Կիրանց
ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Կիրանց գյուղում այսօր առավոտյան ոստիկանների գործադրած բռնություններին։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր Կիրանցի իր «սիրելի քույրերին ու եղբայրներին», եւ լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցեցիներին ծեծելով եւ ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել»,- ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նշեց, որ ուզում է ՔՊ-ին հիշեցնել․ «Կիրանց գյուղը տեսել է մոնղոլների արշավանքները եւ այդ արշավանքները տեսնելուց մի քանի տարի հետո երկու շքեղ եկեղեցի է կառուցել, տեսել է Շահ Աբասի արշավանքները, որից հետո Կիրանցի ձորից շատ գյուղեր դատարկվեցին, ամայացան, բայց Կիրանցը մնաց։ Կիրանցը տեսել է 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումները, 1918-1920 թվականների պատերազմական գործողությունները, 1990-ականների պատերազմական գործողությունները։ Սրա միջով էլ է անցնելու, մնալու է այն ամոթը, խայտառակությունը, որը գործադրվեց կիրանցեցիների նկատմամբ։ Բայց միեւնույն է, կիրանցեցիները չեն լքելու գյուղը, շարունակելու են ապրել, որ հետո հենց նույն Կիրանցից ինչ-որ մի լավ բան սկսվի»։
«Ես տագնապեցի, երբ երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց «սիրելի քույրեր եւ եղբայրներ»։ Ես հասկացա, որ մի վատ բան լինելու է։ Եկեք Աստծուն աղոթենք, որ Նիկոլ Փաշինյանն այեւս որեւէ գյուղի ու քաղաքի բնակիչներին չասի՝ «իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ», որովհետեւ դա վատ նախանշան է դառնում»,- հավելեց Նազարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: