Ադրբեջանցի լրագրողի խոսքով՝ ռուս խաղաղապահները հայկական Դադիվանք վանքից հեռացրել են իրենց թիվ 29 դիրքը, իսկ ապրիլի 15-ից վանքը վերահսկվում է ադրբեջանական ոստիկանության կողմից, հաղորդում են տելեգրամ-ալիքները։
Month: Ապրիլ 2024
Պիեռ դ՛Արժան․ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ սա էթնիկ կոնֆլիկտ է
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթանում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։
Պրոֆեսոր Պիեռ դ՛Արժանն իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի առարկությունները Հայաստանի պահանջների մեծ մասի նկատմամբ կիրառելի չեն։ Երեկ դատարանում Ադրբեջանը ներկայացրել է իր առարկությունները։
«Ադրբեջանի սխալ տարբերակումը կոնվենցիայի ներքո բացարաձակապես անէական է եւ իմաստազուրկ, քանի որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ էթնիկ հայերի միջեւ, որոնք ապրում էին Լեռնային Ղարաբաղում, ուներ շատ հստակ էթնիկ ծագում եւ ձեւաչափ։ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդունեց, որ դատարանում ներակայացված կոնֆլիկտը էթնիկ կոնֆլիկտ է, էթնիկ հակամարտություն, ուստի, այս հակամարտությունը շարքային միջպետական կռիվ չէ եւ պատերազմ չէ՝ ի հակադրություն Ադրբեջանի՝ հակասական եւ կոնտեքստից կտրված մեկնաբանությունների։
Ադրբեջանը պնդում է, թե իբրեւ այս կոնֆլիկտի շրջանակում կան առանձնակի դաժան բռնության դրսեւորումներ, որոնք իբրեւ որեւէ կապ չունեն տուժողների էթնիկ ծագման հետ։ Բայց այս հակամարտությունն էթնիկ հակամարտություն է, քանի որ երեք տասնամյակ շարունակ «տարածքային ամբողջականության» ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել Լեռնային Ղարաբաղի՝ իրենց նախինների պատմական հողերում ապրող էթնիկ հայերի ինքնորոշման իրավունքը եւ դաժանաբար վերջ դրեց այդ իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է «ազատագրման պատերազմ» կամ «հայրենական պատերազմ»։
Այդ գործողությունները պարունակել են խտրական բազմաթիվ խախտումներ էթնիկ հայերի նկատմամբ, այդ թվում՝ նաեւ մարտական գործողությունների շրջանակում»,- ասաց Պիեռ դ՛Արժանը։
Նրա խոսքով, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այս պատերազմի միջոցով Ադրբեջանն ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը․ «Ադրբեջանը, ազգային իր պատմույթի համաձայն, իբրեւ «ազատագրել» է՝ 2020 թվականի վերջին մղելով պատերազմ եւ հետո աստիճանաբար խեղդել Լեռնային Ղարաբաղը, մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի վերջին հարվածը, երբ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը դուրս մղվեց Լեռնային Ղարաբաղից։ Ահա, սա էր իրենց նպատակը՝ էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելը»
«Ալիեւը Ստեփանակերտում կրակ վառեց եւ հաղորդագրություն տարածեց, որ դա «վերջնական մաքրման գործողությունն է»»․ Կիրակոսյանը Հաագայում
«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության քաղաքականություն է սերմանել ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել եւ սպանել հայերին, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Սա պետության կողմից թույլատրված համատարած ռասզիմ է»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումների ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ ռասայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ագերսիա ու պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ։
«Հայտարարված նպատակն էր վերացնել եւ վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիեւը հետագայում բացատրեց՝ «թշնամու նկատմամբ ատելությունն էր մեզ առաջ շարժում»։ Եվ 44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում ու բռնության էին ենթարկում էթնիկ հայերին՝ հպարտորեն նկարելով ու տարածելով»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով մոտ 30 հազար ենթարկվեց էթնիկ զտումների։ «Իսկ Ալիեւը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով, որ այս տարածքներում այլեւս երբեւէ հայկական երգեր չեն երգվելու։ Այս դաժանություններից հետո, որոնք էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության տասնամյակների գագաթնակետն էին, Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո։ Հայաստանը դիմեց, որպեսզի դատարանը հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, ովքեր այդ ժամանակ դեռեւս չէին սպանվել ու չէին վտարվել իրենց հայրենիքից։ Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել, նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը, եւ էթնիկ զտում իրականացվեց։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանն 9 ամիս սովատանջ անելուց հետո, Ադրբեջանը ցուցադրված հարձակում նախաձեռնեց Լեռնայի Ղարաբաղի նկատմամբ՝ սպանելով հարյուրավոր հայերի եւ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Մինչ օրս 200 անհետ կորած անձինք կան, եւ նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը։
Ինչպես դատարանի նախկին որոշումների դեպքում, այս անգամ եւս Ադրբեջանը շարունակեց չկատարել դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի երրորդ որոշումը։ Մեջբերում դատարանի որոշումից՝ «Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի ապահովի, որ այն անձինք, ովքեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո եւ ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների եւ առանց հապաղելու»։
Ադրբեջանն ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը եւ այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։ Եվ այս գործի քննությանը զուգահեռ է այս ամենը տեղի ունենում։ Անցյալ ամիս Ալիեւը Ստեփանակերտում կրակ վառեց եւ հաղորդագրություն տարածեց, որ դա, իր խոսքերով, «վերջնական մաքրման գործողությունն է»»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։
Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի բազմաթիվ ապացույցներին ի պատասխան Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում՝ կողմերի միջեւ հավասարության կեղծ զգացողություն ձեւավորելու համար՝ իր կողմից գործ հարուցելով Հայաստանի նկատմամբ։ Բայց Ադրբեջանի համար դժվարությունն այն է, որ չունի տեսանյութեր ռասական վայրագությունների վերաբերյալ, որոնցով կարող է հիմնավորել իր պնդումները։ Հայաստանը հաջորդ շաբաթ սկսվող լսումների ընթացքում կհիմնավորի, որ Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս են դատարանի իրազորության շրջանակից։
Հաշվի առնելով իր առարկությունների ակնհայտ թուլությունը՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ իր առարկությունների մի խումբը կչեղարկի դիմացի կողմի առարկությունները։ Դա ցինիկ ռազմավարություն է, որը կիրառվում է, քանի որ այլ տարբերակներ չկան։ Ադրբեջանի առարկություններից ոչ մեկը, նույնիսկ նախնական քննադատության կամ առարկության չի դիմանում, եւ իր մարտավարությունը պետք է ձախողվի։ Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն, պատերազմը այսբերգի գագաթն էր միայն, իսկ այդ այսբերգը ռասիստական քաղաքականության տասնամյակների այսբերգն էր»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Միաժամանակ, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ «Հայաստանն Ադրբեջանի տարածքի նկատմամբ որեւէ պահանջ չունի։ Հայաստանը հանձնառու է իրական եւ տեւական խաղաղության պայմաններ ձեւավորելու օրակարգին, սակայն չի կարող այնպես լինել, ինչպես Ալիեւն է ասել, որ ուժն է ծնում իրավունք կամ, նրա խոսքով ասած, միջազգային իրավունքը չի աշխատում։ Այն պետությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել, չի կարող հայտարարել, որ վայրագություններն ավարտել է եւ արդեն պատրաստ է անցնել առաջ»։
Մատուռ-եկեղեցի Նահատակի սորբ․ Դահրավ
Դահրավ գյուղից 3,5 կմ հարավ-արևմուտք, բարձրադիր անտառապատ լեռան գագաթին մի փոքրիկ մատուռ-եկեղեցի է կանգնած, որը գյուղացիների համար յուրահատուկ սրբավայր է։
Տեղազննումներով պարզվել է, որ այստեղ հնագույն ժամանակներում եղել է մի նշանավոր սրբավայր, որի վրա զարգացած միջնադարում կառուցվել է միանավ եկեղեցի, իսկ վերջինիս ավերակների վրա էլ 1868թ. ներկայիս մատուռ-եկեղեցին:
Ըստ արձանագրության, մատուռ-եկեղեցին նվիրված է նահատակ Սառայի հիշատակին, գյուղացիները սրբատեղին անվանում են Նահատակի սորփ։ Այն կառուցել են Հարություն Խաչատուրյան- Կլիկյանցը իր եղբայրների հետ, որի մասին վկայում է մուտքի ճակատակալ քարի արձանագրությունը․ ,,1868 թվին այս սբ Սարայի նահատակի մատորն շինէց Յարութիուն Խաչատուրեան Կլիկեանց իւր եղբօրց հէտ,,։
Մատուռ-եկեղեցին կառուցված է տարբեր չափերի խառն ու անտաշ քարերով ու կրաշաղախով, իսկ որպես անկյունաքարեր օգտագործվել են նաև կոպտատաշ մեծադիր քարեր: Այժմ թիթեղապատ է։
Խորանի առջև դրված է մի մեծ, ցավոք ջարդված խաչքար, որի վերնամասը կողքին է։ Բնակիչների վառած մոմերից խաչքարի քանդակներն ու զարդանախշերը գրեթե չեն երևում։
Հավանաբար այս և մուտքի մոտ գտնվող խաչքարն այստեղ են բերվել եկեղեցու հյուսիսային մասում գտնվող 11-13-րդ դարերի գերեզմանոցից։
Դատելով տեղ-տեղ պահպանված 1 մետր լայնությամբ պատաշարի մնացորդներից, գալիս ենք այն եզրակացության, որ սրբավայրը ժամանակին պարսպապատ է եղել։ Եկեղեցու հյուսիսային ու հյուսիս-արևմտյան կողմերում տարածվող գերեզմանոցում պահպանվել են 11-13-րդ դարերի մի քանի տասնյակի հասնող խաչքարեր։ Իսկ արևմտակողմ հատվածներում նշմարվում են բնակատեղիի հետքեր՝ տնատեղերի փոսորակներով ու առանձին պատերի մնացորդներով:
Երևում է, ժամանակին այստեղ ակտիվ կյանք է վարվել։ Ափսոս որ տարածքը բավականաչափ ուսումնասիրված չէ, այն կարող էր հարուստ նյութ հանդիսանալ թե՛ Դահրավ գյուղի և թե՛ տարածաշրջանի պատմության ուսումնասիրման համար։
Արցախի բռնազավթումից հետո հուշարձանի ճակատագիրն անհայտ է։
Արմինե Հայրապետյան
Հերթական ճգնաժամ Վրաստանում․ կրկին խաչմերուկում
Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի խորհրդարանը կսկսի ռուսական օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումը, որը երեկ հավանության է արժանացել իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։
Առաջին բողոքը կսկսվի խորհրդարանի շենքի մոտ ժամը 12-ին, իսկ երկրորդը տեղի կունենա երեկոյան ժամը 19-ին։
Ըստ խորհրդարանի՝ օրենսդիր մարմինը գործելու է անվտանգության «դեղին» մակարդակով՝ այցելուների մուտքը խորհրդարանի շենք սահմանափակ է։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձանց կթույլատրվի ներկա գտնվել նախատեսված խորհրդարանական միջոցառումներին (այդ թվում՝ հանձնաժողովների նիստերին):
Ինչպես ապրիլի 15-ին, խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները կարող են լուսաբանել միայն հեռուստաընկերությունները։ Տպագիր և առցանց ԶԼՄ-ների մուտքը շենք արգելվել է։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին բողոքի լայնածավալ ցույց էր տեղի ունեցել խորհրդարանի դիմաց, իսկ ավելի ուշ երեկոյան իրավիճակը լարվել էր։ Խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ ու հատուկ տեխնիկա։
Հանձնաժողովի քննարկումները ողջ օրվա ընթացքում աղմկոտ էին։ Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ընդգծված հարցեր տալու համար հեռացվել են նիստից, իսկ նրանց խոսափողներն անջատվել են «ռուսական օրենք» ասելու համար։ Խորհրդարանում ծեծկռտուք է եղել։ Դրսում բերման է ենթարկվել 14 ցուցարար։
Ռուսական կցորդ համարվող իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ ընդունում է օրենք “ինոագենտների” մասին, որը կարող է խոչընդոտել Վրաստանի եվրաինտեգրմանը։ Վերջերս Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Վերլուծաբաններն ասում են, որ ներկա գործընթացները հղի են իշխանության նկատմամբ անվստահությամբ և նոր ընտրություններով։
40+10 հազ. ծրագրի շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաներին, ինչպես նաև 2020 թ․ հետո ԼՂ-ից տեղահանված ընտանիքների անդամներին։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները։
Շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում են։ Անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հարթակ և մուտքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Ստորև դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը՝
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://rent.socservice.am
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։
ՔԱՅԼ 6․ Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։
Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ « Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։
ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։
Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)
*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է
Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։
Համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։
Միջազգային հանրությունը Արցախի հարցը փակված չի համարում
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Step1.am-ի համար.
2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ սանձազերծած պատերազմից, Արցախի Հանրապետության ինքնալուծարումից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո առաջին պլան մղվեց Հայաստանի անվտանգության խնդիրը։
Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որպես անվտանգության հիմք ընդունել է «լեգիտիմության» հայեցակարգը, ըստ որի՝ արտաքին քաղաքականությունից պետք է հանվեն նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բոլոր խնդիրները։ Հայաստանը հայտարարեց, որ չունի Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև արցախցիների՝ իրենց տներ հավաքական վերադարձի խնդիր։
Արցախի ժողովրդի խնդիրը հանգել է բացառապես հումանիտար խնդիրների։ Բայց նույնիսկ այնտեղ հարցականի տակ դրվեց միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակահարմարությունը։ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ է համարում բռնի տեղահանած բնակչությանը հայ հասարակությանը ինտեգրելու խնդիրը։ Կարծիք կա, որ նման քաղաքականությունը կարող է Հայաստանի Հանրապետությանը ապահովել միջազգային աջակցություն անվտանգության ապահովման գործում։
Հասկանալի է, որ այս մոտեցմամբ Արցախի ժողովրդի ցանկացած գործունեություն Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ղեկավարության գործունեությունը համարվում է Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգ։ Շատ հաճախ Արցախի նախագահի և խորհրդարանի ցանկացած գործունեություն ենթարկվում է սուր քննադատության։
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է պնդել, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը կարող է գործունեություն ծավալել իր շահերի պաշտպանության ուղղությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը։ Մասնավորապես, վտարանդի կառավարությունը կարող է ծավալել իր գործունեությունը մեկ այլ, բարեկամական երկրում։
Արցախի նախագահն արդեն հայտարարել է, որ Արցախի Հանրապետության ինքնալուծարման մասին իր հրամանը անօրինական է և թելադրված էր բնակչությանը վերահաս ցեղասպանությունից փրկելու համար պայմաններ ապահովելու ցանկությամբ։
Փաստորեն բաց է մնում նաեւ Արցախի կարգավիճակի որոշման հարցը։ Ավելին, միջազգային հանրությունը չի համարում արցախյան հիմնախնդիրը փակված և պաշտպանում է արցախցիների՝ միջազգային վերահսկողության տակ հայրենիք վերադառնալու իրավունքը։
Ղազախների՞ց կսկսվի Հայաստանի թուրքացումը
Մատենադարանի ֆոնին, որտեղ Ալեն Սիմոնյանը Տոկաևի ցույց է տվել ձեռագրեր ղպպչակյան լեզվով, այդ թվում՝ հայատառ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Հայաստան հակասական էմոցիաներ առաջացրեց հայ հասարակության շրջանում։
Ոմանք կարծում են, որ Տոկաևը, ով ողջունել է “ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը”, իսկ իրականում՝ ագրեսիան Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի ցեղասպանությունը, չպետք է ընդունվի Հայաստանում պետական մակարդակով։ Մյուսներն ասում են, որ Տոկաևը «բարի նպատակներով» չի գալիս և, օգտվելով Հայաստանի իշխանության թուլությունից, փորձում է օգուտներ «պոկել» իր երկրի համար։ Մյուսները՝ որ Հայաստանը պետք է բարեկամ լինի բոլորի հետ, որպեսզի կարողանա գոյատևել դինամիկ փոփոխվող աշխարհում և այլն։
Ինչո՞ւ են այդքան տարբեր կարծիքներ մի երկրի մասին, որն աշխարհում զբաղեցնում է տարածքով իններորդ տեղը, ունի օգտակար հանածոների և այլ բնական ռեսուրսների հսկայական պաշարներ և զգալի քաղաքական վարկանիշ միջազգային ասպարեզում:
Փորձենք հասկանալ Ղազախստանի նկատմամբ նման “տարընթերցումը”։
Ղազախստանը ի սկզբանե ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ հիմնադրման աշխատանքներին և ստեղծմանը։ Ղազախական կողմի նախաձեռնությամբ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթիում կազմակերպվեց գագաթնաժողով և ստորագրվեց Ալմաթիի հռչակագիրը։
1992 թվականի մարտի 2-ին Ղազախստանի Հանրապետությունը միաձայն ընդունվեց ՄԱԿ, 1992 թվականի հունվարի 30-ին միացավ ԵԱՀԿ-ին, իսկ 1995 թվականին դարձավ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ, որը բաղկացած է հիմնականում արաբական երկրներից։ Ղազախստանը 2002 թվականին ՀԱՊԿ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրած առաջին 6 երկրների թվում էր։
Ղազախստանի արտաքին քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին և արաբական երկրներին։
90-ականներին Ղազախստանը Ռուսաստանի հետ միասին հանդես էր գալիս որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ելցինի հետ Ստեփանակերտ է եկել նաեւ Նազարբաեւը։
Այսօր Ղազախստանը նույնպես Եվրասիական տնտեսական միության խոշոր երկրներից է։
Ինչպես տեսնում ենք, այս երկիրը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, համագործակցում է այն երկրների հետ, որոնք էական դեր ունեն համաշխարհային գործերում։ Բայց երկրի գործունեությունը դրսևորվում է նաև տնտեսական առումով, ինչին նպաստում է նաև մի կողմից Ռուսաստանի և Չինաստանի, մյուս կողմից՝ հետխորհրդային տարածքի երկրների միջև աշխարհագրական դիրքը։
Ի՞նչը բերեց մի երկրի նախագահին, որն ակնհայտորեն աջակցում է Արցախի հայ բնակչության օկուպացիայի և ցեղասպանության և հայկական պետականության վերացմանն ուղղված ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրերին, մի այլ երկիր, որի վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյության օրինականությունը և կոչ է անում դա վերածել «խաղաղության խաչմերուկի»։ Եւ ինչո՞ւ է Ղազախստանը երկու հյուպատոսական գրասենյակ բացում Արարատում և Արագածոտնում` Թուրքիայի հետ սահմանին:
Դատելով ղազախ վերլուծաբանների կարծիքներից՝ «Միջին միջանցքը չափազանց կարևոր է Ղազախստանի համար, իսկ Ադրբեջանից Թուրքիա ամենաարդյունավետ երթուղին կարող է անցնել Հայաստանի տարածքով»։
Սրանով կարելի է եզրափակել համագործակցության ամրապնդման, Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման մասին պաթետիկ հայտարարությունների ցանկը։
Տոկաևն առաջարկում է Երևանին մոռանալ Արցախի մասին (ինչը անում են Հայաստանի իշխանությունները նույնիսկ առանց նրա խորհրդի), հաշտվել արցախահայության բոլոր իրավունքների ոտնահարման հետ, ընդհանրապես մոռանալ դրանք և արագ անցնել Հայաստանի տարածքով Ղազախստանը, Թուրքիան և Ադրբեջանը կապող «ամենաարդյունավետ ճանապարհի» ստեղծմանը։
Բանակցությունների արդյունքում Քասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նիկոլ Փաշինյանը երկու երկրների կառավարությունների միջև ստորագրել են միգրացիոն ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր, քաղաքացիների ճանապարհորդության և կեցության ընթացակարգերի վերաբերյալ, միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն, փոխըմբռնման հուշագիր ավիացիոն իշխանությունների միջև։
Ըստ ամենայնի, «Արևմտյան Ադրբեջանում» նախ կբնակվեն «երրորդ երկրի քաղաքացիները»՝ ղազախները, և Հայաստանի թուրքացումը կդառնա ժամանակի հարց։
NO COMMENT:
Մարգարիտա Քարամյան
Զարե Սինանյանը կարող է հավելել, որ եթե 1,5 մլն․ մարդ սպանեին Ցեղասպանության ժամանակ, Սփյուռք չէր լինի
«Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը, սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է»,- ասել է սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը Factor-ին տված հարցազրույցում։
Մնում է Զարե Սինանյանը հավելի, որ եթե 1,5 մլն․ մարդ լինի սպանված Ցեղասպանության ժամանակ, հայկական Սփյուռք չէր լինի։ Մարդկանց չեն սպանել, նրանք փախել են Վանից, Կարսից, Սասունից, ինչպես 120 տարի անց “ինքնակամ” փախան արցախցիները։ Ոչ մի Դեր Զոր ու Բերձոր էլ չի եղել։ Այդ ամենը 1965 թվականին Ռուսաստանն է հորինել։
Եթե, օրինակ, 1.300.000 լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե՞ 1.700.000
Hranush Kharatyan -ը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին․
Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով ՛՛եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասել”: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ ՛՛որ մենք ընդունենք՛՛: Ուրեմն ՛՛ընդունել-չընդունելուն՛՛ խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկաանանք, թե ովքեր են այդ ՛՛մենքը՛՛, քանի՞ մարդ են այդ ՛՛մենքը՛՛: Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի ՛՛մենք՛՛ ասելով՝ ՛՛մենք՝ թագավորս՛՛: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:
Մարուքյանը կատաղել է․ Չիբուխչյանն ու Սարգսյանը Թուրքիայի՞, թե՞ ՔՊ-ի թելն են թելում
«Ո՞ւմ շահերն են այս մարդիկ սպասարկում: Իմ ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ այս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը», -ասել է Մարուքյանը, չհիշատակելով այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, Իսրայել:
Նա նկատեց, որ հարյուր հազարավոր մարդիկ սպառում են այդ մարդկանց եթերները: Նրանք փորձում են վարկաբեկել Հայաստանում բոլոր ողջամիտ, հավասարակշիռ ուժերին, «դրա վերջը արյունահեղություն է»,- ասաց Մարուքյանը:
Մարուքյանը տվեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի անունները։
Ի՞նչն է հատկապես զայրացրել Մարուքյանին։ “Նա ասում է, Թուրքիան Հայաստանի թշնամի չէ, Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել, այ երբ արխիվները կբացվեն, դուք կտեսնեք, որ ռուսներն են դա արել: Թուրքիան հակառակորդ է, թշնամին Ռուսաստանն է, շատ հայերի շոկ է սպասում, երբ Թուրքիան բացի Մեծ եղեռնի արխիվները։
Այս մարդու կողմից ցեղասպանության սրբադասված զոհերը անարգվում են, դուք հանգիստ նստած նայում եք: Սրա նմաններին պետք է տանել Սիրիայի Դեր Զոր անապատ»,-ասաց Մարուքյանը:
«Վաղը մյուս օրը, որպեսզի արդարացնի, թե ինչու պետք է ՀՀ-ում տեղակայվեն թուրքական զորքեր, թե ինչու պետք է թուրքական զորքերը հսկեն որեւէ ճանապարհ, իսկ վաղը դա է ասելու, դրա համար նախապես պետք է Թուրքիային ազատել ցեղասպանության մեղքից: Դրանից հետո էլ կարողանալու է լոբբինգ անել, որ Հայաստանը պետք է անցնի Թուրքիայի մոդերացիայի տակ»,- ասաց Մարուքյանը:
Դժվար թե նա հասցրած լինի լսել ՔՊ ռահվիրաններ Անդրանիկ Քոչարյանին եւ Արմեն Հովհաննիսյանի այսօրվա ելույթները, որոնք նույնպես ասել են, որ դեռ պետք է պարզել ցեղասպանության զոհերի անուն ազգանունները։ Այնպես որ, Մարուքյանին կատաղության հասցրած անձինք ոչ թե Թուրքիայի, այլ Փաշինյանի թելն են թելում։ Ինչպես իր ժամանակ անում էր Մարուքյանը։
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ է ենթադրում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2018 թվականից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է և յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների որոշակի խմբաքանակ կյանքի է կոչվում։ 2023 թվականին ևս եղել են խստացումներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողել միգրացիոն հոսքի վրա։
«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարի վերջին հայտարարության համաձայն՝ 2023-ին ՌԴ-ից արտաքսված միգրանտների թիվը կազմել է 110 հազար, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այն 65 տոկոսով ավելի է 2022 թվականից։ Մուտքի արգելքի խնդիրների առաջ կանգնել են նաև հայ միգրանտները։ Մեր քաղաքացիներից շատերը, բավարար իրազեկված չլինելով, կեցության ժամկետները չեն պահպանում, օրենքով նախատեսված ընթացակարգով իրենց փաստաթղթերը չեն կազմում, հաշվառվում են մեկ տեղում, բնակվում են մեկ այլ տեղում ու արդյունքում խնդիրների առաջ են կանգնում»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Այս նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները ևս խստացնում են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ Մասնագետն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ ՌԴ մեկնող յուրաքանչյուր քաղաքացի լավ տեղեկացված լինի ընթացակարգերից։
«Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ժամանակավոր կեցության ժամկետներին։ Գործող օրենսդրությամբ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարվա ընթացքում կարող են յուրաքանչյուր 180 օրվա մեջ Ռուսաստանում գտնվել 90 օր։ Հիմա առաջարկվում է 365 օրվա մեջ քաղաքացին իրավունք ունենա գտնվել 90 օր։ Ընդ որում, եթե նախկինում քաղաքացին ՌԴ-ից դուրս գալով ու հետ վերադառնալով կեցության ժամկետները զրոյացնում էր ու նորից էր հաշվարկվում, ապա այսօր այդպես չէ։ Կեցության օրերի քանակը հաշվարկվում է տարվա սկզբից կատարած առաջին մուտքից»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը, քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղում։ Դրանից բացի, նախագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են ունենալ օտարերկրացի աշխատողներ։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստրներ։
Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ 2022, 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
«Միգրացիոն խստացումներ միշտ էլ կլինեն, շատ կարևոր է գործընթացների մասին տեղեկացված լինելը։ Մեզ դիմած քաղաքացիների մեծ մասի խնդիրներն առնչվում են միգրացիոն հաշվառմանը։ Շատերը հաշվառվում են մեկ հասցեում, բնակվում են այլ հասցեում, ինչը խնդիր է։ Հաջորդ հարցն այն է, որ աշխատանքային միգրանտը պարտավոր է բուժզննում անցնել յուրաքանչյուր տարին մեկ, սակայն մեր հայրենակիցները կամ չեն իմանում կամ հետևողական չեն լինում։ Նման շատ խնդիրներով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը ստացել են մուտքի արգելք»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։
Միգրացիոն փոփոխությունները վերաբերում են բոլորին, անկախ նրանից, թե անձը որ երկրի քաղաքացի է։ Մասնագետը նշեց, որ այս նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սպասվում է, որ մուտքի արգելք ստացողների թիվը կավելանա, ինչպես նաև ՌԴ մեկնողների թիվը կկրճատվի։