Անում ենք հնարավորը արցախցուն վայել արժանապատվորեն ապրելու համար․ Թովմասյանների գաղտնիքը

  • 17:45 01.05.2024

58-ամյա Սուրեն Թովմասյանը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը չէր հավատում, որ պետք է իր կամքին հակառակ լքի հայրենի հողը։ Բոլոր արցախցիների նման նրա՝ 9 հոգուց բաղկացած ընտանիքը ևս բռնեց գաղթի ճանապարհը և բնակություն հաստատեց Երևան քաղաքում։

36 տարի աշխատանքային փորձով, վերջին 23 տարիներին ԱՀ ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոն զբաղեցնող մարդը կանգնեց մեծ դժվարության առաջ։ Մեծ խնդիր էր ՀՀ քաղաքացիություն չունենալը, որի պատճառով չէր կարողանում աշխատանք գտնել պետական հիմնարկներում, իսկ Արցախ վերադառնալու հույսը դեռևս չի թողնում, որ նա ՀՀ քաղաքացիություն ընդունի։ Հասկացավ, որ հնարավորություն ունի աշխատանք գտնել միայն մասնավոր ոլորտում և, որպես անվտանգության աշխատակից, մտավ աշխատանքի։

-Արցախից դուրս եկանք՝ մեզ հետ վերցնելով ամենաանհրաժեշտ իրերը։ 36 ժամ հետո մեր ընտանիքը հատեց Հակարիի կամուրջը։ Հոկտեմբերի 1-ին հասել ենք Երևան և տուն վարձել շատ բարձր վարձավճարով /300 հազար դրամ/։ Կնոջս հետ միասին անմիջապես սկսել ենք աշխատանք փնտրել։ Դիմել եմ տարբեր գործակալությունների և ստացել նույն պատասխանը․ “Կզանգենք”։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, հույսս կորցրել եմ, որ երբևէ իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ։ Ամենուր տարիքային սահմանափակումներ են, որը, ինչպես հասկացել եմ, միայն արցախցիներիս չի վերաբերում, այդ խնդիրը համահայկական է։

Ասեմ, որ աշխատավարձս 75 հազար դրամ է կազմում, որը շատ քիչ է ապրելու համար, ու եթե ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցությունները չշարունակվեն, ապա իմ ընտանիքը կկանգնի մեծ դժվարության առաջ։ Վերջերս տեղափոխվել ենք ուրիշ տուն՝ 250000 դրամ վարձավճարով։ Տունը սեփական է, ունի հողատարածք, և ես հաճույքով զբաղվում եմ բանջարաբուծությամբ։ Արդեն ցանել եմ կարտոֆիլ, լոբի, կանաչեղեն։ Աշխատելով հողի հետ՝ մի փոքր կտրվում եմ ինձ մտատանջող մտքերից, ուզում եմ բերք ու բարիք ստեղծել՝ դրանով թեթևացնել ընտանիքիս նյութական ծախսերը,-ասում է Սուրենը։

Աղջիկը՝  Էլենը ԵՊՀ առաջին կուրսի ուսանող է։ Այդ իսկ պատճառով Թովմասյանները բնակություն են հաստատել Երևանում, այլապես կգնային որևէ մարզ ու այնտեղ կզբաղվեին ինչպես հողագործությամբ, այնպես էլ անասնապահությամբ։ Մտավորականների այս ընտանիքը Արցախում զբաղվում էր նաև գյուղատնտեսական աշխատանքներով։

Սուրենի կինը, որը մասնագիտությամբ մանկավարժ է ու երկար տարիներ աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ վերջին՝ 13 տարիները Ասկերանի շրջանային կենսաթոշակային բաժնում գլխավոր մասնագետ էր, ևս կանգնել է զբաղվածության խնդրի առաջ և այսօր աշխատում է ոչ իր մասնագիտությամբ։

-Աշխատավոր մարդը ամեն տեղ էլ աշխատավոր է։ Անում ենք հնարավորը արցախցուն վայել արժանապատվորեն ապրելու համար, սակայն չենք կորցնում մեր հույսը, որ մի օր տուն կվերադառնանք,-ավելացնում է Սուրենը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f