Թայվան. վերջին 25 տարվա ամենասարսափելի երկրաշարժը

Թայվանի արեւելյան ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կղզու և հարևան երկրների համար ցունամիի նախազգուշացում է հայտարարվել։

Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, գտնվել է Թայվանի Հուալիեն քաղաքից 18 կմ հարավ։ Ըստ սեյսմոլոգների՝ սա Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է։

Հուալիենում բազմաթիվ շենքեր են փլուզվել, և այնտեղ աշխատում են փրկարարները։ Շենքերը սաստիկ ցնցվել են նաև մայրաքաղաք Թայբեում։

Մինչ այժմ մեկ մարդ է մահացել Հուալիենի մերձակայքում գտնվող ազգային պարկում, հաղորդում է Թայվանի Ազգային հրդեհային գործակալությունը։ Այնտեղ եւս երեք մարդ վիրավորվել է, շատերը մնացել են քարանձավներում։

Թայվանական լրատվամիջոցները ցույց են տալիս, թե ինչպես են փլվում շենքերը և մարդկանց տարհանում են դպրոցներից և տներից:

Ամբողջ կղզում գրանցվում են հոսանքազրկումներ և ինտերնետի անջատումներ, հայտնում է Netblocks մոնիտորինգային ծառայությունը։

Երկրաշարժից անմիջապես հետո Ճապոնիայում և Ֆիլիպիններում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել։ Ավելի ուշ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը իջեցրեց նախազգուշացման մակարդակը, բայց այնուամենայնիվ նշեց, որ նմանատիպ ուժգնությամբ հետցնցումները կարող են շարունակվել մինչև մեկ շաբաթ, և հասարակությունը պետք է զգոն մնա:

1999 թվականի սեպտեմբերին Թայվանում տեղի ունեցավ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն ավերել է ավելի քան 5 հազար շենք և 2400 մարդու մահվան պատճառ է դարձել։

Ընթացիկ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:58-ին (23:58 GMT), աղբյուրը գտնվել է 15,5 կմ խորության վրա:

Կոստանդնուպոլսի գիշերային ակումբում բռնկված հրդեհի զոհ է դարձել 29 մարդ

Պոլսի Բեշիքթաշ թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել էր, որ 25 մարդ զոհվել է, եւս երեքը ծանր վնասվածքներով հիվանդանոցում են։

«Հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 29-ի։ Հրդեհի հետևանքով մեկ տուժածի համար բուժումը շարունակվում է, իսկ շենքում աշխատանքները շարունակվում են”։

Գյուլի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 12:47-ին Ղաիրեթեփե թաղամասում (Բեշիքթաշի մաս) գտնվող 16 հարկանի բնակելի շենքի նկուղում։

Նկուղային հարկի երկու հարկում տեղակայված էր «Դիմակահանդես» գիշերային ակումբը, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։

Նախնական տվյալներով՝ բոլոր մահացածները շինարարական աշխատողներ են եղել, ովքեր աշխատում էին ակումբում։

Իշխանությունները հետաքննում են հրդեհի պատճառները, հրդեհի առնչությամբ ութ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հաստատության ղեկավարությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ստամբուլի քաղաքապետարանը հայտնել է, որ պաշտոնյաները գիշերային ակումբների սեփականատերերից կամ կապալառուից որևէ հարցում չեն ստացել տարածքի վերանորոգման վերաբերյալ, գրում է AFP-ն։

«Ոչ մի թույլտվություն չի տրվել, ոչ մի տեղեկություն չի տրամադրվել», – ասացին գերատեսչությունից՝ խոստանալով հետևել հետաքննության ընթացքին և հանրությանը տեղյակ պահել:

Կեղտոտ ֆեյքերից վախենալ պետք չէ

Մեր կայքի եւ շատ ուրիշ լրատվամիջոցների եւ սոցցանցերի էջերում զետեղված՝ արցախցիներին վերաբերող ցանկացած ինֆորմացիա մի շարք դեպքերում բացասական եւ անառողջ արձագանք է առաջացնում։ Թեկուզ հայտնի է, որ տհաճ քոմենթների հեղինակները մեծամասամբ վարձու ֆեյքեր  են, այնուամենայնիվ, թե՛ քանակով, թե՛ կեղտի թանձրությամբ այդ քոմենթները հաճախ հասարակական բացասական մթնոլորտ են ստեղծում։

Արցախցիների համար, որոնք 30 տարի ապրել են ավտոնոմ, մեծ հաշվով ընտանեական եւ տեղեկատվական առումով «կարանտինային» միջավայրում եւ զերծ էին տհաճ «քաղաքական» բանավեճերից, առավել տարօրինակ էր միանգամից հայտվել գրեթե թշնամական միջավայրում։

Վեց ամիս է անցել արցախցիների ցեղասպանությունից եւ բռնի տեղահանումից հետո, բայց իրավունքների պաշտպանության ցանկացած փորձ նույն վարկյանին որպես քաղաքական դավադրություն է որակվում եւ «օրորոցում» խեղդվում։ Եթե չեն օգնում ֆեյքերը, մարդկանց կանչում են «օրգաններ» եւ բացատրական աշխատանք տանում։

Այսօր դրա մասին ասվել է “Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միության” անդամների ասուլիսի ժամանակ։ Արտակ Բեգլարյանը ասել է, որ արցախցիները՝ օրենքի շրջանակներում պայքարում են եւ կպայքարեն իրենց իրավունքների մասին, չնայած ճնշումներին։

Արմեն Ասրյանն ավելի կտրուկ էր․ «Մենք այնքան ենք փչացել, որ միանգամից ամեն ինչ կեղտոտում ենք»։ Նա ասել է, որ ցանկացած քաղաքացիական գործունեություն միանգամից պիտակվում է՝ Նիկոկի պրոյեկտ, Քոչարյանի կողմնակիցներ, եւ ամեն ինչ փչացվում է։

Երեկ մեր կայքում հրապարակված նյութերից մեկի հերոսը զանգեց մեզ ու խնդրեց հեռացնել նյութը, «քանի որ բացասական քոմենթները շատ են եւ «Արցախ-Հայաստան» պատերազմ է սկսվել»։ Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ տհաճ, արցախցիներին նսեմացնող քոմենթների հեղինակները հիմնականում ֆեյքեր են եւ, հավանաբար, նույն աղբյուրից են սնվում՝ նույն թեզերը, բառերը։

Թե ով է ֆինանսավորում «թրոլերի ֆաբրիկաները» Հայաստանում, հստակ դժվար է ասել։ Օրինակ, այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ»։

«Տեղեկատվական ստերիլ միջավայրում» 30 տարի ապրած եւ հայրենասիրության գաղափարների վրա դաստիարակված արցախցիները դժվար են սովորում «դաշտային» կեղտոտ ինֆորմացիոն քաղաքականությանը, երբ պարզ չէ՝ ով է թշնամին։ Բայց վախենալ պետք չէ։

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում ID քարտ ձեռք բերել

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ Անձնագրային եւ վիզաների վարչությունում արցախցիներին  հիմնավորում են, որ նրանց մասին տեղեկատվություն չկա կամ ID քարտի վրա արցախցիների ծննդավայրը պետք է նշվի «Ադրբեջան»։ Խնդիրն այն է, որ ID քարտերում որպես ծննդավայր նշվում է երկիրը, ոչ թե քաղաքը։

Step1.am-ի թղթակիցն այս հարցի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանից։

Արմեն Ղազարյանն ասաց, որ իրավական խոչընդոտ չկա, սա տեխնիկական խոչընդոտ է, որին լուծում կտրվի։

«Աշխատանք է տարվում, որպեսզի նշվի ոչ թե երկրի անունը, այլ քաղաքը, որի ծրագրային լուծումը մենք դեռեւս չունենք, բայց առաջիկայում կներդրվի։ Ծննդավայր տողում հնարավորություն է լինելու գրել նաեւ քաղաքը, ինչպես արվում է անձնագրերում»,- ասաց նա։

Արմեն Ղազարյանը հավելեց, որ ծրագրային լուծումը կներդրվի առաջիկա ամսվա ընթացքում։

8 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ այն, ինչը նշանավորեց Արցախի Հանրապետության անկման սկիզբը

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սկսեց ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը հետագայում հայտնի դարձավ որպես 4-օրյա ապրիլյան պատերազմ։

Ծանր մարտերի արդյունքում, որոնցում ադրբեջանական կողմը ներգրավվել է նոր զինատեսակներ, ինչպես նաև ավիա և անօդաչու թռչող սարքեր, օկուպացվել են Արցախի հյուսիս-արևելյան և հարավային տարածքներ՝ Թալիշ, Մատագիս գյուղերը և Վարազաթումբի ռազմավարական բարձունքը (Լելե Տափեն):

4 օրից էլ պակաս ժամանակում 103 հայ զինծառայող է զոհվել. Թալիշի խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են, գյուղերի բնակիչներին բռնի կերպով վտարել են իրենց տներից։

Սա, ըստ էության, 1994 թվականին Արցախի պաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքները գրավելու առաջին փորձն էր։ 2016 թվականի պատերազմը նախազգուշացում էր Հայաստանի և Արցախի իշխանություններին, որ հետագա ագրեսիան լինելու է 21-րդ դարի պատերազմ, և պետք է լրջորեն պատրաստվել դրան։

Ցավոք, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, վարձկանների կիրառումը ագրեսիայի ժամանակ, որոնց ոճն արդեն ակնհայտ է դարձել (զինվորականների գլխատում, դիակների մասնատում, պղծում և այլն) չստիպեցին այն ժամանակվա իշխանություններին բարեփոխումներ սկսել բանակում՝ ձեռք բերել ժամանակակից սպառազինություն, արդիականացնել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Արվել է ճիշտ հակառակը։

Բանակը շարունակեց ստանալ 20-րդ դարի երկրորդ կեսի զենքեր «ռազմավարական դաշնակցից», Ռուսաստանի հետ ստեղծվեց հակաօդային պաշտպանության միասնական համակարգ (!), գործնականում ոչինչ չարվեց քաղաքացիական պաշտպանության ոլորտում եւ մարտական ​​դիրքերն ամրապնդելու համար։

Արդեն միանգամայն կասկածելի պայմաններում զինադադարի հաստատումից հետո (ընդ որում, պարզ չէ, թե ով, ում հետ և ինչ պայմաններով է պայմանավորվել հրադադարի շուրջ), լուրեր էին պտտվում, որ հայկական կողմից ինչ-որ տարածք է մաքրվում շփման գծում, ենթադրաբար՝ որպես չեզոք գոտի։ Սակայն այս խոսակցությունները ներառում էին նաև այն, որ տարածքը մաքրվում էր որոշ «խաղաղապահ ուժերի» համար։ Բացարձակապես անհասկանալի իրադարձությունները, որոնք այդպես էլ բացատրություն չստացան, շուտով «մոռացվեցին», և Արցախն ու այն հսկող ՊԲ-ն շարունակեցին իրականացնել իրենց մարտական ​​առաջադրանքը՝ պաշտպանել նոր գիծը։

Բայց 2016 թվականի պատերազմից օդում կախված էր մնացել «հող հանձնվելու» և նոր պատերազմի ուրվականը։ Ամենօրյա քննարկումների առարկա են դարձել ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված հողերի հանձնման մասին խոսակցությունները։

Քաղաքական առումով ոչ ոք տեղեկություն չուներ այն մասին, թե ինչ են բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) շարունակեցին անատամ, անիմաստ կոչեր անել «հակամարտող կողմերին»՝ նույնացնելով ագրեսորին (ադրբեջանին) ագրեսիայի զոհի հետ (Արցախ)։ Բայց հայտարարությունների հստակ գիծը՝ 5+2 սկզբունքով «ԼՂՀ-ի շուրջ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին» հայտարարությունն էր։

Հանրության այն հարցին, թե ինչ են նշանակում այս հայտարարությունները, ՀՀ և Արցախի իշխանությունները պատասխանում էին, որ այդ հայտարարություններն արվում են «ադրբեջանի ներքին լսարանի» համար, իբր Ալիևն այդպիսով ձգտում է պահպանել իր իշխանությունը։ Իսկ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, էլ չենք խոսում բանակի մասին, որը տարածաշրջանում ամենամարտունակն է։

2020 թվականի աղետալի պատերազմը, որը կոչվեց 44-օրյա, ցույց տվեց, որ բանակն իսկապես պատրաստ է պաշտպանել իր երկիրը մինչև վերջ, ինչը չի կարելի ասել հայկական երկու հանրապետությունների իշխանությունների մասին։

Պարզվեց, որ ՀՀ և Արցախի ուժային վերնախավերը հեռու են աշխարհաքաղաքական գործընթացներն ու դրանցում հայ ժողովրդի դերը հասկանալուց։ Արցախի ժողովրդի, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի զիջումը ճակատագրական սխալ ստացվեց, որն արժեցավ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանադրական տարածքների մի մասի կորուստի։

Ավաղ, ոչ մի ողբերգություն չի կարող սովորեցնել Հայաստանի իշխանություններին, որ չի կարելի զոհաբերել սեփական իրավունքներն այլ պետություններին ծառայելու համար, նույնիսկ եթե իրենց ներկայացնում են որպես «ռազմավարական դաշնակիցներ» կամ «դարավոր թշնամիներ»։

Սեփական իրավունքների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար հայ ժողովուրդն ամբողջությամբ վճարեց իր լավագույն որդիների և դուստրերի արյունով։

Կուզենայի հավատալ, որ Արցախի հանձնմամբ տեղի ունեցած աղետը փոխեց հայ հասարակության գիտակցությունն ու աշխարհայացքը։ Տոննաներով թափված արյունը չի կարող արդյունք տալ, եթե այս արյան հետևում չկա դիվանագիտությունն ու քաղաքականությունը։ Հասարակության իներցիան և սեփական ճակատագրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը կարող են հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության և պետականության կորստի։ Հիմա շատերն են դա գիտակցում։ Սակայն իրազեկվածությունը բավարար չէ, քայլեր են անհրաժեշտ՝ ստիպելու իշխանություններին վարել սեփական երկրի և ժողովրդի շահերը պաշտպանող քաղաքականություն։

Մարգարիտա Քարամյան

«Վըսկէ ծերքեր» էքսպո-2․ այս անգամ բացօթյա

«Վըսկէ ծերքեր» էքսպոյի արդյունքները հաշվի առնլով՝ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ջանքերով ապրիլի 7-ին տեղի է ունենալու «Վըսկէ ծերքեր» 2-րդ էքսպոն Մոսկովյան 6/7 հասցեում՝ «Թումանյանս Արտ»-ի բացօթյա տարածքում:

էքսպոյի կազմակերպիչներից Տաթևիկ Խաչատրյանը նշում է՝ իրենց գլխավոր նպատակն է մինիմալ միջոցների ներգրավմամբ հասնել մաքսիմալ արդյունքի՝ արցախցիներին հնարավորություն տալով ներկայացնել իրենց աշխատանքները:

Էքսպոյի կազմակերպման ընթացքում առաջ է եկել նաև մեկ այլ գաղափար, որը հնարավորություն է տալու մեկ հարթակում` shopinarmenia.am կայքում մեկտեղել բոլոր աշխատանքները և վաճառել դրանք նաև առցանց տարբերակով` աշխարհի բոլոր ծայրերից գնումներ իրականացնելու համար:

Խոսելով այն մասին, թե ինչով է առանձնանալու այս անգամ էքսպոն, Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ նախ այս անգամ փառատոնը տեղի է ունենալու բացօթյա տարածքում, ինչը հնարավորություն է տվել ընդգրկել ավելի շատ մասնակիցներ` նախորդ 50-ի  փոխարեն 65 մասնակից, ընդ որում՝ այս անգամ նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր նախորդ անգամ արտադրողների քանակի սահմանափակության պատճառով չկարողացան մասնակցել:

Բացօթյա էքսպոյի առավելություններից մեկն էլ պատահական անցորդների ուշադրությունը նույնպես գրավելն է:

Քրիստինե Ալավերդյան

Դժվարն անցել է, բայց առջեւում երկարատև ապաքինման փուլ է

Եգոր Խաչատրյանն Արցախից է։ 2023 թ-ի բենզինի պահեստի պայթյունի ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել և արդեն 6 ամիս է պայքարում է կյանքի համար։ Բժիշկները միայն վերջերս են հանել նրա գլխի վիրակապն ու հայտնել երկար սպասված լուրը՝ անցնում ենք վերականգնողական բուժման։

2023թ-ի սեպտեմբերի 25-ի առավոտյան, շատ արցախցիների պես, Եգորն էլ ընտանիքով պատրաստվում էր հեռանալ Արցախից։ Քիչ վառելիք ունեին, դրանով Գորիս չէին հասնի։ Երբ լսեց, որ Ասկերանի մայրուղու վրա գտնվող վառելիքի պահեստից մարդիկ բենզին են վերցնում, ինքն էլ եղբոր հետ այնտեղ գնաց։

«Մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել, քաոսային վիճակ էր տիրում։ Իրենց կորցրած խուճապահար մարդիկ տարբեր չափսերի տարաներով վերուվար էին աում։ Կանայք, երեխաներ էլ կային»:

Հանկարծ հզոր պայթյուն լսվեց, ու ամեն ինչ կորավ կրակի մեջ։ Պայթյունը Եգորին ցած նետեց, ամեն ինչ հայտնվեց մթության մեջ։ Սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվում․ ոչինչ չէր տեսնում, ամբողջ մարմինը նվվում էր ցավից․ գլխի մի մասն ու ձեռքերը վառվել էին։

«Ինչքան ուժ ունեի՝ հավաքեցի ու մի կերպ դուրս եկա՝ ինձ հետ դուրս բերելով նաև ամբողջությամբ վառված մի տղայի։ Երբ հայտնվեցի դրսում, հասկացա, որ կորցրել եմ երկվորյակ եղբորս՝ Վիտալիին։ Ահավոր վայնասուն, ճիչեր էին, մարդիկ ասես խելագարվել էին ցավից։ Բարեբախտաբար գտա եղբորս ողջ էր, բայց ահավոր վառված․․․»

Առաջին բուժօգնությունը Եգորին Ստեփանակերտի հիվանդանոցում են ցուցաբերել։ Երկու օր հետո, սեպտեմբերի 27-ին, նրան և եղբորը տեղափոխել են Սիսիան, ապա՝ Երևան։ Մոտ 5 ամիս բուժում է ստացել, մի շարք վիրահատություններ տարել։

Վիճակը ծանր էր․ հարազատները հույս չունեին, որ ողջ կմնա։ Երկար պայքարել է կյանքի համար։

«Աչքիս առաջ միշտ աղջնակս էր՝ մեկ տարեկան Վարյան, հենց նա է ուժ տվել ինձ։ Ճակատագիրը ինձ երկրորդ հնարավորությունն է տվել ապրելու, կյանքը վերաարժևորելո»։

Կինը՝ Սնեժանան, ամուսնուն թև ու թիկունք է եղել բուժման ողջ ընթացքում։ Ասում է, որ իրեն էլ Այրվածքաբանության ազգային ինստիտուտի մասնագետներն են շատ օգնել, հույս տվել, քաջալերել։ Դժվարն արդեն անցել է, բայց  առջևում դեռ երկարատև ապաքինման փուլ կան, որ պետք է միասին հաղթահարեն։

Արցախում Խաչատրյանները սեփական բիզնես են ունեցել, զբաղվել են փայտամշակմամբ, մեղվաբուծությամբ։ Հիմա Եգորը անգործ է մնացել։

« Ձեռքերիս վերքերը դեռ չեն լավացել։ Անգամ մեքենա վարել չեմ կարողանում։ Ոչ մի աշխատանքից չեմ վախենում. շուտ ապաքինվեմ ու աշխատանքի անցնեմ․․․»

 2023 թ․-ի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի։ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ապաքինված, բայց դեռևս բնականոն կյանքի չվերադարձած արցախցիները օգնության ու աջակցության կարիք ունեն։ Նրանք վերածնվել են, որ շարունակեն ապրել․․․

Կարինե Բախշիյան

 

Ցեղասպանություն Ոսկեպարում, որը կատարվել է 33 տարի առաջ խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի կողմից. Greek City Times

Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները եւ ականատեսների հիշողությունները։

1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, եւ ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը եւ մտան գյուղ։

Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ստորաբաժանումները եւ ադրբեջանական օմոնը պայթեցրել են մեկ ավտոմեքենա, ինչի հետեւանքով զոհվել են երկու եւ ծանր վիրավորվել յոթ խաղաղ բնակիչներ։

Իմանալով Ոսկեպարում կատարվածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային ոստիկանության 20 աշխատակիցներ եւ երեք խաղաղ բնակիչներ փորձել են թափանցել գյուղ անտառով, որպեսզի պաշտպանեն բնակիչներին։ Նրանցից տասնմեկին գազանաբար սպանել են, իսկ մյուսները բռնվել են եւ տարվել Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ մահացել են եւս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գրավել եւ ադրբեջանցիներին են հանձնել նաեւ 45 հայ միլիցիոներների, որոնք գյուղում էին եւ պաշտպանում էին այն, նրանք եւս ենթարկվել են կտտանքների ադրբեջանական բանտում։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի գնդակոծության հետեւանքով զոհվել են Ոսկեպար գյուղի եւս երեք խաղաղ բնակիչներ։

Ոսկեպար տանող ճանապարհն այսօր տարբերվում է անցյալից։ Արթնացող բնությունը՝ ծաղկող ծառերով, առատ կանաչությամբ եւ թեթեւ քամով, բնավ չի համապատասխանում այն մռայլ օրվա մթնոլորտին, երբ տարիներ առաջ կատարվեց հանցագործությունը։

33 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 6-ի արշալույսին ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքը եւ նրանց երեք ընկերները ծուղակն ընկան, որը կազմակերպել էին խորհրդային բանակն ու ադրբեջանական օմոնը։

Պարբերականը մեջբերել է նաեւ ականատեսների հիշողությունները, որոնք պատմել են այդ ահավոր իրադարձությունների մասին։

1000 արցախցու արդեն ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

Հայաստանում հաշվառում ստացած արցախցիների թիվն արդեն գերազանցում է 82 հազարը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

«Այսինքն՝  շուրջ մեկ ամիս անց բոլորը կունենան ՀՀ հաշվառումներ, եւ իրենց սոցիալական իրավունքների իրացման խնդիր չեն ունենա։ Հետո կգա հաշվառման փոփոխության հարցը, հուսանք, որ մինչ այդ մենք որոշակի թվայնացում կունենանք եւ կկարողանանք ավելի արդյունավետ սպասարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց»,-  նշեց Ղազարյանը։

Անդրադառնալով անձնագրային բաժանմունքների հերթերին՝ նա ասաց. «Դա կախված է այն ահռելի ծանրաբեռնվածության հետ, որը կարող ենք ճգնաժամային համարել մեր համակարգի համար։ 2023 թվականը մեր համակարգի համար եղել է ճգնաժամային տարի։ Խնդրում եմ, հաշվի առեք, որ համակարգում միանգամից ավելացել է 100-120 հազար մարդ, որոնց անհրաժեշտ է սպասարկել։ Եվ նրանց տեղակայվածությունը հիմնականում Երեւանում եւ երեւանամերձ մարզերում է։ Համակարգի կարողությունները շատ չեն փոխվել, բայց պահանջարկն աճել է  մի քանի անգամ»,- ասաց նա։

Բռնի տեղահանված արցախցիները, որոնք չեն կարողանում ամիսներ շարունակ հաշվառվել Հայաստանում, չեմ կարողացել ստանալ նաեւ իրենց թոշակները։ Հարցին, թե հաշվառվելուց հետո այդ մարդիկ կստանա՞ն իրենց նախորդ ամիսների թոշակները, Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, դա պետք է պարզաբանի աշխատանքի եւ սոցիական հարցերի նախարարությունը։

Անդրադառնալով արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներին, Ղազարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ստացվել է շուրջ 1500 քաղաքացիության դիմում, ՀՀ նախագահի հրամանագրով արդեն քաղաքացիություն է շնորհվել 1000 արցախցու։

«Մարդիկ միֆական պատկերացում ունեն, որ քաղաքացիություն ստանալու դեպքում որոշակի իրավունքներից կզրկվեն, բայց դա իրական չէ։ Քաղաքացիություն ստանալու պարագայում անձը որեւէ իրավունքից չի զրկվում, եթե չասենք, որ որոշակի հավելյալ իրավունքներ է ձեռք բերում, օրինակ, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը»,- հավելեց նա։

«Միության անդամների վրա ճնշում է գործադրվում, այսօր գրանցվել է նման դեպք»․ Բեգլարյան

Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միության ակտիվ անդամների վրա ուղիղ կամ անուղղակի ձեւով ճնշում է գործադրվում պետական մարմինների եւ իշխանությունների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 2-ին ասել է «Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախի նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ դա տեղի է ունենում նաեւ սպառնալիքների տեսքով։ «Բայց մենք ասել ենք, որ գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում»,- նշել է Բեգլարյանը։

Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել զուսպ լինել, գործել բացառապես օրենքի շրջանակում եւ չփորձել անօրինական ճնշում գործադրել կազմակերպության անդամների վրա։  «Այսօր գրանցվել է նման դեպք»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։

Նրա խոսքով՝  պայքարի արդյունքում Հայաստանի կառավարությունը որոշ չափով վերանայել  եւ բարելավել է իր նախկին մոտեցումները։

«Եթե մեր պայքարի սկզբում հայտարարվում էր, որ ապրիլից էապես կրճատվելու են աջակցության ծավալները բնակվարձի փոխհատուցման հարցում, ապա մարտի վերջին հաստատվեց նոր որոշում մինչեւ տարեվերջ ծրագիրը երկարացնելու եւ շահառուների ցուցակում նաեւ 2020թ հարկադրյալ վերաբնակներին ներառելու մասին։ Սա կարեւոր արդյունք է, բայց կարեւոր շատ սկզբունքային հարցերում խնդիրները դեռ լուծված չեն։

Արցախի բնակիչների հետ հանդիպումներն արդեն ավելի ակտիվ են անցկացվում, բայց հաճախ տեսնում ենք, որ իշխանությունները ձեւացնում են հանրային քննարկումներ, քանի որ ներկայացուցչական բնույթ չեն կրում, ներառական բնույթ չեն կրում, դրանում ներգրավված չեն  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Սկզբում պետք է ներկայացված լիներ հանրային քննարկման նախագիծը, իսկ եթե դա չկա, ապա դա հանրային քննարկում չէ, այլ կարծիքների փոխանակում։ Կառավարությունը խուսափում է մեզ հետ հանդիպումներից»,- ասել է Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ Փաշինյանը հայտնել է, որ Արցախի բնակիչները չեն ցանկանում Հայաստանի քաղաքացիություն վերցնել, քանի որ իբր չեն ցանկանում ծառայել բանակում։

«Նման խնդիր չկա։ Արցախցի հազարավոր զինվորականներ, որոնք եկել են Հայաստան անցած տարվա սեպտեմբերի վերջին եւ ցանկացել ծառայել ՀՀ ԶՈւ-ում, բախվել են բազմաթիվ բյուրոկրատական խնդիրների։ Թող իշխանությունները միջանկյալ լուծում գտնեն, եւ այդ ժամանակ կտեսնեն, որ արցախցիները պատրաստ են ծառայել Հայաստանի ԶՈւ-ում։ Մենք Հայաստանը մեր հայրենիքն ենք համարում»,- նշել է կազմակերպության ղեկավարը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը փոխելը կարող է բացասական ազդեցություն ունենալ Արցախ վերադառնալու հեռանկարի վրա։ «Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն չի վերցնում Արցախ արցախցիների հավաքական վերադարձի համար։ Դա մեզ համար սկզբունքային խնդիր է»,- ընդգծել է նա։

Բեգլարյանը չի բացառել ապագայում եւս մեկ հանրահավաքի անցկացման հնարավորությունը։

«Երրորդ Արցախյան պատերազմում զոհված մարտիկների, զոհվածների եւ անհետ կորածների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը, իր հերթին, կարծում է, որ իշխանությունները երկարացրել են ծրագրի ժամկետը (40 հազար դրամ + 10 հազար դրամ), քանի որ հասկացել են, որ հակառակ դեպքում կարող են բախվել արցախցիների դժգոհությանը՝ անկանխատեսելի հետեւանքներով։

«Նրանք այդ որոշումն ընդունել են մեր հանրահավաքն սկսելու նախորդ օրը։ Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես մտահոգված են Արցախի բնակիչների խնդիրներով, ապա ինչու են խուսափում մեզ հետ հանդիպումից։ Դա նշանակում է, որ նրանք ձեւացնում են»,- ասել է նա։

Ֆինանսավորման խնդրի լուծման համար Ասրյանն առաջարկել է ստեղծել ֆոնդ, որտեղ կարող են միջոցներ ներդնել ողջ աշխարհի հայերը եւ միջազգային կազմակերպությունները։

«Քաղաքացիության հարցը կառավարությունը մշտապես դարձնում է շահարկումների առարկա՝ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծելով։ Ես չեմ հավատում Հայաստանի իշխանությունների խոսքերին այն մասին, որ եթե արցախցիները վերցնեն, ինչպես իրենք են ասում, քաղաքացիություն, ապա աջակցության ծրագրերը չեն կրճատվի»,- նշել է նա։

Ասրյանը հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

«Եթե համեմատենք Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն ժամանակ եւ հիմա, ապա տպավորություն է ստեղծվում, որ դրանք տարբեր մարդիկ են։ Ինչպե՞ս կարող ենք դրանից հետո վստահել նրանց»,- ամփոփել է հասարակական կազմակերպության նախագահը։

news.am

ՀՀ ՆԳՆ-ն արցախցիներին՝ դուք անցյալ չունեք

ՀՀ կառավարությունը արցախցիների հարցով խորացնում է օրենսդրական-իրավական խառնաշփոթը եւ անորոշությունը։ Շատերը դա վերագրում են կառավարության ոչ կոմպետենտությանը, կամ համարում են, թե կառավարությունն ինքն էլ չգիտի ինչ անի։ Եթե պատճառը այս հանգամանքները լինեին, ամիսների ընթացքում դրանք շտկված կլինեին։ Իրականում գործ ունենք լիովին գիտակցված ու համակարգված մի գործընթացի հետ, որի նպատակը արցախցիների խնդրի փոշիացումն է եւ նրանց Հայաստանի Հանրապետությունից հեռացնելը։

Արցախցիներին առաջարկում են ընդունել Հայաստանի քաղաքացիություն, այսինքն փոխել անձնագրերը, մասնավորապես 070 կոդը՝ հետագայում թոշակ եւ նպաստ ստանալու համար։ Նրանք, ովքեր չեն փոխել, պետք է վերցնեն «փախստականի թուղթ», որպեսզի կարողանան ճամփորդել։ Այս ընթացքում արտերկիր մեկնած արցախցիները ասում են, որ «փախստականի թուղթ» պահանջում են միայն հայ սահմանապահները, իսկ Եվրոպայում եւ այլուր՝ ոչ։ Այսինքն, արցախցիների` ՀՀ անձնագիրը ճանաչվում է արտերկրում։

Նրանք, ովքեր ցանկանում են կազմակերպություն հիմնել Հայաստանում եւ փոխում են անձնագիրը, կանգնում են մեկ այլ խնդրի առաջ․ նրանց նույնականացման քարտ չեն տրամադրում։ Երբ անձնագրային բաժանմունքում հարցնում են, թե ինչու չեն տրամադրում, նրանց պատասխանում են՝ համակարգը ցույց է տալիս, որ դուք անցյալ չունեք, կամ էլ պետք է գրված լինի «ադրբեջան»։

1919 թ․ Լենին-Աթաթուրք պակտով Արեւմտյան Հայաստանը նվիրաբերվեց Թուրքիային, իսկ 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Կարսը, Արարատ լեռան շրջանը հանձնվեցին Թուրքիային, Նախիջեւանն ու Արցախը՝ Բաքվին։ Պայմանագրի գաղտնի հավելվածով, որպես երաշխիք, 1921-1923 թթ․ արդեն խորհրդայնացված Հայաստանում ռուս-թուրքական ստորաբաժանումներն իրականացրեցին տաճկահայերի մնացորդների ջարդերը․ սպանվեց մոտ 400 հազար հայ, մնացածը քշվեց Ռուսաստանի հեռավոր շրջաններ։

Ներկայում, Պուտին-Փաշինյան-Ալիեւ համաձայնություններով տեղի է ունենում նույնը․ որպես «Արցախի խնդրի փակման» երաշխիք՝ արցախցիներին պետք է հնարավորինս փոշիացնել ու հեռացնել Հայաստանից։ Դրա վկայությունը ոչ միայն կառավարության վերոհիշյալ մանիպուլյացիաներն են, այլեւ արցախցիների դեմ ստեղծվող նողկալի հոգեբանական մթնոլորտը, որն ակնհայտորեն հրահրվում է կառավարությունից՝ ցանցերում, վարսավիրանոցներում, տաքսիներում եւ աած-ական այլ ավանդական խողովակներով տարածվող «թեզերով»։

Արցախի հարցը չի փակվել եւ դեռ շատ ջրեր է տանելու։ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, որոնք համաձայնության են հասել Արցախի ցեղասպանության շուրջ, արդեն վճարում են եւ դեռ վճարելու են դրա համար, ընդ որում՝ չափազանց ծանր։ Չենք խոսում արդեն սրանց բութ գործիք Բաքվի, ինչպես նաեւ այս ծրագրերի առաջնորդող՝ երեւանյան իշխող խմբի եւ նրա ռուսամետ ու «արեւմտամետ» սպասարկու «ընդդիմադիրների» ճակատագրի մասին։

Քաղաքացիությո՞ւն, թե՞ ժամանակավոր պաշտպանություն

Step1.am-ի հարցերի պատասխանում է իրավաբան-իրավապաշտպան Անուշ Շահրամանյանը։

 -Ի՞նչ իրավունքներ է տալիս փախստականի կարգավիճակը արցախցիներին:

-Փախստականի կարգավիճակը իրավունք է տալիս ՀՀ-ում օգտվել սոցիալական պաշտպանության ծրագրերից, ինչպես նաև նպաստի և կենսաթոշակի իրավունք է տալիս: Այդ ամենից զատ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն: Պետությունը Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, որը պատկանում է  Փաստաբանների պալատին, անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց:

Նրանք ունեն նաև անվճար բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք` պետական բժշկական հաստատություններում:

Անշարժ գույքի ձեռք բերման մասով կարող ենք ասել, որ նրանք ունեն վարձակալության, ինչպես նաև անշարժ գույք ձեռք բերելու իրավունք:

Եթե խոսենք ընտրությունների մասին, ապա նրանք չեն կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, բայց 1 տարի հաշվառում ունենալով համայնքներում, կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Հաջորդ հարցը, որը շատ հաճախ բարձրացվում է մեր հայրենակիցների կողմից, վերաբերում է նրան, թե ինչով է տարբերվում քաղաքացիություն ստանալը փախստականի կարգավիճակից: Քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել հանրային ծառայության ոլորտում, որը ամրագրված է Սահամանադրությամբ, և իհարկե ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք: Մեր հայրենակիցներից շատերը դեռ չեն վերցրել վկայականները, ճիշտ է, մենք, ըստ օրենքի ժամանակավոր պաշտպանության ներքո ենք, և մեզ փախստականի կարգավիճակ է տրվել, բայց ՀՀ-ից դուրս գալու և  ՀՀ մուտք գործելու համար պետք է փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Ծրագրերի մասով պետք է նշեմ, որ դեռևս չկա մի այնպիսի ծրագիր, ըստ որի եթե անձը ստացել է քաղաքացիություն, զրկվում է այդ ծրագրից:

-Իսկ արդյո՞ք փախստականի կարգավիճակ ունեցող անձինք կարող են փախստականի  կարգավիճակ ստանալ այլ երկրներում

-ՀՀ-ն համարվում է ապահով երկիր, որն ընդունել է Արցախից փախստականների և նրանց տվել է ժամանակավոր պաշտպանություն, և իհարկե, այլ երկրում չեն կարող նորից փախստականի կարգավիճակ պահանջել․ նրանք հանդիսանում են հենց ՀՀ-ի կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք 3-րդ անվտանգ երկրում, այսինքն մենք ՀՀ-ի կողմից ռասայական, կրոնական խտրականության չենք ենթարկվում, չենք հետապնդվում և այլն:

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ մեծամասնությունը չի դիմում քաղաքացիություն ստանալու համար:

-Բնականաբար դա այդպես է, մարդիկ մտածում են, որ յուրաքանչյուր պահի կարող են դիմել, բայց նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր է լինի ինչ-որ ծրագիր կոնկրետ փախստականների համար, եթե նույնիսկ հիմա այդպիսի ծրագրեր չկան: Թեպետ ՀՀ-ի կառավարությունը մի քանի անգամ նշել է, որ այդպիսի ծրագրեր չեն լինելու, բայց մարդիկ միևնույն է ունեն մտավախություններ:

Ալվարդ Գրիգորյան