ՀԱՊԿ-ը զրո է, իսկ զրոյի հետ որոշ թվաբանական գործողություններ չեն կատարվում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հրաժարվել է օգտագործել «սառեցում» հասկացությունը՝ կապված Հայաստանի կազմակերպությանը անդամակցության հետ։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, նա հաստատել է, որ Երեւանն իսկապես կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը։

Հայաստանը կամ այլ երկրները ՀԱՊԿ-ում կկրճատեն գործունեության ծավալը, թե էապես կավելացնեն, դա նշանակություն չունի, քանի որ դաշինքը, բացի Հայաստանի անվտանգության ամրապնդման և դիվերսիֆիկացման արգելակողի դերից, այլ նշանակություն չունի՝ զրո է։

ՀԱՊԿ-ը դեռևս չի մասնակցել ոչ մի ռազմական գործողության՝ իր անդամների պաշտպանության համար, բացառությամբ Ղազախստանում տեղի ունեցած ծիծաղելի գործողության։ Հիշվում է, այն ժամանակ Լուկաշենկոն հպարտորեն ասաց, որ ինքը և Պուտինը մեկ ժամում գծել են «օգնության» ծրագիրը․ այն ժամանակ Ղազախստանում անկարգություններ են սկսվել (ի դեպ, Հայաստանն էր նախագահում ՀԱՊԿ-ում)։ Սակայն Չինաստանի զանգից հետո բառացիորեն մի քանի օր անց Տոկաևը կոչ արեց դուրս բերել ՀԱՊԿ զորքերը երկրից, և նրանք արագ նահանջեցին։

Այսքանը: Այլևս ոչ մի ռազմական օպերացիա: Ոչ ոք նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում ՀԱՊԿ կենտրոնակայանը, որտեղ մշակվում են մեծ ծրագրեր, չգիտի, ինչ է անում կազմակերպությունն ընդհանրապես, բացի զայրացած դեմք ընդունելուց:

ՀԱՊԿ-ը զրո է, իսկ զրոյի դեպքում որոշ թվաբանական մանիպուլյացիաներ չեն կատարվում, օրինակ՝ բաժանում զրոյի։ Իսկ զրոյով բազմապատկելը հավասար է զրոյի։

Ի հիշատակ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին զոհվածների կհրատարակվի ալբոմ

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 արցախցի, որից 21-ը քաղաքացիական անձ, 21-ը՝ անհետ կորած են, Step1.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա հավելել է, որ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 238 մարդ, իսկ պայթյունից հետո 20 մարդու ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Հանուն Հայաստանի և Արցախի «Հայաքվե» քաղաքացիական ժողովրդավարական նախաձեռնությունը մտադիր է հրատարակության պատրաստել 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված գիրք՝ ալբոմ։ Նախաձեռնությանը հաջողվել է կենսագրություններ և լուսանկարներ տրամադրած հարազատների միջոցով հավաքել և նույնականացնել 167 զոհերի անունները։

“Հայաքվեյում” ասում են, որ այլ նախաձեռնություններ ու քաղաքական ուժեր, անգամ Արցախի իշխանությունները նման աշխատանք չեն տանում։ Նրանք նաև նախատեսում են տվյալներ հավաքել ղարաբաղյան այլ պատերազմներում զոհվածների մասին:

Ուր են տեղափոխվում ռուսական զորքերը Արցախից. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մնացել է մեկ կետ

Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակում եւ հայտնում, որ իբր ռուսական զորքերը հեռանում են Արցախից։ Երեկ տեղեկություն եղավ, որ ռուսները հանել են Դադիվանքի մոտ իրենց դիրքը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Արցախում ռուսական զորախմբի առաքելության ավարտին դեռ մեկ տարուց ավելի կա, և Բաքուն չի պահանջում ռուսական զորքերի դուրսբերում։ Սա նշանակում է, որ նրանք դեռ պետք է ավարտին հասցնեն իրենց առաքելությունը, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, որն անկատար է թողել միայն մեկ կետ: Խոսքը «Հայաստանի հարավում հաղորդակցությունների բացման մասին է, որի անվտանգությունը կապահովեն ՌԴ ԱԴԾ զորքերը»։

Ռուսական զորքերը մնացին Արցախում բնիկ հայ բնակչության ամբողջական տեղահանումից հետո։ 7 ամիս անց Արցախում Կարմիր Խաչի գրասենյակ չկա, նույնիսկ Սարգիս Գալստյանն է հեռացել, իսկ Հայաստանի ղեկավարությունը խոսում է արցախցիների «երկարաժամկետ ինտեգրման» մասին։ Հարցը հանված է։

Այժմ ռուսական զորքերին մնում է մեկ խնդիր՝ ավարտին հասցնել նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը։ Ռուսական տեխնիկայի վերատեղակայման կադրերը հրապարակող լրատվամիջոցները չեն ասում, թե ուր են նրանք շարժվում։ Հնարավոր է, որ Իրանի և Հայաստանի սահման, որտեղ սպասվում է «թուրքերի հետ համատեղ նոր բարդ գործողություն», ինչպես ասել է Շոյգու Սերգեյ Կուժուգեթ-օղլուն։

Պատահական չէր, Իրանի դեսպանը երեկ զգուշացնում Հայաստանի ղեկավարությանը։

Ֆրանսիայի դեսպանի հետկանչը կարող է կապված լինել Բաքվի առաջիկա գործողությունների հետ

Ֆրանսիան որոշել է ետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Ադրբեջանի կողմից 2 երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների համատեքստում։

«Հանրապետության նախագահն այսօր ընդունել է դեսպանին։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմից պարզաբանումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Ֆրանսիան վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ «Այս ստանդարտացումն օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ապրիլի 14-ից հետո, երբ դեմո-պատերազմ է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում, ֆրանսիացի վերլուծաբանները սկսեցին գրել, որ Իրանը փոխել է խաղի կանոնները՝ ուղիղ հարձակվելով Իսրայելի տարածքի վրա։ Իրանի կողմից Իսրայելի դեսակռալիզացիան շրջադարձային է դարձել շատ երկրների քաղաքականության համար: Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է Հարավային Կովկասում, որտեղ Ֆրանսիան փորձում է ակտիվ քաղաքականություն վարել։

Սակայն Ֆրանսիայի դեսպանի հետկանչը կարող է կապված լինել Բաքվի առաջիկա որոշ գործողությունների հետ, որոնց Փարիզը կտրականապես դեմ է։ Այս գործողությունները կարող են համընկնել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի հետ։ Սիմվոլիզմը քաղաքականության մեջ մեծ դեր ունի։ Օրինակ՝ 2023 թ․ սեպտեմբերի 21-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ “հավանություն” տրվեց Արցախի դեմ ագրեսիային եւ բնիկ հայերի հետագա տեղահանմանը, պատահական չէ կայացել ՀՀ Անկախության օրը։  

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի շատ նուրբ ակնարկը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն` ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցման.

«Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են 1991թ. Ալմաթիի հռչակագիրը, որում խորհրդային 11 հանրապետությունները հայտարարեցին, որ իրենց վարչական սահմանները կարող են լինել նաև իրենց միջազգային սահմանները:

Այս պարտավորությունը հաստատել են վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը 2022 թվականին Պրահայում։

Սա նաև հիմք է հանդիսանում ԵՄ-ի կողմից այդ երկրներից յուրաքանչյուրի ճանաչման համար:

Վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի եղել, ուստի այն պետք է պատշաճ կերպով սահմանազատվի , բայց մեզ համար հիմքը երկու երկրների կողմից ստորագրված Ալմաթիի հռչակագիրն է:

Ինչպես գիտեք, ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղության գործընթացում՝ նախ նախագահ Միշելի մակարդակով հրավիրված առաջնորդների հանդիպումների, ինչպես նաև կողմերի հետ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա աշխատանքի միջոցով, իսկ սահմանազատման հարցում պարզ է, որ դա արվում է երկկողմ մակարդակով, և մենք աջակցում ենք որոշումների, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի դրույթներին և Ալմաթիի հռչակագրին:

Այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ այն տարածքները, որոնց վրա տեղակայված են ադրբեջանական ստորաբաժանումները և որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաև այն տարածքները, որոնց վրա տեղակայված են հայկական ստորաբաժանումները և որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում:

ԵՄ-ն միշտ ընդգծել է ցանկացած սպառնալիքից զերծ մնալու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»:
____

Պարոն դեսպանի վերընշված ելույթից կարևոր եմ համարու հետևյալ շեշտադրումները.

1. “վարչական սահմանները կարող են լինել նաև իրենց միջազգային սահմաններ”` այսինքն կարող են, բայց ամենևին պարտադիր չէ, որ լինեն միջազգային սահման;

2. “վարչական սահմանը երբեք միջազգային սահման չի եղել, ուստի այն պետք է պատշաճ կերպով սահմանազատվի”` այսինքն առանց հստակ սահմանազատման նրանք դեռ պետական սահման չեն;

3. “մենք աջակցում ենք որոշումների, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի դրույթներին և Ալմաթիի հռչակագրին”` այսինքն բացի Ալմաթիի հռչակագրից բոլոր ընդունվող որոշումները պիտի համապատասխանեն նաև՝ և առաջին հերթին, միջազգային իրավունքին;

4. “այս գործընթացում, բնականաբար, պետք է քննարկվեն բոլոր տարածքները, ներառյալ այն տարածքները, որոնց վրա տեղակայված են ադրբեջանական ստորաբաժանումները և որոնք եղել են Հայկական ԽՍՀ-ի կազմում, ինչպես նաև այն տարածքները, որոնց վրա տեղակայված են հայկական ստորաբաժանումները և որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում” ` այսինքն սահմանազատման եւ դրա ժամանակ ընդունվող որոշումների ընթացքում պետք է դիտարկվեն բոլոր տարածքները, այդ թվում Ադրբեջանական ԽՍՀ մաս կազմող (Արցախը նկատի ունի):

Հ.Գ. ԵՄ բարձր պաշտոնյան շատ նուրբ կերպով՝ դիվանագիտորեն հասկացնում է մեզ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ճանաչված պետական սահման դեռևս գոյություն չունի և այն պետք է որոշվի, բացի Ալմաթիի հռչակագրից նաև՝ և առաջին հերթին, միջազգային իրավունքի հիման վրա, ինչը նշանակում է, որ բոլոր տարածքները առայժմ վիճելի են!

Վահե Գասպարյան, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ 

Պայքարել և պահանջել արժանապատիվ վերադարձ և ազատ հայրենիք

«Արցախի մայրիկների ակումբն» ամփոփել է «Վըսկե ծեռքեր» ցուցահանդեսի արդյունքները՝ պատահականության սկզբունքով ընտրելով հաղթողին և հանձնելով հիշարժան նվեր։ Կազմակերպության հիմնադիրները բացատրել են, որ բոլոր 64 արհեստավորները համապատասխանում էին սահմանված չափանիշներին, ուստի հնարավոր չէր լավագույնին որոշել։

Ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցավ արցախցի արհեստավորների աշխատանքների երկրորդ տոնավաճառը՝ Արցախի մայրիկների ակումբի նախաձեռնությամբ։

Կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը նշեց, որ առաջին՝ ձմեռային ցուցահանդեսի նպատակն էր մեկ հարթակում համախմբել արցախցի արհեստավորներին և նրանց հնարավորություն տալ հասկանալու, որ Հայաստանում իրենց սիրելի հոբբին կարող է նաև շահութաբեր լինել։

«Երկրորդ տոնավաճառը կազմակերպելիս մասնակիցներն ընտրվել են մի շարք չափանիշներով, որոնցից գլխավորը աշխատանքի բարձր որակն է և վարպետների մրցունակությունը Հայաստանի կիրառական արվեստի շուկայում։ Կարծում եմ՝ մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին։ Կլինեն ավելի շատ տոնավաճառներ, որպեսզի արհեստավորները կարողանան իրենց աշխատանքները ներկայացնել Հայաստանում»։

Խոսելով Արցախ վերադառնալու մասին՝ Մարիամ Աբրահամյանը նշել է, որ «մենք պետք է ձգտենք դրան, բայց վերադարձը պետք է լինի արժանապատիվ՝ միջազգային ամուր երաշխիքների ներքո, և անպայման Արցախի բանակի և իրավապահ կառույցների վերականգնմամբ»։

«Արցախի շրջափակման ժամանակ Արցախի մայրիկների ակումբը Ստեփանակերտում կազմակերպել է հանրահավաքներ և երթեր՝ պահանջելով պաշտպանել մեր և մեր ընտանիքների իրավունքները։ Մենք չէինք կարող անհաղորդ մնալ քաղաքական գործընթացներից։ Հիմա Հայաստանում, փախստական ​​դառնալով, չենք կարող անտարբեր լինել մեր ապագայի հետ կապված գործընթացների նկատմամբ։ Ուստի մենք մտադիր ենք շարունակել պայքարը և պահանջել հարգել արժանապատիվ վերադարձի և ազատ հայրենիքի մեր իրավունքները»։

Ալվարդ Գրիգորյան

ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը 4-րդ անգամ կհյուրընկալի արցախցի երեխաներին

ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը 4-րդ տարին անընդմեջ կհյուրընկալի Արցախյան երորրդ պատերազմում զոհված, վիրավորված, գերի ընկած և անհետ կորած հերոսների և Արցախից տեղահանված երեխաներին՝ ծնված 2011-2017 թթ.:

Ճամբարը տեղի է ունենալու 3 փուլով՝ օգոստոս ամսին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/share/p/MAsP7CnUScJdqVgL/?mibextid=QwDbR1

Անահիտ Ավանեսյանի՞ն էլ տնային կալանքի տակ կառնեն

Նախարարի դեմքի արտահայտությունը  հուշում  մի փոքր վախեցած լինելու մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից: Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվե՞լ է՝ նախարարը պատասխանել է, որ  որևէ գործի շրջանակներում վերջերս չի հարցաքննվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: 

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ նույն պատմությունը տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ, որն առ այսօր տնային կալանքի տակ է։ Նրա կալանքը ուղեկցվել է կին-փոխնախարարի, Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ եւ այլ կանանց ձերբակալությամբ։ Հետո բոլորին բաց են թողել ու բռնել Քերոբյանին։ Անահիտ Ավանեսյանին կառնե՞ն տնային կալանքի տակ եւ նրա կալանքը կուղեկցի՞ տղամարդկանց ձերբակալություններով։ 

Պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս․ չկա բացատրություն, թե ինչո՞ւ են նրանք բռնի անհետացել Ղարաբաղում

Ադրբեջանն էթիկ հայերին ենթարկել է բռնի անհետացման առնվազն երեք տարբերակով։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց պրոֆեսոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը։

«Առաջինը, Հայաստանի ապացույցը ցույց է տալիս, որ էթնիկ հայերը՝ թե՛ զինծառայողները, թե՛ քաղաքացական անձինք, ովքեր անհետացել են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի սկզբից, համարվում է, որ մինչեւ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն Ադրբեջանը նրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասում։ Երկրորդ, ապացույցները ցույց են տալիս, որ առնվազն 20 հայ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք սպանվել են Ադրբեջանում ազատազրկման ժամանակ, եւ Ադրբեջանը մինչեւ օրս նրանց մահվան հանգամանքները չի ընդունել։ Եվ վերջում, ապացույցները մեզ ցույց են տալիս, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով խախտել է էթնիկ հայերի որոնումը, ինչպես նաեւ հայրենադարձումը։

Ադրբեջանը նաեւ թաքցրել է էթնիկ հայերի ճակատագիրը, ովքեր բռնի անհետացել են Հայաստանի հիշատակումների ներկայացումից հետո։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետեւանքով 11 էթնիկ հայեր շարունակում են կորած մնալ։ ՄԱԿ-ի կտտանքների հարցով հատուկ զեկուցողը ասում է, որ շատ անձինք ենթարկվել են արտադատական սպանությունների, կտտանքների եւ անհետացման։ Եվրոպայի խորհրդարանն ասել է, որ կան հավաստի տեղեկություններ, տեսանյութեր՝ առ այն, որ հայ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք ենթարկվել են բռնի անհետացման, եւ հարյուրավոր հայերի՝ ներառյալ քաղաքացիական անձանց գտնվելու վայրն ու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ»,- ասաց նա։

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը նշեց, որ Հայաստանի ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի բռնի անհետացումները հիմնված են էթնիկ ծագման վրա։ Եվ, հետեւաբար, դրանք պետք է համարել սույն կոնվենցիայի խախտում։

«Բռնի անհետացած զոհերի տարիքը հստակեցնում է, որ Ադրբեջանի վերաբերմունքը կապված է եղել նրանց էթնիկ պատկանելության հետ։ Շատ էթնիկ հայ քաղաքացիական անձինք, ովքեր դեռ անհետ կորած են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, տարեց անձինք են, ներառյալ մեկը, ով 90 տարեկան էր։ Մի շարք անձինք են եղել, ովքեր հաշմանդամ էին։ Այս անձինք անվնաս էին, գտնվում էին Լեռնային Ղարաբաղում՝ պարզապես իրենց տարիքից ելնելով, ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամությունից ելնելով, կամ պարզապես, որովհետեւ գնալու տեղ չեն ունեցել կամ չեն ցանկացել իրենց տները լքել։ Նրանց բռնի անհետացումը կարող է համարվել միայն բռնության գործողություն՝ հիմնված էթնիկ հիմքերի վրա։

Այս անձինք ռազմագերիներ չեն, չեն խախտել ադրբեջանական օրենքը, ոչ էլ թշնամի պետության քաղաքացիներ են, որովհետեւ Ադրբեջանն ինքն է ասում, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իր քաղաքացիներն են։ Հետեւաբար, չկա բացատրություն, թե ինչո՞ւ են նրանք բռնի անհետացել։ Այլ բացատրություն չկա, քան էթնիկ ատելությունը, որը կարող է համարվել սույն կոնվենցիայի խախտում»,- նշեց Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսը։

«Ազնիվ խոսք»․ ապրիլի 14-ից հետո Իրանը կարող է զբաղվել Հնդկաստան-Հայաստան կապով

Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարեց, որ «պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել»:

Իրանը ապրիլի 14-ի լույս գիշերը իրականացրել է «Ազնիվ խոսք» գործողությունը Իսրայելի դեմ, կատարելով իր “ազնիվ” խոստումը՝ պատասխանել Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակմանն ու գեներալների սպանությանը։ Իրանը կատարել է իր խոստումը, չսպանելով եւ չվիրավորելով անգամ մեկ մարդու, զգուշացնելով արեւմտյան երկրներին եւ ստիպելով Իսրայելին խոստովանել, որ այդ երկրի ՀՕՊ-ն իրականում ֆեյք է, եւ Իրանի հարձակումը հետ են մղել ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրիտանիայի ուժերը։

Մինչ այդ օպերացիան Գերմանիայի ԱԳՆ-ը զգուշացրել է, որ կարող են փակվել Իրանի մուտքի եւ ելքի ճանապարհները։ Իրանը նաեւ Հայաստանի հետ ճանապարհներ ունի, եւ մեծ վտանգ կար, որ ինչ-որ մեկի «նյարդերը չեն դիմանալու», եւ Հարավային Կովկասը եւս բռնկվելու է։

Սակայն ամեն ինչ ճիշտ ձեւով արվեց․ Բաքուն հասկացավ, որ անզոր է Իրանի դեմ, եւ Իսրայելի խոսքն այդքան էլ «ազնիվ» չէ։ Բոլորը սպասում էին ապրիլի 14-ի առավոտյան, երբ հասկանալի դարձավ, որ խորը արմատները եւ ազնվական մշակույթը դեռ գերազանցում են բիրտ ուժին եւ լկտի պրոպագանդային։

Իրանի դեսպանը պատահական չէ ասել, որ պատերազմները խնդիր չեն լուծում։ Դա անուղղակի հայտարարություն է այն մասին, որ 2020-2023 թ․ Արցախում Հայաստանի դեմ ահաբեկչական գործողությունների արդյունքները չեն կարող ճանաչվել։ Եւ իրականում ոչ մի խնդիր չի լուծվել։

«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից։ Lարվածության աճը վնասում է տարածաշրջանի ժողովուրդներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարևաններին։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հանգստություն, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության շուրջ»,- նշել է դեսպանը։

Ապրիլի 14-ից հետո դա առավել ծանրակշիռ է հնչում, քանի որ Իրանն ապացուցել է, որ բարձրագույն լիգայի խաղացող է, ի տարբերություն մնացածների։

«Հայաստանի իշխանությունները մեզ հայտնեցին, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ուղղված չէ Իրանի հետ հարաբերությունների դեմ։  Մենք դեմ չենք Հայաստանի իշխանությունների՝ տնտեսությունը զարգացնելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է»,- նշել է դեսպանը։

Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկը Իսրայելի ռեժիմն է, ասել է դեսպանը։  «Այս վարչակարգը, բացի տարածաշրջանում միլիտարիզմ զարգացնելու փորձից, փորձում է նաև լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև»,- ընդգծել է նա։

«Արտաքին քաղաքականության մեջ խոհեմությունն այն է, որ հարևանների և այլ երկրների հետ հարաբերությունները պետք է երկարաժամկետ դիտարկվեն»,- հավելել է դիվանագետը, զգուշացնելով արկածախնդիր քայլերից։

Դեսպանը հայտնել է նաև Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավարի Հայաստան կատարելիք այցի մասին։

«Քննարկվում է հայ պաշտոնյաների Չաբահար նավահանգիստ այցելելու հնարավորությունը։ Հայաստանը շահագրգռված է այս նավահանգստում կենտրոնի բացմամբ, որը կնպաստի Իրանի, Հնդկաստանի և ընդհանրապես հարավի հետ առևտրի զարգացմանը»,- նշել է դիվանագետը։

Ապրիլի 14-ից հետո Իրանն արդեն կարող է դրանով զբաղվել։ Եւ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը՝ ազնիվ լինել։

Ալիեւը չի էլ թաքցնում, որ քշելու է հայերին․ Ինչո՞ւ հիմա փորձում են հակառակն ապացուցել

«Ալիեւը պարբերաբար էթնիկ հայերին նկարագրել է որպես «վանդալներ», «ավազակներ» եւ «ֆաշիստներ», որպես «վայրի գազաններ», «գիշատիչներ» եւ «վայրի ցեղեր»։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ հայերն ամբողջ աշխարհում Ադբեջանի հիմնական թշնամին են։ Ալիեւը նաեւ խոստացել է, որ «Ադրբեջանի բանակը կքշի հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս, ինչպես շներին»։ Այս եզրույթը նաեւ օգտագործվել է Ադրբեջանի այն զինծառայողների կողմից, ովքեր էթնիկ հայերի նկատմամբ բռնություններ են գործել»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց պրոֆեսոր Շոն Մըրֆին։

Նա նաեւ էթնիկ զտման այլ փաստեր ներկայացրեց․ «Ալիեւը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը անվանել է «վերջին զտում» եւ «վերջին մաքրում»։ Ամենաբարձր պաշտոնյաների կողմից այսպիսի հայտարարություններն ակնհայտորեն իրենց բնույթով էթնիկ են, եւ փաստերն ապացուցում են, որ այս էթնիկ ատելությունը պետական քաղաքականություն է։ Եվ ընդհանուր վերցված ռասայական հիմունքներով թշնամանքը, որն ամբողջ աշխարհի էթնիկ հայերի նկատմամբ է, հանգեցնում է այն բռնի գործողություններին, որոնք այս դատավարության սրտում են։ Այսպիսով, փաստերը ցույց են տալիս, որ էթնիկ հայ լինելը ոչ միայն երկրորդական կամ կողմնակի գործոն է եղել, այլ եղել է կոնկրետ ռասայական ատելության կանոնավոր քաղաքականություն»։

«Ադրբեջանը դատարանից ցանկանում է ստանալ որոշում առ այն, թե Ադրբեջանի կողմից էթնիկ հայ զինվորականների նկատմամբ որեւէ բռնություն՝ կապված մարտական գործողությունների հետ, անգամ եթե դա ուղեկցվել է ծայրահեղ ատելությամբ եւ ռասայական հռետորաբանությամբ, չի կարող առաջացնել Խտրականության վերացման բոլոր ձեւերի վերցման մասին կենվենցիայի խախտում։ Դա պարզապես անհնար է, դա չի կարող ճիշտ լինել, հնարավոր չէ, որ այս կոնվենցիան որեւէ կապ չունենա այն էթնիկ հայ զինվորականների հետ, ովքեր վիրավոր ընկած էին գետնին, եւ նրանց գնդակահարում էին գլխից՝ կրակելով մի քանի անգամ։ Մենք հիշում ենք, որ Ադրբեջանում բացվեց «ռազմավարի պուրակը»։

Հարց պետք է տալ՝ մարտական գործողությունների մասնակիցները սովորաբար կառուցո՞ւմ են նման հասարակական պուրակներ՝ թշնամու զինվորներին ներկայացնելով նվաստացած վիճակում եւ դեմքի ուռճացված արտահայտություններով, որոնք ակնհայտորեն ռասայական լարերի վրա են խաղում։ Ո՛չ, չեն անում, իսկ Ադրբեջանն անում է։ Դատարանը հիշում է թերեւս, որ այդ պուրակն անձամբ բացեց նախագահ Ալիեւը։ Այդ ռասիստական մանեկեններն արագորեն հանվեցին Ադրբեջանի կողմից դատարանի  առաջին պայմանական միջոցի քննության ժամանակ։

Պատասխանողը դրանից ավելի լավ չէր կարող խոստովանել, որ հայ զինվորականների նկատմամբ իր վերաբերմունքը սովորական թշնամանքով եւ մարտական վերաբերմունքով չէր պայմանավորված, այլ ռասայական թշնամանքով էր մոտիվացված։ Մի բան, որն արգելված է սույն կոնվենցիայով։ Ռասիստական այս ծաղրանկարների հեղինակները հպարտորեն հայտարարում են՝ «մենք փորձել ենք ստեղծել ամենատգեղ կերպարները, մենք սովորաբար փորձում ենք գեղեցիկ գործեր անել, բայց այժմ հակառակն է։ Դա երկար եւ ծանր գործընթաց էր, մենք նրանց տվել ենք կեռ քթեր, տափակ գլուխներ», մեջբերման ավարտ։

Արդյոք մարտական գործողությունների սովորական մասնակիցները զինված հակամարտության շրջանակում զինվորներին տալի՞ս են տարբերանշաններ, որոնց վրա գրված է՝ «հայ, մի՛ փախիր, այսպես թե այնպես մեռնելու ես»։ Ոչ, չեն անում, սակայն Ադրբեջանը դա անում է։ Արդյոք մարտական գործողությունների սովորական մասնակցիները զինված հակամարտությունից հետո հրապարակո՞ւմ են նամականիշներ, որոնցում ներկայացված է, թե ինչպես է զինվորը ժողովրդին «մաքրում» հակամարտության տարածաշրջանից։ Ոչ, չեն անում, իսկ Ադրբեջանն արել է, եւ այդ նամականիշներն այնքան աղաղակող էին, որ Միջազգային փոստային միությունը հրաժարվեց գրանցել դրանք»։

Ըստ նրա՝ այսպիսի հայատյացությունը մի ոճրի մաս է կազմում, որը հանգեցնում է բռնության, ազատազրկման կամ անհետացման, եւ Հայաստանի՝ դատարան ներակայացրած հայցերը ճշմարիտ են ու կարող են համարվել այս կոնվենցիայի խախտում։