Այդ մարդիկ հայկական պետականության վերացումը որպես ռազմավարական նպատակ են դրել

  • 21:33 01.05.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Արամայիս Աղաբեկյանը։

-Պարոն Աղաբեկյան, Արցախի հանձնումից հետո պարզ էր, որ Հայաստանն անվտանգ չի լինելու, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա զարգացումները։

-Այս պահին գործընթացի էությունը հետեւյալն է՝ ՀՀ իշխանությունը քարոզչական տարբեր մեթոդների միջոցով փորձում է ներքին լսարանին ներկայացնել, որ սա ընդամենը չորս գյուղի կամ առանձին ինչ-որ հատվածի սահմանազատման կամ սահմանագծման հարց է։ Նույնիսկ ավելի կեղտոտ քայլերի են գնում՝ սա ներկայացնում են որպես մեծ հաղթանակ, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը բաց տեքստով ամենաբարձր քաղաքական ղեկավարության անունից հայտարարում է, որ եւ միջանցքի, եւ իրենց ասած ֆինանսական ռեպարացիաների հարցերն են օդում կախված, եւ ադրբեջանցիների՝ Հայաստան մուտք գործելու հարցն է օրակարգում։ Իրենց ստեղծած «Արեւմտյան Ադրբեջանը» արդեն սեփական հեռուստաընկերություն ունի, եւ ՀՀ տարածքի գյուղերի պատմությունը ներկայացնելու են որպես «ադրբեջանական գյուղեր»։ Այդ մարդիկ հայկական պետականության վերացումը որպես ռազմավարական նպատակ են դրել եւ նույնիսկ բացահայտ դրա մասին խոսում են։ Հիմա գործընթաց է գնում, այս գործընթացում Հայաստանի ներկայիս իշխանությունը խնդիր ունի իշխանություն պահելու եւ ստորագրում է այդ գործընթացի տակ՝ Ադրբեջանի հետ հավասար այդ քարոզն անելով։

Ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար։ Անկախական խավը, որը հասկանում է այս պրոցեսների էությունը, չի մտնում չորս գյուղ տալու-չտալու դիսկուրսի մեջ։ Եթե դու մտնում ես չորս գյուղ տալու-չտալու դիսկուրսի մեջ, Նիկոլ Փաշինյանի օրակարգին ես ծառայում, կամա թե ակամա, որովհետեւ այդ դեպքում ինքն սկսում է այլ կերպ մեկնաբանել այս ամենը՝ իբր ինքը խաղաղություն բերող աղավնի է, մնացածը բոլորը, ովքեր այդ պրոցեսների դեմ են դուրս գալիս, պատերազմ են ցանկանում, «5-րդ շարասյուն» են։ Այդ անկախականները պետք է իրար գլուխ հավաքվեն, մենք այդ գործընթացի մեջ ենք, «Մարտական եղբայրությունը» այդ խնդիրն է լուծում՝ Հայաստանի տարբեր շրջաններում իրենց անկախական համարող ուժերին եւ անհատներին միավորելով։ Եվ իրական քաղաքական գործընթացներ պետք է սկսվեն, որոնց վերջնարդյունքը պետք է լինի այս իշխանության հեռացումը եւ անկախականների՝ իշխանության գալը։ Որքան էլ ժողովուրդը չցանկանա, բայց ժողովրդին պետք է ճշմարտությունն ասել, որ պատերազմն անխուսափելի է։ Եթե դիմադրություն ցույց չտաս, ձեռքերդ բարձրացնես ու հանձնվես, այո, ինչո՞ւ պետք է պատերազմով վերցնեն։ Ադրբեջանցիները հիմա դա էլ ասում են՝ ինչքանը խաղաղ ճանապարհով ստացվում է, վերցնելով կգնան։ Այսինքն՝ ինչ-որ փուլում պետք է դիմադրություն ցույց տալ, առանց այդ դիմադրության պետության ունենալ չի ստացվելու։

-Ադրբեջանը խոսում է այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» Հայաստան գալու մասին, բայց ՀՀ իշխանությունները չեն խոսում ոչ միայն Ադրբեջանից բռնագաղթած, այլ նաեւ Արցախից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի իրավունքի մասին։ Սա ի՞նչ է փաստում։

-Հայաստանի իշխանությունները ոչ միայն արցախցիների վերադարձի հարցն են փակել, այլ ընդհանրապես Արցախի հարցն են փակել։ Եթե հիշում եք, 2021 թվականին Արարատ Միրզոյանն ուղիղ ասում էր, որ առանց արցախցիների իրավունքի հարցի քննարկման անհնար է «խաղաղության պայմանագիր» կնքել։ Իրենց համար դա կարմիր գիծ էր, բայց հիմա ընդհանրապես հրաժարվում են այդ մասին խոսել։ Այդ մարդկանց համար կարծես թե Արցախն ընդհանրապես չի էլ եղել, Արցախ բառն օգտագործելը տաբու է դարձել։

Արցախի գործող իշխանություններն էլ այդ գծի մեջ են, ձայն չեն հանում, ոչ մի գոծողություն չեն իրականացնում, այդպես գոհ ու շնորհակալ ապրում են։ Հիմա փաստորեն Արցախի իշխանության ներկայացուցիչներից իրենց համար ամենաանցանկալի կերպարը ես եմ դարձել, նույնիսկ հասցրել եմ ձերբակալվել այս ընթացքում։

-Դուք Արցախ վերադառնալու ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

-Եթե մի քիչ անկեղծ լինենք եւ ճշմարտությունն ասենք այնպես, ինչպես կա, 1990-ականներին ինչո՞ւ հնարավոր դարձավ, որ Արցախում հայ ապրի, որովհետեւ դիմադրություն եղավ։ Այդ դիմադրության արդյունքում այնտեղ հնարավոր եղավ հայկական պետականություն ստեղծել։ Մեծ հարց է՝ ո՞րն էր ճիշտ՝ հայկական պետականութուն ստեղծելը, թե՞ Հայաստանին միանալը, սա մեծ քննարկման թեմա է, բայց այն, որ դիմադրության արդյունքում հաջողվեց ինչ-որ բան անել, սա փաստ է։ Նույնն էլ ադրբեջանցիներն արեցին, 30 տարի տարբեր միջազգային հռչակագրեր ու չգիտեմ ինչեր մեջբերվեցին, բայց փաստացի իրենք ուժի միջոցով կարողացան իրենց հարցերը կարգավորել։ Ես առանձնապես չեմ հավատում միջազգային իրավունքին, ժամանակին հավատալու եւ հիասթափվելու դառը փորձն ունեցել եմ։

Իհարկե, հավաքական վերադարձի մեր նախապայմանները մենք պետք է շեշտենք, որը նշել ենք նաեւ ավելի քան 200 կազմակերպությունների հայտարարության մեջ։ Բայց մենք նաեւ պետք է գիտակցենք, որ Արցախ վերադարձի իրական գործոնը դիմադրությունն է։ Առանց դիմադրության անհնար է, ոչ մեկ քեզ չի ասելու՝ արի ապրի, ոչ մի խնդիր չես ունենալու, մենք ձեր անվտանգությունը երաշխավորում ենք։ Առավել եւս, որ այսօր աշխարհում տեսնում ենք, թե ոնց են մտնում միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչ են անում այդ միջազգայանորեն ճանաչված սահմաններում, ընդհուպ մինչեւ ռազմական հանցագործություններ։ Եվ ոչ մեկ դրա դեմ առարկայական քայլ չի անում։

Մեր հասարակությունն այդ դիմադրության ներուժն ունի՞, ինչո՞ւ են մարդիկ պասիվ։

-Քանի որ հասարակությունը քարոզչության ազդեցության տակ է, նաեւ պատերազմում պարտություն տեսած հասարակություն է, ներկա իշխանության կողմից որոշակիորեն հեշտ է ստացվում ձեռքերը վեր բարձրացնելու եւ դիմադրության չդիմելու քարոզչություն իրականացնել։ Ես մի քիչ ծայրահեղ մոտեցման կողմնակից եմ, ինձ թվում է՝ հասարակությանը պետք է որոշակի շոկի ենթարկել, ճշմարտությունն ասել այնպես, ինչպես կա։ Մենք հենց դրանով ենք զբվաղված, անհատական եւ ընդհանուր հանդիպումների ժամանակ մենք ճշմարտությունը բացահայտ ասում ենք հասարակությանը։ Դա քաղաքական էլիտաների խնդիրն է, եթե մեզ դա չհաջողվի, մենք իրավունք չունենք ասել՝ հասարակությունը վատն էր կամ դիմադրողականություն չուներ։ Չպետք է ամեն ինչ գցել ժողովրդի վրա ու ասել՝ մենք ամեն ինչ արեցինք, ժողովուրդն է մեղավոր։ Հիմա այդ ժողովրդին պետք է շոկի ենթարկել եւ ճշմարտությունները մինչեւ վերջ ասել, որ մարդիկ իմանան իրենց գլխի գալիքը։ Այդ դեպքում, ինձ թվում է, ինքնապաշտպանության բնազդը պիտի որ արթնանա։

Ռոզա Հովհաննիսյան