Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց հաստատ նա Շուշիում չէ

  • 22:20 08.05.2024

Այդ մասին «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, պատասխանելով հարցին, թե ո՞ւր է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը։

“Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ”։

Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը գնացել է Շուշի։ Ֆրանսիայի դեսպանը փաստորեն ասում է, որ Փարիզը իր դիրքորոշումը չի փոխել եւ չի ճանաչում ուժի կիռարմամբ Արցախի զավթումը։ Դեսպանի խոսքերի մեջ նաեւ կշտամբանք կա Հայաստանի եւ ԱՄՆ-ի հանդեպ, որոնք, փաստորեն, զիջեցին ռուս-թուրքական տանդեմին։ Դրա վկայությունը՝ մայիսի 10-ին Ալմաթիյում նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումն է։ Եւ այն, որ Հայաստանը, փաստորեն, էլ չի իշատակում Ալմաթիի հռչակագիրը։

Օլիվյե Դեկոտինյին ասաց․ “Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին”։

Նա չնշեց, որ Ալիեւը Մոսկվա գնալուց հետո հրաժարվեց Ալմաթիի հռչակագրից, եւ Հայաստանի վարչապետը վերջին ասուլիսում եւս չխոսեց այդ հռչակագրից։

Ֆրանսիայի դեսպանը, օրինակ բերելով սեփական երկիրը, փաստորեն ասաց, որ եթե Հայաստանը նույնիսկ զենք ունենա, հաջողության համար դոկտրին է պետք։ Նա ակնարկեց, որ Հայաստանը չունի հաղթանակի դոկտրին։

“Հայաստանը մի երկիր է, որի տարածքը մասամբ օկուպացված է, և որին սպառնում են տարածաշրջանային տերությունները”, ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ “Ֆրանսիան երեք անգամ Անվտանգության խորհրդում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցը՝ ինչպես շրջափակման ժամանակ, այնպես էլ Ադրբեջանի հարձակումից հետո: Անվտանգության խորհրդում մեկ երկիր, Անվտանգության խորհրդի մեկ մշտական անդամ, ինչպես Ֆրանսիան, կարող է արգելափակել տեքստը, բայց մի երկիր չի կարող տեքստ պարտադրել։ Չկար մեծամասնություն, որ առաջ գնար քվեարկությանը։ Վետոյի իրավունք ունեցող երկրներից ոչ բոլորն են կիսում իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետը”։

Դեսպանի հարցազրույցը տեղի է ունենում մի քանի կարեւոր իրադարձությունների ֆոնին․ նախագահ Մակրոնը եվրոպական անվտանգության նոր եւ ավելի համարձակ դոկտրին է առաջարկում, Մոսկվան ու Անկարան շտապեցնում են Երեւանին եւ Բաքվին, հասկանալով իրենց խոցելիությունը, Հայաստանում բողոքի բավական ծանրակիռ գործընթաց է սկսել։ Ինչպե՞ս կգործի Փարիզը։

Նաիրա Հայրումյան