Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի և Վարանդա։ Բաքվի լրատվամիջոցները քննադատում էին դեսպանին այն բանի համար, որ նա խուսափում է այցելել Շուշի, ինչպես մյուս երկրների դեսպանները։ Ինքը դեսպանը, ըստ Բաքվի լրատվամիջոցների, մի քանի օր առաջ հայտարարել էր, թե չի ցանկանում մասնակցել նման շոուների։
Եվ ահա, նման հայտարարությունից հետո դեսպանը տիկնոջ հետ մեկնել է այնտեղ։
Բաքուն պարբերաբար կազմակերպում է դեսպանների էսկորտ տուրեր, տարբեր տեսակի ծաղրանկարային ֆորումներ օկուպացված Շուշիում։ Քաղաքական այս, ինչպես ԱՄՆ դեսպանն է դիպուկ բնորոշել՝ շոուների տակ թաքնված են ապշերոնյան հանցախմբի պարագլխի անձնական բարդույթները եւ օկուպացիան օրինականացնելու ձգտումները։ Այն, ինչ կատարվել եւ կատարվում է՝ ռազմական ագրեսիա, օկուպացիա, ցեղասպանություն, միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի չհայտարարված չեղարկում։
ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանները երկար ժամանակ հրաժարվում էին դեպի օկուպացված տարածքներ Բաքվի էսկորտ-տուրերից։ Մինսկի խմբի մյուս համանախագահի՝ Ռուսաստանի մասին խոսելն ավելորդ է․ ինչպես արդեն իրենք՝ Բաքվի փորձագետներն են ասում, Ալիեւը որեւէ քայլ չի կատարել առանց Ռուսաստանի, այսինքն՝ ագրեսիան եւ օկուպացիան ծրագրել, առաջնորդել եւ գետնի վրա օպերատիվ երաշխավորումն իրականացրել է Ռուսաստանը։
ՌԴ դեսպանը, ռուսական պաշտոնական պատվիրակությունները բազմիցս այցելել են օկուպացված Շուշի, Վարանդա եւ այլ բնակավայրեր։ ԱՄՆ-ն այսպիսով ցուցադրում է Ռուսաստանի ծրագրերին իր աջակցությունը։
Դեսպանը զուր էր երկար ժամանակ համառում՝ ԱՄՆ իր դիրքորոշումը հստակ արտահայտել է 2023-ի սեպտեմբերի 17-ին Ստամբուլի գաղտնաժողովում, որտեղ կայացվեց Արցախի օկուպացիայի ու բնիկ մեծամասնության արտաքսման որոշումը, իսկ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստին ԱՄՆ առաջնորդությամբ «օրինականացվեց» այդ որոշումը։
ԱՄՆ միակ գերտերություն եւ համաշխարհային առաջնորդ դարձավ Արցախյան առաջին պատերազմում հայերի հաղթանակից հետո։ Արցախում որոշվել եւ որոշվում է մի քանի կայսրությունների մնացորդների ճակատագիրը․ Ռուսաստանի վիճակն աչքի առաջ է, Թուրքիան ու Չինաստանը հերթում են։
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի ծրագրերին «հանուն գլոբալ անվտանգության» աջակցությունը մեղմ ասած կասկածի տակ է դրել ԱՄՆ համաշխարհային առաջնորդությունը, ինչի մասին բացահայտ խոսեցին մի շարք առաջատար երկրների ղեկավարներ։ Սա ԱՄՆ-ին այլ հեռանկար չի խոստանում, քան սկզբի համար ռեգիոնալ տերության կարգավիճակը՝ հետագա դեգրադացիայով։
ԱՄՆ-ն ինքզինքը գցում է Բաքվի էժանագին շոու-էսկորտներին մասնակցած երկրների շարքը։