Հովիկ Ավանեսով․ բոլորի պարտքն է խոսել Շուշիի ազատագրման օրվա, ունեցած քաղաքակրթական նշանակության մասին

  • 16:23 09.05.2024

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձել է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման ադրբեջանական քաղաքականությանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի հանցավոր ռեժիմի կողմից ոչ միայն ոչնչացվում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ հիմնովին ավերվում են բնակավայրեր։ Դրա վառ ապացույցը հերոսական Քարին տակ գյուղի հիմնահատակ ավերումն է։

«Եվ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել հայկական հետքն ամբողջ Արցախի տարածքում։ Սա այլ բան, քան մշակութային ցեղասպանություն, մենք չենք կարող անվանել։ Ոչնչացնելով եւ Շուշիում, եւ ամբողջ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը ոչնչացնում է համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող արժեքներ»,- ասաց նա։

Ըստ Ավանեսովի՝ Ադրբեջանը Շուշիի պատմության հայկական ծագումնաբանությունը հերքում է ու այն ներկայացնում որպես «իսլամական աշխարհի մշակութային կենտրոն»։ «Սրանով սկիզբ է դրվում Արցախի պատմական հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը»,- ասաց նա։

Հովիկ Ավանեսովը նշեց, որ Ադրբեջանի այս քաղաքականությանը միջազգային տարբեր կազմակերպություններ ու տարբեր երկրների ղեկավարներ ոչ միայն չեն հակազդում, այլ նաեւ մասնակցում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ այդ հանցագործ տարրերի կողմից Արցախի օկուպացված տարածքներում կազմակերպվող միջացառումներին։

«Եվ այստեղ մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ այն երկրների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնաները, ովքեր ապօրինի կերպով այցելում են օկուպացված բնակավայրեր եւ քայլում են այն վայրերով, որտեղ նախկինում եղել են մշակութային արժեքներ, որոնք հիմա լիովին ոչնչացված են, դառնում են Ադրբեջանի մշակութային ցեղասպան քաղաքականության հանցակիցները։ Եվ հավասար պատասխանատվություն պետք է կրեն այդ մշակութային արժեքների ոչնչացման համար, քանի որ Միազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն՝  մշակութային ժառանգության յուրացումն ու ոչնչացումը մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություն է համարվում եւ որակվում է որպես ռազմական հանցագործություն։ Նման ոտնձգությունը մշակութային արժեքների նկատմամբ ռազմական հանցագործություն է եւ չունի վաղեմության ժամկետ»,- ասաց նա։

Ավանեոսվի խոսքով՝ դեռեւս 1920 թվականի մարտի 23-ին, երբ Շուշիում իրականացվեց ցեղասպանություն, սկսեցին ոչնչացնել նաեւ հայկական մշակութային ժառանգությունը: «Սա Ադրբեջանի քաղաքականությունն է, եւ այդ արհեստածին կազմավորումը իր ձեւավորման առաջին օրերից սկսած՝ 1918 թվականից որդեգրել էր հայկական մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման քաղաքականություն, որն էլ համարվում է ադրբեջանական հակահայկական քաղաքականության մաս։ Սա 1915 թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն էր, հետագայում եւս մենք նման ցեղասպանական քաղաքականության ականատես եղանք: Դա հետեւանքն է այն բանի, որ 1915 թ. Հայերի ցեղասպանությունն արժանի իրավական գնահատական չի ստացել, իրականացնողները չեն պատժվել։ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման քաղաքականությունը Ադրբեջանը շարունակեց նաեւ Խորհրդային շրջանում»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից հետ Շուշի բերդաքաղաքն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, բայց մեզնից յուրաքանչյուրի պարտքն է անընդհատ խոսել Շուշիի, նրա ազատագրման օրվա, ունեցած պատմական նշանակության մասին։

f