«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դեպքով երեկ Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։

Լավ կլիներ, որ Էջմիածնից հայտարարություն լիներ, որ բոլոր թեմերը կանգնեն Տավուշի թեմի կողքին

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Պարո՛ն Հայրյան, Ցեղասպանությունից 109 տարի անց մենք ականատես ենք լինում նրան, որ ՀՀ իշխանությունները կարծես փորձում են փակե՞լ Ցեղասպանության հարցը։

-Նախ արձանագրենք, որ ամենաանհասկանալի երեւույթն այն է, որ Ցեղասպանությունից 109 տարի հետո Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չունենք։ Դա թույլ է տալիս այսօրվա պաշտոնյաներին, օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին կասկածի տակ դնել զոհերի թիվը եւ հայտարարել, թե պետք է հաշվառել զոհերին։ Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձում Ցեղասպանության փոխարեն ընգծել է Մեծ եղեռն արտահայտությունը։ Այսինքն, լինելով ռուսների ու թուրքերի կամակատարը, ուզում են հարցականի տակ դնել այդքան պետությունների կողմից ճանաչված ակտերը եւ գնալ թուրքերի ճանապարհով, որ իբր պատմաբանների խորհուրդը պետք է որոշի։ Մենք մեր ելույթներում 2020 թվականի դեպքերից հետո միշտ ասել ենք, որ այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Հադրութին հետեւելու է Ստեփանակերտը, այնուհետեւ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը եւ հայկական պետականության վերացումը, քանի որ այլ պետություններից առաջադրանք ունեն՝ փակել հայկական հարցը։

Դուք հիշեցրել եք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է 1,5 մլն զոհերին։ Այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակավ կասկածի տակ են դնում Ցեղասպանության զոհերի թիվը, եկեղեցին կարո՞ղ է բանադրել սրբադասված զոհերի հիշատակն անարգողներին։

-Թեպետ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չունենք, բայց կրոնական հասկացողություններով 100-ամյա տարելիցին Ցեղասպանության զոհերի սրբադասվումը համապատասխանում է քաղաքացիական կյանքում Ցեղապանության ժխտումը քրեականացնող օրենքին։ Դա համարժեք է նրան, եթե քաղաքացիական կյանքում ունենայինք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Եթե զոհերը սրբադասվել են, եւ դրանից հետո ոմանք փորձում են կասկածի տակ դնել զոհերի թիվը, ստացվում է, որ դեմ են գնում եկեղեցու կանոններին։ Եթե եկեղեցու կանոնները խախտում են, դա կոչվում է սրբապղծություն, ուստի, մեր եկեղեցին լրիվ իրավունք ունի եւ պարտավոր է բանադրել սրբապիղծներին։ Անդրանիկ Քոչարյանի այս խոսույթն ինքնուրույն չի դրվել շրջանառության մեջ, երեւի իր վերադասից է ստացել այդ հանձնարարականը, եկեղեցին այստեղ պետք է շատ խիստ լինի։ Բայց մեր եկեղեցուց այդպիսի խիստ վերաբերմունք սպասելի չէ։ Ես համենայնդեպս չեմ հիշում, որ  վերջին հարյուրամյակներում մեր եկեղեցին որեւէ մեկին բանադրած լինի։ Գուցե ես պատմությունը լավ չգիտեմ, բայց երեւի Թոնդրակեցիների օրերից բանադրության ակտ չի եղել։

Մենք 2020 թվականի պատերազմից հետո փորձել ենք կապ հաստատել եկեղեցու հետ եւ առաջարկել ենք, որ 44-օրյա պատերազմի զոհերը նույնպես սրբադասվեն։ Սա, մեր կարծիքով կզգաստացներ աշխարհին, որը լուռ հետեւում էր այդ ցեղասպան պատերազմին։ Եվ եթե 2020 թվականին եկեղեցին սրբադասեր պատերազմի զոհերին, 2023 թվականի գործընթացները հաստատ տեղի չէին ունենա։ Ընդ որում, աշխարհը ոչ թե կողքից նայում էր, այլ այդ աշխարհի առնվազն մեկ տասնյակ պետություններ ակտիվորեն մասնակցում էին 2020 թվականի ցեղասպանությանը։ Ստացվում է հետաքրքիր բան՝ որոշ պետություններ մեզ ցեղասպանում են, մենք էլ չենք բողոքում, չենք պայքարում մեր իրավունքների համար, աշխարհն էլ իրեն իրավունք է վերապահում հետեւել այդ ամենին։

Հայ առաքելական եկեղեցին հայ ազգի հոգեւոր հովիվն է եւ եկեղեցին պետք է հասկանա, որ եթե հոտը վերանա, իրեն հովվելու ոչինչ չի մնա։ Եթե պետությունը վերանա, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկությունը կդառնա թափառական, ինչպես միջին դարերում։ Այսինքն՝ եկեղեցին, ե՛ւ իր, ե՛ւ ազգի շահերից ելնելով, պետք է ամուր կառչի հայոց պետականության գաղափարին եւ պահպանի այն ամբողջ ուժով։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցական իշխանությունները պետք է օգտագործեն իրենց բոլոր լծակները՝ պայքարելու համար այսօրվա ապազգային իշխանությունների դեմ։

Ցեղասպանության տարելիցին հասարակությունն ամեն տարի ավանդական ջահերով երթ է անցկացնում,  եկեղեցին կարո՞ղ է անցկացնել համարժեք միջոցառում։

– Ցեղասպանության հիշատակին կազմակերպված ամենահաջողված միջոցառումներից մեկը ջահերով երթն է։ Սա փաստում է այն հանգամանքը, որ համարյա բոլոր երկրներում հայ համայնքների կողմից այն անցկացվում է եւ վայելում է մեծ ժողովրդականություն։  Միեւնույն ժամանակ իր մասշտաբներով կարողանում է այլ ազգերի եւ պետությունների ուշադրությունը գրավել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի միջոցառում կարող է անցկացնել եկեղեցին այս պարագայում, ասեմ, որ աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիներն ազգի, երկրի կամ եկեղեցու համար տագնապալի վիճակներում անցկացնում են խաչերով երթ, կարճ ասենք՝ խաչերթ։ Ցանկալի է, որ մեր եկեղեցին այս օրերին մեր ապազգային իշխանություններին զգաստացնելու, ազգին թմբրից հանելու եւ աշխարհի ուշադրությունը մեր կողմը դարձնելու համար անցկացներ խաչերթ։ Դա սթափեցնող ազդեցություն կունենա ապազգային իշխանությունների համար, կարթնացնի հայ ազգին թմբիրից եւ աշխարհին կզգուշացնի, որ չի կարելի անտարբեր հետեւել հայոց  ցեղասպանությանը։ Եկեղեցու կողմից նաեւ կարելի է համազգային ղողանջ հնչեցնել Տավուշի համար։ Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձություններում մեծ համբավ է ձեռք բերել Բագրատ սրբազանը, որը ժողովրդի հետ պայքարում է իր հողի համար։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ են մյուս թեմերը Բագրատ Գալստանյանին թողել մենակ։ Լավ կլիներ, որ Էջմիածնից հայտարարություն լիներ, որ բոլոր թեմերը կանգնեն Տավուշի թեմի կողքին։ Իմ կարծիքով՝ Բագրատ սրբազանի՝ այդ ակցիաներին մասնակցելը եւ եկեղեցու այդ կոչը ոգեշնչող կլիներ ժողովրդի համար։

Ռոզա Հովհաննիսյան

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ ԱԽ-ում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը

Ռուսաստանի Դաշնությունն օգտագործել է իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) և արգելափակել ԱՄՆ-ի և Ճապոնիայի բանաձևի նախագիծը՝ տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքեր (WMD) չտեղակայելու մասին։

Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 երկրներից 13-ը, Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում պետություններին չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակներ, որոնք նախատեսված են Երկրի ուղեծիրում կամ երկնային մարմինների վրա տեղադրելու, ինչպես նաև դրանք ցանկացած այլ ձևով տիեզերքում տեղադրելու համար:

Ռուսաստանն ու Չինաստանն առաջարկել են լրացում կատարել այս փաստաթղթում։ Համաձայն դրա՝ բոլոր երկրները պետք է «հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ մշտապես կանխելու զենքի տեղակայումը տիեզերքում և ուժի կիրառման սպառնալիքը տիեզերքում՝ տիեզերքից դեպի Երկիր և Երկրից դեպի արտաքին տիեզերքում գտնվող առարկաներ»։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել այս ուղղումը։

Ավելի շատ տարածքներ են հանձնելու․ կիրանցի բնակիչները զենք են պահանջում

Կիրանց

Տավուշի մարզի Կիրանց գյուղ բնակիչները տեղեկացվել են, որ ավելի մեծ տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին, քան ավելի վաղ նրանց ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը։ Կիրանցի բնակիչներից մեկի խոսքով՝ «իրենք ներկայացնում էին մեկ այլ սահման, բայց փաստորեն իրենց գծած սահմանը պետք է գյուղի ներքեւի հատվածով անցնի։ Հիմա ստացվում է, որ իրենց ներկայացրած սահմանից ավելի մեծ սահմաններ են ընդգրկվելու, ըստ իրենց, որպես Ադրբեջանի տարածք»։

Գյուղացիներն այսօր դարձյալ հավաքվել ու իրենց բողոքն են նեկայացնում։ Նրանք ասացին, որ որեւէ քաղաքական ուժի չեն սպասարկում, ինքնաբուխ դուրս են եկել փողոց՝ դժգոհություն հայտնելու կառավարությանը։ Նրանք հարցադրում են անում՝ մինչեւ երբ պետք է հայկական հողերը հանձնվեն թշնամուն․ «Թող զենք տան, մենք պայաքարում ենք, մեր հողը պահում ենք։ Կիրանցն անպարտելի է, իր պատմության ընթացքում Կիրանցը երբեւէ չի պարտվել, ուսումնասիրեք մեր գյուղի պատմությունը, թե քանի արշավանք է եղել։ Հիմա մեզ ստիպում են, ասում են՝ պետք է հետ քաշվեք, ինչո՞ւ հետ քաշվենք, հանուն ինչի՞»։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի համայնքապետերը կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո նույնպես ասել էին, որ ավելի շատ տարածքներ են հանձնվելու թշնամուն, քան ավելի վաղ ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահը այցելեց Թուրքիա. Բաղդադի ճանապարհը կանցնի Մեղրիով

Գերմանիայի և Թուրքիայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել են իրենց «ակնհայտ շահագրգռվածությունը» երկու երկրների միջև համագործակցության սերտացման և բարելավման հարցում։

Շտայնմայերը, մաղթելով Թուրքիային «դինամիկ, ժողովրդավարական, եվրոպական ուղղվածություն ունեցող զարգացում», նշել է, որ աշխարհի ոչ մի երկրի հետ Գերմանիան այդ քանակի «սերտ ընտանեկան կապեր» չունի, որքան Թուրքիայի հետ։ «Մենք միմյանց կարիք ունենք», – եզրափակեց Շտայնմայերը: Այս մասին հայտնում է DW-ն։

Գերմանիայում իսկապես Թուրքիայից միլիոնավոր մարդիկ են ապրում, որոնց մեծ մասը քրդեր են, եւ նրանք Թուրքիայում բռնաճնշումների են ենթարկվում։ Սակայն ընտանեկան հարաբերությունները չէին պատճառ դարձել, որ Գերմանիայի նախագահը հենց ապրիլի 24-ին հայտնվի Թուրքիայում՝ ցուցադրաբար՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Բեռլինը, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, առաջ է քաշում Կենտրոնական Ասիայից Եվրոպա Մեծ երկաթուղու գաղափարը՝ Թուրքիայի միջով:

Հունվարի 29-30-ը Բրյուսելում տեղի ունեցավ Global Gateway ներդրումային ֆորումը։ Դրան մասնակցում էին ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի կառավարությունների, ֆինանսական հաստատությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ԵՄ-ն առաջարկում է գլոբալ տրանսպորտային միջանցքի նախագիծ մշակել Ասիայից Եվրոպա Կասպից-Սևծովյան տարածաշրջանով։ Խոսքը, ըստ էության, Ադրբեջանի կողմից խթանվող «Միջին միջանցք» նախագծի (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) մասին է։ Հենց Բաքվին էլ 10 մլրդ․ եվրո ներդրում են խոստացել։ Իսկ ընդհանուր բյուջեն մոտ 300 մլրդ․ կլինի։

Հիշեցնենք, որ «Միջին միջանցքն» անցնում է ղազախա-չինական սահմանից Կասպից ծովով և դեպի Եվրոպա՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

Ռուսաստանի համար այս ծրագրերը չափազանց մտահոգիչ են թվում։ Ապրիլի 24-ին նախորդող օրը Ալիևի Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինը ավելի շատ խոսեց ԲԱՄ-ի և Տրանսսիվի երկաթուղու մասին, և որ այդ ճանապարհները կարող են հասնել «ԱՊՀ երկրներ», այսինքն՝ Ադրբեջան։ Բնականաբար՝ Մեղրու ճանապարհով հասնել Թուրքիա։ Նա հիշեցրեց, որ ԲԱՄ-ի շինարարությունը վերահսկել է Հեյդարիչի հայրը։

Հիշեցնենք, որ «Միջին միջանցքը» ներառում է “զանգեզուրի միջանցքը” Հայաստանի տարածքով, իսկ ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահի այցը Թուրքիա վկայում է այն մասին, որ Բեռլինն աջակցում է Թուրքիային, որն առաջարկել է Մեղրիի ճանապարհին «Ռուսաստանը Կալինինգրադի հետ միացնող միջանցքի» կարգավիճակ տալ։ Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիևը կրկին հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գտնվի ռուս սահմանապահների վերահսկողության տակ։

Գերմանիայի ինչի՞ն է պետք «Միջին միջանցք», որի կարևորագույն հատվածը կվերահսկեն ռուս սահմանապահները։ Գերմանիան գիտի, որ դա նշանակում է Հայաստանի անհետացում որպես պետություն, ուստի սատարում է Հայաստանին վերացնելու Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 24-ի կապակցությամբ, ասել է, որ Հայաստանը գրեթե պատահաբար հայտնվեց աշխարհի քարտեզի վրա Օսմանյան կայսրության փլուզումից հետո։

Հիշենք, որ 20-րդ դարի սկզբին Գերմանիան լոբբինգ էր անում, այսպես կոչված, Բաղդադի երկաթուղու համար, որի կառուցումը, ինչպես պատմաբաններն են ասում, պատրվակ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի և արդյունքում 6 կայսրությունների փլուզման, ներառյալ Օսմանյան, Ռուսական և Գերմանական ռեյխը։ Բաղդադի ճանապարհի շինարարությունն այդպես էլ չավարտվեց։ Եվ հիմա, նոր աշխարհակարգի կառուցման շեմին, Գերմանիան և Թուրքիան կրկին համաձայնության են գալիս ճանապարհի շուրջ։

Նաիրա Հայրումյան

Զինվորականները Տավուշում պետք է պահանջեն գրավոր հրաման․ Սեյրան Օհանյան

«Սահմանազատում չի իրականացվել, ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում։ Դա իր մեջ պարունակում է վտանգ, ամենակարեւոր վտանգն այն է, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի շուրջ պետք է իրականացվեր այդ ամբողջ գործընթացը։ Իսկ սկզբունքներից ամենակարեւորն այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների առիթ։ Եթե մենք ուզում ենք, որ դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ այն տարածքներից, որոնք ինքը զբաղեցրել է»,- Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ այսպիսով խախտվում է ամբողջ պաշտպանական համակարգը։ Ըստ նրա՝ այս ամենն այսօր իրականացնելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը, արդեն ՀՀ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Սա հայ ժողովուրդը պետք է իմանա։

Անդրադառնալով բանակի անելիքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Այստեղ տեղակայված N զորամիավորման անձնակազմն իր պարտականությունները նախ պետք է կատարի, որովհետեւ նրանք մեր սահմանների պաշտպանության համար են նախատեսված, ոչ թե մեր սահմանները հանձնելու համար: ՀՀ իշխանությունների կողմից այս գործողություններն անցնում են սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերի խախտումով։ Այսինքն՝ սրանք ապօրինի գործողություններ են: Այս ամենն իրականացնելու համար նախ իրենք պետք է պահանջեն գրավոր հրաման, որովհետեւ այդ գրավոր հրամանները հետագայում ՀՀ իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդման առիթ են հանդիսանալու: Սա միայն Տավուշի բնակչության խնդիրը չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի հայ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, դիմադրության օջախներ ձեւավորեն ամբողջ հանրապետությունով մեկ, աջակցեն բանակին, որ բանակին այդպիսի հիմար հրամաններ չտան»։

Պուտին-Ալիև. Հայաստանը պետք է դառնա գորշ գոտի

Մոսկվա կատարած այցից և Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիևը կրկնել է Մեղրիի միջանցքի անհրաժեշտությունը և ասել, որ եթե Հայաստանը զինվի, Բաքուն քայլեր կձեռնարկի։

Մոսկվայում Պուտինն ու Ալիևը հանդիպեցին իբր ԲԱՄ-ի 50-ամյակի կապակցությամբ, որի շինարարությունը վերահսկում էր Ալիև-ավագը։ Հանդիպմանը Պուտինը նշել է, որ մտադիր է զարգացնել և՛ ԲԱՄ, և՛ Տրանսսիբիրյան երկաթուղին, որոնք «օգտագործում են ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՊՀ երկրները»։

ԲԱՄ-ի նկատմամբ անսպասելի հետաքրքրությունն ուղղակիորեն կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը պետք է դառնա Եվրասիական կամ Հորդայի լոգիստիկայի կարևոր մասը:

«Խաղաղության խաչմերուկ դառնալու համար Հայաստանը պետք է համաձայնության գա մեզ հետ։ Ադրբեջանը պետք է Նախիջևանի հետ շփումներ ունենա միջազգային վերահսկողության և անվտանգության ներքո։ Նրանք (հայերը) դեմ են ռուսական սահմանային ծառայությանը, թեև իրենք են ստորագրել եռակողմ հայտարարությունը»,- ասել է Ալիևը՝ ոգեշնչված Պուտինի հետ հանդիպումից։

“Զանգեզուրի միջանցքի” հետ կապված հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, ասել է Ալիևը։ «Այո’, այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն, բայց ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։ Այս հայտարարությունը ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այդ դրույթը»,- ասաց նա։

Բաքուն պնդում է, որ Ռուսաստանը պետք է վերահսկի ճանապարհը, որպեսզի բոլորը կարողանան Հայաստանը օգտագործել որպես մեծ գորշ գոտի՝ պատժամիջոցային, արգելված ապրանքների տարանցման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զենքի անվերահսկելի փոխադրման համար։ Փաշինյանի «խաչմերուկը» Պուտինի և Էրդողանի ծրագիրն է՝ Հայաստանը գորշ տրանզիտի վերածելը։

Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Ադրբեջանը չի կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ։ Եթե ​​մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

«Քայլեր» կձեռնարկի հավանաբար Ռուսաստանը, որի զորքերը Արցախից դուրս կբերվեն ոչ թե Կոռնիձորով, այլ Զանգելանով ու Հորադիզով՝ ուղիղ դեպի «Զանգեզուր»։

Ապրիլի 24-ին Պուտինը ոչ մի խոսք չասաց Հայոց ցեղասպանության մասին՝ սատարելով Ալիևի սպառնալիքներին և շտապեցնելով Փաշինյանին։

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ

Միջազգային հայտնի Newsweek պարբերականը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հոդվածի հեղինակը դոկտոր Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն է՝ Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն իր հոդվածում մասնավորապես նշել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ամարասի վանքը՝ քրիստոնեության հնագույն կրոնական համալիրներից մեկը և Հայ առաքելական եկեղեցու սրբավայրը գրավվեց Ադրբեջանի կողմից, որի բանակը ներխուժեց Արցախի ինքնակառավարվող հայկական անկլավ, որը լայնորեն հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ: Հարձակումը խախտեց 2020 թվականի համաձայնագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որը վերջ դրեց պատերազմին և ստիպեց խուճապի մատնված 120,000 հայերին փախչել անկլավից:

«Գաղթը, որը վերջ դրեց հայերի գրեթե 4000-ամյա շարունակական ներկայությանը և աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկին զրկեց իր բնօրրանից, վերջին ժամանակների ցեղասպանություններից էր (էթնիկ զտումներից): Ողբերգություն է, որ Օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մեկնարկից 109 տարի անց, մի իրադարձություն, որը նշվում է ամբողջ աշխարհում ապրիլի 24-ին, հայերը դեռ ենթարկվում են հարձակման: Մենք Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտում, որի առաքելությունն է կանխել նման չարիքի կրկնությունը, սարսափով դիտել ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կանոնավոր վայրագություններ անում հայ զինվորների և նրանց ճիրաններում ընկած քաղաքացիական անձանց նկատմամբ, այդ թվում՝ գլխատումներ, անդամահատումներ, նվաստացումներ և սեռական բռնություններ, որոնք հաճախ տեսագրվում և տարածվում են սոցիալական ցանցերում»,- գրել է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։

Ոճրագործությունները փաստող թղթապանակը, որը կազմվել է Կալիֆորնիայում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնի կողմից, անցյալ շաբաթ ներկայացվել է Միջազգային քրեական դատարան:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը ես կցանկանայի ընդգծել, որ ցեղասպանական վարչակարգերն իրենց չարիքն իրականացնում են բազմաթիվ ձևերով, և դրանցից մեկը ժողովրդի մշակույթը ոչնչացնելու ջանքերն են: Արցախահայության մարդկային դժբախտությունն Ադրբեջանի հանցագործությունների ամենասրտաճմլիկ կողմն է։ Ադրբեջանը փորձում է նաև ջնջել և վերաշարադրել հայ քրիստոնեական պատմությունը: Եվ չնայած մշակութային ջնջումը և ցեղասպանությունը տարբեր հասկացություններ են, մշակութային ջնջումը կարող է լինել ցեղասպանության բաղադրիչ կամ նախադրյալ որոշակի համատեքստերում»,- նշել է դոկտոր Ջոեդեն-Ֆորջեյը:

Իբրև ապացույց, նա վկայակոչել է Ամարասի վանքի օրինակը՝ սրբավայրն անվանելով հզոր խորհրդանիշ: Ջոեդեն-Ֆորջեյը հիշեցրել է, որ 4-րդ դարի սկզբին Հայաստանի ավետարանիչ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Ամարասի վանքը նրա թոռան՝ Սուրբ Գրիգորիսի թաղման վայրն է։ 5-րդ դարում հայոց այբուբենը հորինած սուրբ Մեսրոպ Մաշտոցն այնտեղ հիմնեց իր առաջին դպրոցը։

Այն Հարավային Կովկասի քրիստոնեական մշակութային ժառանգության գոհարն է, և այդ ամբողջ պատմությունն այժմ ցանկանում են ջնջել: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լավ փաստագրված հայատյացությունը, ով վերջերս վերընտրվել է հինգերորդ ժամկետով, շատ ավելին է, քան ատելության խոսքը: Այն խթանել է տարածաշրջանում քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացումը, ավերածություն, որը նախորդել է Ալիևի ռեժիմին, բայց հասել է իր գագաթնակետին նրա օրոք և որի ճիրաններում է հայտնվել հայկական քրիստոնեական ժառանգությունը: Ադրբեջանական Նախիջևանի էքսկլավում, որը ժամանակին զգալի հայ բնակչություն ուներ, բայց այժմ չունի, Ադրբեջանը ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգության մոտ 98 տոկոսը, ներառյալ եկեղեցիները, գերեզմանատները և վանքերը: Ադրբեջանն ընդհանրապես ժխտում է տարածքի եկեղեցիների, գերեզմանոցների և վանքերի հայկական ինքնությունը՝ դրանք վերագրելով «Կովկասյան ալբանացիներ» կոչվող պատմական խմբին, որի հետ ադրբեջանցիները կապում են իրենց պատմական արմատները»,- նշել է հոդվածագիրը

Դոկտոր Ջոեդեն-Ֆորջեյը հավելել է, որ ի թիվս այլ գործողությունների՝ 2022 թվականին Ադրբեջանը սրբապղծեց Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցին և այն վերածեց ռեստորանի, ավերեց Սուսանլըգ գյուղի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին և 9-րդ դարով թվագրվող գերեզմանատները:

«Ադրբեջանի ագրեսիաները խախտում են ոչ միայն միջազգային իրավունքը, այլև համաշխարհային արժեքային համակարգը, որը պաշտպանում է կրոնական ազատությունը: Ադրբեջանական ուժերը տեսանկարահանել են, թե ինչպես են կրակում 13-րդ դարի Չարեքթար վանքում, իսկ անցած աշնանը անկլավը գրավելուց հետո զինվորականները ապամոնտաժեցին վանքը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայացքը հայերի վերաբերյալ շատ նման է երիտթուրքերի պանթուրքիստական ​​գաղափարախոսությանը, ովքեր ոչնչացրին հայկական ներկայությունը Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ավելի քան մեկ միլիոն հայեր սպանվեցին այն հողերում, որտեղ նրանք ապրել էին հազարամյակներ շարունակ: Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ՝ որպես էթնոկրոնական խումբ՝ հին ժողովուրդ, որը սերտորեն կապված է իր քրիստոնեական ինքնության հետ»,- պարզաբանել է Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը:

Նրա պնդմամբ՝ բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ Ալիևի և նրան աջակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պանթյուրքիստական նկրտումները դեռ չեն ավարտվել։ Ալիևն այժմ սպառնում է ներխուժել Հայաստան, որը նա անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

«Ադրբեջանը պատասխանատու է կրոնական ազատությունների կոպիտ և սիստեմատիկ ոտնահարումների, ներառյալ էթնիկ զտումների և ցեղասպանության համար, որոնք իրականացվել են հայերի դեմ: Նրա հարձակումը հարձակում է դեմոկրատական ​​արժեքների վրա, վիրավորանք ճշմարտության հայեցակարգին և գործելակերպ, որին Միացյալ Նահանգները պետք է վճռականորեն հակադարձի: Ադրբեջանի իրական դեմքը չճանաչելը կմեկնաբանվի որպես այս ճանապարհով շարունակելու անպատժելիություն։ Մնում է միայն այցելել արևելյան Թուրքիա և տեսնել, թե ինչ արդյունք է ունենում անգործությունը, քանի որ հայերի պատմական հայրենիքը, որտեղ նախկին եկեղեցիները ավերվել են, ավերակ են կամ օգտագործվում որպես պահեստ»,- եզրափակել է Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը:

 

«Մերժիր գժին» նախաձեռնությունը ակտիվության հայտ է ներկայացրել

«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, ինչի արդյունքում երթևեկությունը տևական ժամանակ կաթվածահար է եղել և խցանումներ առաջացրել։ Նրանք վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»։ Հնչում են նաեւ հայհոյանքներ:

Իսակովի պողոտա են բերվել ոստիկանության զորքեր, Կարմիր ու սեւ բերետավորներ։ Նրանց և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։ Կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին:

Նրանք այսօր ակցիա են արել նաեւ Հանրապետության հրապարակում եւ Ծիծեռնակաբերդում։

Մենք պետք է այդ սյունը հանենք, տեղափոխենք Սումգայիթի մոտ դնենք. Արաբոյի Մանվել

«Հիմա էլ Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չէ, անգամ այս բարոյահոգեբանական ծանր վիճակի մեջ Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չէ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Նա հավելեց․ «Ամեն մի հայ տղամարդ պետք է գիտակցի՝ կյանքի փեշից կախվել պետք չէ, տղամարդու ամենամեծ արժեքն այն է, որ փորձության պահին կյանքը տա հայրենիքի համար։ Մենք տալիս էինք պատվի կռիվ, ոչ թե ստամոքսի, իսկ այսօր ստամոքսի կռիվ է»։

Անդրադառնալով Տավուշի տարածքները հանձնելու գործընթացի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, թե իբր դրանք հայկական տարածքներ չեն, Մանվել Եղիազարյանն ասաց․ «Դա անգրագետ մարդու խոսելաձեւ է։ Այդ հողերը 30 տարի եղել են մեզ մոտ, դրանից առաջ 50 տարի եղել են Ադրբեջանի մոտ, բա դրանից առաջ ո՞ւմ հողերն են եղել։ Մենք մեր հողերն ազատագրել ենք։ Նրանք անգրագետ մարդիկ են, հասկանո՞ւմ եք, որովհետեւ ստրուկի համար իր վզի վզնոցն ավելի թեթեւ է, քան ասպետի զրահը, որն ինքը պետք է հագնի։ Այսօր ստրուկների ժամանակաշրջան է, այնպես որ զարմանալու ոչ մի բան չկա։ Իսկ ստրուկը դա անկանխատեսելի էակ է»։ Մանվել Եղիազարյանը կոչ արեց միավորվել ու այս իշխանություններին քշել, հետո կորոշենք, թե երկիրը ոնց ենք փրկելու։

Անդրադառնալով երեկ Տավուշում տեղադրված սյուներին եւ հարցին, թե դրանով հնարավո՞ր է խաղաղության հասնել, Մանվել Եղիազարյան ասաց․ «Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք, տեղափոխենք Սումգայիթի մոտ դնենք, այնտեղ պետք է մեր սահմանը լինի։ Ադրբեջանը վտանգավոր չէ մեզ համար, մենք ենք վաճառում ամեն ինչը, ոչ մի վախենալու բան չկա, ուղղակի ժողովրդին բերել հասցրել են այս վիճակում, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն։ Դուք խաղաղ չեք ապրելու, սրանից հետո ադրբեջանցիներին բերելու են բնակեցնեն Հայաստանում, նույն ոստիկանությունը ձեռք ձեռքի տված նրանց պաշտպանելու է, որ մենք չկարողանանք մատով կպչել։ Մենք այնպիսի դժբախտության մեջ ենք, ամենամեծ դժբախտությունը առջեւում է։ Դրա համար մենք պետք է ականջներս փակենք, ոչ մեկին չլսենք եւ հիշենք մի բան՝ առաջ՝ երկիրը փրկելու, ուրիշ ճանապարհ չկա»։

Հարցին, թե ինչո՞ւ իրենց ջոկատով չեն գնում Տավուշ, Մանվել Եղիազարյանը պատասխանեց․ «Մտածեցինք, ուզում էինք գնալ, բայց ես ասացի ճիշտը չգնալն է, որովհետեւ եթե մենք այնտեղ լինեինք, ծեծելու էինք իրենց բառի բուն իմաստով, հետո մեզ ասելու էին՝ սադրիչ եք։ Միլիցեքի հետ դեպք եղավ, սրբազանին քաշքշեցին, ես հայ քրիստոնյա եմ, թույլ էի տալու, որ սրբազանին քաշքշեի՞ն, խառնվելու էի, ծեծելու էի, մի մեծ պատմություն էր դառնալու»։

Աննա Հակոբյանը երկրորդ անգամ է առերեսվել ապագային ու գրկել երեխային

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանը առնվազն երկրորդ անգամ է առերեսվել ապագայի հետ՝ լսելով ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մեղադրանքները շուտով կա՛մ կհնչեն հայկական դատարանում, կա՛մ կհայտնվեն հայ ժողովրդի պատմության վերջին էջում՝ որպես տիտր:

Աննա Հակոբյանն առաջին անգամ բախվել է դրան Արցախում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի հրապարակում փորձել է երեխաների համար Ամանորյա խնջույք կազմակերպել։ Աննա Հակոբյանը դժվար թե մոռանա կամ ների արցախցիների խուլ դիմադրությունը։

Նրա ամուսմու կառավարության փորձերը՝ հայոց պետականության ու ազգի հիմքերը քայքայող թթուն ներկայացնել որպես երկնային մանանա և մաքրում, այլեւս ոչ մեկին չեն խաբում։ Բոլորը տեսնում են ամեն ինչ, ես ուղղակի խղճում եմ այն ​​աղջկան, ում դեռ երկար պետք է բացատրվի, թե ինչպես է գործում թթուն։