Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի ներկայության անփառունակ ավարտը

«Արցախի ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնը», մեկնաբանելով Ակնայում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի փակումը, նշել է. «Թուրքիա-Ադրբեջանի և Ռուսաստանի գեներալները շնորհավորել են միմյանց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի էթնիկ մաքրման համատեղ հիանալի հատուկ գործողության համար։

Ռուս-թուրքական այս մոնիթորինգային կենտրոնն աշխատել է բացառապես ի շահ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ տեղեկատվություն փոխանցելով Արցախի զինված ուժերի և արցախյան հասարակության տրամադրությունների մասին։

Ռուսական զորքերի անփառունակ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է։ Թուրքերը ստիպեցին ռուս զինվորականներին աշխատել իրենց համար։ Իսկ ԼՂՀ-ից տեղահանված քաղաքացիները կցրվեն աշխարհով մեկ՝ հիշելով դավաճանությունը և սերնդեսերունդ փոխանցելով, որ նրանք, ում մենք ընկերներ էինք համարում, թուրքերի բարեկամներ են դարձել»։

Հայաստանը պետք է հրապարակայնորեն մեղադրի Բաքվին Արցախում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ

«Խնդիրն այն չէ՝ տալ կամ չտալ գյուղեր, որոնք, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, Հայաստանին չեն պատկանում, եթե այդպիսիք կան: Հարցը միակողմանի զիջումների չգնալն է։ Նրանք կարող են ընկալվել այնպես, կարծես Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և այժմ ճնշումների ներքո զիջում է դրանք։ Բաքուն դրանում համոզում է միջազգային հանրությանը։ Հայաստանի իշխանությունները կարող են մտածել, որ այդպիսով ժողովրդին պաշտպանում են ռազմական ագրեսիայից, բայց իրականում նման քաղաքականության միջոցով մենք փորում ենք մեր սեփական գերեզմանը։ Զիջումները նախանշում են ապագա ռազմական էսկալացիա»,- Step1.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Օսիպյանը կարծում է, որ «Հայաստանը պետք է հրապարակայնորեն մի շարք արդարացի մեղադրանքներ առաջադրի Բաքվին՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղում միջազգային պարտավորությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հարցը։

Միայն քաղաքական կամքով հայկական կողմը կկարողանա կասեցնել իր մեղքերը Հայաստանի վրա բարդելու Ադրբեջանի փորձերը”։

Ալվարդ Գրիգորյան

Հաագայի դատարանը պատրաստ է Նեթանյահուի ձերբակալության օրդեր տալ

Միջազգային քրեական դատարանը կարող է կալանավորել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յով Գալանտին և իսրայելցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության հետ կապված։

Այս մասին ասվում է The Times-ի նյութում։ Բացի վարչապետից ու պաշտպանության գերատեսչության ղեկավարից, օրդեր կարող են տրվել Իսրայելի բանակի շտաբի պետի, ինչպես նաև Իսրայելի անվտանգության ծառայությունների անդամների նկատմամբ։ Ըստ թերթի՝ դա կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։

Վերջերս իսրայելական 12 հեռուստաալիքը հայտնել էր, որ ՄՔԴ-ն կարող է ձերբակալության օրդեր արձակել իսրայելցի պաշտոնյաների համար: Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետի աշխատակազմն այս հարցի շուրջ «արտակարգ քննարկում» է անցկացրել։ Նեթանյահուն արդեն արձագանքել է այս հաղորդագրություններին՝ ընդգծելով, որ Հաագայի դատարանի ցանկացած որոշում չի ազդի իսրայելական կողմի գործողությունների վրա, այլ «վտանգավոր նախադեպ կստեղծի» ահաբեկչության և ագրեսիայի դեմ հանդես եկող երկրների բոլոր զինվորականների և դեմոկրատական ​​պաշտոնյաների համար։ Վարչապետի խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը թույլ չի տա ՄՔԴ-ին փորձել խարխլել իսրայելական պետության ինքնապաշտպանության իրավունքը։

Մինչդեռ Իսրայելում հազարավոր մարդիկ շաբաթ օրը՝ ապրիլի 27-ի երեկոյան դուրս էին եկել հերթական համազգային ցույցի՝  Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդների ազատ արձակման համար: Թել Ավիվում ցուցարարները փակել են Այալոն մայրուղին և պահանջում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը և երկրում նոր ընտրություններ անցկացնել։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ 7 ցուցարարներ ձերբակալվել են։

Հանրահավաքին ելույթ ունեցան մոտ յոթ ամիս գերության մեջ գտնվող մարդկանց հարազատները, մասնավորապես՝ պատանդի հայրը։ Նա Գազայի հատվածում արմատական ​​իսլամիստական ​​շարժման առաջնորդ Յահյա Սինվարին կոչ է արել մարդասիրություն ցուցաբերել եւ երկու ժողովուրդներին էլ փրկել արյունահեղությունից։ Համասը ներկայումս ուսումնասիրում է որոշ պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին Իսրայելի առաջարկը, նշում է dpa գործակալությունը։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Թել Ավիվից բացի, հազարավոր իսրայելցիներ այսօր բողոքի երթեր են դուրս եկել Երուսաղեմում և Հայֆայում, ինչպես նաև հավաքվել են Նեթանյահուի առանձնատան դիմաց՝ Կեսարիա քաղաքում։ Պատանդների և անհայտ կորածների ընտանիքները ապրիլի 27-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը՝ պատանդների համապարփակ գործարքի դիմաց, նշում է The Jerusalem Post-ը։

Ակնայից հեռանում են միայն ռուսները, թե՞ նաեւ թուրքերը

Ռուս գեներալ, ՌԴ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Իստրակովն Արցախի Ակնա քաղաքում մասնակցել է «Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի» փակման արարողությանը, ասելով, որ այն լիովին կատարել է հանձնարարված խնդիրները՝ պահպանել զինադադարը, պաշտպանել բնակչությանը և այլն: Այն, թե ինչ է իրականում կատարել կենտրոնը, հայտնի է միայն Կրեմլում և Բոսֆորի ափին, բայց կենտրոնի փակումից հետո հարց առաջացավ՝ իսկ թուրքե՞րը։

Հիշվում է, երբ 2020 թվականի պատերազմից հետո հայտարարվեց Արցախում ռուս-թուրքական միացյալ «խաղաղապահ զորքեր» ստեղծելու մասին, ինչ-որ մեկը դեմ արտահայտվեց Թուրքիայի ներկայությանը (ամենայն հավանականությամբ, դրանք արտաքին ուժեր էին, օրինակ՝ Իրանը), արդյունքում Մոսկվան հայտարարեց, որ «կենտրոնը» կբացվի Ակնայի տարածքում, այսինքն՝ «մայրցամաքային» Ղարաբաղից դուրս։

Հիմա, երբ կենտրոնը կատարեց իր խնդիրը՝  Արցախն ամբողջությամբ օկուպացված է, իսկ բնիկ բնակչությունը ագրեսիայի և ցեղասպանության հետևանքով տեղահանված է, ռուսները կարող են հանգիստ հեռանալ։ Իսկ թուրքերը՝  մնո՞ւմ են։ Դժվար թե 2020 թվականին Իվանյանում «ռուս-թուրքական կենտրոնի» ստեղծումը կանխած ուժերը փոխել են իրենց դիրքորոշումը՝ տարածաշրջանում Թուրքիայի օրինական ներկայության վերաբերյալ։

Ղարաբաղյան կարկանդակը կիսում են Ալիևների ընտանիքի անդամները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ալիևի համատեղ ասուլիսի ժամանակ ընդդիմադիր Microscope Media ռեսուրսի գլխավոր խմբագիր Ֆաթիմա Քարիմովան Ալիևին հարց է ուղղել Ղարաբաղում բազմամիլիարդանոց նախագծերի ոչ թափանցիկ իրականացման, գաղտնիության, այդ թվում մրցույթներին մասնակցող ընկերությունների մասին։ Ալիևի դեմքին գրված էր՝ ինչպե՞ս է նա հայտնվել այստեղ և ինչու՞ Microscope Media-ն դեռ չի լուծարվել։

Լրագրողին մեղադրելով տեղեկությունը ոչ հավաստի աղբյուրից վերցնելու համար և «Ղարաբաղի վերականգնման» համար ներդրված 7 միլիարդ դոլարի թիվը հնչեցնելով՝ Ալիևն այդպես էլ չպարզաբանեց մրցույթների թափանցիկության հարցը, բայց ավանդական պաթոսով հայտարարեց, որ մարդիկ երախտապարտ են եւ ղեկավարությունը, եւ բանակին, թեև պարզ է, որ բացի Ալիևների ընտանիքից և ՓԱՇԱ հոլդինգից, ոչ ոք չի կարող սեփական բիզնես ունենալ Ղարաբաղում։

Ի դեպ, Իլհամ Ալիևի հարազատները ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են Ադրբեջանի չորս խոշոր մասնավոր բանկերը՝ Pasha Bank-ը, Kapital Bank-ը, Xalq Bank-ը և Bank Avrasiya-ն, որոնք բիզնեսի աջակցության պետական ​​ծրագրի շրջանակներում առաջատար վարկատուներն են:

Քսան տարիների ընթացքում, երբ Իլհամ Ալիևը ղեկավարել է Ադրբեջանը, նրա հարազատները հսկայական հարստություններ են կուտակել՝ մասամբ շահութաբեր պետական ​​պայմանագրերի շնորհիվ տնտեսության առաջատար ոլորտներում, ներառյալ բնական ռեսուրսների արդյունահանումը, օդային ճանապարհորդությունները և շինարարությունը: Մրցույթների անթափանցիկության մեկ այլ հաստատում էլ այն տեղեկությունն էր, որ Շուշիում 4,4 մլն դոլար արժողությամբ հյուրանոցի կառուցման մրցույթում հաղթող է ճանաչվել նախագահական ընտանիքին պատկանող «Շուշա հյուրանոց» ընկերությունը։ Ընկերությունը նախատեսում է բացել ևս երկու հյուրանոց։ Դրանցից մեկը՝ «Agdam City Hotel»-ը կկառուցվի Ակնայում, իսկ մյուսը՝ «AS Hotel Tbilisi»-ը՝ Թբիլիսիում։

«Արդեն երկար տարիներ երկրի իշխող վերնախավն անընդհատ համոզում է քաղաքացիներին, իբր երկիրը հենվում է միայն Ալիևների վրա, և որ առանց նրանց Ադրբեջանը չի լինի։ Սակայն Ալիեւը, թաքնվելով ղարաբաղյան պատերազմի թիկունքում, յուրացնում է ոչ միայն հաղթանակը, այլեւ տարածքները, որոնք բաժանում է իր ընտանիքին ու իրեն մոտ կանգնած օլիգարխներին։ Եվ այստեղ ոչ մի գերբնական բան չկա, քանի որ Ալիևներն այդպես են վարվում իրենց կառավարման 30 տարիների ընթացքում»,- գրում է ընդդիմադիր կայքը։

Չնայած պայքարին, ականազերծումը Տավուշում շարունակվում է

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Չնայած գյուղացիների պայքարին, այդ աշխատանքները մեկնարկել են, մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ տարածքին։

«Այն ապօրինի գործունեությունը, որն սկսել է ՀՀ կառավարությունն իր ապօրինի գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է։ Բոլորը վերստին պետք է հասկանան, որ տեղի է ունեցել հետեւյալը՝ թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել միակողմանի զիջումներ կատարելու մեր հայրենիքից։ Եվ մեր ընդվզումը հենց դրա մասին է, սա խախտում է օրենքը, ընթացակարգը, ինչպես նաեւ միջագային պայմանագրերի սկզբունքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա անդրադարձավ երեկ գիշեր տեղի ունեցածին, երբ ոստիկանները ուժ էին գործադրել մարդկանց նկատմամբ։ «Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների, անհայտ ինքնությամբ մարդիկ երեւի այս տարածաշրջանի մարզպետի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եկել են, գաղտագողի մուտք են գործել այսպես կոչված հանձնվելիք տարածքներ եւ ինչ-որ անհայտ գործողություններ են արել։ Ժողովրդի զայրույթն ու անվստահությունն այն էր, թե ովքեր են այն մարդիկ, որոնք գտնվում են տվյալ ծածկույթով մեքենայի մեջ։ Մարդիկ ուզում էին նրանց հարցեր ուղղել։ Եթե ձեր գործերը մաքուր են, թափանցիկ են ու ճշմարիտ, ինչո՞ւ եք այդ ծածկույթով մեքենայով գաղտագողի գալիս։ Նույնիսկ կասկածներ կան, որ այդ մեքենայում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւն են եղել։ Եվ ժողովուրդն ընդվզեց այդ ստի ու կեղծիքի դեմ, այս գործընթացն ի սկզբանե ստով է սկսված, քանի որ պետական, միջպետական խնդիրը բերել ու բարդել են ժողովրդի պատասխանատվության վրա՝ առանց իր ձայնը, ընդվզումն ու ճիչը հաշվի առնելու։ Այսինքն՝ մարդը պետք է վեր կենա ու իր ձեռքով իր տունը հանձնի։ Կիրանցի ու Ոսկեպարի այս հերոսական ժողովուրդը կյանք են տվել, կյանք են զոհել, այս սահմանն այդպես է պահվել։ Գյուղաբնակ ժողովրդի վրա դնել պատասխանատվությունը՝ այսպիսի ծանր բեռով, հանցագործություն է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ այդ մեքենայի՝ տարածք ներխուժման պատճառով մարդիկ ընդվզել են, իսկ իշխանությունները սեւբերատավորներին են բերել տարածք։ «Նախ ուզում եմ ոստիկանությանը դիմել՝ սիրելի ոստիկանական զորքեր, սա ձեր խնդիրը չէ, մի՛ մտեք արանքը, դուք մասնակից եք լինում մի այնպիսի  գործընթացի, որը վճռելու է մեր երկրի ճակատագիրը։ Ձեզ մխրճել են այնպիսի գործընթացի մեջ, որը ճակատագրական է թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր երկրի համար, այս ժողովուրդը խենթ ու խելառ չէ, որ մայր ու մանուկ դուրս են եկել փողոց։ Ձեզ պահեք այնպես, ինչպես վայել է իսկական տղամարդուն, դուք ծառայության մեջ եք, ծառա չեք։ Դուք մոնղոլ չեք, ոչ էլ արաբ, որ արշավանքներով գաք ու գնաք, այս ժողովրդին չեք վախեցնի, անօրինական հրամաններ մի կատարեք։ Երեկվա գնահատականը տալով՝ ուզում եմ հետեւյալն ասել՝ ամեն ինչ դարձյալ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահանգով։ Ամեն ինչ անում են, որ այս ժողովրիդն վերջնականապես ստորացնեն ու ջարդեն։ Ես ուզում եմ կոչ ուղղել մեր ժողովրդին՝ 30 տարի շարունակ այս սահմանի ժողովուրդը պահել է ամբողջ ՀՀ ու հայության պատիվը՝ միայնակ։ Բայց իրենք չեն լքել իրենց հայրենիքը, տունն ու հողը, հանձն են առել պահելու ՀՀ դարպասները»,- նշեց նա։

Բագրատ սրբազանն ասաց, որ դիմում է հայ ժողովրդին, մտավորականներին, բոլոր-բոլորին․ «Հիմա ժամն է, որ ձեր ձայնը բարձրացնեք, ընդվզեք, հերիք է խխունջացած ապրեք։ Խոսեք ճշմարտության մասին, այս ժողովուրդը ձեզ 30 տարի պահել է պատվով, չեք կարող ուրանալ։ Պետք է ընդվզեք բոլոր ձեւերով։ Սա ՀՀ եւ հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Եվ ի լուր բոլոր հուդաների՝ գնացեք այս ժողովրդին հարցրեք՝ իրենք պրոռուսական պրոյե՞կտ են, չգիտեմ ինչական գործի՞ք են, գործակա՞լ են, թե՞ պարզ ուզում են ապրել իրենց տանը՝ խաղաղ ու հանգիստ, արժանապատիվ։ Հոգեւորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը, դժբախտաբար իր սեփական կառավարությունից»։

Նա հավելեց, որ սա քաղաքական պրոցես չէ, ժողվուրդը ճշմարտության դատին է մասնացկում։

Բաքվի դեմ պատժամիջոցների օրինագիծը Կոնգրեսում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել

Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ ուրբաթ օրը պաշտոնական շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթղթի հեղինակներն են կոնգրեսականների Դինա Տայտուսը և Գաս Բիլիրակիսը։ Այս մասին հաղորդում է Politico հանդեսը` նշելով, որ օրինագիծն անհատական պատժամիջոցներ է նախատեսում ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների և ուժայինների դեմ։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ նախապես ենթադրվում էր, որ ամերիկյան պատժամիջոցների ցանկում 41 անուն ընդգրկված կլինի, սակայն հետագայում ցուցակը լրացվել է՝ հասցվելով 44-ի։

Բանաձևի հեղինակներն առաջարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների շարունակական խախտումների՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար։

Փաստաթղթի հեղինակներից Դինա Տայտուսը X-ում գրառման մեջ նշել է, որ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցները պետք է սահմանվեն «Արցախի հայերի էթնիկ զտման և ընդդիմության դեմ կիրառվող բռնաճնշումների պատճառով»։

Մայիսի 3-ին Երևանում կանցկացվի «Աշխատանքի տոնավաճառ 2024»-ը

Հայաստանում 40-ից ավելի գործատուներ մայիսի 3-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում ժամը 12.00-16.00 կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը։

Միջոցառման կազմակերպիչը «e-work.am»-ն է՝ ​​թափուր աշխատատեղերի մասնագիտական հարթակ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանք փնտրողների համար։

Նրանց խոսքով, իրենք պատրաստ են ընդունել տոնավաճառի ավելի քան 1000 այցելու՝ հնարավորություն տալով ծանոթանալ առաջատար գործատուներին, տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին, հանդիպել մասնագետների, մասնակցել զբաղվածության ծրագրերին պետական ​​և մասնավոր հատվածում։

Արցախի Պաշտպանության բանակը և աշխարհազորը դիրքերը պահել են մինչև վերջին պահը

Հայկական լրատվամիջոցները և այլ կազմակերպություններ շարունակում են արցախցիների մասին պատմություններ ներկայացնել։ Նկարագրվում են հիմնականում շրջափակման, սեպտեմբերյան պատերազմի դժվարին օրերը, բնակավայրերի հրետանային գնդակոծությունը և ադրբեջանցիների հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ, ավերված գյուղերը և վառելիքի պահեստում պայթյունը, նկարագրված են զոհերը և բռնի տեղահանությունը դեպի Հայաստան։

Բայց շատ քիչ է խոսվում այն մասին, որ Պաշտպանության բանակն ու արցախյան աշխարհազորայինները մինչեւ վերջին կետը պահել են դիրքերը՝ պաշտպանելով իրենց տներն ու հարազատներին։

«Թշնամին Մարտունու շրջանում չկարողացավ իրեն այնպես ազատ զգալ, ինչպես դա արել է Արցախի մյուս շրջաններում։ Նա մեծ կորուստներ է կրել։ Պատերազմը մեկ օր է տեւել, եւ այս ամբողջ ընթացքում կատաղի մարտեր են եղել, մեր հրետանին աշխատել է մինչեւ վերջին պահը»։

Պատմում է Մարտունու շրջանի բնակիչ Մաքսիմ Բ.-ն.

«Ադրբեջանցի զինվորականների մի մեծ խումբ Մաճկալաշենի գոտում դարանակալման է բախվել, եւ փախչելով, շարժվել է մյուս ուղղությամբ ու կրկին հայտնվել մեր մարտական ​​դիրքերին Ճարտարի գոտում։ Ճակատամարտ է սկսվել։ Իսկ երբ սեպտեմբերի 20-ի կեսօրին պատերազմը դադարեցվեց, անմիջապես եկան թշնամու մեծ բեռնատարները և սկսեցին հավաքել իրենց զոհված զինվորների դիերը։ Միայն Ճարտարի ուղղությամբ մեր տղաները մոտ 500 սպանված են հաշվել։ Հակառակորդը մեծ կորուստներ է կրել նաև Մարտունու մոտ տեղի ունեցած մարտերում»։

Մարտունու բնակիչներից մեկը նշել է, որ կապը շատ վատ է եղել, ուստի մենք չգիտենք, թե ինչ է կատարվում։ «Տղաները միայն հասկանում էին, որ պատերազմ է, և իրենք պետք է պաշտպանեն իրենց հողը։ Ուստի, երբ մեր կառավարության մարդիկ ռուս և ադրբեջանցի սպաների հետ միասին սկսեցին շրջել դիրքերում և ասել, որ պատերազմն ավարտվել է, եւ Արցախի ՊԲ-ն պետք է զենքերը վայր դնի, տղաները դժվարանում էին հավատալ դրան»։

Ալվարդ Գրիգորյան

Ինչպես կանխատեսվել է, Ղարաբաղում ծառայած ռուս զինծառայողներին ուղարկում են Ուկրաինա

Ռուս խաղաղապահներին ուղարկում են Ուկրաինա՝ կռվելու: Դրա մասին գրում է «Ոչ պատերազմին» նախագիծը՝ վկայակոչելով զինվորական անձնակազմի երկու աղբյուրի, «որոնք չեն ցանկանում կռվել»։

«Նախատեսվում է Գյումրիի 102 -րդ ռազմաբազայի՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացրած զինվորականներին Մոսկվայով և Դոնի Ռոստովով ուղարկել ռազմաճակատ (Ավդեևկայի ուղղություն)։ Նրանց, ովքեր փորձում են հրաժարվել պատերազմին մասնակցելուց, բանտ է սպառնում»,- հայտնել է նախագիծը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն է եղել, որ Արցախում առգրաված միլիոնավոր միավոր զենք եւ զինամթերք Ռուսաստանը ադրբեջանի տարածքով եւս տեղափոխել է ուկրաինական ճակատ։ Դրա համար էլ Ուկրաինան ողջունում է Ալիեւին եւ շնորհավորում “ռուս-թուրքական բարդ օպերացիայի” հաջող ավարտի կապակցությամբ։ 

Կլինի՞ բեկում: Իրավական և քաղաքական պահանջների բացակայությունից շահում են հող հանձնողները

Տավուշի համար պայքարող քաղաքացիները պետք է քաղաքական պահանջներ ձևակերպեն, կարծում են փորձագետները, այլապես նրանց ինքնամոռաց նվիրումը ապարդյուն կլինի։

Մինչ այժմ միակ պահանջը Բագրատ սրբազանի շուրթերից է հնչել՝ նախ պետք է դադարեցնել հողերի միակողմանի հանձնման անօրինական գործընթացը։ Բողոքի ակցիաներին միացած խորհրդարանական ընդդիմությունը կասկածի տակ չի դնում Ալմա-Աթայի հռչակագիրը կամ Եռակողմ հայտարարությունը։ Թեև հենց Եռակողմ հայտարարության սկզբնական տարբերակում գրված էր, որ հայկական կողմը վերադարձնում է «Ղազախի շրջանի գյուղերը»։ Կրեմլի կայքում հրապարակված տարբերակում այս կետը չկա, բայց ոչ ոք չի վիճարկում, որ Նիկոլ Փաշինյանը նման պարտավորություն է ստանձնել ու հիմա ամեն գնով կատարում է այն։

Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, ինչը, ըստ ընդդիմության, կարող է փոխել բանակցությունների և «սահմանազատման» գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տա. Հայաստանի պետականությունը վերացնելու միջազգային կոնսենսուսի մասնակիցները նրան թույլ չեն տա, իսկ փողոցային պայքարի միջոցով նրան ստիպելու հրաժարական տալ պոտենցիալ չկա: Ու ստացվում է, որ Կիրանցի բողոքի ակցիաները միայն միավորներ են ավելացնում Փաշինյանին նրա տերերի աչքում։ Իսկ «սահմանազատման», սահմանային սյուների տեղադրման, ականազերծման, մարտական ​​դիրքերի դուրսբերման գործընթացը շարունակվում է անխոչընդոտ։ Եւ դա է իրողությունը։

Ի՞նչը կարող է կոտրվածք առաջացնել:

Առաջին գործոնը եկեղեցին է։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին երեկ միացել են Շիրակի և Գուգարքի թեմի առաջնորդները։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել հոգեւորականներին կատարել իրենց պարտավորությունները՝ մոտ լինել հոտին։ Այսինքն՝ նա թույլ տվեց եկեղեցու անդամներին մասնակցել հողերի հանձնման դեմ բողոքի ակցիաներին։ Չնայած Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու իշխող կուսակցության կոշտ փորձերին եւ հիմնավոր կասկածներին, որ եկեղեցականները այլ արտաքին ուժերի են ծառայում, Եկեղեցին շարունակում է մնալ միակ ազգային ինստիտուտը, որն ազդեցություն ունի ժողովրդի գիտակցության վրա։

Երկրորդ գործոնը բանակն է։ Երեկ հայտնի դարձավ, որ ցուցարարներին են միացել Տավուշի մարզից մոտ 20 պայմանագրային զինծառայողներ։ Ռազմական ոստիկանությունն արդեն պարզում է նրանց ինքնությունը։ Բացի այդ, ընդդիմությունը կոչ է անում բանակի հրամանատարներին չկատարել քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները։ Երեկ ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ զինվորականներին քաղաքական գործընթացներում ներգրավելու ցանկացած փորձ կստանա համապատասխան գնահատական։ Միաժամանակ փորձագետները հիշեցնում են, որ կանոնադրության համաձայն՝ հրամանները կարող են բողոքարկվել, իսկ Գլխավոր շտաբը կարող է հրապարակայնորեն կարծիք հայտնել վիճահարույց հրամանների վերաբերյալ։

Երրորդ գործոնը ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումն է։ Երեկ Կիրանցի մոտ, ականատեսների վկայությամբ, լուսաձայնային ռումբ է կիրառվել, ինչից մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ոստիկանությունն ասում է, որ իրենք նման ռումբեր չեն օգտագործել։ Ուրեմն պետք է պարզել, թե ով է դա արել, քանի որ արդեն կան տուժածեր, բայց «Մարտի 1»-ի ուրվականը կրկին սկսել է սավառնել Հայաստանի գլխին։ Freedom House-ի և ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցների ֆոնին, որոնք ջարդուփշուր արեցին փաշինյանական Հայաստանի «ժողովրդավարությունը», այս ուրվականը կարող է շրջադարձային կետի հանգեցնել հանրային գիտակցության մեջ։ Առավել եւս, որ իշխանությունները հստակ պարզաբանումներ չեն տվել, թե ինչի հիման վրա են տեղադրվում սահմանային սյուները, և ինչու է դիրքերի դուրսբերումը տեղի ունենում Հայաստանի հաշվին։

Այս բոլոր գործոնները շատ կարևոր են և ինչ-որ պահի իսկապես կարող են հանգեցնել շրջադարձի, բայց միայն այն դեպքում, եթե առաջ քաշվեն իրավական պահանջներ։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական ​​դավաճանության» հատկանիշներով կատարված հանցագործության մասին ծանուցում արդեն իսկ ներկայացվել է Գլխավոր դատախազություն։ Բայց մի հայցը քիչ բան կփոխի. դատարանները պետք է ողողվեն երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ կառավարության ձեռնարկած քայլերի հակասահմանադրականության և անօրինականության մասին հայցերով։ Բայց ամենակարևորն այն է, որ պետք է քաղաքական կոնսենսուս առաջանա այս քայլերի անօրինականության և Սահմանադրությանը հակասողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Քանի դեռ այս քայլերը չեն ձեռնարկվել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որն իրեն ապահովել է գրեթե կատարյալ ֆիզիկական եւ քաղաքական պաշտպանություն, կշարունակի գործել իր պայմանավորվածություններին և գաղտնի արձանագրություններին համապատասխան։ Իսկ հաջորդ քայլը, ինչպես գրում են լրատվամիջոցները, «ադրբեջանցի փախստականների» զանգվածային բնակեցումն է Հայաստանում, Ադրբեջանից գազի գնումը և այսպես շարունակ։