Բլինքենի հսկողության տակ ՌԴ գենշտաբի քարտեզներով «երկկողմ սահմանազատում»

  • 15:55 01.05.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը: «Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Պատելը:

Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ «սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»:

«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,– ասել է նա՝ հավելելով,– «Նրանք ցանկանում են նորից խարույկ վառել։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Բլինքենը զանգահարել է Փաշինյանին եւ Ալիեւին, եւ Փաշինյանը չգիտես ինչու արդարացել է, որ ապրիլի 5-ի հանդիպմանը դու մի ասա գաղտնի օրակարգ գոյություն չունի։ Բաքվում եւս խոսում են, որ Բլինքենը ինչ-որ բանից դժգոհ էր եւ զգուշացրել է դուրս չգալ ապրիլի 5-ի օրակարգից։

Բայց, ըստ երեւույթին, արդեն ուշ է՝ Փաշինյանն ու Ալիեւը որոշել են «երկկողմ» պայմանավորվել՝ չհաշված Ռուսաստանը։ Չէ՞ որ ապրիլի 22-ին Ալիեւը հանդիպել է Պուտինին եւ խոսք տվել, որ ամերիկացիները չեն խառնվելու։

Իսկ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանը, ինչպես նրանք են ասում, խոստովանել է, որ ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Բա թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։

Ստացվում է картина маслом: Բլինքենի աչալուրջ հայացքի տակ Փաշինյանն ու Ալիևը ռուսական Գենշտաբի քարտեզներով «երկկողմանի» կիսում են հայկական գյուղերը։