ՀՀ դատախազությունը գործ հարուցե՞լ է Արցախի հայաթափման առիթով․ Օհանյան

  • 16:09 06.05.2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանում Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց, որ Գլխավոր դատախազի կողմից չկա որեւիցե խոսք այն կարեւոր իրականության վերաբերյալ, որ տիրում է սահմանազատման եւ սահմանագծման կամ ավելի ճիշտ՝ միակողմանի զիջումների ընթացքում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, տարածքային ամբողջականության դեմ իրականացվող առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ։

«Ավելի կոնկրետ՝ առանց որեւէ իրավական հիմքի, միջազգային իրավագիտության եւ առաջավոր փորձի, սկզբունքների խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների՝ թշնամուն հանձնելու վերաբերյալ տեղեկություններ կան: Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2.4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1․2 կմ, այն էլ այնպիսի դիրքերի դասավորվածություն կա, որ բարձունքները կանխարգելիչ են, եւ հակառակորդը շատ փոքր տարածքներում է, որ կարող է ուղիղ նշանառությամբ հեռահար միջոցներով խոցել»,- ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ 2023 թվականը հայ ժողովրդի համար եղել է ամենացավալի ու ողբերգական տարին։ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործության պատճառով մի ամբողջ Արցախի Հանրապետություն հայաթափվեց, չակերտներով ասած՝ «հակաահաբեկչական» գործողություններով քողարկված հանցագործություն կատարվեց Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված օրինական ռազմական, քաղաքական ղեկավարության, Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանության համար օրինական ձեւավորված Պաշտպանության բանակի հանդեպ:

“Ըստ էության, ցեղասպանության ականատես մենք դարձանք: Կա՞ արդյոք գլխավոր դատախազությունում այս ամենի՝ Արցախի հայաթափման եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո, իր տիրապետության տակ գտնվող տարածքների միակողմանի հանձնմանը գնահատականը: Արդյոք լիարժե՞ք են բոլոր այն գործողությունները, որ մենք իրականացնում ենք մեզ մոտ ու նաեւ միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի հանցագործությունը պարզելու, դատապարտելու ուղղությամբ։ Կա՞ն դավաճանական գործողություներ ՀՀ իշխանությունների կողմից, դուք տեսնո՞ւմ եք։ Իհարկե, կասեք, որ չեք տեսնում, բայց ի՞նչ գիտեք, վարույթ հարուցե՞լ եք, որպեսզի պարզեք։ Վարույթի հարուցումն է այն գործողությունը, որը պետք է պարզի այս ամեն ինչի օրինականությունը»:

Սեյրան Օհանյանը կոչ արեց բացել Ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ գրված է, որ ՀՀ իշխանությունները կկանխարգելեն Արցախի Հանրապետության հանդեպ ցանկացած բռնագաղթեցում։ Իսկ թե ինչ կատարվեց, բոլորս գիտենք։

f