Step1.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
-Պարո՛ն Հարությունյան, Արցախի կարգավիճակի եւ քաղաքական հարցերը փակվե՞լ են, այսինքն՝ հնարավո՞ր է ուժի միջոցով հենց այսպես փակել Արցախի հարցը։
-Արցախի հարցը լուծված չէ, միջազգային իրավունքի բոլոր հայտնի նորմերի համաձայն՝ ուժով Արցախի հակամարտության կարգավորումը բացառված է։ Ավելին, միջազգային իրավունքն այս նորմն արձանագրել է այն ակնկալիքով, որ եթե որեւէ հակամարտություն փորձեն ուժով կարգավորել, դրանով իսկ ձեւավորվում է դանդաղ գործունեության ական հետագա բոլոր ժամանակների համար։ Դրա համար է, որ միջազգային իրավունքի նորմն արձանագրում է, որ կոնֆլիկտները, հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցային սեղանի շուրջ՝ համաձայնեցված որոշումների հանգելու նպատակով։
Արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանութունները գործադրել են բիրտ ուժ, ոչ մի «հակաահաբեկչական գործողություն» նրանք չէին կարող իրականացնել, որովհետեւ Արցախի Հանրապետության կառավարությունը որեւէ պետության կողմից չի ճանաչվել որպես «ահաբեկչական կազմակերպություն»։ Այդ հանրապետությանը միջազգային ամենակարեւոր դերակատարները, օրինակ, ԱՄՆ, իրենց բյուջեից ֆինանսավորում էին տալիս։ Երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ի իր ռազմական գործողությունները «հակաահաբեկչական» էին, պետք է ենթադրել, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ֆինանսավորել էր ահաբեկչական կազմակերպությանը կամ կառույցի՞ն։ Համաձայնեք, որ հիմարություն է սա։ Հետեւաբար, Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմական վայրագությունը, Արցախն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ պահելը ցեղասպանական գործողություն էր։ Ես նույնիսկ «էթնիկ զտում» բառակապակցությունը չեմ ուզում օգտագործել։ Հետեւաբար, այս իրողությունների ուժով Արցախյան համակարտությունը չի կարող կարգավորված համարվել, ով ուզում է ասի՝ հազար հատ Ալիեւ, երկու հազար հատ էլ Բլինքեն, այս հակամարտությունը կարգավորված չէ, վերջ։ Մենք պետք է սա արձանագրենք, ընդ որում, արձանագրենք նաեւ Հայաստանի այսօրվա իշխանությունների համար, որովհետեւ նրանք էլ դա չեն ուզում ընդունել։
Մենք ականատես եղանք մոտ 120 հազար արցախահայության բռնի տեղահանմանը։ Ո՞րն է ամենահրատապ խնդիրը՝ այդուհանդերձ, ամենահրատապ խնդիրն արցախահայությանն իր պատմական բնօրրան վերադարձնելու հարցն է։ Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ այդկերպ կկարգավորենք կամ կլուծենք Արցախյան հակամարտությունը, իհարկե, ոչ։ Բայց եթե արցախահայն իր պատմական բնօրրանում չլինի, ապա կոնֆլիկտի կարգավորումն ընդհանրապես օրակարգից դուրս կմնա։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ արցախահայության ճակատագրի հետ կապված ամենահրատապ խնդիրն այսօր իր պատմական բնօրրանում արցախահայության անվտանգ ապրելու իրավունքի վերականգնումն է։ Դրանով զբաղվում են Վարդան Օսկանյանը եւ նրա հանձնախումբը, եւ ես կարծում եմ, որ հանրությունը՝ թե Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, պետք է սատար կանգնեն այդ նախաձեռնությանը։
-Արցախահայության վերադարձի համար ի՞նչ երաշխիքներ պետք է լինեն։
-Անշուշտ, միջազգային երաշխիքներ պետք է լինեն։ Ընդ որում, այդ երաշխիքները պետք է լինեն կայուն եւ անշրջելի։ Այսինքն՝ սա նշանակում է, որ արցախահայության վերադարձը իրենց պատմական բնօրրան, որը նրանց բնական իրավունքն է, պետք է նույնպես դառնա բանակցության առարկա, որովհետեւ վերադարձ նշանակում է, այո՛, պայմանավորվել միջազգային հիմնական խաղացողների հետ։ Իմ պատկերացմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, բայց կազմալուծված չէ։ Անվտանգության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կառույցը՝ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը ստեղծել է Մինսկի խումբ, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատ ունի։ Եվ այդ մանդատը ոչ ոք դեռ չի դադարեցրել, չի վերացրել։ Ավելին, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը, թե՛ նաեւ Ֆրանսիան Հարավային Կովկասում իրենց ներկայացուցիչներին նշանակելիս, ի թիվս այլ տիտղոսների, վերջում գրում են՝ Մինսկի խմբում համանախագահող։ Այսինքն՝ երեք հիմնական խաղացողներն էլ շատ լավ հասկանում են, որ Մինսկի խմբի պատմական առաքելությունը դեռեւս պահպանվում է, խիստ պահանջարկված է։ Այլ հարց է, որ այսօր աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ֆոնին առաջին հայացքից թվում է, թե այդ հարցադրումն այլեւս պահանջարկված չէ։
Ես գտնում եմ, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս հենց Մինսկի խմբի համանախագահող երկրների քաղաքական ղեկավարների, վաղ թե ուշ արձանագրելու են, որ Արցախյան կոնֆլիկտը կարգավորված չէ, որովհետեւ բիրտ ուժի կիրառմամբ այն չէր կարող կարգավորվել։ Երկրորդ, արցահայությունն իր պատմական բնօրրանում անվտանգ ապրելու անվերապահ, անքակտելի բնական իրավունքով է օժտված։ Եվ, երրորդ, միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը։
Այս երեք հարցի շուրջ հայտարարի գալու համար պետք է Հայաստանի իշխանությունները գործընթաց նախաձեռնեն։ Թվում է, թե ամենաշահագրգռված կողմը պետք է լինի հայ ժողովուրդը, իսկ միջազգային հարթակներում հայ ժողովրդի իրավունքներն ու հետաքրքրությունները ներկայացնում է այսօրվա գործող իշխանությունը։ Այսօր, իհարկե, շատ բարդ իրավիճակ է, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, ինչ է տեղի ունենում ընդհանրապես 2020 թվականից հետո, թե ինչպես են ադրբեջանցիները մեր իշխանությունների անգործության կամ գործողությունների հետեւանքով գրավում բոլոր ռազմավարական դիրք ունեցող բարձունքները եւ ձեւավորում անշրջելի ու կործանարար սպառնալիքներ ՀՀ համար։ Սա իրողություն է, եւ այս իրողության ֆոնին կարծես թե արցախահայության խնդիրը մղվեց երկրորդ պլան։ Բայց ես կարծում եմ, որ Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական բնօրրանում ապրելու անվերապահ, անքակտելի իրավունքի իրացման խնդիրը պետք է դառնա նաեւ հայ հասարակության, հայ ժողովրդի օրակարգի լրջագույն խնդիրներից մեկը։
Մենք չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ եւ չենք հաշտվի, անկախ նրանից, թե օրվա իշխանություններն ինչ են մտածում։ Ամեն ինչ անցողիկ է, վաղ թե ուշ այս բոլորն անցնելու է, վերջապես այս երկրում կձեւավորվեն իշխանություններ, որոնք իրականում կառաջնորդվեն մեր ժողովրդի անվտանգային շահերով։ Այդ ժամանակ այս հարցերը, որոնց մասին հիմա խոսում ենք, հնարավոր չի լինի մղել լուսանցք։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: