Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կութի եւ Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:

Իրանական գեներալները սպանվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետևանքով։ Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելին

RFI

Սիրիական SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնում է, որ ապրիլի 1-ին, տեղական ժամանակով մոտ 17:00-ին, Գոլանի բարձունքներից իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Աղբյուրը մանրամասնում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։

Գերատեսչությունից հայտնել են, որ շենքում գտնվող բոլորը կա՛մ սպանվել են, կա՛մ վիրավորվել:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ արձագանքել» Իսրայելի հարվածներին։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է, որ «Իրանը համապատասխան պատասխան կտա» այս հարձակմանը, հաղորդում է իրանական պետական ​​IRNA գործակալությունը։

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։ «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները», հաղորդում է Reuters-ը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է իր յոթ անդամ, այդ թվում՝ երկու գեներալ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ զոհվածների թվում են ԻՀՊԿ-ի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան անդամներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ էր՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, նշում է BBC-ն։

Իրանական հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ հարձակման հետևանքով մի քանի իրանցի դիվանագետներ են սպանվել, հայտնում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է ութ մահվան մասին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաների:

Իսրայելը նախկինում էլ է հարվածներ հասցրել սիրիական տարածքին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, իրանամետ խմբավորումների դիրքերին և իրանական թիրախներին Սիրիայում 2011 թվականին այս երկրում պատերազմի սկզբից ի վեր։ Հարձակումները հաճախակիացան հոկտեմբերի 7-ից հետո, երբ ՀԱՄԱՍ խմբավորումը լայնածավալ արյունալի ահաբեկչություն իրականացրեց Իսրայելի տարածքում, որից հետո Իսրայելը պատերազմ սկսեց Հեզբոլլահի և Համասի հետ։ Իսրայելը հազվադեպ է մեկնաբանում Սիրիայի տարածքին հարվածները, սակայն բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին ուժեղացնել իր դիրքերը Իսրայելի սահմանների մոտ։

Վերլուծաբաններն ասում են, որ Իսրայելը, որը վեց ամիս շարունակ չի կարողանում ստիպել Իրանին ուղղակիորեն միջամտել Գազայի հատվածի պատերազմին, հիմա հուսահատ փորձեր է անում պատերազմը տարածել դեպի Իրան՝ ներգրավելով նաեւ արևմտյան երկրներին: ԱՄՆ վարչակազմը լարել է հարաբերությունները Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, ում դեմ Իսրայելում վերսկսվել են բողոքի ցույցերը։

Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա սադրիչ հարվածը կարող է ազդել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքի վրա։

Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանի հարցազրույցի ցուցադրությունը հետաձգվել է քաղաքական նպատակներով․ Սահակյան

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը հետաձգվել է քաղաքական նպատակներով։ Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Մեր գնահատմամբ պատճառը քաղաքական է, նրանք հետեւում են ներկա քաղաքական զարգացումներին, որոնք տեղի են ունենում տարբեր կենտրոնների հովանու ներքո։ Նման իրավիճակում նպատակահարմար չի եղել այդ ֆիլմի ցուցադրումը, բայց կարծում եմ՝ այլ պայմաններում, այլ ժամանակահատվածում նմանատիպ ֆիլմեր ցուցադրվելու են»,- ասաց նա։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվի նպատակը բացառապես քարոզչական է։ «Այստեղ նարատիվներ կան, որոնք Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշել Արցախի հետ կապված այս ղեկավարների ներգրավման մասով։ Կարծում եմ՝ այս հարցազրույցների միջոցով նրանք փորձում են հիմնավորել ադրբեջանական թեզերը»,- ասաց նա։

Փաստաբանը հայ հանրությանը կոչ արեց չտրվել այդ սադրանքներին․ «Մենք չենք կարող ադրբեջանական տեղեկատվության անմիջական եւ ուղիղ սպառող լինել։ Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ ինքնախոստովանական որոշ ցուցմունքներ, որոնք հրապարակային տրվել են մեր գերիների կողմից, հանգեցրել են այնպիսի հանրային քննարկման, երբ այդ անձինք անվանվել են դավաճաններ եւ այլն։ Կամ այդ հանրային քննարկումներն այլ ուղիով են ընթացել՝ առանց հաշվի առնելու, որ այս անձինք գտնվում են կյանքի անմիջական սպառնալիքների ներքո։ Եվ նրանց ասածը միջազգային իրավունքի ներքո չունի որեւէ ապացուցողական նշանակություն։ Այսինքն՝ մենք տրվել ենք այդ սադրանքին եւ մեր ներքին հանրային քննարկումները ծավալել ենք այն ուղիով, ինչը գտնվել է ադրբեջանական պլանի շրջանակում»։

Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի շրջանային ժողովը, ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը

Երեւանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի 28-րդ շրջանային ժողովը։ Ժողովը մեկ անգամ եւս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ ինքնորոշման իրավունքի վերականգնմանը։ ՀՅԴ-ն բոլոր հարթակներում  շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էությունն ու արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի անժամանցելի իրավունքը։ Շարունակելու է իր համագործակցությունը Արցախի Հանրապետության իշխանությունների եւ քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոհիշյալ հարցերը։

Ժողովը իր աշխատանքների ավարտին ընտրել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ։ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը, հայտնում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն։

Բաքուն հրաժարվում է շփվել ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար: Դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես դա ապահովում է Վրաստանում ԵՄ առաքելությունը՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- գրել է Կլաարը։

Առաջին Զատիկը տարագրության մեջ․ ուզում ես խոսել հայրենակցիդ հետ հայրենի բարբառով, հարցնել՝ ինչպես ես տեղավորվել

Արցախում Սուրբ Զատիկը նշվում էր եկեղեցական բոլոր կանոնների համաձայն՝ եկեղեցական արարողությունների հաճախում, զատկական սեղան, գունավոր ձվեր, բարեմաղթանքներ։ Այնուհետև սկսվում էին այցելությունները հարազատներին և ճամփորդությունները դեպի տեսարժան վայրեր: Վերջին տարիներին առանձնահատուկ ակնածանքով էին պահպանվում ազգային ավանդույթները՝ ձվակռիվները ու հայկական այլ խաղերը։

Առաջին Զատիկը տեղահանության մեջ։ Չորս պատի մեջ նստելը հոգեբանորեն անհնար է։ Խնջույք կազմակերպել, հյուրեր հրավիրել, ուտել և խմել կամ ավանդական ուտեստներ պատրաստել ցանկություն չկա: Ուզում ես ուղղակի հայրենակցիդ հետ խոսել հայրենի բարբառով, հարցնել, թե ինչպես են տեղավորվել, եւ մաղթել հույսը չկորցնեն: Ուստի Զատկի պատարագից հետո եկեղեցու տարածքից դուրս չես գալիս։

Զատիկի օրը Խոր Վիրապը մարդաշատ էր. զբոսաշրջային սեզոնը բացվել է․ տարբեր ռասաների դեմքեր, ամբողջ օրը ավտոկայանատեղին լեփ-լեցուն է՝ մեկը հեռանում է, մյուսները՝ գալիս։

Դանդաղ քայլելով՝ ակամա փնտրում ես «յուրայիններին»՝ արցախցիներին։ Նույնիսկ եթե չես ճանաչում, անմիջապես տեսնում ես՝ Արցախից է․ դեմքի անհանգստ արտահայտություն, մտահոգ հայացք։ Հավանաբար այսպիսի տեսք ունեն երկրագնդի բոլոր փախստականները:

«Անկախ նրանից, թե ով ենք մենք՝ Արցախից, Երևանից, թե մեկ այլ տեղից, բոլորս գալիս ենք Արարատը տեսնելու։ Նայում ենք Արարատ լեռան վրա, հետո շրջվում դեպի Արցախ։ Մտածում եմ՝ իսկապե՞ս մենք նույն կարոտով ենք նայելու Արցախին և պատմական հայկական այլ տարածքներին, ինչպես հիմա նայում ենք Արարատին, Նախիջևանին, Արևմտյան Հայաստանին։ Ափսոս, որ աշխարհը մեզ ընկալում է որպես մի ազգ, որն ընդունակ է միայն կորցնել։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ազատագրեցինք հայկական հողերը, վերադարձրինք Արցախը, բայց 30 տարի անց հետ տվեցինք։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ մենք մոռացել ենք ազգային գաղափարը՝ նախընտրելով ապրել սպառողական կյանքով և հեշտությամբ զոհաբերելով սերունդներ, որոնք ունակ են ինչ-որ բան փոխել։ Ինչպես դա արվեց 44-օրյա պատերազմում»,- կարծիք հայտնեց ՀԱԵ ծխական Սուրեն Սարումյանը։

Ալվարդ Գրիգորյան

Արցախցիների արտագաղթը Հայաստանից ավելանում է․ մի ընտանիքի պատմություն

Հարություն և Ռուբեն Թովմասյանները եղբայրներ են։ 2023թ-ի սեպտեմբերին բռնի տեղահանվել են Արցախից և հաստատվել Երևանում։ Հիմա որոշել են իրենց ընտանիքներով հեռանալ երկրից։ Տոմսերն արդեն գնված են, ճամպրուկները՝ պատրաստ։ Մեկնում են Ռուսաստանի Ռյազան քաղաք, որտեղ ապրում է իրենց հորաքույրը։

Կրտսեր եղբայրը՝ Ռուբենը, վերջին 10 տարվա մեջ 3 պատերազմի է մասնակցել՝ Ապրիլյան քառօրյային, Արցախյան 44-օրյային և 2023 թ․-ի սեպտեմբերի 19-20-ի մարտերին։ Երկրից հեռանալու որոշումը դժվար է կայացրել, երկար է մտածել, երկմտել։

«Գրեթե 6 ամիս է, ինչ տեղահանվել ենք Արցախից։ Պարապ չեմ նստել։ Ընտանիքս պահելու համար ցանկացած աշխատանք արել եմ, բայց վարձատրությունը շատ քիչ է, ստիպված մեկնում եմ․․․

Հույս ունեմ, որ բարեկամներիս օգնությամբ աշխատանք կունենամ ու կկարողանամ ոտքի կանգնեցնել ընտանիքս, չնայած գիտեմ, որ այնտեղ ևս հեշտ չի լինելու։»

Ծնողները դժվարությամբ են հաշտվել որդիների՝ երկրից հեռանալու որոշման հետ։ Երեխաները, թոռները միշտ իրենց կողքին են եղել, շատ կապված են նրանց հետ։

«Մեր մեծ ընտանիքը կիսվում է, դժվար կլինի դիմանալ կարոտին, – ասում է հայրը՝ Սուրեն Թովմասյանը, և դառնությամբ ավելացնում Կարծում եմ՝ շատ ընտանիքներ կհեռանան Հայաստանից»։

ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից մինչև մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13619 քաղաքացի, վերադարձել է միայն 5794-ը։ Փաստորեն Արցախից  բռնի տեղահանված մոտ 8 հազար մարդ արդեն արտագաղթել է Հայաստանից, և այս թիվն ամեն օր ավելանում է։ Շատ ընտանիքներ սպասում են ուսումնական տարվա ավարտին՝  այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու համար։

Արցախցիների՝ Հայաստանից հեռանալու պատճառները հիմնականում տնտեսական, սոցիալական  վատ պայմաններն են՝ աշխատանքի բացակայությունը, ցածր վարձատրությունը, առաջարկվող բնակարանային ապահովման ծրագրից  դժգոհությունը և այլն։ Արտագաղթին նպաստող խորքային հանգամանքը երկրի ներքին և արտաքին անկայուն վիճակն է և պատերազմի վերսկսման վտանգը։

Հեղինակ՝ Կարինե Բախշիյան

Խարկովից բնակչության տարհանում չի լինի

Ռուսական քարոզչությունը տեղեկատվություն է տարածում Խարկովից տարհանման մասին՝ փորձելով խուճապ սերմանել. ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ զինվորականները դրա անհրաժեշտությունը չեն տեսնում։

Չնայած Խարկովի մշտական ​​գնդակոծություններին, ո՛չ իշխանությունները, ո՛չ զինվորականները դեռ չեն տեսնում քաղաքը տարհանելու անհրաժեշտությունը։ Այս մասին LIGA.net-ին տված հարցազրույցում ասել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, տարհանման միջոցառումներ են իրականացվում, մարդկանց տարհանում են անմիջապես Խարկով։

Քաղաքի ներկայիս բնակչությունը 1,3 միլիոն է, սակայն ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ զինվորականները ընդհանուր տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում:

«Սա ռուսական IPSO-ի մաս է՝ քաղաքացիներին վախեցնելու և նյարդայնացնելու համար»,- ընդգծել է քաղաքապետը։

Չնայած շարունակվող գնդակոծություններին, տեղական իշխանությունները և բնակիչները շարունակում են իրենց առօրյա կյանքը քաղաքում՝ դրսևորելով վճռականություն և համերաշխություն դժվարին ժամանակահատվածում։

Диалог.UA 

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին,  6-ին կդիտվի կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին կլինի  առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան  2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում կդիտվի  քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, ապրիլի 5-ին`18-23 մ/վ արագությամբ:

Արեգա Հովսեփյան․ Միջազգային դատարանների որոշումները կարող են օգտակար լինել, եթե դրանք բերվում են քաղաքական դաշտ

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» նախագահ Արեգա Հովսեփյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն  հարցին, որ Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, եւ չի ապահովվում արցախահայերի՝ անվտանգ իրենց հայրենիք վարդառնալու իրավունքի իրացումը։

«Կար նաեւ միջզգային դատարանի որոշում, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ապաշրջափակեր Արցախը, բայց Ադրբեջանն անտեսեց այդ որոշումը։ Այսպիսի որոշումները կարող են օգտակար լինել, եթե դրանք բերվում են քաղաքական դաշտ։ Այսինքն՝ եթե դրանք մնում են իրավական դաշտում եւ չեն հանդիսանում որպես գործիք քաղաքական ուժերի ձեռքին, ապա դառնում են պարզապես թղթի վրա գրված խոսքեր»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023-ի նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները:

Դատարանի պահանջներից առաջինը վերաբերում է արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքին։ Ըստ այդմ՝ դատարանը պահանջում է Ադրբեջանից «​​ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:

«Եթե խոսում ենք արցախահայության վերադարձի մասին, ապա այս հարցն ունի մի քանի բաղադրիչ՝ քաղաքական, ռազմաքաղաքական։ Զգացական դաշտում եթե նայենք, ինձ թվում է՝ արցախահայության զգալի մասն այսօր էլ պատրաստ կլինի վերադառնալ Արցախ, բայց բոլորի թիվ մեկ խնդիրը կարգավիճակն ու անվտանգության երաշխիքներն են։ Պատմությունը եւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը կարող է լինել բացարձակապես հայկական բանակը։ Եթե Արցախում չկա հայկական բանակ, չկան հայկական պետական ինստիտուտներ, որոնք պաշտպանելու են արցախցիների իրավունքները, ապա ռեալ պոլիտիկ դաշտում որեւէ վերադարձի մասին խոսելն անիմիաստ է»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

Նա միաժամանակ նշեց, որ որոշ քանակի արցախահայության վերադարձը ձեռնտու է Ադրբեջանին, որպեսզի կարողանա միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր հայերն Արցախում անվտանգ ապրում են։ «Դա ձեռնտու է նաեւ միջազգային հանրությանը, որոնք լրացուցիչ ազդեցության լծակ կարող են ունենալ Ադրբեջանի վրա հայերի միջոցով։ Դա ձեռնտու է նաեւ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ այդպիսով կազատվեն արցախցիների ինչ-որ քանակից։ Բայց սա չի սպասարկում հայկական շահերը։ Այսինքն՝ Արցախ վերադարձ չպետք է լինի 10-20 կամ 100-200 հոգով։ Արցախ վերադարձը պետք է լինի զանգվածային եւ պետք է լինի այն պայմաններով, որոնց մասին ես խոսեցի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Առանց իրադրության էական փոփոխությունների վերադարձը չի կարող ընկալվել որպես անվտանգ

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է նախատեսում միջազգային իրավունքը բռնի տեղահանված արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքի իրացման հարցում։

«Պատասխանը սկսեմ այնտեղից, թե արցախցիները հիմա ՀՀ քաղաքացիներ են, թե՞ փախստականներ։ Այստեղ միանշանակ է, որ հայաստանյան անձնագրերը տրամադրվում են պաշտպանական նկատառումներով, ինչը միջազգային իրավունքում թույլատրելի է։ Մենք ունենք նախադեպեր, օրինակ, հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից, Կոսովայից, երբ օտարերկրյա պետությունները տվել են անձնագրեր՝ ոչ թե լիարժեք քաղաքացու անձնագրեր շնորհելով, այլ այս անձանց իրավունքների իրականացմանն աջակցելու նպատակով։ Արցախցիները կամ որեւէ այլ չճանաչված պետության քաղաքացիներ մեղավոր չեն, որ նրանք ծնվել են այնպիսի տարածքում, որի իրավական կարգավիճակը դեռեւս միջազգայնորեն հանգուցալուծված չէ, սակայն նրանք ունիվերսալ սկզբունքի հիման վրա պետք է կարողանան օգտվել բոլոր այն իրավունքներից, ինչից օգտվում ենք մենք։

ՀՀ կողմից տրամադրված անձնագրերն ամենեւին չեն նշանակում, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, ավելին, նրանք չեն կարող օգտվել քաղաքական իրավունքներից, օրինակ, ընտրելու ու ընտրվելու իրավունքից։ Իսկ քաղաքացիությունը նաեւ եւ առաջ անձի եւ պետության իրավաքաղաքական կապն է։ Եթե մենք այս իրավաքաղաքական կապի տարրը չունենք, նշանակում է, որ նրանք չեն կարող ընկալվել որպես քաղաքացիներ։ Ուստի, դասական առումով նրանք փախստականներ են եւ պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ միջազգային իրավունքը պահանջում է, որ այդ վերադարձը լինի անվտանգ, ապահովությանը եւ անվտանգությանը ներկայացվող չափորոշիչներ գոյություն ունեն․ «Համենայնդեպս արձանագրված ռասիստական քաղաքականության պայմաններում, երբ մարդիկ ենթարկվել են բռնի դեպորտացիայի, կարծում եմ, առանց իրադրության էական փոփոխությունների այդ վերադարձը չի կարող ընկալվել որպես անվտանգ»։

«Կարեւր է նաեւ միջազգային մեխանիզմների առկայությունը։ Մենք տեսանք, որ ռուս խաղաղապահների գոյությունը չկանխեց բռնի տեղահանումը, ուստի ավելի լրջագույն մանդատով ու միջազգային ներկայությամբ մեխանիզմներ կարող են գործարկվել, որպեսզի այս վերադարձն ապահովվի։ Վերադարձը կարեւոր է նաեւ գույքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց չպետք է սեփականության իրավունքից օգտվելն ու տնօրինելը նույնացնել վերադարձի իրավունքի հետ, որովհետեւ առանց գույքային իրավունք ունենալու, այնտեղ ապրող բնիկ արցախցին իրավունք ունի վերադառնալ իր բնակավայր եւ շարունակել ապրել իր բնակավայրում՝ ինքնությանը համահունչ եւ նաեւ հավաքական առումով իրացնել ինքնորշման իրավունքը։

Ուստի, այս վերադարձի իրավունքը շատ ավելի լայն է, քան պարզապես սեփականության իրավունքից օգտվելը, տիրապետելը եւ տնօրինելը։ Վերադարձրի իրավունքն իր գույքային մասով ենթակա է կոմպենսացիայի, բայց միջազգային սկզբունքները պահանջում են նախկին դրության վերականգնում հենց իրական վիճակով։ Այսինքն՝ մենք առաջնահերթ ունենք վերադարձի իրավունք։ Եվ եթե լինի օբյեկտիվ անհնարինություն, որը կապված չէ Ադրբեջանի գործողությունների հետ, նոր կարող ենք խոսել վերադարձի իրավունքի դիմաց կոմպենսիացիայի մասին»,- հավելեց փաստաբանը։

 

Սարուշենի բռնի տեղահանումը (Ֆիլմ)

 

“Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել՝ արցախյան Սարուշեն գյուղի բնակիչների՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին եւ հետագա օրերի մասին։ Ֆիլմը բացահայտ ցույց է տալիս, որ Արցախի զավթումը եւ բնիկ բնակչության բռնի տեղայանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ քաղաքական որոշումնրի արդյունքում։