Միայն միջազգային հանրության ակտիվ դիրքորոշումը կարող է կանխել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը

  • 22:45 04.05.2024

«Արցախի մշակութային ժառանգության պահպանության հասարակական խորհրդի» նախագահ եւ«Արցախի տուրիզմի և մշակույթի զարգացման գործակալության» հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը Step1.am-ին տեղեկացրեց, որ Europa Nostra եւ European Heritage Hub կազմակերպությունների հետ հանդիպմանը արցախյան կազմակերպությունները ընդգծել են Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման հետ կապված պատժամիջոցների կիռարումը։

Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը՝ ներառյալ պատմամշակութային շարժական և անշարժ հուշարձանները, արվեստի գործերը և Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, գտնվում են ոչնչացման, կորստի և աշխարհի երեսից անհետացման սպառնալիքի տակ։ Ադրբեջանի գործողությունները կանխելու միակ միջոցը միջազգային հանրության ամենաակտիվ դիրքորոշումն է։

«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու համապատասխան պետական ​​մարմինները պետք է դառնան միջազգային հանրությանը ավելի ակտիվ դիրքորոշման մղող լոկոմոտիվը։ Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին պետք է զբաղվի հայկական մշակութային ժառանգությամբ։

Ցավոք սրտի, մենք տեսնում ենք Արցախի պատմամշակութային ժառանգության խնդրի նկատմամբ Հայաստանի պատկան մարմինների հետաքրքրության մարումը, ինչը անչափ ցավալի է։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի գիտական ​​հանրույթը բավական ակտիվորեն առաջ է քաշում Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրը, մենք, ավաղ, պետական ​​մակարդակով նույն աշխատանքը չենք տեսնում։

Կարծում եմ, որ Ադրբեջանը, ելնելով Հայաստանի կառավարության գործողություններից, համարել է, որ հայկական պետությունը չի հետապնդում հայերին Արցախ վերադարձնելու նպատակ, ինչն արձակել է Ադրբեջանի ձեռքերը՝ ոչնչացնելու Արցախում հայկական ամեն ինչ։

Դեռևս պատերազմից առաջ «Արցախի մշակութային ժառանգության պահտպանության հասարակական խորհուրդը» սկսել է տեղեկություններ հավաքել Շուշի քաղաքի թանգարանային հավաքածուների մասին։ Տվյալների  հավաքագրման աշխատանքները շարունակվում են։ Մենք հույս ունենք ստանալ միջազգային կազմակերպությունների աջակցությունն այս գործում։ Նախագծի արդյունքը կներկայացվի հանրությանը. հրապարակայնությունը եւս մշակութային ժառանգության պահպանման երաշխիք է»,- ասաց Սերգեյ Շախվերդյանը։

Ալվարդ Գրիգորյան