Դեպի Երևան երթը կմեկնարկի մայիսի 7-ին` Սոլակ գյուղից

  • 23:20 06.05.2024

Մայիսի 6-ին “Տավուշը հանուն հայրենիքի” շարժումը հասավ Սոլակ գյուղ` հավաքելով բազմաթիվ համախոհներ: Մասնակիցները վրաններ են խփել Կոտայքի մարզի Սոլակ գյուղում և պատրաստվում են գիշերն այնտեղ անցկացնել: Բոլորին միավորում է մեկ ընդհանուր գաղափար` դադարեցնել միակողմանի զիջումների ընթացքը:

Մասնագիտությամբ լրագրող, ցուցարար Անի Ղափյանը կաևորում է բոլորի մասնակցությունը. “Այս զիջումներն ապացուցում են, որ մեր  պետությունը աղետաբեր ընթացքով է գնում: Որպես ՀՀ քաղաքացիներ ուզում ենք ունենալ հայրենիք, պահպանել մեր ազգությունը: Մենք  ներսում թշնամի ունենք, որը չի կիսում այն նույն արժեքային համակարգը, ինչ-որ ես ունեմ, իսկ ես ուզում եմ լինել հայ, ապրել Հայաստանում, ուզում եմ արժաապատիվ կյանք ապրել այստեղ: Հրաշքների չեմ սպասում, գիտակցում եմ, որ դժվար է լինելու, անկախ նրանiց` կհասնենք հաջողության, թե ոչ: Կլինի իշխանափոխություն, թե չէ, դժվար է լինելու: Ադրբեջանցիները մեզ այս ծնկած վիճակում հանգիստ չեն թողնելու: Վտանգ կա, որ վաղը մեր երկրում հայ մնալը դժվարանալու է: Ես թուրքի, ադրբեջանցու հետ խաղաղությանը չեմ հավատում: Մենք տեսել ենք 2016թ. խեղված մարմիններով գլխատված մեր զինվորներին, տեսել եմ խաղաղության  ապարդյուն խոստումներ: Այսպիսով առաջինը իշխանափոխությունն է, հետո` արժանապատիվ մարդկանց համախմբում”:

Արցախցի ակտիվիստ Արտակ Մկրտչյանը այն կարծիքին է, որ պետք է համախմբվել եկեղեցու հետ. «Այժմ ապրելով ՀՀ-ում տեսնում եմ, թե ինչպես են տարածքները միակողմանի զիջվում, իբր թե Խաղաղության պայմանագրի համար, բայց դա սուտ է: Պետք է վերադարձնենք պատմական հայրենիքի մասը: Սա ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի ու Հայաստանի հարցն է ինձ համար»:

Փաստավավերագրող ռեժիսոր, հարցազրուցավար Գագիկ Հարությունյանը խաղաղ երթին մասնակցում է արդեն 15 օր. «Տարբեր ուսումնասիրություններ էի իրականացնում, որպեսզի հասկանամ մարդկանց տրամադրությունը, որովհետև մեզ ստում են ասելով, որ մարդիկ Տավուշում համաձայն են, որ այդ տարածքները հանձնվեն թշնամուն: Եւ իմ այդ ուսումասիրությունների արդյունքում եկա այն համոզման, որ ոչ մի տավուշեցի համաձայն չէ, որ իր տունը, իր հողը հանձնվի թշնամուն, կամ չկարողանա իր բակում հանգիստ քայլել: Մարդիկ մի քար անգամ չեն ուզում զիջել: Այս պայքարին մասնակցում եմ, որպեսզի կանգնեմ տավուշեցիների կողքին: Արցախ դավադրաբար մատուցվեց թշնամուն, պետք է կանխել այդ փորձի տարածումը ՀՀ ամենատարբեր մարզերի վրա: Հիմա Տավուշի հարցն է, հետո լինելու է Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի հարցը: Դրված է Հայաստանի մասնատման, ինքնության ոչնչացման, գենետիկ կոդերի փչացման, ինքնագիտակցության ավերման  հարցը: Պետք է թույլ չտալ ինքնության կորուստ»:

Տաթև Ազիզյան 

f