Այսօրվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախաձեռնության մասին։ Ի պատասխան նա արժեզրկեց եւ զրոյացրեց Սահմանադրությունն, ասելով, որ այն ոչ մի նշանակություն չունի, թեկուզ Հայաստանի թշնամիները հակառակն են պնդում։
«ՀՀ Սահմանադրությունը արտաքին որեւէ պարտավորության իրականացում չի խոչընդոտում: Առավելեւս մենք համաձայնեցրել ենք, որ խաղաղության պայմանագրում կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր երկրի օրենսդրությանը՝ տվյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Սահմանադրության հարցը դրա հետ կապ չունի»,- ասել է Փաշինյանը:
Դա ուղիղ խոստովանություն է սահմանադրական կարգը խախտելու մեջ։ Եթե Սահմանադրությունը չէ ներքին եւ արտաքին քաղաքականության հիմքը, ապա ի՞նչն է։ Ինչի՞ վրա է Փաշինյանը երդում տվել։
Փաշինյանը նաեւ վիրավորեց հայ ժողովրդին, ասելով, որ «Հայաստանում ժողովուրդը օրենքը, օրինականությունը ընկալում է որպես օտար մի բան: Ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել: Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի խորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են»:
Այ քեզ բան, ստացվում է, որ ժողովուրդը այնքան հիմար է, որ 30 տարի ապրել է մի օրենքով, որը օտարը համարում է հզոր իրավական ուժ, իսկ երկրի վարչապետը առ ոչինչ է համարում, քանի որ «եկել է եզրակացության, որ սահմանադրական հանրաքվեները կեղծվել են»։
Մեղա քեզ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: