Վերջին հարսանիքը Թալիշում` վերադարձի հույսը չի մարում

  • 08:52 06.05.2024

«Բռնի տեղահանումը ինձ համար պարզապես դատարկ բառեր չեն: Դեռ մանկությունից գիտեմ՝ ինչ է նշանակում փախչելով փրկվել ռումբերի պայթյուններից, կորցնել հարազատ տունը: 2016-ին դպրոցական էի, երբ առաջին անգամ լսեցի ռումբերի պայթյունները․ թշնամին մտել էր գյուղ և սպանել մի ամբողջ ընտանիք: Գյուղի մյուս բնակիչներին հասցրել էին տարհանել՝ հրաշքով:

Նույնը կրկնվեց 2020թ.-ին, երբ ես իմ ապագա երեխային էի սպասում։ Այս անգամ էլ մենք հրաշքով փրկվեցինք: 2023-ին  արդեն վախենում էի իմ երկու երեխաների համար, աղոթում էր, որ նրանց ոչինչ չլինի։»

Լիլիթ Բրուզյանը ընդամենը 20 տարեկան է, բայց պատերազմի մասին շատ բան կարող է պատմել, քանի որ Արցախի Թալիշ գյուղից է: Արցախյան բոլոր պատերազմներում գյուղը առավել շատ է ենթարկվել հարձակումների, ավերածությունների և բռնի տեղահանության:

90-ականներին գյուղը հիմնահատակ ավիրվեց ադրբեջանցիների կողմից: Չնայած դրան՝ մարդիկ վերադարձան հայրենի գյուղ` վերակառուցեցին իրենց տները, հող մշակեցին, երեխաներ մեծացրեցին:

Ամեն ինչ փոխվեց 2016 թ․-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը մտավ գյուղ, սպանեց խաղաղ բնակիչներին, իսկ ռմբակոծության հետևանքով վնասվեց գյուղի մի մասը: Մարդկանց հասցրեցին տարհանել: Այդ ժամանակ Թալիշի բնակչությունը 600 հոգի էր՝ 150-ը՝ երեխաներ:

Չնայած այն հանգամանքին, որ հակառակորդի մարտական ​​դիրքերը գյուղից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա էին, իշխանությունները որոշեցին մարդկանց վերադարձնել Թալիշ։ «Հայաստան» հիմնադրամի հետ մեկնարկել  է Թալիշի վերականգնման ծրագիրը։

Թալիշցիները դեմ չէին հայրենի գյուղ վերադառնալուն, սակայն հույս ունեին, որ խոստացված հարմարություններն ու անվտանգությունը կապահովեն։ Իսկ երբ ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին անգամ հարսանիք է տեղի ունեցել, ներկա են եղել գրեթե բոլոր գյուղացիները։

2018 թ. ապրիլի 28-ին դատարկված Թալիշում արևոտ օր էր։ Տիգրան Պետրոսյանի և Լիլիթ Բրուզյանի պսակադրությունն անցավ բոլոր ավանդույթներին համաձայն` հյուրեր, եկեղեցի, հարգանքի տուրք զոհվածների հուշահամալիրում, հանդիսությունների սրահ, երաժշտություն և կենացներ՝ ավելի լուսավոր և խաղաղ ապագայի համար:

2016-ի ապրիլյանից հետո առաջին անգամ էր Թալիշն այսքան բազմամարդ: Արցախի թեմի քահանա Տեր Մաթևոսը, որ Թալիշի եկեղեցում պսակեց նորապսակներին, ասաց, որ գյուղի համար մեծ իրադարձություն է այս հարսանիքը, և երիտասարդների որոշումը հույս ու հավատ է տալիս մարդկանց։

 «Հարսանիքից հետո մենք որոշեցինք, որ պետք է ապրենք Թալիշում։ Ամուսինս աշխատում  էր, ես էլ տան հոգսերով էի զբաղված: Որոշ ժամանակ հետո մյուս ընտանիքները ևս վերադարձան, համայնքի կյանքը կարծես վերադառնում էր իր բնականոն ընթացքին: Հույս ունեինք, որ ապրելու ենք հանգիստ և երջանիկ: Բայց 2 տարի անց նորից պատերազմ սկսվեց։»

2020 թվականի 44-օրյա պատերազմը թալիշցիներին ստիպեց հերթական անգամ դուրս գալ իրենց տներից։ Գյուղը գրավեցին ադրբեջանական ուժերը, և վերադարձնել այն այլևս չհաջողվեց։ Թալիշցիները ստիպված բնակություն հաստատեցին ՀՀ-ի և Արցախի տարբեր բնակավայրերում:

«Ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, էլի ստիպված էինք փախչել ռմբակոծության տակ։ Հասցրեցինք վերցնել միայն մեր փաստաթղթերը: Սկզբում հաստատվեցինք Մարտակերտում՝ մտածելով, որ մի օր կվերադառնանք մեր գյուղ: Հավատում էինք, քանի որ խաղաղապահները եկել էին, կառավարությունը մեծ թափով շինարարություն էր սկսել տեղահանված բնակչության համար: Այդ պատճառով, երբ մեզ առաջարկեցին բնակություն հաստատել Մարտակերտում մենք համաձայնվեցինք, քանի որ այն նաև մոտ էր Թալիշին: Տղաս ծնվեց, իսկ հետո աղջիկս: Բայց 2023-ին նորից պատերազմը սկսվեց: Այդ ժամանակ ես աղոթում էի, որ երեխաներիս բան չպատահի:»

2023թ․-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը սկսեց ինտենսիվորեն  հրթիռակոծել Արցախի բոլոր բնակավայրերը։ Հակառակորդը գյուղեր էր գրավում, խաղաղ բնակչությունը ապաստարաններում էր, իսկ տղամարդիկ ինքնապաշտպանությունն էին կազմակերպում։ Օրեր անց հրամանագիր ստորագրվեց Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետության լուծարման մասին։ Սկսվեց մասսայական բռնի տեղահանում, մարդիկ ստիպված գաղթի ճանապարհ բռնեցին դեպի ՀՀ:

«Մենք հասկանում էինք, որ եթե բանակը չկա, ապա մեր կյանքը վտանգի տակ է, այլևս ոչ ոք մեզ պաշտպանել չի կարող: Փոքր մեքենայով մեր և քրոջս ընտանիքը ճանապարհ ընկանք դեպի Հայաստան: Որ բոլորս տեղավորվենք՝  որևէ իր չվերցրեցինք՝ միայն փաստաթղթերը և երեխաների համար ինչ-որ բաներ: Շատ դժվարությունների միջով անցանք, բայց կարողացանք երեխաներին անվտանգ տեղ հասցնել: Ինչպես մյուս բոլոր ընտանիքները, մենք էլ Հայաստանում բախվում ենք սոցիալական խնդիրների: Մեր հոգեբանական վիճակի վրա փորձում ենք ուշադրություն չդարձնել, քանի որ  2 երեխա ունենք և պետք է հոգ տանենք նրանց համար: Բնակարան գտել ենք այնպիսի վայրում, որտեղ ի վիճակի էինք վարձը վճարել: Ամուսինս կարողացել է աշխատանք գտնել։ Հուսամ՝  հիմա մի քիչ ավելի կհեշտանա մեր կյանքը:»

Տիգրանը և Լիլիթը վաղուց այլևս չեն նշում իրենց հարսանիքի օր: Երբ դեռ Թալիշում էին, այդ օրը հավաքում էին հյուրերիին իրենց բակի մեծ ծառի թարմ գարնանային սաղարթների տակ։ Ցավոք, այդպես ընդամենը 2 անգամ այդպես հավաքվեցին` 2019թ.-ին և 2020թ-ին:

Այժմ երիտասարդ ընտանիքը միայն 2 տոն է նշում` երեխանների ծնունդները՝ այլն էլ շատ համեստ: Հարազատների հետ հավաքվում են նաև Թալիշի հետ կապված կամ հերոսների հիշատակի օրերին:

«Արցախցիների համար տարվա յուրաքանչյուր ամիսում թե՛ ողբերգական,թե՛ ուրախ իրադարձությունների հիշողություններ կան։ Բայց ողբերգական իրադարձությունները գերակշռում են մեր մտքերում։ Թերևս, Արցախ վերադառնալը կլինի ամենապայծառ իրադարձությունը այն ամենից հետո, ինչ մենք վերապրել ենք։ Երբ ինձ հարցնում են՝ կվերադառնամ Արցախ, միշտ պատասխանում եմ՝ այո։ Բայց ես նաև ասում եմ, որ չեմ ուզում, որ մեր երեխաները կրկնեն մեր ճակատագիրը։ Ժամանակին մեր ծնողները նույնպես աղոթում էին իրենց երեխաների խաղաղ կյանքի համար։ Հուսով եմ, որ մեր աղոթքները կլսվեն՝ մենք կվերադառնանք Թալիշ, որտեղ ամեն ինչ կլինի նախկինի պես, ինչպես 2016-ի պատերազմից առաջ:»

Ալվարդ Գրիգորյան

f