Փաշինյանը՝ Մոսկվա, Միրզոյանը՝ Ալմաթի, ԱՄՆ դեսպանը՝ Շուշի

  • 11:54 07.05.2024

Շուշի

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանություն տրամադրել այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբիի «առաջին այցը Ղարաբաղ» և ինչ ակնկալիքներ ունի մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:

«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ [հայտնելու համար]», – ասել է Միլլերը՝ պատասխանելով պետքարտուղարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հնչեցրած հարցին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը երեկ հայտնել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին իր տիկնոջ հետ այցելել է Ղարաբաղ և Ֆիզուլի:

«Շատ ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ: Մենք գրեթե երկու ամիս պատրաստվել ենք այս այցին, և ուրախ եմ, որ այն վերջապես կայացավ: Շնորհակալություն հյուրընկալության համար: Անհամբեր սպասում եմ շարունակել իմ ճանապարհորդությունները Ադրբեջանում»,- հայտնել է դեսպան Լիբբին X սոցիալական հարթակի` Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության էջի միջոցով:

Այցից մի քանի օր առաջ Բաքվի ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ դեսպանը կազմակերպված շոուների շրջանակներում չի պատրաստվում մեկնել Շուշի։ Արդյո՞ք Շուշի գնալու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մայիսի 10-ին Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման և մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ խորհուրդի մասին, որը նախագահելու է Նիկոլ Փաշինյանը։

Արևմտյան փորձագետներն ասում են, որ Բաքուն և Մոսկվան «համաձայնել են», որ ռուս սահմանապահները պետք է տեղակայվեն Հայաստանի և «Ադրբեջանի» սահմանին՝ Տավուշում, Երասխում, Սյունիքում, այդ թվում՝ Մեղրիի ճանապարհի ողջ երկայնքով։ Ըստ ամենայնի, Փաշինյանն ու Պուտինը պետք է այս մասին պայմանավորվեն մայիսի 8-ին, Միրզոյանին ու Բայրամովին էլ Ալմաթիում կհրահանգեն ձեւակերպել դա։