Ասում են՝ հակառակ դեպքում հայ ժողովրդին կբնաջնջեն, պատերազմ կլինի, բոլորին կսպանեն։ Սա պրիմիտիվ ու կեղտոտ խաղ է

  • 15:14 08.05.2024

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ են ցույց տալիս գործընթացները, եվրոպական ու ամերիկյան հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունները չկա՞ն, արդյոք ՌԴ հովանու ներքո՞ է այսպես կոչված սահմանազատման գործընթացը տեղի ունենում։ Այս համատեքստում կան տեղեկություններ, որ հնարավոր է ռուս սահմանապահները կանգնեն Տավուշի հատվածում։

-Փաստն այն է, որ Ալմաթիում մայիսի 10-ին պետք է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ քննարկեն «խաղաղության պայմանագրի» կնքման հարցերը։ Այս պահին այդ գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն դժվար է անել։ Իսկ ինչ վերաբերում է Տավուշում կատարվող իրադարձություններին, ես արդեն ասել եմ, որ սահմանազատման ու սահմանագծման միջազգային կարգ գոյություն ունի։ Այն, ինչ կատարվում է այնտեղ, միջազգային կարգի հետո որեւէ առնչություն չունի, դա այլ քաղաքական նպատակներ հետապնդող գործընթաց է։

Ինչ վերաբերում է արեւմտյան հարթակին, եթե նկատել եք, ապրիլի 5-ի հանդիպումից հետո առահասարակ լռություն է տիրում, ո՛չ ԱՄՆ, ո՛չ եվրոպացի պաշտոնյաները չեն արտահայտվում։ Հասկանալի է, որ ապրիլի 5-ին ինչ-որ կարեւոր հանդիպում էր, որի հետեւանքները եւ բանակցային գործընթացի վրա արտացոլում կունենան, եւ այլ գործընթացների վրա։ Իմ կարծիքով՝ ապրիլի 5-ին չեն արդարացվել այն սպասումները, որոնք կային։ Եվ հիմա ինչ-որ մի գործընթաց է, Հայաստանի իշխանությունները ժամկետ են հնչեցրել, որ մինչեւ նոյեմբեր պատրաստ են «խաղաղության պայմանագիր» կնքել։ Նաեւ Բրիտանիայի արտգործնախարարն էր այդպիսի տեղեկություն տարածել, որ ակնկալում են՝ Ադրբեջանը մինչեւ տարվա վերջ կհամաձայնվի «խաղաղության պայմանագիր» կնքելուն։ Դրանից ավելի որեւէ տեղեկություն չկա։

Նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպումը, հնարավո՞ր է քննարկվի նաեւ Տավուշում ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը։

-Գործընթացներն այս պահին ցույց են տալիս, որ Տավուշում Հայաստանի բանակը միակողմանի իր ուժերը հետ է քաշել շփման գծից։ Եվ հայտնի է, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է իրականացվել միջազգային սկզբունքի եւ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Իմ կարծիքով՝ դա մանիպուլյացիա է, որովհետեւ ի սկզբանե սահմանի դելիմիտացիայի հարցում այլ ելակետ, բացի նախկին խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի վարչական սահմանները, չէր էլ կարող լինել։

Ես այսպես եմ գնահատում իրավիճակը՝ եղած հայտարարություններից պարզ է, որ մինչեւ նոյեմբեր «խաղաղության պայմանագիր» չի լինի, պարզ է, որ պատերազմի սպառնալիքն օգտագործվում է հենց Փաշինյանի կողմից՝ որպես գործիք հայ ժողովրդի դեմ՝ միակողմանի զիջումները հիմնավորելու համար։ Ադրբեջանն իր նախապայմանները հնչեցրել է՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, պետական զինանշանը, դեպի Նախիջեւան միջանցք տրամադրել։ Իշխանությունների բռնած ճանապարհն էլ վկայում է, որ իրենք այդ նախապայմաններն ընդունում են «խաղաղության պայմանագիր» կնքելու համար եւ պատերազմի սպառնալիքն օգտագործում են ընդդիմախոսների դեմ, որոնք ասում են՝ ինչո՞ւ միջազգային կարգը չի պահպանվում։ Տեսնում ենք, որ բարձրացված բոլոր հարցերը մեկ պատասխան ունեն՝ ասում են՝ հակառակ դեպքում հայ ժողովրդին կբնաջնջեն, պատերազմ կլինի, բոլորին կսպանեն։ Սա պրիմիտիվ ու կեղտոտ խաղ է՝ ուղղված հայ ժողովրդի դեմ։

Նաեւ Փաշինյանի վերջին ասուլիսից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը մերժում է Եվրամիության կազմ մտնելու առաջարկը։ Այսպես կոչված եվրոնիկոլական քարոզիչները փորձում են տարածել տեղեկություն, որ այդպիսի առաջարկ չի եղել, որ Եվրախորհրդարանի բանաձեւը սուտ բան է։ Եվ ասում են, որ Հայաստանը պետք է ընդունի Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները՝ տարածաշրջանում «3+3», իրականում «2+2»՝ Թուրքիա-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով գոյատեւելու համար՝ հանուն «բարեկեցության»։ Բանաձեւը սա է, հակառակ դեպքում հայ ժողովրդին սպառնում են, որ բոլորին կսպանեն։

Ռոզա Հովհաննիսյան