Երևի բոլորը կփաստեն, որ Արցախում ամենասիրված և սպասված տոնը մայիսի 9 էր՝ եռատոնը:
Եռատոնից առաջ սկսվում էր քաղաքի բարեկարգումը՝ փոսալցում և հայտնի «դեղին զեբր»-երի վերաներկում: Իսկ Ստեփանակերտի «մոստին իրա» եռատոնին նվիրված մեծ պաստառներ էին կախում:
Չնայած, որ մայիսի 9 ոչ աշխատանքային էր, ամբողջ քաղաքը զարթնում էր ժամը 9-ին, որովհետև ժամը 10-ին հրապարակում շքերթ է լինելու:
Մեր բակի Կոլյա պապիկը հագնում էր իր կոստյումը, կախում շքանշանները և այդ օրը այլևս չէր հանում: Իսկ մեր ներքևի բակում մի պապիկ կար, ով Թամանյան դիվիզիայում էր, հայտնի պապիկ էր:
Շքերթից հետո անպայման այցելում էինք եղբայրական գերեզմանը: Սկզբից դասարանցիների, հետո արդեն կուրսեցիների հետ քայլելով հասնում էինք ավտոկայան, աչքերով փնտրում կապույտ ավտոբուսները. այդ օրը կապույտ ավտոբուսները սովորականից շատ էին, որովհետև կապույտ ավտոբուսները տանում էին Շուշի:
Այդ օրը բոլոր ճանապարհները տանում էին Շուշի:
Մենք սիրում էինք Շուշին և ոչ միայն մայիսի 9-ին, մենք սիրում էինք քայլել նեղլիկ պատմական փողոցներով, սիրում էինք Ջդրդուզի ֆոնին նկարվել: Հետո սիրում էինք անցնել պատմական շինությունների մոտով և մրցել, թե ով ավելի շատ տեղեկություն ունի այս կամ այն շինության մասին:
Այդ օրերին շատ բազմամարդ էր՝ ցուցահանդեսներ, ասֆալտին գույնզգույն կավիճներով նկարող երեխաներ, ժենգյալով հաց թխող տատիկներ:
Իսկ օրը վերջանում էր Ստեփանակերտում՝ համերգ, “քաղցր բամբակ”, որից հետո կարելի էր ձեռքերը լվալ «պիտաչոկի պուլպուլակներում»:
Այդ օրը նաև շատ հայտնի աստղեր էին գալիս, և մենք գիտեինք, որ ժամը 10-ին անպայման հրավառություն էր լինելու:
Արդեն 3 տարի է էլ չենք սպասում տոնի, նույնիսկ շատերը ուզում են, որ այդ օրը արագ անցնի, քանի որ կապույտ ավտոբուսները այլևս Շուշի չեն տանում, պաստառներ չեն կախվում, հրապարակում էլ համերգ չի լինում, իսկ հրավառությունները ավելի շատ տխրեցնում են, ջղայնացնում, քան ուրախացնում: