Ապրիլի 30-ին Կասկադում ջազ-համերգին կմասնակցի Արցախի պետական ջազ նվագախումբը

Ապրիլի 30-ին, ժամը 16:00-ին` Ջազի միջազգային օրվան նվիրված, Կասկադի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա համերգ, որին կմասնակցի նաև Արցախի պետական ջազ նվագախումբը:

Խմբի կազմ՝ Արտյոմ Մանուկյան`թավջութակ, Արման Փեշտմալջյան՝ ստեղնաշարեր, Կարեն Մամիկոնյան` ստեղնաշարային գործիքներ, Արման Մնացականյան`հարվածային գործիքներ։

Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․

  1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․

  1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Լավատես չենք, որ դատախազությունը փորձելու է արագ ընթացք տալ այս հաղորդմանը,  բայց հիշելու ու պահանջելու ենք, հետևելու ենք դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների, մյուս պաշտոնատար անձանց  վարքագծին, ովքեր կդրսևորեն հանցավոր անտարբերություն»։

Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, տարածքային փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով։

«Փաշինյանը հրապարակելով 29 հազար 800 քկմ թիվ, փորձում է  ասել, որ այդ տարածքները, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանի տարածքներ չեն։ Խորամանկ հնարքով  փորձում է մանիպուլացնել մեզ։ Նաև ասում է՝ եթե չանենք, կհարձակվեն։ Այն, որ Ադրբեջանը հաձակվելու է, կասկած չունեմ։ Ինչ էլ անենք, հարձակվելու է,  որովհետև Ադրբեջանը տեսնելով, որ այս իշխանությունը, որն, իրոք, ամբողջությամբ անում  է այն քայլեը, ինչ թշնամի պետությանն է անհրաժեշտ,  ուրիշ տարբերակ չի մնում։ Ինչ խլեց, խլելու է  համոզելով, ինչը չխլեց համոզելով, խփելու ու խլելու է։ Այդ ընթացքում էլ մեր ինքնության, ինքնապաշտպանության բնազդը բթացված վիճակում է»։

Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունները

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում:

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում էր Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ներքո Ադրբեջանի պարտավորությունների կատարումը: Վերջինիս վերաբերյալ I.C.Law-ն, Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն մարտի 18-ին համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Կոմիտեին ներկայացրած Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին:

Խոսնակները ելույթ են ունեցել Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների համար նախատեսված ճեպազրույցում՝ ներկայացնելով 2016-ից ի վեր ադրբեջանցիների կողմից էթնիկ ատելության հիմքով հայերի նկատմամբ խոշտանգումների դեպքերը: Նրանք ընդգծել են, որ ադրբեջանական հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է 2020-2023թթ. խոշտանգումների և այլ ոճրագործությունների կտրուկ աճի, որոնց հետևանքով Արցախի ժողովուրդը ենթարկվել է տասնամսյա շրջափակման և ամբողջական ու բռնի տեղահանման:

Քալֆայանն ու Բեգլարյանը հատուկ անդրադարձել են ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումներին՝ հղում անելով հայրենիք վերադարձած հայ գերիների վկայություններին: Այդ համատեքստում նրանք կարևորել են միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ պաշտպանելու և ազատելու ադրբեջանական բանտերում որպես գերի պահվող հայերին:

Մասնակցելով նաև Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների և Ադրբեջանի պատվիրակության միջև քննարկմանը՝ ՀԿ-ների ներկայացուցիչները հերթական անգամ արձանագրեցին, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները բազմաթիվ կեղծ տեղեկություններ տրամադրում միջազգային հանրության ներկայացուցիչներին, կոծկում իրենց կատարած զանգվածային ոճրագործությունները և ամբողջապես խեղում ղարաբաղյան հակամարտության էությունը:

Կոմիտեի փորձագետ և երկրի համազեկուցող Թոդ Բուխվալդն ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին․

«Սարսափելի մեկ տեսանյութում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գլխատում տանջվող հայ տղամարդու, իսկ հավաքված ամբոխը՝ ծափահարում և ոգևորում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ազգամիջյան ատելության այս և այլ դեպքերը հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Ադրբեջանի պատվիրակությունը պատասխանել է, որ Ադրբեջանը ժխտել է հայ ռազմագերիների նկատմամաբ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք չցուցաբերելու մասին պնդումները։ Ըստ պատվիրակության անդամների՝ ռազմագերիները չեն ենթարկվել խոշտանգումների և ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։

Պատվիրակությունը նաև պնդել է, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է իրականացրել՝ տեսագրված հայ կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ որոշ զինվորականներ մեղավոր են ճանաչվել հայկական դիակները և գերեզմանները պղծելու մեջ և ենթարկվել են կարգապահական տույժերի կամ բանտարկության, իսկ Հայաստանի քաղաքացիների սպանության համար երկու անձ դատապարտվել է ազատազրկման։

Քալֆայանն ու Բեգլարյանը նաև հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի, Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի և այլ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք ներկայացրել են տվյալ մարմինների լիազորություններին առնչվող ադրբեջանական հանցագործություններն ու հիմնախնդիրները, որոնց բախվել և բախվում են հայերն Արցախում ու Հայաստանում:

Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Չիլիի Խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։

Հարավամերիկյան երկրի խորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևի դեմ Թուրքիան այսօր բողոքել է՝ հայտարարելով, թե այն «ուժ չունի»։

«Խորհրդարաններն իրավասու չեն մեկնաբանելու պատմության մեջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանց վերաբերյալ դատողություններ անել», – Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, պնդելով, թե բանաձևը նաև հակասում է ցեղասպանությունների կանխարգելման և պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիային։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ապրեց Արցախով, գնաց Արցախով, կգա Արցախով

Ես կամ, Մկրտիչ Մկրտչյան

Ղազարի թոռ, Հրաչի որդի Մակիչը երեկ՝ ապրիլի 24-ին կդառնար 62 տարեկան, այսինքն ի՞նչ կդառնար, դարձավ, ու դեռ մի բան էլ, բոլորիս հրավիրեց իր ծնունդին։ Ինչպես միշտ համեստ, հզոր, ազնվական ու այո ասպետական․․․

Տեսակով ասպետ էր Մակիչը, ով Արցախում հայտնի էր որպես երգող ֆիդային, կամ երգող զինվոր։ Մարդը մի անգամ երդում տվեց ծառայել Հայրենիքին ու հավատարիմ մնաց ողջ կյանքում։ Ապրածով ապացուցեց դա, միշտ մնաց Հայրենիքի նվիրյալ զինվորը, պատրաստ նրա կանչին։ Այս հարափոփոխ կյանքում նրան ոչինչ չփոխեց։ Ասում է զղջում եմ, որ դասական երգարվեստի ճանապարհով չգնացի, աշխարհը իմը կլիներ, ու շտապում ավելացնել, այսպես թե այնպես աշխարհը իմն է։ Աշխարհը իրենն էր թե չէ, չգիտեմ, բայց որ նա մի անծայրածիր աշխարհ էր, դա միանշանակ։ Երևի դրանից է, որ չտեղավորվեց մեր մեջ։

Հայրենիքի համար կռվողն ու Հայրենիքի ցավը երգողը այդ ցավը նաև կրեց, հազար անգամ ապրեց ու վերապրեց,  ասում է․ երբ իմացա, որ օրգանիզմիս մեջ դավադիրներ են հայտնվել, պարզվեց՝ լավ հիմնավորվել են, բայց կոնտրոլնին խփեց Արցախի կորուստը։

Մակիչ ջան, քեզ ու մյուս հզորներին Արցախ պարտք մնացինք․․․ քեզ հատուկ ասպետությամբ ասում ես, ամենասոսկալին պարտությունը չէ, այլ դրանից դասեր չքաղելը, պարտությունից դասեր քաղելով միայն կարող ենք հասնել հաղթանակի։ Ախր հենց դրանից էլ սոսկում եմ, մենք մի տեսակ դասեր քաղող ժողովուրդ չենք։ Ու քանի որ դու կաս ու ապրում ես, էստեղ ասեմ՝ տեսնենք ո՞նց կստացվի։

Ապրիլի 24-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ հուշ-երեկո՝  նվիրված Հայաստանի վաստակավոր արտիստ, ազգային ազատագրական երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) ծննդյան օրվան։

Միջոցառումը Մակիչի պես ինքնատիպ էր, զգացական, բայց և տոկուն։ «Ես կամ, ես ապրում եմ» խորագրով վավերագրական ֆիլմը, Մակիչավարի ներկայացրեց նրա անցած հարուստ, տառապանքներով ու վայելքներով լեցուն կյանքի ուղին։

Մկրտիչ Մկրտչյանը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին, 61 տարեկան հասակում։ Ապրեց Արցախով, գնաց Արցախով, որ վերածնվի Արցախում, իսկ մինչ այդ պետք է ինչքան էլ որ դժվար լինի, դիմանանք, վախկոտ չլինենք չմահանանք։

Արմինե Հայրապետյան

Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում

Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունել, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ ապագա ցանկացած համագործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։

Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները համատեղելի չեն այդ երկրում COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, Ադրբեջանի իշխանություններին հիշեցնում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը հարգելու պարտավորությունը՝ կոչ անելով չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը, որոնք անկախ ոչ կառավարական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին օրենքից դուրս են թողնում։

Բանաձևը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։

Բանաձևի ընդունմանը նախորդած դեբատների ժամանակ ելույթ ունեցած պատգամավորների մեծ մասը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, Եվրոպական հանձնաժողովին կոչ են արել կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում ու դադարել Ալիևի ռեժիմին ռազմավարական գործընկեր համարել։ Պատգամավորները իրենց ելույթներում շեշտել են նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները համատեղել չեն այդ երկրում COP29 համաժողովն անցկացնելու որոշման հետ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ է. ռուսները չեն գնա, քանի դեռ հայերը չեն հեռացել

«Գիտեք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը մնում է արդիական։ Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չժխտեց այդ պայմանավորվածությունները»,- այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Կրեմլի կայքում նոյեմբերի 10-ի իր տարբերակում հրապարակված եռակողմ հայտարարության մեջ անգամ մեկ խոսք չկա այն մասին, որ ռուսական «խաղաղապահ» ​​զորքերը կպաշտպանեն հայերի անվտանգությունը։ Այնտեղ խոսքը միայն հանձնվող տարածքների, ճանապարհների վերահսկողության և «բեռների ու քաղաքացիների» անվտանգության մասին է։ Հայտարարության մեջ չի ասվում, թե քաղաքացիներն ինչ ազգի են։

2020 թվականին արցախյան վերնախավը մարդկանց համոզեց վերադառնալ Արցախ՝ ռուսական երաշխիքներով։ Քիչ հավանական է, որ վերնախավը չի կարդացել Եռակողմ հայտարարությունը և հազիվ թե չի նկատել, որ «հայերի պաշտպանությունը» չի մտնում «ռուսական կոնտինգենտի» պարտականությունների մեջ։ Սա նշանակում է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարությունը գործել են ռուսների հետ համաձայնեցված՝ իմանալով, թե ինչ է լինելու 2-3 տարի հետո։

Արցախի ղեկավարությունն այժմ գտնվում է Բաքվի բանտում, սակայն Հայաստանի իշխող վերնախավը և ռուսամետ ընդդիմությունը շարունակում են գործել ռուսների և թուրքերի հետ համաձայնեցված՝ «եռակողմ հայտարարությանը» վերաբերվելով որպես սուրբ կովի։ Չնայած Արցախի օկուպացմանը, ցեղասպանությանը և բնիկ բնակչության տեղահանությանը, Երևանը չի մերժում Եռակողմ հայտարարությունը։

Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես «եռակողմ հայտարարություն են»։ Մովսես Հակոբյանը այս մասին ասել է ուղիղ։ Այս համատեքստում, ճանապարհների փակման և բողոքի ցույցերի հետ մեկտեղ, Հայաստանի ընդդիմությունը, կարծես թե, պետք է հայտարարեր «եռակողմ հայտարարությունը» մերժելու մասին։ Բայց նա կապված է այդ հայտարարության հետ այնպես, ինչպես իշխող կուսակցությունը, ինչի պատճառով «եռակողմ հայտարարությունը» կիրականացվի մինչև վերջին կետը՝ Հայաստանի վերացումը։ Իսկ ռուսական զորքերը Հայաստանը կլքեն միայն հայերի հեռանալուց հետո, ինչպես եղել է Արցախում։ Սա է նոյեմբերի 9-10-ի հայտարարության իմաստը։

«Sputnik Армения» եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակում ասվում է. «Աղդամի շրջանը և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձվում են ադրբեջանական կողմին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը»։ Եվ չնայած Կրեմլի կայքում նոյեմբերի 10-ի այս կետն այսպիսի տեսք ունի՝ «Ագդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը», այն արդեն սկսել է իրագործվել Տավուշում։

Sputnik Արմենիայի կայքում գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի հաղորդակցությունը Հայաստանի հետ և չի ազդի Շուշա քաղաքի վրա»։

Կրեմլի կայքում չկա արտահայտություն, թե Հայաստանն է «պահպանում» Լաչինի միջանցքը և նշում է, որ այն «մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հսկողության տակ»։

Կան նաև այլ տարբերություններ, օրինակ՝ իններորդ պարբերությունում, որտեղ խոսվում է Նախիջեւան տանող միջանցքի մասին։ Նախնական վարկածում ասվում էր, որ Հայաստանը «տրանսպորտային կապեր է ապահովում» Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի միջև։ Կրեմլի կայքում տեղադրված տարբերակում ասվում է, որ Հայաստանը «երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։ Միևնույն ժամանակ, երկու տարբերակներում էլ նշվում է, որ «տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։

Այնպես որ, իզուր չէ, որ Զախարովան հիշեցնում է «եռակողմ հայտարարությունը», որի իրականացման համար ստեղծվել է Հայաստանի ներկայիս խորհրդարանը։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ադրբեջանական գազ Հայաստանը վաղուց է ստանում

Ադրբեջանից և Իրանից գազատար անցկացնելը և այդ երկրներից գազ գնելը շատ լավ տարբերակ է։ Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա պարզաբանել է, որ քննարկումներ չեն ընթանում։

Հարցին, թե Հայաստանն, արդյո՞ք, կարող է գազ գնել Ադրբեջանից, նա պատասխանել է. «Այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ»։

Սիմոնյանը վստահ է, որ պայմանագրով Ռուսաստանից Ադրբեջանով անցնող և Եվրոպա գնացող «նույն գազը գալիս է մեզ մոտ»։

Ինչ նկատի Սիմոնյանը, նույնիսկ պետք  չէ կռահել»։ ՀՀ ղեկավարների աթոռներին նստած անձինք շարունակում են անել հայտարարություններ, որոնց իմաստը մեկն է՝ Հայաստանի պետականության հիմքերի քայքայում եւ հասարակությանը երկրի լուծարմանը պատրաստելը։

2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ

Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ապրիլի 25-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փոփոխությունը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով։

Նախարարը հիշեցրեց, որ  Տավուշի մարզում 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը։

«Այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները։ Հետևաբար, այս պահին ընդունելության կարգում անում ենք փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով։ Եվ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ։

Կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց այս տարվա՝ 2023-2024 ուսումնական տարվա ավարտից թեստերը, որով կազմակերպվում են քննությունները, նոր ձևաչափով կիրառվեն և համապատասխանեն չափորոշչի բովանդակությանը և դա նաև այս նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ արդեն դրա արդյունքները, որպես ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026 թվականից այս համակարգը արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար։

Նախարարի խոսքով՝ Տավուշի մարզում փորձարկումից հետո կկարողանան նաև մոտեցումները վերջնականացնել ընդհանուր ներդրման համար։

 

Այսօր քաղաքացիները փակել են նաեւ Երեւան-Գյումրի, Երեւան-Մեղրի եւ Երեւան-Սեւան ճանապարհները

Այսօր քաղաքացիները փակել են նաեւ Երեւան-Գյումրի, Երեւան-Մեղրի եւ Երեւան-Սեւան ճանապարհները՝ հայտնելով իրենց բողոքը Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Երեւան-Մեղրի ճանապարհը փակ էր Տիգրանաշենի հատվածում, ոստիկանները մարդկանց ուժով հեռացրեցին, ոմանց բերման ենթարկեցին։

«Վաղը թուրքերը գալու են հայ ժողովրդի իրավունքները սահմանափակեն, կգաք ճանապարհը կբացեք։ Նիկոլն էս ճանապարհը տալիս է թուրքին, դուք թուրքին եք պաշտպանում»,- ոստիկաններին դիմեցին քաղաքացիները։

«Նիկոլին ասեք, որ թուրքը պետություն չունի, պետությունը մենք ենք, Ադրբեջանը հող չունի, բոլորը եղել է Հայաստանի Հանրապետություն»,- հայտարարեց ցուցարարներից մեկը։

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

«Հիմք ընդունելով 2007 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը»,- նշված է հիմնավորման մեջ: