Կիևի երկու հիվանդանոց շտապ տարհանվել է

♂Կիևում այսօր շտապ տարհանում են Բոգատիրսկայա փողոցում գտնվող երկու հիվանդանոցներ»,- հայտնում է Կիևի քաղաքային վարչությունը։ Այդ հիվանդանոցներից մեկը մանկական է։

Հաղորդվում է, որ տարհանումը սկսվել է համացանցում տարածված տեսանյութի պատճառով, որում իրականում հայտարարվում է այդ հիվանդանոցների վրա հրթիռային հարձակման մասին, քանի որ իբր այնտեղ բուժվում են զինվորականներ։

«Սա բացարձակ սուտ է և հակառակորդի սադրանք, որով նա փորձում է հարվածել մայրաքաղաքի սոցիալական ենթակառուցվածքներին։ Հիվանդ երեխաներին, նրանց ծնողներին և բուժանձնակազմին պաշտպանելու համար մայրաքաղաքի իշխանություններն այժմ անում են հնարավոր ամեն ինչ՝ հիվանդներին և բժիշկներին մայրաքաղաքի այլ բժշկական հաստատություններ տեղափոխելու համար»,- հայտնում է Կիևի պետական ​​վարչությունը։

«Դեռևս չկա որևէ հաստատում, որը ցույց կտա, որ Ռուսաստանը իրականում պատրաստվում է նման հարվածներ հասցնել։ Սակայն մեզ համար մեր ժողովրդի, մեր երեխաների կյանքն ու առողջությունը ամենաբարձր արժեքն է։ Ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել տարհանել երկու հոսպիտալ»,- քիչ անց ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կիևի երկու հիվանդանոցների տարհանման ստիպող տեսանյութը Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելի ելույթով տեսանյութ է, որում նա հայտարարել է, որ այդ հիվանդանոցներում իբր գտնվում էր «ահաբեկիչների որջը և նրանց հանցակիցներ»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այս հայտարարությունն անվանել է «տեղեկատվական և հոգեբանական հատուկ գործողություն, որը խաղում է Ռուսաստանի օգտին»։

«Այժմ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նույնիսկ տեսական սպառնալիքի ցանկացած բացասական հետևանք չեզոքացնելու համար», – ասվում է ԱԱԾ-ում:

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը գործողություն է իրականացրել Մոսկվայի ՌԴ ՊՆ օդանավակայանում

Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը (ԳՈՒՎ) այրել է ռուսական Կա-32 ուղղաթիռը։ Լուծարման գործողությունն իրականացվել է Մոսկվայի Օստաֆևո օդանավակայանում։ Ուկրաինայի հետախուզությունը մանրամասներ և կադրեր է հրապարակել ապրիլի 26-ին։ Դատելով հրապարակված կադրերից՝ ԳՈՒՌ գործակալը կարողացել է մտնել օդանավակայան և այրել Կա-32-ը։ Գործողությունն իրականացվել է ուրբաթ՝ ապրիլի 26-ի գիշերը։

«Օդանավակայանը պատկանում է ՌԴ ՊՆ-ին և շահագործվում է Գազպրոմի կառույցի մաս կազմող «Գազպրոմավիա» ձեռնարկության հետ համատեղ», հաղորդում է Գլխավոր հետախուզական վարչությունը։ Ըստ հետախույզների՝ ռուսներն օգտագործել են այրված ուղղաթիռը, մասնավորապես, Ուկրաինայում ռուսական օկուպացիոն բանակի գործողություններին աջակցելու համար։

«Диалог.UA» 

Բախումներ քաղաքացիների և սև բերետավորների միջև՝ Կիրանցում

Կիրանցում (Տավուշ) ոստիկանության զորքերը, սև բերետավորները ուժի գործադրմամբ փորձում են բացել ճանապարհը։ Ճանապարհն արդեն օրեր շարունակ փակած բնակիչներն արգելափակել են այստեղ մոտ երկու ժամ առաջ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում ըստ տեղացիների կասկածների՝ քարտեզագիրներ են։

Ինչպես փոխանցում է Ազատությունը, բնակիչներն ի սկզբանե կասկածում էին, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվեց մոտենալ մեքենային, ինչից հետո նա հայտարարեց, որ այնտեղ քարտեզագիրներ են, սակայն երևալ չեն ցանկանում։

Հավաքվածները, սակայն, պնդում են, որ պետք է տեսնեն՝ ովքեր են մեքենայի մեջ։ Տեղացիներից ոմանք պատմեցին, որ մինչև այստեղ բախումներ էին քաղաքացիների ու ոստիկանների միջև, մեքենայից ոմանք հեռացան։

Այլ մեքենաների ելքը նույնպես փակ է այս պահին։

Ղուկասյան․ ռազմական ղեկավարների պատասխանատվության հարցն այսօր առաջնային է՝ ՀՀ բանակը ենթարկվելո՞ւ է ապօրինի հրամաններին, թե՞ ոչ

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարո՛ն Ղուկասյան, իշխանությունները Տավուշի մարզի տարածքները հանձնելու գործընթացն անվանում են «սահմանազատման-սահմանագծման» գործընթաց։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Ես այս գործընթացը հրապարակային անվանել եմ բլեֆ, հետեւյալ պատճառաբանությամբ։ Առաջինը, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն ունեն միջազգային պարտավորություն ԵԱՀԿ շրջանակում ԵԱՀԿ պետությունների առջեւ։ Եվ նույնկերպ այդ ԵԱՀԿ պետություններն ունեն պարտավորություն՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման ճանաչել խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի սահմանը։ Այսինքն՝ դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ հայ ժողովրդին ներկայացվում է, որ իբր թե Ադրբեջանի կողմից մեծ քայլ է եղել, Ադրբեջանն ինչ-որ սկզբունք է ճանաչել սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ։ Դա մեծ սուտ է, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն այդ սահմանի ճանաչման պարտավորությունն ունեն ոչ միայն միմյանց, այլ ամբողջ ԵԱՀԿ-ի առջեւ։

Երկրորդ, սահմանագծան-սահմանազատման գործընթացն իրավական գործընթաց է։ Եվ համակամարտության մեջ գտնվող ցանկացած երկու պետություն, որպեսզի կարողանան այդ գործընթացն անել, առաջին քայլը խաղաղության պայմանագիր ստորագրելն է։ Խաղաղության պայմանագիրը՝ որպես միջազգային պայմանագիր,  պետք է վավերացվի երկու պետությունների խորհրդարանների կողմից եւ գրանցվի ՄԱԿ-ի քարտուղարությունում՝ որպես միջազգային պայմանագիր, որպեսզի հետագայում կողմերն իրար միջեւ առաջացած վեճերը կարողանան կարգավորել Հաագայի դատարանի միջոցով։ Խաղաղության մասին այդ պայմանագիրը պետք է պարունակի նաեւ սահմանագծման վերաբերյալ դրույթ։ Այդ պայմանագրի հավելվածն է լինում սահմանագծման հանձնաժողովի աշխատելու կանոնակարգը։ Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունները ԵԱՀԿ առջեւ՝ կարգավորելու Արցախի խնդիրը, այդ պայմանագիրը նաեւ պետք է պարունակի Արցախին վերաբերող դրույթներ։ Այսինքն՝ այդ խաղաղության պայմանագիրը՝ որպես իրավական հիմք, հանդիսանում է հենարան սահմանագծման եւ սահմանների որոշման հանձնաժողովի աշխատանքի համար։ Երբ այդ աշխատանքն ավարտվում է, կարող է լինել հաջորդ քայլը՝ տարածքային փոխանակումներ, դա նույնպես միջազգային պայմանագիր է, նույնպես վավերացվում է խորհրդարանների կողմից եւ դարձյալ գրանցվում է ՄԱԿ-ի քարտուղարությունում։ Ի դեպ, այդ պայմանագրերը դառնում են միջազգային իրավունքի մաս։ Միջազգային իրավունք ասվածը պետությունների միջեւ միջազգային պատշաճ ձեւակերպված եւ կնքված պայմանագրերի բազմությունն է։

Երբ այդ տարածքային փոխանակումների վերաբերյալ պայմանագիրը եւս հաստատված ու կնքված, ՄԱԿ-ի քարտուղարությունում գրանցված լինի, գալիս է երրորդ քայլի ժամանակը՝ միջպետական պայմանագիր սահմանի վերաբերյալ։ Դարձյալ խորհրդարանների վավերացմամբ պետք է հաստատվի այդ պայմանագիրը՝ պետությունների համար դառնալով ներքին օրենսդրության մաս, ինչպես նախորդ երկու պայմանագրերը։ Այն ՄԱԿ-ի քարտուղարությունում գրանցվելուց հետո դարձյալ դառնում է միջազգային իրավունքի մաս։ Այդ պայմանագրի հավելվածն է սահմանային սյուների կոորդինատների վերաբերյալ ցանկը։ Այսինքն՝ որպեսզի սահմանային սյուներն իրավական պարտադիր նշանակություն ունենան կողմերի համար, պայմանագրով պետք է այդ կարգավիճակն ստանան, եւ հավելվածով պետք է գետնի վրա կոնկրետացվի իրենց տեղը։ Դա կոչվում է սահմանազատում, այ սա է միջազգային գործընթացը՝ խաղաղության պայմանագրից մինչեւ սահմանային սյուներ։

Գիտենք, որ այսօր նման գործընթաց չկա, եւ հետեւաբար իշխանությունների կողմից պաշտոնապես հայտարարված տեղեկությունը, թե Տավուշի հատվածում տեղի է ունեցել սահմանազատում ու սահմանագծում, ես համարում եմ բլեֆ։ Իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի հակամարտություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ իրավական հրադադար է սահմանված։ Այսինքն՝ գոյություն չունի հրադադարի վերաբերյալ կնքված, ՄԱԿ-ի քարտուղարությունում գրացված միջազգային պայմանագիր, որի խախտումը հանդիսանում է միջազգային քննության առարկա։ 1994 թվականից այդպիսի իրավական հետեւանքներ ստեղծող հրադադարի մասին պայմանագիր չի եղել։ Դա արվել է դիտավորությամբ, որպեսզի հետագայում պահպանեն ռազմական կոնֆլիկտի ապասառեցման հնարավորությունը, եւ դրա հետեւանքն Արցախի էթնիկ զտումն էր։

Նման պայմաններում գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծ եւ գոյություն ունի կրակի դադարեցման մասին համաձայնություն, որի խախտումը որեւէ իրավական հետեւանք չի ստեղծում կողմերի համար։ Քաղաքական հետեւանքները նման իրավիճակում պետք է տարբերակել․ երբ ԱՄՆ-ն կամ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի վրա հարձակումը ծանր հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար, դրանք քաղաքական քայլեր են՝ պատերազմը զսպելու համար, այն պայմաններում, երբ հակամարտող կողմերի միջեւ հրադադարի վերաբերյալ որեւէ միջազգային պայամանագիր չկա։  Ցավոք սրտի, իրողությունն այսօր սա է, հայ ժողովրդին 30 տարի սովորեցրել են, որ դա այդպես էլ պետք է լինի։

Բոլորը տեսնում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարումը կամ դրան հակառակ գործելը Ադրբեջանի համար որեւէ հետեւանք չի ստեղծում։ Բայց դա տալիս է հիմք՝ պնդելու, որ Հայաստանի իշխանութունները (ընդգծում եմ՝ իշխանությունները, ոչ թե ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ) քաղաքական պարտավորություններ ունեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի իշխանությունների առջեւ։ Մասնավորապես, հիմա ՀՀ իշխանություններից, անձամբ Նիկոլ Փաշինյանից պահանջվում է Հայաստանի Սահմադրության դրույթներին հակառակ տրամադրել արտատարածքային միջանցք՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ անվերահսկելի կապ ապահովելու համար։ Նաեւ այլ նախապայմաններ կան, բոլորդ լսել եք, դրանք են Սահմանադրության փոփոխության, զինանշանի փոփոխության պահանջները եւ այլն։

Այս ամենը վկայում է, որ Հայաստանի ղեկավարությունը դիտավորյալ որոշումներ է ընդունում եւ քայլեր է ձեռնարկում, որոնք Հայաստանի պետական շահերի դեմ են, վտանգում են Հայաստանի քաղաքացիներին, հանգեցրել են Արցախի էթնիկ զտմանը։ Արցախն ըստ միջազգային իրավունքի՝ ճանաչվել է վիճելի տարածք Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի մասին է խոսքը։ Այդ ամենը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության հարցն է, բացի այլ պետությունների հանցավոր ղեկավարությունների որոշումից, մեր ժողովրդի համար պատասխանատուն հենց մեր երկրի ղեկավարությունն է։

Մենք այս պահին ունենք մեր պետության շահերին դեմ հերթական ոչ իրավական համաձայնությունը Ադրբեջանի հետ, որն ըստ էության հանդիսանում է շփման գծի միակողմանի փոփոխություն։ Այն, ինչը պաշտոնական տեղեկատվությամբ ներկայացվել է որպես իբր թե սահմանագծման եւ սահմանազատման համաձայնեցված հատվածներ, դրանք մարտական շփման գծի այն հատվածներն են, որտեղ Հայաստանի իշխանություններն ունեն պարտավորություն՝ չկազմակերպել պաշտպանություն, չիրականացնել ականապատում, չունենալ մարտական դիրքեր։ Եվ այդ հատվածում Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի միայն կազմակերպել թեթեւ հրաձգային զենքով հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայություն։

Պարզ է, որ եթե չկա պետական սահմանի մասին պայմանագիր, չի կարող լինել նաեւ սահմանային ծառայություն։ Սահամանապահ ծառայությունը ենթադրում է կարգավիճակ՝ թե երկրի ներսում, թե միջազգային հարաբերություններում, որը թույլ է տալիս ընդհուպ ուժ գործադրելու, պետական սահմանն ապօրինի հատողների նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու։ Ցավոք սրտի, տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի գնում օրինական ճանապարհով՝ ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս։ Ապօրինություն է իրականացնում եւ իր որոշումներով ու դիտավորությամբ ոտնահարում է քաղաքացիների օրինական շահերը, վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի, առողջության եւ սեփականության համար։

Այսօր մեր բանակի համար շատ վատ դրություն է, որովհետեւ բանակի ղեկավարությունը ենթարկվում է ապօրինի հրամանների։ Եթե զորքերը հետ քաշելու ապօրինի հրամաններ են արձակվել, այդ բոլոր գործողությունները պատասխանատվություն են ստեղծում այդ ռազմական ստորաբաժանումների բոլոր ղեկավարների համար, հատկապես այն պայմաններում, երբ քաղաքացիների կողմից առկա է արդարացի դժգոհություն։ Դա նաեւ բարոյական առումով բանակի համար շատ վատ դրսեւորում է։ Ըստ Սահմանադրության՝ բանակի պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքի անձեռնմխելիությունը։ Երբ ՀՀ զինված ուժերը կատարում են ոչ իրավական, ապօրինի հրամաններ, որոնք վտանգ են ստեղծում տարածքային անձեռնմխելիության համար, դա չափազանց ցավալի փաստ է։

-Բանակը կարո՞ղ է չկատարել այդ հրամանները։

-Կարծում եմ, որ այդ շղթայի ղեկավարները, եթե չեն ցանկանում այդ ապօրինի հրամանները կատարել, կամ պետք է հրաժարականներ տան, կամ, եթե կատարում են, ուրեմն անմիջապես իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը։ Իրենք, ըստ ռազմական կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկել ապօրինի հրամանները։ Գլխավոր շտաբի անդամներն իրավունք ունեն հրապարակային հանդես գալ եւ այդ հրամանների գնահատականները տալ։ Այսինքն՝ ռազմական ղեկավարների պատասխանատվության հարցն այսօր առաջնային հարց է՝ ՀՀ բանակը ենթարկվելո՞ւ է ապօրինի հրամաններին, թե՞ ոչ։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցիների բնակապահովման ծրագիրը կրկին ուղարկել են վերամշակման

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր:

Պատասխանատուները նշել են, որ ծրագրի նախագիծը քննարկել են նաև շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին:

Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու ընդգծել ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտությունը:

Դեռ չսկսված, հոպ՝ ավարտվել է

«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է», – «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

«Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», – նշեց Խաչատրյանը։

Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։

Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։

ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։

Ինչպես հայտնի է դարձել, այսօր եւս 8 սյուն է տեղադրվել։

Ռուս գեներալ․ Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը հաջողությամբ կատարել է իր խնդիրը

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի կնքած հուշագրից երկու ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 30-ին, սկսել է աշխատել Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։

Այդ մասին արցախյան Ակնայում թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը։

«Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման հարցում: Ռուսաստանի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր երեք երկրների զինվորականներին, ովքեր հաջողությամբ կատարել են իրենց պարտքը՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ զարգացնել միջպետական հարաբերությունները», – ասել է Իստրակովը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Իստրակովի շեֆ՝ Սերգեյ Կուժուգետ օղլու Շոյգուն ասել է, որ ռուսներն ու թուրքերը Ղարաբախում «բարդ օպերացիա» են իրականացրել, այսինքն՝ օկուպացրել են Արցախի կեսը եւ մարդկանց բռնի տեղահանել Հադրութից եւ Շուշիից։ Հիմա՝ Արցախի լիակատար օկուպացիայից եւ բնիկ հայերի արտաքսումից հետո, ռուսները ասում են, որ Թուրքիայի հետ «հաջողությամբ կատարել են պարտքը»։ Դա է պարտքը՝ ազատել տարածքը հայերից։

Շոյգուն էլ հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի զորքերն ընդհուպ մոտեցել են Ռուսաստանի սահմաններին, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է առաջացրել երկրի անվտանգության համար»։ Շոյգուն, որը խնդիր ունի պահպանել պաշտոնը Ռուսաստանում նոր կառավարությունում, չի հիշատակում,որ հենց նոր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ «հաջող օպերացիա» է իրականացրել։

Դա չնկատելու են տալիս նաեւ հայ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները՝  շարունակելով իրականացնել ռուս-թուրքական ծրագրերը։

Հաջորդը՝ ռուս-ղազախ-թուրքական կենտրոն Երասխում։ Առաջ, Կուժուգետ-օղլու։

“Էմպատիա” արցախյան կենտրոնը շարունակում է իր գործունեությունը

Կազմակերպությունը որպես այդպիսին գործում էր Արցախի Հանրապետությունում 2014 թ.-ից: Ստեփանակերտում  հիմնադրված մասնավոր հոգեկան առողջության կենտրոնը զբաղվում էր հասարակության հոգեկան առողջության պահպանմամբ: Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվելուց հետո ամբողջ թիմը տեղափոխվեց ՀՀ և շահառուների խնդրանքով հիմնադրվեց Էմպատիա հոգեսոցիալական աջակցության հիմնադրամը: Կենտրոնում նոյեմբերից սկսած իրականացվում են բռնի տեղահանվածների սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

Հիմնադրամի ստեղծման առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ մենք բոլորս ունենք այդ սոցիալ-հոգեբանական աջակցության կարիքը, քանի  ողջ արցախահայությունը ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվում էր Արցախից: Եթե Արցախում մեր հայրենակիցները տարաբնույթ հոգեբանական խնդիրներով ապրում էին իրենց հայրենիքում, այժմ խնդիրները վերափոխվել են, և մենք փորձում ենք ողջ արցախահայությանը այս կամ այն կերպ օգնություն տրամադրել:

Իհարկե շահառուների թիվը մեծացել է: Ծրագրեր կան, որոնց շրջանակներում մեր մոբիլ թիմի միջոցով կազմակերպում ենք անհատական, խմբային հանդիպումներ, գնահատում կարիքները, փորձում ինչ-որ ձև աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին: Քանզի մենք հասկանում ենք, որ պետք է կարողանանք այնպես ադապտացվել, որ նաև չկորցնենք հույսը մեր ծննդավայր վերադառնալու, համարասում է Էմպատիա հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով` հոգեկան առողջությունը պահպանելու համար կարևոր է ունենալ այն գիտակցումը, որ անհրաժեշտ է այստեղ`Հայաստանում ժամանակավոր արժանապատիվ կեցություն ապահովել, որպեսզի կարողանանք ամեն պահի հետ վերադառնալ մեր տները, իսկ մնացած սոցիալական բնույթի խնդիրները պետք է լուծենք այս գիտակցությունից ելնելով: Գիտակցումը, որ հայրենիքը անհետ չի կորել, նպաստելու է, որ լինենք հոգեբանորեն  ուժեղ:

Տաթև Ազիզյան

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։

«Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա։

Ինչի՞ հետ են կապված արցախցիների կուտակային հաշիվների տատանումները

Մինչ արցախցինեը սպասում են կուտակային կենսաթոշակային գումարների վերադարձին, պարզվել է, որ մի շարք քաղաքացիների կուտակային կենսաթոշակների հաշիվներից որոշակի գումար է պակասել: Որոշ դեպքերում գումարը կազմել է 10.000 ՀՀ դրամ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 20.000 ՀՀ դրամ:

Խնդրի մասին բարձրաձայնել են հիմնականում Արցախբանկի օգտատերերը: Որոշ անձանց բանկը պատասխանել է, որ տատանումները կախված են դոլարի կուրսից, իսկ որոշ քաղաքացիների հարցումները այդպես էլ մնացել են անպատասխան:

Չնայած այս ամենին, հարկ է նշել, որ այս դեպքում բանկերը որպես այդպիսին պատասխանատվություն չեն կրում կենսաթոշակային գումարների տատանումների համար: Մարմինը, որը զբաղվում է կուտակային կենսաթոշակների հարցերով՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն է:

Քաղաքացիների մի մասն էլ նշել է, որ գումարների տատանումները լինում են, քանի որ այդ գումարները դրվում են շրջանառության մեջ:

Քրիստինե Ալավերդյան

ՔՊ-ն պատրաստվում է ադրբեջանցիների զանգվածային բնակեցմանը Հայաստանում

Արցախ, 2023 սեպտեմբեր

Հայկական թերթերը գրում են, որ իշխանական թիմում սարսափում են այն մոտալուտ օրվանից, երբ օրակարգ կգա փախստականների վերադարձի հարցը:

Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարության թ․7 կետում նշվում է․ «ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»։ Քանի որ Ալիեւը “փախստականներին” հասկանալի պատճառներով չի տեղափոխում Արցախ, ակնհայտ է, որ Հայաստանը կազմաքանդելու ռուս-թուրքական պլանը ներառում է «փախստականների վերադարձ» Հայաստանի տարածք։

ՀՀ կառավարությունն արդեն բազմաթիվ նախապատրաստական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, նույնիսկ օրենք է ընդունել, ըստ որի գալիք փախստականները մեկ տարի անց իրավունք կունենան ձեւավորել սեփական ինքնակառավարման մարմինները։ Եւ հեռու չէ այն օրը, երբ ՀՀ «սուվերեն» տարածքում կհայտնվեն տարբեր «ինքնավարություններ»՝ սեփական ոստիկանությամբ, զորքով, որոնց կպաշտպանեն ռուս եւ ղազախ “խաղաղապահները”։ Դրանք կյհատննվեն ջրերի ակունքներում, հիմնական ճանապարհների, հանքերի եւ էներգառեսուրսների աղբյուրների մոտ։

ՔՊ-ն կարող է չսարսափի՝ չէ որ այս 6 տարիների ընթացքում նրանք բոլորը կարողություններ են դիզել, տներ առել, այդ թվում արտասահմանում, հիմա էլ դիվանագիտական անձնագրեր ունեն, եւ միանգամից կթռնեն։ Չէ՞ որ այս 6 տարին երկու կոնցեպտի պայքար էր՝ ապրելով եւ կռվելով հողը պահելու վճռականության եւ հողը լավ կյանքի դիմաց հանձնելու պատրաստակամության մեջ։ 30 տարի Ղարաբաղի եւ մնացյալ Հայաստանի բնակչության մի զգալի մասը  առաջին կոնցեպտն էին իրականացնում։ Բայց երկրորդը հաղթեց, եւ հիմա մենք այդ հաղթանակի պտուղներն ենք համտեսում։

Եւ պատահական չէ այն, որ այսօր Անձնագրային բաժիններում երկու զուգահեռ հերթ է․ քաղաքացիություն ստանալու համար /հիմնականում պետական եւ զինվորական ծառայության անցած արցախցիներ են/ եւ քաղաքացիությունից հրաժարվելու համար/այլ երկիր գնացաղները/։ Երկրորդ հերթն ավելի մեծ է։

Երկրորդ կոնցեպտը անհամատեղելի է պետություն ունենալու հետ։ Մաքսիմում՝ խաչմերուկ, հաբ, եւ դրան է տանում ՔՊ-ն, հողը փոխարինելով վերացական ժողովրդավարությամբ եւ բարեկեցությամբ։ Չէ՞ որ ժողովրդավարութոյւն եւ բարեկեցություն հնարավոր են եւ առանց հողի։ Իսկ հողի արժեքը քոչվորները ավելի լավ գիտեն։

«Անգամ իշխանական թիմում կանխատեսում են` երբ Ալիեւը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ իրենց ընտանիքներով, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի», գրում է հայաստանյան թերթը: Թեկուզ ի՞նչ տարբերություն՝ ՔՊ-ականներն արդեն այստեղ չեն լինի։ Միայն “սիրելի քույրերն ու եղբայրները” կման։

Միայն միջազգային դատարանը և ազգային տրիբունալը կարող են կասեցնել այս քրեական գործընթացը

Տավուշում «սահմանազատման և սահմանագծման» անվան տակ տարածքների հանձնման ֆոնին Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և դատարանում ՀՀ շահերը ներկայացնող փաստաբանները անհավասար «պայքար» են մղում ադրբեջանական ստերի ու կեղծիքների դեմ։

Ինչպես հայտնի է, ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ ընդդեմ Հայաստանի, որով փորձում է ապահովել, որ դատարանը ճանաչի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջակա տարածքի «օկուպացումը», «պատերազմական հանցագործությունների կատարումը, ադրբեջանական բնակչությանը այդ տարածքներից վտարելն ու այդ տարածքները 30 տարի վերահսկողության տակ պահելը»։ Ավելին, ադրբեջանը պահանջում է ճանաչել, որ «օկուպացիայի» տարիներին Հայաստանն օգտագործել է «իր երկրի» բնական ռեսուրսները, և «փոխհատուցում է պահանջում»։

Իսկապես, այս ֆաշիստական ​​սուբյեկտի լկտիությունը սահմաններ չունի։

Ի պատիվ հայ իրավաբանների և Հայաստանի շահերը պաշտպանող միջազգային իրավաբանների՝ ներկայացված փաստարկները հնարավորություն են տվել դատարանին համոզել ադրբեջանի պահանջների անհիմն լինելու մեջ։

Եղիշե Կիրակոսյանին հաջողվել է համոզել, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջակա տարածքները զբաղեցվել են Արցախի բնակիչների և բանակի կողմից՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքը չճանաչող ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի և նրա խաղաղ բնակչության դեմ սանձազերծած ագրեսիային։ Նա նաև ընդգծեց, որ ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբեք որոշում չեն կայացրել, որ Հայաստանը «օկուպանտ» է։ Կիրակոսյանի խոսքով, 1993-ի բանաձեւերում ՄԱԿ-ը Հայաստանին միայն կոչ էր անում ազդել ԼՂՀ հայերի վրա, որպեսզի նրանք դուրս բերեն իրենց զորքերը վերը նշված տարածքներից, իսկ Հայաստանի «օկուպանտ», առավել եւս “ագրեսոր” երկիր լինելու մասին խոսք չկա: Բանաձևերը պարունակում էին միայն կոչ Հայաստանին և ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցություններ սկսելու կոչով, ինչն էլ արեցին Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները։ Ինչին ադրբեջանը պատասխանել է, որ «պատերազմն անխուսափելի է, իսկ Մինսկի խումբը մեռած է»։ Ալիեւը հաստատել է, որ պատերազմն սկսել է հենց Ադրբեջանն ու ադրբեջանական կողմը եւ դատական ​​նիստի ժամանակ չի համարձակվել հերքել դա։

Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է բանակցությունների ընթացքում ադրբեջանցի փախստականներին իրենց նախկին բնակության վայրեր վերադարձնելու հարցը չդիտարկելու մեջ։ Կիրակոսյանի խոսքով՝ այս հարցը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների հիմնական քննարկման առարկան, և հենց ադրբեջանն է հրաժարվել համանախագահության ձևաչափից։ Ամենայն հավանականությամբ, քանի որ ԼՂՀ շուրջ տարածքների վերադարձի և փախստականների հետ մեկտեղ Մինսկի խումբը քննարկել է նաև ԼՂՀ կարգավիճակի հարցը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, Բաքուն հրաժարվել է այդ ձեւաչաձից։

Այս օրերին Վիեննայում և Ժնևում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայ իրավաբաններ Աննա Մելիքյանն ու Հասմիկ Հարությունյանը միջազգային հանրությանը ներկայացնում են նաև Ադրբեջանի ռասիստական ​​էությունը։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, ԵԱՀԿ մարդու իրավունքների նախագահությունը հյուրընկալում է «Քաղաքացիական հասարակության դերը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խթանման և պաշտպանության գործում» միջոցառումը:

Իսկ ՄԱԿ-ի բոլոր տեսակի ռասայական խտրականության կանխարգելման կոմիտեն կազմակերպում է հանդիպում, որի ընթացքում կներկայացվի հայկական կողմի հերթական զեկույցը։

Միևնույն ժամանակ, Բրյուսելում «Ճշմարտության և արդարության կենտրոն» միջազգային հասարակական կազմակերպությունը (CFTJ)՝ Կալիֆորնիայի դաշնային դատավոր Գասիա Աբգարյանի գլխավորությամբ, հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ «ադրբեջանի նախագահ» Ալիևին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բերման եւ պատասխանատվության ենթարկելու համար 2020 թվականի պատերազմի և վերջին երեք տարիների ընթացքում իրենց ուղղակի հրահանգով կամ հրամանագրերով կատարված հանցագործությունների համար, ներառյալ Արցախի 10-ամսյա շրջափակումը։

Նաև Եվրախորհրդարանն է բանաձեւ ընդունել ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրահանձնաժողովին դադարեցնել էներգետիկ համագործակցությունը ադրբեջանի հետ և պայմանավորել այդ երկրի հետ հետագա համագործակցությունը մինչև քաղբանտարկյալների ազատ արձակումով և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակը բարելավվելով.

Բանաձեւում նաեւ նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ։

Ինչպես տեսնում ենք, հայկական կողմի գործունեությունը միջազգային ասպարեզում ակտիվացել է ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակով։

Եվ միայն Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ահաբեկման, վախեցման, հասարակության բևեռացման քաղաքականություն և հակապետական ​​գործունեություն է ծավալում՝ ՀՀ ինքնիշխան տարածքները հանձնելով։ Թվում է, թե համաշխարհային հանրությունը վերջապես սկսել է համարժեք արձագանքել ադրբեջանի և Ռուսաստանի սպառնալիքներին, որոնք նպատակ են դրել ոչնչացնել հայկական պետականությունը «սահմանազատման և սահմանագծման» երևակայական գործընթացի միջոցով, որն իրականում Արցախի ճակատագրի կրկնությունն է։

Թերևս միայն միջազգային դատարանն ու ազգային տրիբունալը կարող են կասեցնել այս քրեական գործընթացը։ Հուսանք, որ հայ հանրությունը սկսել է հասկանալ, որ տունն ու հայրենիքը կորցնելու փորձանքն արդեն թակել է իրենց դռները, և գործը միայն Արցախով չի ավարտվի։

Մարգարիտա Քարամյան