Սարգիսի որդի Պալասանի տապանաքարը․ Քաշաթաղ

  • 17:47 08.05.2024

Սարգիսի որդի Պալասանի տապանաքարը, թվագրված հայոց ՌՃԼԲ, մեր թվարկության 1683 թվականով, կանգնեցվել է Քաշաթաղի Ղուշչի գյուղում։ Թե ովքե՞ր են հայր և որդի Սարգիսն ու Պալասանը, հայտնի չէ, բայց որ նրանք այդ գյուղի բնակիչներ էին ու հիշատակի քար են թողել հայրենի բնօրրանում, դա միանշանակ։ Անշուշտ կհայտնվի մեկը, դժբախտաբար նաև հայտնվել է, և անգրագետ գոռոզությամբ կհարցնի, ի՞նչ կապ ունի Ղուշչին մեր Հայրենիքի հետ։

ԱՀ Քաշաթաղի շրջանի Ղուշչի գյուղը գտնվում է Միրիկ գյուղից հարավ, Աղավնո գետի աջափնյա ձորակում։ Քանի որ վերջինս ավերված ու անմարդաբանակ էր, տարածքը ներառված է Միրիկի համայնքի մեջ։ Իսկ նախկինում այն Սյունիքի Աղահեջք գավառի մաս էր կազմում։ Գյուղը նույն անունով առաջին անգամ հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի մոտ, որպես Տաթևի վանքին հարկատու գյուղ։

Իսկ Քրիստինե Կոստիկյանի հայտնաբերած 1691/92թ. պարսկերէն փաստաթղթում հանդիպում ենք Քուշթասիֆի (Քաշաթաղ գավառը Սեֆյան Իրանի վարչական անվանակարգում) 13 գյուղանունների հիշատակում, որոնք համահունչ են նոյն ժամանակի (17 դ. վերջ – 18դ. սկզբներ) արձանագրված Քաշաթաղ գավառի Տաթևի վանքապատկան գյուղանունների հետ, որտեղ ի շարս այլ գյուղանունների հիշատակված է նաև Ղուշչին։

Ղուշչի գյուղի տարածքը հարուստ է թե հնագիտական և թե պատմաճարտարապետական հուշարձաններով՝ եկեղեցի, ամրոց, դամբարանադաշտ։ Ամենահայտնին 12-13-րդ դդ Մկնատամի խաչ եկեղեցին է։

Երբ մահմեդական քոչվոր, ավարառու  ժողովուրդները ասպատակեցին այս տարածաշրջանը, բնիկները սկսեցին դուրս մղվել, իսկ նրանց թողած հոգևոր–մշակութային ու պատմական ժառանգությունը ավերվել բարբարոսների կողմից։

19-րդ դարի վերջերին Աղավնոի հովիտ այցելած Երվանդ Լալայանը արձանագրել  է․ Չրախլուի եկեղեցիները խոտանոցներ են դարձած, Կատոսի, Սունասարի եկեղեցիները իբր փարախ կամ գոմ են ծառայում։

Իսկ խաչքարերն ու տապանաքարերը ծառայում էին որպես շինանյութ՝ տարբեր մահմեդական ժողովուրդներից կերտված ադրբեջանցիների համար։ Դրանց տան պատերին հաճախ ենք հանդիպում խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ։

Իսկ ահա Սարգիսի որդի Պալասանի «բախտը բերել է», նրա պատկերաքանդակ ու արձանագիր տապանաքարը չի ջարդվել, ամբողջական է օգտագործվել, որպես շինանյութ։  Ու դարեր անց տարածք վերադարձած տերերը պիտի գտնեին այն ու իմանային, որ շատ տարիներ առաջ, այստեղ ապրել են Սարգիսն ու իր որդի Պալասանը ու օղորմի ասեն։ Տապանաքարի ճակատագիրը անհայտ է։

Արմինե Հայրապետյան