Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Չինարիի և Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, թե ժամը 15:10-ից 17:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «հետագա սադրանքներին նախապատրաստվելու նպատակով փորձել են ամրակայման աշխատանքներ իրականացնել՝ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքն անմիջապես դադարեցվել է», – նշված է հաղորդագրությունում։

Բաքվի այս պնդմանը Երևանը չի արձագանքել:

Արևմուտքը հավանություն տվեց Հայաստանի ոչնչացմանը

Մի քանի շաբաթ առաջ հայտարարված Բլինքեն-ֆոն դեր Լեյեն-Փաշինյան հանդիպումը կայացավ՝ ջարդուփշուր անելով դրա շուրջ կառուցված բոլոր պատրանքները։

Հակառակ կանխատեսումների, հանդիպման հրապարակային մասում (ոչ հրապարակային հատվածում նույնպես, ըստ ամենայնի) խոսք չկար քաղաքականության կամ ռազմական ոլորտի մասին։

Ոչ մի խոսք այն մասին, որ վեց ամիս առաջ հայկական Արցախը ենթարկվել է ագրեսիայի՝ բնիկ բնակչության լիակատար տեղահանությամբ։

Ոչ մի խոսք «հակամարտության ուժային լուծման» Բաքվի «իրավունքի» մասին։

Ոչ մի խոսք Հայաստանի սահմանների իրավական հիմքի մասին։

Ոչ մի խոսք Հայաստանին զենքի մատակարարումների մասին.

Ոչ մի խոսք ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի հայտի մասին։

Ոչ մի խոսք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից Հայաստանի դուրս գալու մասին։

Ոչ մի խոսք օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների ու ռուս-թուրքական կենտրոնի մասին։

Ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դոլար՝ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար.

Արևմտյան քաղաքական գործիչները ակնհայտորեն մանրացրել են, որպես «աշխարհաքաղաքական հաղթանակ Ռուսաստանի հանդեպ» ներկայացնելով Փաշինյանի հրավերը Բրյուսել և խոստումը ֆինանսավորել «ժողովրդավարացումը» և Փաշինյանի անձնական իշխանությունը։ Գործը հասավ Բլինքենի հայտարարությանն այն մասին, որ պետք է օգտվել “հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրությունից”: Սա ուղղակի աջակցություն Փաշինյանին։ Ո՞վ, Փաշինյանից բացի, կարող է շարունակել խարխլել տարածաշրջանային հավասարակշռությունը, որը կառուցված է հայկական պետականության առկայության վրա։

Բառացիորեն Բրյուսելում հանդիպման նախօրեին հրապարակվել են հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ Փաշինյանի և Ռուսաստանի վարկանիշները կատաստրոֆիկ նվազում են։ Այս համատեքստում հանդիպումը նման է Փաշինյանի իշխանության պահպանմանը և Հայաստանում ազգային իշխանության ձևավորումը կանխելուն։

Փաշինյանն ու Բլինքենը վստահորեն խոսեցին «խաչմերուկի» մասին, ինչը նշանակում է կոնսենսուս Հայաստանը առանց պետականության տարանցիկ տարածք դարձնելու հարցում։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա այն քննարկվել է միայն 100 հազար բնակիչների «ինտեգրման» համատեքստում, որոնց որպես “բլիթ” «արժանապատիվ բնակարաններով» ապահովելու օգնություն են խոստացել։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացահայտորեն ճանաչեցին հակամարտությունը ուժով «կարգավորելու» Մոսկվայի, Բաքվի, Անկարայի և Փաշինյանի իրավունքը։

 

Տիտաններ են, ինչ խոսք:

Հադրութի մանուշակը

Նկարի մանուշակը ծաղկել է Երևանում։ Առաջին հայացքից սովորական մանուշակ է, հազարավոր այլ ծաղկած մանուշակների նման։ Իրականում երևի բոլորս լսել ենք, թե ոնց են ծաղիկ խնամողները հիանում, երբ նրանց մանուշակը ծաղկում է, դե, ասում են` մի քիչ դժվար պահվող ծաղիկ է։

Այս մանուշակը առանձնահատուկ է, ոչ միայն որ արդեն ծաղկել է, այլ որ Հադրութից է։ Պատերազմից 2 տարի առաջ մանուշակը 300 կմ ճանապարհ է անցել Մարիամաձորից դեպի Երևան։

Ի՞նչ էին մտածում այն պահին, երբ հանում էին թփերը Հադրութի անտառի ծառերի տակից, դնում թղթե տուփերի մեջ։ Գուցե մտածում էին, որ բարեկամնների կուրախանան նվերի համար, բայց ոչ հաստատ, որ նույն այդ մանուշակը 2 տարի հետո նրանք նվեր կստանան նույն բարեկամից, և դա վերջին հուշը կլիներ Հադրութից, Արցախի անտառներից։

Ինչպես ծաղկի տերն է նշում, այն ժամանակ գուցե նրանց համար հեշտ էր՝ հրաժեշտի պահը չկար, հետ նայելը, ճամպրուկներ հավաքելը չկար, ոչ էլ սեփական ձեռքով վերջին անգամ տան դարպասները փակելը կար։

Պատմում են, որ նույնիսկ դրսի շորեր էին հագել, հետո վերջին պահին փոխվել են՝ ՛՛դե մի երկու օրով ենք գնում, տան շորերով գնանք, գանք․․․ ՛՛։

Քրիստինա Ալավերդյան

Օդի ջերմաստիճանը Հայաստանում կնվազի 8-15 աստիճանով. Սուրենյան

Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 2-3 աստիճանով բարձր, իսկ տեղումները՝ նորմային մոտ: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Մայիսին և հունիսին միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, տեղումները նույնպես նորմային մոտ են։

«Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն ասաց, որ այսօրվանից եղանակային կայուն ռեժիմը կավարտվի, Հայաստանին մոտենում է միջերկրածովյան ցիկլոնը, և առաջիկա 5 օրերին երկիրը պարբերաբար կհայտնվի այս ցիկլոնի ազդեցության տակ։

«Շրջանների մեծ մասում սպասվում է ցրված անձրև, տեղ-տեղ՝ ձյուն:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-15 աստիճանով։ Գիշերը օդի ջերմաստիճանը չի նվազի։

Բերքի համար ցրտահարության վտանգ գործնականում չկա»,- նշեց նա։

«Ինձ մոտ տպավորություն է, որ բրյուսելյան հանդիպումը տապալվել է»․ Անդրիաս Ղուկասյան

«Այս պահին դժվար է գնահատական տալ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ բրյուսելյան հանդիպումը տապալվել է»,-  step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման արդյունքով հայտարարվել է, որ Եվրամիությունը Հայաստանին 270 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է 65 մլն դոլար աջակցության մասին։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ նախապես հիմքեր կային՝ մտածելու, որ այս հանդիպումն ավելի լուրջ խնդիրների լուծմանն էր ուղղված։ «Ադրբեջանի ջղաձգությունը տեսանք, դա վկայում էր, որ ինչ-որ շրջադարձային իրադարձություններ կարող էին տեղի ունենալ, բայց դրանք տեղի չունեցան։ Այն ֆինանսավորումը, որի մասին խոսում են, կարծես թե ավելի քիչ է, քան նախկինում հայտարարված ֆինանսավորման չափը։ Մի քանի տարի առաջ մի քանի միլիարդ եվրո աջակցության մասին էր խոսքը։ Եվ իմ անձնական տպավորությունն այն է, որ այդ հանդիպումը տապալված է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

 

ԵՄ-ն և ԱՄՆ-ն նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ․ հայտարարություն՝ եռակողմ հանդիպման արդյունքներով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով:

«Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացիայից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

Նախագահ ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։

Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100,000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։

Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։

Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լեյեն

Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», – ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝  նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», – ասաց Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։

«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել ԼՂ-ի նախկին ղեկավարների ազատ արձակումը և բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը

ԱՄՆ մի խումբ սենատորներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ նման կոչով հանդես են եկել սենատորներ՝ Էդ Մարկին (դեմոկրատ՝ Մասաչուսեթսից), Բիլ Քեսիդին (Հանրապետական՝ Լոս Անջելեսից), Թոմ Թիլիսը (Հանրապետական՝ Հյուսիսային Կարոլինայից) և Գարի Փիթերսը (դեմոկրատ՝ Միչիգանից)։

Սենատորներն ընդգծել են, որ Ադրբեջանն աննշան տույժեր է կրել միջազգային հանրությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների շարունակական կալանքի տակ պահելու համար։

«Բայդեն-Հարիսի վարչակազմի անկարողությունն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և հայ բանտարկյալների ու քաղաքական առաջնորդների շարունակական կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարել է կայուն և արդար խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև քաջալերել Է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման աճող սպառնալիքները», – հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն՝ Արամ Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նամակի հեղինակ սենատորներին վարչակազմի վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչի համար։

Նրա պնդմամբ՝ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի արցախահայության՝ իրենց հայրենի հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու հիմնարար իրավունքներին:

Նամակում, որտեղ կոչ է արվում Պետքարտուղարությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, ընդգծվում է անհրաժեշտությունը, որ Բայդենի վարչակազմը վճռականորեն պաշտպանի և ապահովի հայերի՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքը: Թեև Բայդենի վարչակազմը մի քանի հրապարակային հայտարարություններով պաշտոնապես հաստատել է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը, այդուհանդերձ որևէ շոշափելի գործողություն չի ձեռնարկել՝ ապահովելու համար այն անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի նաև հայերի՝ հետապնդումներից զերծ լինելն այն դեպքում, եթե նրանց թույլատրվի վերադառնալ իրենց տները:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը՝ սենատորները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի փորձերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»:

Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և այլոց շարունակական ապօրինի կալանքի տակ պահելը:

Ապրիլի 5-ի հանդիպում. «պատերազմի տաբո՞ւ»

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը զգուշացնում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին և կոչ է անում համաշխարհային առաջնորդներին միջամտել՝ կանխելու հերթական հումանիտար աղետը։ Հայ վերլուծաբանները կարծում են, որ Արևմուտքը փորձում է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ։

Ինստիտուտի հաղորդագրության մեջ ասվում է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում վերջերս տեղի ունեցած հարձակումները վկայում են Հայաստանի ինքնիշխանության համար բացահայտ սպառնալիքի մասին։

«Մենք նախկինում նմանատիպ նախազգուշացումներ էինք հրապարակել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից արդեն օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության վերաբերյալ։ Այժմ ցեղասպանության վտանգը տարածվել է նաև Հայաստանում»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

Ադրբեջանը, ըստ ինստիտուտի, հետևում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարությանը։ Նա այս պահին փորձում է վերահսկողության տակ առնել եւս 8 գյուղ։ «Նրա նպատակն է վերահսկել ողջ հայկական պետությունը և ցամաքային Ադրբեջանը միավորել Թուրքիայի հետ, որը Ադրբեջանը դիտարկում է որպես թյուրքական ազգի մաս»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

Ինստիտուտը համեմատել է Ադրբեջանի քաղաքականությունը, որը վերահսկում է Հայաստանի ռազմավարական կետերը, Իսրայելի քաղաքականության հետ Պաղեստինում։

Ադրբեջանը պատրաստվում է խախտել տարածաշրջանում հավասարակշռությունը և փխրուն խաղաղությունը՝ վերսկսելով իր ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, կարծում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։

Դրա հետ է կապված, ինչպես նա նշում է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ժամանակ, ըստ Սիմոնյանի, Ալիևին զգուշացրել են, որ նման գործողությունները կունենան թե քաղաքական հետևանքներ՝ Հայաստանի հետ համագործակցության քաղաքական որոշումներ (Հյուսիսատլանտյան պայմանագիրը կարող է բացել Հայաստանին իր կազմում ներառելու բոլոր հնարավորությունները), թե ռազմական նախազգուշացում (ԱՄՆ ավիակիրները տեղակայված են Մերձավոր Արևելքի տարածքում, էսկադրիլները կարող են տապալել ռազմաքաղաքական հավակնությունները, եւ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը):

Բաքվի վրա կարող է լինել նաև տնտեսական ազդեցություն, որի արդյունքում Ադրբեջանը կկորցնի նախկինում ունեցած բոլոր նախապատվությունները, կարծում է Սիմոնյանը։

Բացի այդ, նրա կարծիքով, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Արևմուտքը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։

«Կարծում եմ՝ Ալիևի հավակնությունները սառեցված են, այլ հարց է, թե ինչքանով են դրանք սառեցված»,- նշեց Գուրգեն Սիմոնյանը։

Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության, Բլինքեն-դեռ Լյաեն-Փաշինյան ապրիլի 5-ի հանդիպմանը «կլուծվեն Երևանին ռազմական աջակցության և համատեղ վարժանքների, ինչպես նաև Ադրբեջանին սահմանակից շրջաններում ռազմական ենթակառուցվածքների ստեղծման հարցերը»։

Արևմուտքը, ըստ Սիմոնյանի, պատրաստ է նման գործողությունների, քանի որ հայկական քեյսն արդեն մանրակրկիտ վերլուծվել է արևմտյան վերլուծական կենտրոնների կողմից, իսկ մինչ այդ Արևմուտքը Հայաստանի վերաբերյալ ռազմավարական որոշում չի ունեցել։

Ապրիլի 5-ը կփոխի Հայաստանի քաղաքական կշիռը, կարծում է քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը, սա Բաքվի համար պատերազմի տաբու է առաջիկա մի քանի տարիների համար։

«Մի բան է, երբ դու վասալային կախվածություն ունես Ռուսաստանից, որը աչք է փակում քո հանդեպ արածի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ Ադրբեջանին մղում է ագրեսիայի Հայաստանի դեմ, մեկ այլ բան, երբ միանում ես միջազգային կառույցներին, քաղաքական պայմանագրեր կնքում առաջատար երկրների, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի հետ։ Սա պարզապես մերձեցում չէ Եվրոպայի հետ, այլ անվտանգության նոր երաշխիքներ հավաքական Արեւմուտքից»,- ասում է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը, ըստ Հովհաննիսյանի, դեմ է Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցմանը։ Իսկ երբ հայկական բանակը բարեփոխվի ՆԱՏՕ-ի չափանիշներով, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա լիովին անհնարին կդառնա։ «Ե՛վ Ադրբեջանը, և՛ հատկապես Ռուսաստանը, և՛ Թուրքիան դա շատ լավ հասկանում են և փորձում են օգտվել սահմանափակ ժամանակից, երբ հնարավոր է հարձակումը»:

Արմինե Մարտիրոսյան

ԶԼՄ-ները հայտնում են Մորոզովսկում հարձակման արդյունքում 6 ռուսական ինքնաթիռի ոչնչացման մասին

Մորոզովսկում (Ռոստովի մարզ) Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը շատ հաջող է ստացվել՝ ռուսները կորցրել են մեծ քանակությամբ տեխնիկա։ Այս մասին գրում է 24-րդ ալիքը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իրազեկ աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է ուկրաինացի զինվորականների և SBU-ի համատեղ կողմից։ Թիրախը միաժամանակ հարձակման է ենթարկվել տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարքերի կողմից. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է 40 խափանված անօդաչու թռչող սարքերի մասին, տեղի բնակիչները հայտնում են ավելի քան 60 պայթյունի մասին։

Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շատ մեծ կորուստներ են կրել։ «Համատեղ հատուկ գործողության արդյունքները տպավորիչ են. ոչնչացվել է առնվազն 6 ռուսական ռազմական ինքնաթիռ, ևս 8-ը զգալի վնաս է կրել», – ասել են աղբյուրները։ Ըստ նրանց՝ ՌԴ ԶՈւ-ն նաև կենդանի ուժի կորուստներ է կրել՝ հարձակման ժամանակ զոհվել և վիրավորվել է մոտ 20 զինծառայող։

Հարկ է պարզաբանել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 559-րդ ավիագունդը տեղակայված է Ռոստովի մարզի Մորոզովսկի օդանավակայանում։ Զինված է Սու-24, Սու-24Մ ռմբակոծիչներով, իսկ 2014 թվականից՝ նաեւ Սու-34-ով։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի այս ստորաբաժանումը ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ագրեսիային։

«Диалог.UA» 

Հրապարակ․ Սարգիսը համոզվել է, որ արցախցիները չե՞ն վերադառնալու

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։

Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին եւ կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ Արցախում, հետագայում էլ շարունակ հորդորել են` հեռանալ, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանված արցախցիները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, իսկ այդ դեպքում ինքն արդեն որոշակի կարգավիճակ կունենա Արցախում՝ իբրեւ Արցախը չլքած, եւ կարող է ինչ-որ դերակատարում ստանձնել։ Թերեւս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել:

 

 

Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- նշված է գրառման մեջ։

Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում էր սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգեւորականների ու տեղացի հայերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

2023-ի նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակալության տալու գործարքը։