնակցի հաշիվ»,- բացատրում է Արմինեն։

Ընդ որում՝ այն արցախցիները, որոնք Հայաստանում գրանցված աշխատողներ են, կուտակում են արդեն նոր հաշիվներով՝ Արցախում եղած հաշիվներից զատ։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գրանցվել են օրենսդրական բացառություններ, որոնց դեպքում միայն հնարավոր կլինի կուտակումները հետ ստանալ՝ մինչև կենսաթոշակային տարիքը (63 տարեկանը) լրանալը։

Սակայն, այնպիսի ֆորսմաժորային իրավիճակի մասին, ինչպիսին էր արցախցիների բռնի տեղահանումը, օրենքը դրույթներ չի ունեցել։

Արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելուց հետո իրական խառնաշփոթ է սկսվել նրանց կուտակած կենսաթոշակների մասով։ Արդյոք նրանք պետք է շարունակեն կուտակել արդեն Հայաստանի կենսաթոշակային համակարգի կանոններով, թե՞ ժամանակն է վերադարձնել գումարները, և եթե արցախցիները սկսեն աշխատել կամ արդեն աշխատում են Հայաստանում, սկսեն կուտակել զրոյից։ Ահա, այս հարցերի պատասխաններն են, որ պետական մարմինները, կառույցներն ու փորձագետները մեկնաբանում են խիստ տարբեր։

Արցախի կառավարությունը հապշտապ փոփոխություն մտցրեց համակարգում

2024 թվականի հունվարին, երբ Արցախի պաշտոնյաներն արդեն Հայաստանում էին,  լրացումներ կատարեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում, որը նաև ենթադրում է կուտակված կենսաթոշակային միջոցների վերադարձ անկանխատեսելի իրավիճակներում։

Արցախի պետական նախարար Արամ Սարգսյանը հաստատում է, որ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի հետ կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարի վերադարձի շուրջ քննարկումներ կան, բայց մանրամասներ չի նշում։

«Արցախի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով նախատեսվում է ընտրություն տալ արցախցիներին՝ դիմումի համաձայն շարունակել կուտակել իրենց իսկ նախընտրած ֆոնդում կամ հետ ստանալ հաշվի մնացորդը առաջիկա 9 ամսվա ընթացքում։ Գումարը կվերադարձվի՝ անկախ նրանից ՀՀ քաղաքացի կլինեն, թե  փախստական», – ասում է Արամ Սարգսյանը։

Նա վստահեցնում է, որ արցախցիների կարգավիճակի փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա գումարների վերադարձի գործընթացի վրա։

Փոխարենը Հայաստանի պետական մարմիններն ու կենսաթոշակային համակարգին առնչվող կառույցները ոչ մի կերպ չեն հաստատում կամ հերքում արցախցիների կենսաթոշակային միջոցների հնարավոր վերադարձի մասին տեղեկությունները։

Քննարկվում է արցախցիների կուտակային միջոցները Հայաստանում գործող կենսաթոշակային հաշիվներ փոխանցելու հարցը

Ներկայում Հայաստանում քննարկվում է արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարները Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային իրենց հաշիվներին փոխանցելու օրենսդրական հնարավորության ստեղծումը։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այլ խոսքով՝ հնարավոր է արցախցիների կենսաթոշակային միջոցները տեղափոխվեն Հայաստանում գործող նոր հաշիվներ, որոնց վրա արցախցիները կշարունակեն կենսաթոշակ կուտակել արդեն Հայաստանում։ Դա ենթադրում է, որ արցախցիները այդ գումարները կստանան արդեն կենսաթոշակային տարիքում՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կգտնվեն աշխատանքային հարաբերությունների մեջ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կկատարեն աշխատանքներ կամ գործունեություն կիրականացնեն որպես անհատ ձեռնարկատեր, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով կընդգրկվեն կուտակային կենսաթոշակի համակարգում և ձեռք կբերեն մասնակցի կարգավիճակ։ Սա նշանակում է, որ նրանք օրենքով սահմանված կարգով ու չափով կկատարեն սոցիալական վճարներ, իսկ կուտակային հատկացման գումարը կձևավորվի սոցիալական վճարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից»,- պարզաբանում են նախարարությունից։

Ջեներալ ասեթ մենեջմենթ. «Ընկերությունը շարունակում է բնականոն եղանակով կառավարել իրեն հանձնված կենսաթոշակային ֆոնդի ակտիվները»

«Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն, որին ինչպես նշեցինք փոխանցվում են արցախցիների կենսաթոշակային գումարները, գրանցված է Հայաստանում։ Մեր հարցմանն ի պատասխան ընկերությունից հայտնում են, որ շարունակում են բնականոն կառավարել իրենց հանձնված կենսաթոշակային ֆոնդի ակտիվները, ինչի վերաբերյալ պարբերաբար ներկայացնում են հաշվետվություններ։

Քանի որ, ըստ Արցախի պետնախարար Արամ Սարգսյանի, արցախցիների կուտակած կենսաթոշակները «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ն էլ իր հերթին կառավարման է հանձնում «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ին, փորձեցինք պարզել նաև «Ցե-Կվադրատ»-ի դիրքորոշումը։

«Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ից չհստակեցրին, թե երբ են վերջին անգամ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ից կուտակային կենսաթոշակային միջոցների համալրման փոխանցում ստացել։

«Ցե-Կվադրատ»-ից շեշտում են, որ Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնք ներկայում Հայաստանում գրանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներ են, օգտվում են ՀՀ օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և երաշխիքներից՝ ՀՀ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում իրենց ունեցած փայերի մասով:

«Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիներին, որոնք հանդիսանում են ՀՀ-ում գրանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից զատ որևէ այլ ֆոնդերի մասնակիցներ, ապա Ընկերությունն իրենց կուտակված միջոցների տնօրինմանն առնչվող որևէ հարցի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»,- նշված է պատասխանում:

«Ցե-Կվադրատ»-ը բանակցությունների մասին ոչինչ չի հայտնում, իր պատասխանում էլ նշում է, որ պատրաստ է ապահովել արցախցիների բոլոր այն իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքով։

Այսպիսով, ոչ «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ը և ոչ էլ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ն որևէ տեղեկություն չեն տալիս արցախցիների կուտակած կենսաթոշակների հետագա ճակատագրի և կառավարման վերաբերյալ։ Միայն «Ջեներալ ասեթ մենեջմենթ»-ի պատասխաններից կարելի է ենթադրել, որ եղած գումարները կկառավարվեն այնքան ժամանակ մինչև դրանց վերաբերյալ կամ պաշտոնական որոշումներ լինեն, կամ այնքան երկար, մինչև մասնակիցները հասնեն կենսաթոշակային տարիքի։

Կենտրոնական բանկը, Դեպոզիտարիան ու Ֆինանսների նախարարությունը հարցի կարգավորումը իրենց տիրույթից դուրս են համարում, իսկ Ֆինանսական համակարգի հաշտարարը նման գործերի փորձ չունի

Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերը, այդ թվում՝ կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ, Հայաստանի Կենտրոնական բանկի իրավասություններից դուրս են։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան այսպես են արձագանքել Կենտրոնական բանկից։

Առաջարկում են հարցերն ուղղել Արցախի պատկան մարմիններին։

Արմինե Ավագիմյանը ևս տարբեր հարցումներ է ուղարկել Հայաստանի պետական մարմիններին՝ հասկանալու՝ ի վերջո ինչ որոշում է կայացվել արցախցիների կուտակած կենսաթոշակների հարցով։

Դիմել է նաև «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին։ Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային:

Ի թիվս այլ հարցերի՝ Արմինեն ԿԲ-ին և Դեպոզիտարիային հարցրել է, թե արդյոք համապատասխանում են իրականությանը հանրության շրջանում տարածված պնդումներն առ այն, որ սկսած 2023թ. փետրվար-մարտից՝ Արցախում գրանցված աշխատակիցներից գանձվել, սակայն համապատասխան ֆոնդերին չեն փոխանցվել կուտակային կենսաթոշակային համակարգի համար նախատեսված վճարները։

ԿԲ-ն ու Դեպոզիտարիան կրկին պատասխանել են, որ այդ հարցերը իրենց տիրույթում չեն։

Նույնաբովանդակ պատասխան ենք ստացել նաև Հայաստանի ֆինանսների նախարարությունից. «ՀՀ ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է Ձեր հարցումը, որի վերաբերյալ հայտնում է, որ Ձեր բարձրացրած հարցերի կարգավորումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս են ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակից»։

Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը, որի գործառույթն է, ֆինանսական կառույցների հետ քաղաքացիների անհամաձայնությունների դեպքում, պաշտպանել քաղաքացիների շահերը, առայժմ պաշտոնական դիմումներ չի ստացել որևէ արցախցուց։

Մեզ հետ բանավոր հեռախոսազրույցում Հաշատարարի գրասենյակից հայտնեցին, որ մինչև այժմ երկու զանգ են ստացել արցախցիներից կենսաթոշակների հարցով։ Բայց քանի որ գրավոր դիմումներ չկան, ինչպես կարգն է պահանջում, հարցին ընթացք չի տրվել։

Թե ինչ կարող է Հաշտարարն անել այս դեպքում, պարզ չէ, քանի որ նման փորձ գրասենյակը չի ունեցել։

Ի՞նչ է ասում օրենքը. ֆորսմաժորային իրավիճակը, ինչպես բռնի տեղահանումը, չի «տեղավորվել» օրենքում

Կարող է, արդյոք, 2024 թվականին ԱՀ օրենքում կատարված փոփոխությունը երաշխավորել, որ բռնի տեղահանված արցախցիների կուտակած գումարը վաղաժամկետ կվերադարձվի։ Արցախի կառավարությունը, ի դեմս պետնախարար Արամ Սարգսյանի, վստահեցնում է, որ բանակցում է ֆոնդերի հետ և կլուծի հարցը։

Մյուս կողմից՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում անհաղթահարելի ուժի ազդեցությամբ (ֆորս-մաժոր) պայմանավորված միջոցների վերադարձ նախատեսված չէ։ Օրենքում չկան կարգավորումներ նաև փախստականի կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով մարդկանց կենսաթոշակային կուտակային համակարգում ներգրավվելու մասին։

Նման դրույթներ չկան նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որին ենթարկվում է արցախցիների գումարները կառավարող «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ն։ Ըստ Արամ Սարգսյանի, սակայն, դա որոշիչ չէ, և արցախցիների գումարները պետք է վերադարձվեն ԱՀ օրենքի փոփոխությունների համաձայն, քանի որ այդ գումարների տերը արցախցիներն են։

Արդյոք կապ ունի՞ քաղաքացիությունը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք այսօր ապրում են Հայաստանում, տարբեր կարգավիճակներ ունեն։ Նրանց մեծ մասը փաստացի ՀՀ քաղաքացի չէ, փախստական է, որը գտնվում է Հայաստանի ժամանակավոր պաշտպանության տակ։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կուտակային կենսաթոշակների հարցում Հայաստանի քաղաքացի դառնալը դեր չի ունենալու։

Պարզվում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը քաղաքացիության պահանջ չի առաջադրում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի պարզաբանմամբ՝ կենսաթոշակային ապահովությունը չի կարող փոխկապակցվել քաղաքացիության հետ։ Եվ եթե արցախցիները Հայաստանում ընդունվում են աշխատանքի, նրանք մեխանիկորեն դառնում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից՝ անկախ նրանից՝ Արցախում եղել են կուտակայինի մասնակից, թե՞ ոչ։

«Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից լինելու համար ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալը կողմնորոշիչ չէ։ Կարևորը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելն է»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Գալստյանը։

Ըստ նրա՝ կենսաթոշակի իրավունքի իրացումը կախված է Հայաստանի հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազաներում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն առկայությունից։

Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող կառույցներն ու պետական մարմինները, փաստացի, «լվանում են ձեռքերը» կամ խոսում ընդամենը քննարկումների մասին, Արցախի պաշտոնյաները հավաստիացնում են, որ գումարները կվերադարձվեն, իրենք՝ գումարներ կուտակած արցախցիները, անորոշ սպասում են։

Forrights. Արցախցիների մասին որոշումները՝ Արցախի բարբառով․ Հադրութցի Լիաննան փորձում է հայրենակիցների համար փակել տեղեկատվական բացը

Forrights

38-ամյա Լիաննա Պետրոսյանը արցախցիների համար մի տեսակ փրկության օղակ է․ սոցիալական ցանցերի արցախյան խմբերում բոլորը նրանից են փորձում հասկանալ՝ ի՞նչ է ասում Հայաստանի կառավարությունը իրենց հասնող աջակցության մասին։

«Փորձում եմ մեր Արցախի բարբառով բացատրել նրանց իրենց վերաբերող որոշումները, որ տեղեկացված լինեն։ Երբ դու բարբառը կրող մարդուց ես ստանում ինֆորմացիան, մի քիչ ավելի այլ կերպ ես ընկալում, քան զուտ պաշտոնական տեղեկությունը։ Մարդիկ ուզում են հնարավորինս պարզ ինֆորմացիա ստանալ, օրինակ՝ ծրագրի շահառո՞ւ են, թե ոչ», — Forrights.am-ի հետ զրույցում ասում է Լիաննան։

Լիաննան Հադրութից է, նույնպես տեղահանված, սակայն Հայաստան պարտադրված եկել է 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ հարազատ Հադրութը գրավվեց ադրբեջանցիների կողմից․ «Պատերազմի օրերին ստիպված էինք տեղափոխվել Հայաստան ու այդպես մնացինք Երևանում․․․»։

Հադրութում Լիաննան լրագրող էր, «Դիզակ» թերթի խմբագիրը, և Երևանում՝ քաղաքացիական ակտիվիստ, որի հիմնական խնդիրը հայրենակից արցախցիների հոգսը թեթևացնելն է․ ընկերներով հիմնել են «Դիզակ-արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը ու սկսել զբաղվել տեղահանված հադրութցիների համախմբման, ոչ մշակութային ժառանգության հանրահռչակման, ինչպես նաև տեղահանված երեխաների մշակութային կրթության հարցերով։ Երբ Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Արցախը, Լիաննան իր ընկերների հետ միասին բողոքի ակցիաներ էր կազմակերպում Երևանում միջազգային կազմակերպությունների գրասենյակների, տարբեր երկրների դեսպանատների դիմաց, բարձրաձայնում 100 հազարից ավելի հայերի կարիքների ու խնդիրների մասին։

«Որպես մարդ ես չէի կարող նստել տանը ու սպասել, որ ինչ-որ մեկը խնդրին լուծում կտա։ Մեր ցույցերի, իրազեկման ակցիաների նպատակը մեկն էր՝ միջազգային հանրությանը ներկայացնել այն վիճակը, որ տիրում էր Արցախում։ Փաստացի 30 հազար երեխա մատնված էր սովի։ Իհարկե, այն քայլերը, որ մենք արեցինք, կոնկրետ արդյունք չստացանք ու ցավում եմ, որ կյանքի ճանապարհը բացվեց ռազմական ագրեսիայի հետևանքով», -պատմում է նա։

Այժմ Լիաննան դարձյալ օգնում է հայրենակիցներին՝ նրանց հասանելի դարձնելով իրենց վերաբերող տեղեկատվությունը, իրազեկելով իրենց սոցիալական իրավունքների մասին․

«Ամեն ինչ սկսվեց 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողության ժամանակ, երբ մարդիկ սոցիալական ցանցերով տարածում էին իրենց հարազատների լուսանկարները ու փորձում գտնել նրանց, իսկ ադրբեջանական ալիքներն էլ իրենց հերթին էին այդ լուսանկարները տարածում ու գլխագին սահմանում այդ մարդկանց գտնելու դիմաց։ Ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել փակ խումբ և հենց այդտեղ էլ շփվել ու փոխանակվել ինֆորմացիայով, որ որևէ ադրբեջանցի հասանելիություն չունենա այդ ինֆորմացիային։ Արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ դեպքեր, երբ հարազատները գտնում էին իրենց փնտրած մարդկանց։ Վիճակը բարդացավ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, ու ես մի տեսակ դարձա կապող օղակ տուժածների ու նրանց հարազատների միջև՝ մի մասը գաղթի ճանապարհին էր, մի մասը դեռ Ստեփանակերտում էին»։

Այժմ Լիաննայի առաջնային անելիքը արցախցիներին հասանելիք սոցիալական աջակցության, սոցիալական իրավունքների ու նրանց վերաբերող տարբեր ինֆորմացիան հասանելի լեզվով հայրենակիցներին մատուցելն է, որ նրանք ապատեղեկատվության զոհ չդառնան։ Դրա համար նա հետևում է կառավարության գործունեությանը, վերծանում արցախցներին վերաբերող որոշումներն ու օրենքները ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով ներկայացնում հայրենակիցներին։

Ինչպե՞ս ստանալ սոցիալական աջակցություն՝ 40+10 հազար դրամները, ինչպե՞ս դիմել ՀՀ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար, ի՞նչ աջակցություն են ստանում արցախցիները, ո՞ր ընտանիքներին է հասնում սոցիալական նպաստ, կա՞ մայրության նպաստ, թե ոչ, ի՞նչ բուժօգնություն է հնարավոր ստանալ պետպատվերի շրջանակում․ այս ու նույնաբովանդակ այլ հարցեր են մշտապես ուղղվում Լիաննային։

Հաճախ, նրա խոսքով, մարդիկ չգիտեն փախստականի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության կամ հնարավորության մասին և քանի որ այդ կարգավիճակը չունի, թոշակ չի ստանում։ Մինչդեռ, ըստ Լիաննայի, փախստականի կարգավիճակ ունենալը որևէ բացասական ազդեցություն չի կարող թողնել։

«Ես տեսել եմ՝ ինչպես են մարդիկ խառնաշփոթի մեջ ընկնում տարածվող ապատեղեկատվության ազդեցությամբ, այդ պատճառով փորձեցի իմ էջով հաստատված տեղեկություն տարածել։ Իմ խնդիրը պաշտոնական տեղեկությունը հնարավորինս մատչելի լեզվով ներկայացնելն է։ Իհարկե, բազմաթիվ հարթակներ կան, որտեղ հնարավոր է գտնել այդ տեղեկությունը, բայց դա հասու չէ արցախցիներին։ Դա իմ անձնական նախաձեռնությունն էր և տեսնելով, որ մարդիկ դրա կարիքն ունեն, փորձեցի իմ ներդրումն ունենալ մարդկանց աջակցելու գործում․միշտ չէ, որ նյութական աջակցությունն է առաջնային։ Վերջին ամիսներին ես տեսա, որ մարդու համար ամենամեծ խնդիրը տեղեկացված չլինելն է», -ասում է Լիաննան։

Հասմիկ Համբարձումյան

“Լարային” սահման․ կյանքը Թաղավարդում 2020-ից հետո (ֆոտոներ)

2020 թ․պատերազմից անցել էր կես տարի։ Ուղևորվեցինք սահմանամերձ դարձած Թաղավարդ գյուղ, տեսնելու, թե մարդիկ ինչպես են ապրում թշնամու նշանառության տակ։

Մեր ճամփորդությունը սկսվեց ստրատեգիական նշանակության ճանապարհից, որի աջ մասում ադրբեջանական, իսկ ձախ մասում ՊԲ դիրքերն էին։ Ճանապարհի մի հատվածը անցնում էր Շոշ գյուղով։ Կանգնեցինք մի պահ և լուռ նայեցինք Շուշիի կիսաքանդ Ղազանչեցոց եկեղեցուն, որը պատված էր կանաչ շինարարական ցանցով։

Պատերազմից հետո կոնկրետ սահման չկար, ամեն պահ կարող էիր հայտնվել թշնամու վերահսկողության տակ գտնվող մասում։

Դեպի Ավետարանոց տանող ճանապարհը փակված էր վառված մեքենայով` դա էր սահմանը։

40 րոպեից հասանք։ Թաղավարդը Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, և ամենաերկարը։ Գյուղը պատերազմի հետեւանքով բաժանվել էր 2 մասի։ Վերևի մասը ադրբեջանի հսկողության տակ էր, ներքևինը`մեր, և երկու մասերը իրարից բաժանում էր բարակ մետաղյա լար։

Գյուղում եռուզեռ էր, պատերազմի հետևանքով վնասված տները ակտիվորեն վերանորոգվում էին, նոր շենքեր և տներ էին կառուցվում, մարդիկ իրենց գյուղը լքելու մտադրություն չունեին։

Կային ընտանիքներ, որոնք գյուղի վերևի մասում իրենց տունը կորցնելուց հետո տեղափոխվում էին ներքևի մաս, ապրում վնասված տներում, մինչև հետ տուն չգնան։

Հայկ Հարությունյան

Էնգելսի թաղը, “պլյաժը” եւ 2-րդ դպրոցը․ նորից կլինի “Գարուն”

Ստեփանակերտի Ալեք Մանուկյան, Տիգրան մեծ փողոցները գտնվում են հայտնի «Կալցեվոյ»-ից ներքև: Սովետական միության ժամանակ ամբողջ այդ հատվածը Էնգելսի թաղ էր կոչվում:

Այն առանձնանում էր իր նեղլիկ փողոցներով, 9 հարկանի շենքերով, որոնք շատ չէին Ստեփանակերտում: Փողոցի ներքևում հենց այդ շենքերն էին` 3 շենք իրար կողք կողքի, և երբ հարցնում էիր, թե որտեղ եք բնակվում, պատասխանում էին` «Էնգելսա ձիվիծիէտաժկոցը մեջտեղի շենքումը»:

Այդ շենքերից ներքև «Գարունին շենք» էր, որտեղ հայտնի “Գարուն” ռեստորանն էր խորհրդային ժամանակներին։ Այդ շենքերից դուրս գալու մի քանի ճանապարհ կար։ Վերևի ճանապարհին մի տղամարդ դերձակ էր ժամանակին աշխատում, հենց այդտեղ են էնգելսի նորաոճները կարում իրենց հագուստները:

Երեխաները հաճախում էին 2-րդ դպրոցը: Դպրոցի հարևանությամբ գտնվող ողջ հատվածը խոտածածկ էր` երեխաների սիրած վայրն էր, նամանավադ բակային խաղեր խաղալու համար: Հենց այդտեղ էր նաև լողավազանը, որտեղ 80-ականերին դեռ լողանում էին, իսկ ցուրտ օրերին ծնողները նայում էին պատուհանից, որ հանկարծ երեխաները դպրոցից վերադառնալու ժամանակ չլողանան:

Այդ տարածքը ժողովուրդը անվանում էր «պլյաժ»: Պատերազմից հետո «պլյաժում» արդեն ջուր չկար, բայց դրվել է Ալեք Մանուկյանի արձանը և փողոցը վերանվանվել նրա անունով։

Քրիստինա Ալավերդյան

Ուկրաինան հայտարարել է, որ խոցել է ռուսական հրթիռակիրը Ստավրոպոլում

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը մեկնաբանել է Ստավրոպոլի երկրամասում ռուսական օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչի կործանումը։ Նա հաստատեց, որ ինքնաթիռն ինքնուրույն չի ընկել։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Օլեշչուկի պաշտոնական Telegram ալիքում։ Ինքնաթիռը խփվել է Ուկրաինայի սահմանից 300 կմ հեռավորության վրա։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը վերադառնում էր բազա՝  ռմբակոծելով Ուկրաինայի քաղաքները։

«Առաջին անգամ ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումները գլխավոր հետախուզական տնօրինության հետ համատեղ ոչնչացրել են հեռահար ռազմավարական ռմբակոծիչ Tu-22M3», – գրել է Օլեշչուկը: Նա հիշեցրել է, որ այս ինքնաթիռը X-22 թեւավոր հրթիռների կրող է, որը Ռուսաստանի Դաշնությունը շատ ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի խաղաղ քաղաքների վրա հարձակումներ իրականացնելու համար։

«Ոսկեպարի հարցով Փաշինյանն անձնական վտանգ զգաց»․ Նվեր Բեգլարյան

Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ի՞նչ տրամադրություններ են Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանի այցից հետո։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղեր եւ բնակչության հետ հանդիպման ժամանակ շարունակել պնդել, որ Տավուշի չորս գյուղերը պետք է հանձնել։ Մեր հարցին, թե Փաշինյանը համոզե՞լ է ոսկեպարցիներին, ի՞նչ տրամադրություններ են գյուղում, Նվեր Բեգլարյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ ինքը Ոսկեպարից վտանգ զգաց, Ոսկեպարի շահերը չպաշտպանելու դեպքում ինքն անձնական վտանգ զգաց։ Եվ, իմ կարծիքով, հենց այդ պատճառով այնպես արեց, որ Ոսկեպարի հարցի լուծումը ոսկեպարցիների ուզածով լինի։ Ընենց չի, որ ինքը մեզ շատ էր սիրում, ուղղակի վտանգ զգաց»։

Նվեր Բեգլարյանի խոսքով՝ ոսկեպարցիները պահանջում են, որպեսզի չզիջեն ճանապարհը եւ գյուղի վերեւի մասի տարածքները, որոնք անվտանգության խնդիրներ կառաջացնեն։ «Փաշինյանն ասաց՝ կանենք այնպես, ինչպես դուք եք պահանջել։ Դա 100 տոկսով չի գոհացնում ոսկեպարցիներին, բայց ամեն դեպքում ավելի տանելի լուծում է, քան մեկ ամիս առաջ ասածը։ Այսինքն՝ այս դեպքում Ոսկեպարի ֆիզիկական գոյությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Անհարմարություններ են առաջանում, տհաճ պահեր էլ կան, որ նրանք պետք է առաջ գան, բայց այնպես չէ, որ Ոսկեպարի անվտանգությանը մեծ վնաս է հասցվում։ Բայց Կիրանցի հարցով վատ է խոսել, տհաճ պահեր կան այդտեղ, որովհետեւ Կիրանցի կամրջի մոտ ճամփեն փակվելու է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նվեր Բեգլարյանը հավելեց, որ գյուղացիները 100 տոկոսանոց վստահություն չունեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբեյալ, «բայց եթե մեկ ամիս հետո վեր է կացել եկել է ու հակառակ բան է ասում ոսկեպարցիներին, բնականաբար, բան է փոխվել, թե չէ չէր գա»։

«Այստեղ թշնամուն վստահել-չվստահելու հարցը չէ, խոսքն անվտանգության լծակները մեր ձեռքին պահելու մասին է։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը փորձի չափն անցնել, մենք պետք է հնարավորություն ունենանք պաշտպանվել, գոնե միջդիրքային տարածություն լինի, որպեսզի անակնկալի չգանք։ Իսկ եթե գային գյուղի գլխին նստեին, մենք չէինք կարողանա հակահարված տալ»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտի վրա

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև ուղղակի բանակցությունների միջոցով պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից՝ Պաղեստինի ինքնավարությանը ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության քվեարկության ժամանակ: ԱՄՆ-ը դա բացատրեց նրանով, որ անկախ Պաղեստին պետությունը պետք է ստեղծվի Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև ուղիղ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ՄԱԿ-ի գործողությունների միջոցով:

Միացյալ Նահանգները վետո դրեց այն բանաձևի նախագծի վրա, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկում էր «Պաղեստին պետությունն ընդունել ՄԱԿ-ում»: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 12 անդամները կողմ են քվեարկել։

Պաղեստինի ինքնավարությանը ներկայումս շնորհված է ոչ ՄԱԿ-ի դիտորդ պետության կարգավիճակ: Պետականության փաստացի ճանաչումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից տեղի է ունեցել 2012թ.։ Սակայն ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության դիմումը պետք է հաստատի Անվտանգության խորհուրդը, իսկ հետո՝ Գլխավոր ասամբլեայի առնվազն երկու երրորդը:

Պաղեստինցիները ՄԱԿ-ին լիարժեք անդամակցելու համար մղվում են Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վեցամսյա պատերազմի, ինչպես նաև օկուպացված Արևմտյան ափում Իսրայելի բնակավայրերի ընդլայնման ֆոնին:

«Վերջին էսկալացիան ավելի կարևոր է դարձնում Իսրայելի և լիովին անկախ, կենսունակ և ինքնիշխան Պաղեստին պետության միջև կայուն խաղաղության հասնելու անկեղծ ջանքերին աջակցելը», – հինգշաբթի օրը Անվտանգության խորհրդի նիստում ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Երկու պետությունների լուծման ուղղությամբ առաջընթացին խոչընդոտելը միայն կբարձրացնի անկայունությունը և ռիսկը հարյուր միլիոնավոր մարդկանց համար ողջ տարածաշրջանում, ովքեր կշարունակեն ապրել բռնության մշտական ​​սպառնալիքի ներքո», – ասաց նա:

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ասել է, որ պաղեստինցիները չեն համապատասխանում ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության չափանիշներին, որոնք նա նկարագրել է որպես մշտական ​​բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն և այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն:

«Ո՞ւմ է խորհուրդը ցանկանում ճանաչել [որպես պետություն] և նրան [ՄԱԿ-ի] լիիրավ անդամի կարգավիճակ տալ։ ՀԱՄԱՍ-ը Գազայո՞ւմ, Պաղեստինյան Իսլամական Ջիհադ Նաբլուսո՞ւմ, ո՞ւմ», հարցրեց Էրդանը Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս։

Նա ասել է, որ պաղեստինցիներին ՄԱԿ-ի լիիրավ անդամակցության տրամադրումը «ոչ մի կողմի համար դրական արդյունք չի բերի, դա միայն ավերածությունների կհանգեցնի գալիք տարիների ընթացքում և վնաս կհասցնի ապագա երկխոսության ցանկացած հնարավորությանը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկար ժամանակ պաշտպանել է երկու պետությունների տեսլականը, որոնք ապրում են կողք կողքի ապահով և ճանաչված սահմաններում: Պաղեստինցիները ցանկանում են իրենց սեփական պետությունը Արևմտյան ափում, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում՝ բոլոր այն տարածքներում, որոնք Իսրայելը գրավել է 1967 թվականին:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հատուկ բանագնաց Զիադ Աբու Ամրն ավելի վաղ հարցրել է ամերիկացի պաշտոնյային. «Ինչպե՞ս դա կարող է վնասել պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության հեռանկարներին: Ինչպե՞ս կարող է այս ճանաչումը և այս անդամակցությունը վնասել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»:

«Նրանք, ովքեր ձգտում են շեղել և կանխել նման բանաձևի ընդունումը… չեն նպաստում պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարներին», – ասել է նա Անվտանգության խորհրդում:

Աբու Ամրն ասել է, որ Պաղեստինի լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին լուրջ քաղաքական բանակցությունների այլընտրանք չէ։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Air Force One-ում լրագրողներին ասել է, որ սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների վիրտուալ հանդիպումը: Օրակարգում ընդգրկված է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա հարձակում սկսելու Իսրայելի ծրագրերի քննարկումը և Իրանի դեմ պատասխան գործողությունների հնարավորության հարցը:

Նախագահ Ջո Բայդենը Իսրայելին կոչ է արել լայնածավալ հարձակում չանցկացնել Ռաֆահում՝ Գազայում պաղեստինցի խաղաղ բնակչության հետագա զոհերից խուսափելու համար։

Փարիզը լրացնում է վակուումը. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկա, Ռուսաստանը հեռանում է

Ապրիլի 18-ին Հայաստան էր այցելել Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆորը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի և Հայաստանի այլ պաշտոնյաների հետ։

Սա Մինսկի խմբի առաջին հիշատակումն է երկար ժամանակ անց, և թեև պարոն Ռոքֆորի հանդիպումների մասին հայկական պաշտոնական տեղեկատվությունը ասում է, որ քննարկվել են «Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվածների մարդասիրական խնդիրները» միայն, ակնհայտ է, որ Փարիզը ակտուալացնում է Արցախյան կարգավորման գլոբալ հարթակը։ Արցախի հարցը չի լուծվել. ոչ ոք լուրջ չի ընդունում ո՛չ Փաշինյանի հայտարարությունները «Ղարաբաղը ադրբեջան ճանաչելու» մասին, ո՛չ էլ խորհրդային քարտեզներով սահմանազատումը։ Տարածաշրջանում գծվում են նոր սահմաններ, և ռուս-թուրքական բաժանման ձևաչափը մոտենում է ավարտին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում դադարեցրել է գործունեությունn այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին միակողմանիորեն զորքեր մտցրեց Արցախ, ինչպես ասվում է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ՝ հինգ տարի ժամկետով։ Բերձորի միջանցքը «հսկող» ռուսական զորքերն արգելել են Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին մուտք գործել Արցախ։ Բացի այդ, կողմերը՝ Մոսկվան, Երևանը և Բաքուն, պնդում էին, որ «գետնի վրա» հիմնական փաստաթուղթը նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունն է, և Մինսկի խումբն այստեղ անելիք չունի։

Սակայն ԵԱՀԿ-ն այդպես էլ չի չեղարկել Մինսկի խմբի մանդատը, և այժմ, երբ ռուսական զորքերը հապճեպ հեռանում են Արցախից, Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը փակվում է, երբ Բաքուն ուղղակիորեն մեղադրում է Ֆրանսիային Հայաստանին միակողմանի զինելու մեջ, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի Երևան կատարած այցը նշանակում է ռուս-թուրքական ձևաչափի «հուղարկավորություն» և տարածաշրջանի վերադարձ գլոբալ օրակարգ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից անկատար մնաց միայն մեկ կետ՝ ադրբեջանից Թուրքիա միջանցքը, և ռուսական զորքերը պետք է կատարեին այս կետը մինչև տարածաշրջանից վերջնական դուրսբերումը՝ օգտվելով իրանա-իսրայելական հակամարտության սրումից և « մեծ պատերազմից»։ Բայց ապրիլի 14-ի դեպքերից հետո, երբ Իրանն ու ԱՄՆ-ը համատեղ ոսկերչական գործողություն անցկացրին, ռուսական զորքերը անսպասելիորեն որոշեցին հեռանալ, և Նիկոլ Փաշինյանի տոնայնությունը, ով մեկ ամիս առաջ խոսում էր «մինչև շաբաթվա վերջ պատերազմի մասին, եթե Տավուշի գյուղերը չեն հանձնվում», անսպասելիորեն փոխվեց։

Ռուսական զորքերի հեռանալով և նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկումով ստեղծվեց քաղաքական և իրավական վակուում, որը Ֆրանսիան որոշեց լրացնել, ինչը կարող է լինել գլոբալ պայմանավորվածությունների մաս։ Իսկ պարոն Ռոկֆորի այցը՝ քաղաքական քննարկումները ռուս-թուրքական «եռակողմ» մակարդակից գլոբալ  մակարդակ վերադարձնելու փորձ է:

Հիմա Փաշինյանի կառավարությունը կրկին պետք է փոխի դիրքը։

Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու սարք է խոցել

BBC

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել և հերքել երկրի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին տեղեկությունները: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի կենտրոնական Սպահան քաղաքի շրջանում պայթյունների և տարբեր շրջաններում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հաջողությամբ խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա», – գրել է Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Սպիտակ տունն ու Պենտագոնն այս մասին չեն մեկնաբանել։

«Մենք այս պահին մեկնաբանություն չունենք», – AFP-ին ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը:

Իսրայելի պաշտոնյաներն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ կարող են հակահարված տալ այն բանից հետո, երբ Իրանը անցած շաբաթավերջին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի քաղաքների ուղղությամբ:

ԱՄՆ-ը հասկացրել է, որ չի միանալու Իրանին պատասխան հարվածին, սակայն հինգշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներգրավված մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ՝ ակնկալելով զսպել էսկալացիան:

FARS լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ երեք պայթյուն է որոտացել Սպահանի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող Շեկարի բանակային ավիաբազայի տարածքում։

Գործակալության տվյալներով՝ Սպահանում հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել, որը հայտնաբերել է անօդաչու թռչող սարքը։ Պայթյունների հետևանքով կոտրվել են գրասենյակային մի քանի շենքերի ապակիներ։

IRIB հեռարձակողը, հղում անելով «հավաստի աղբյուրներին», հաղորդում է, որ «երկրի մի քանի շրջաններում լսվող բարձր ձայները հակաօդային պաշտպանության համակարգի մի քանի անհայտ մինի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար ակտիվացնելու արդյունք են»։

Սպահանի օդանավակայանը հարում է Խաթամիի ավիաբազային, իսկ Սպահան նահանգում տեղակայված են Իրանի մի քանի միջուկային օբյեկտներ:

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներում միջադեպեր չեն գրանցվել։

Թեհրանի և այլ քաղաքների վրայով թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։ Մասնավորապես, Իրանի մայրաքաղաքի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանը թռիչքներ չի ընդունել և չի ուղարկել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Mehr գործակալությունը պարզաբանել է, որ դադարեցվել են թռիչքները դեպի Թեհրան, Սպահան և Շիրազ, ինչպես նաև դեպի երկրի արևմուտք, հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք գտնվող օդանավակայաններ։

Հուշարձանների միջազգային օրը առանց Կանաչ ժամի. բարբարոսություն

Ապրիլի 18-ին, երբ աշխարհում նշում են հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, կրկին  կարևորելով մշակութային արժեքների պահպանությունը, պաշտպանությունը, մշակութային բազմազանությունն ու դրանց հանրահռչակումը, հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցին, որի մասին է վկայում ապրիլի 5-ին արված տիեզերական լուսանկարը։

Եկեղեցին միշտ էլ գտնվել է տեղի մահմեդականների, ապա նաև Ադրբեջանի հակահայ քաղաքականության թիրախում, դեռևս խորհրդային ժամանակներից։ Այդ տարիներին այն վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով խախտվել, կամ քողարկվել էին կառույցի ներքին առանձին  հատվածներ։ Մասնավորապես բեմի վրա դրված երկաթե մեծ ջրավազանը լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։

Արևմտյան զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել ու նրանց փոխարեն կառուցել էին նորը, որը խաթարում էր եկեղեցու ճարտարապետական տեսքը։ Ջրավազանից հաճախակի թափվող հանքային ջրերը քայքայում էին պատերը։

Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին փրկվեց ու վերանորոգվեց։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամուն հանձնված հայկական Շուշին նորից հայտնվեց ադրբեջանական վանդալիզմի կիզակետում։ Ի շարս այլ հուշարձանների Կանաչ ժամը նույնպես դարձավ Ադրբեջանի մշակութային անհադուրժողականության զոհը։

Պատերազմից հետո երկու անգամ լրջորեն վնասվեց այն, երկրորդ անգամ պայթեցմամբ։ Հետո համացանցում հայտնվեցին տեղեկություններ, իբր Ադրբեջանը մտադիր է վերակառուցել հայերի կողմից հայկականացված ռուսական ուղղափառ եկեղեցին։ Տարբեր «փորձարկումներից» հետո 19-րդ դարի հայկական հոգևոր կառույցը հիմնահատակ քանդվեց։

Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հայտնի է նաև Ղարաբաղցոց եկեղեցի անունով : Հիշատակվում է նաև Վերին կամ Նոր թաղի եկեղեցի անուններով: Համաձայն շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։

Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2):

Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին:

Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։ Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում

Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։ Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ, որմնանյութերով որոշ չափով առանձնացված է նրանից։

1995թ-ից մինչև 2020 թվականը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։

Արմինե Հայրապետյան

Ռուսաստանը լքում է Ղարաբաղը՝ Ուկրաինայի դիմաց

«Ռուսաստանը չի ցանկանում միջամտել Իսրայելի հետ Իրանի պատերազմին և փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ»,- մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը, ասաց քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

«Կարծում եմ՝ Իրանին հարվածն անխուսափելի է։ Դրա համար կօգտագործվեն ինչպես Արցախի Հանրապետության տարածքում, այնպես էլ Գյանջայից մինչև Բաքու տարածքներում տեղակայված՝ Իսրայելի կողմից վարձակալած օդանավակայանները, ճանապարհները, թունելները, անօդաչու սարքերի բազաները, այլ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, ամեն ինչ կարող է օգտագործվել հակաիրանական գործողության համար։

Դրա դիմաց ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով կզիջի Կրեմլին։ Հետո կբարձրացվի Հայաստանում ռուսական բազայի եւ Հայաստանի ՀԱՊԿ-ում անդամակցության հարցը, այնուհետ՝ Ադրբեջանում իսրայելական օդանավակայանների հարցը»։

Ալվարդ Գրիգորյան