Ամենադժվարը փոքր տղայիս հարցին պատասխանելն է․ երբ է իմ հայրիկը դիրքերից տուն գալու․․․

  • 22:08 09.05.2024

Տիգրանը տարիներ առաջ էր տեղափոխվել մելիքանիստ Ավետարանոցից, ընտանիք կազմել ու բնակություն հաստատել Ասկերան քաղաքում։ Բարի, ազնիվ ու համեստ երիտասարդը անմիջապես գրավել է բոլորի սերն ու հարգանքը։

Տիգրանի բազմաթիվ մարդկային արժեքների մեջ առանձնանում էր հայրենասիրությունը։ Պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո ծառայության է անցել ԱՀ ՊԲ շարքերում։ Որպես պայմանագրային զինծառայող` հրետանային Դ 20-ի ավագ սերժանտն էր: Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտական ծառայության մեջ էր։

-Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, նախ իջանք մեր շենքի ապաստարանը, ապա ասացին, որ մեզ տեղափոխելու են Ստեփանակերտի օդանավակայան՝ ասելով, որ այնտեղ ավելի ապահով է։ Ամուսինս դիրքերում, ես՝ երեք երեխաներիս հետ մենակ։ Բոլորի հետ մենք ևս գնացինք օդանավակայան։ Մեքենան վարում էր դպրոցահասակ տղաս։ Դժվար է նկարագրել օդանավակայանի վիճակը, մարդկանց ապրումները։ Հրետակոծությունների ահավոր ձայները միայն վատն էին հուշում։ Հասկանում էի, որ ամեն մի զարկի հետ ընդհատվում է ինչ-որ մեկի կյանքը։ Ի՞նչ իմանայի, որ օրվա վերջում կլսեմ ամենաահավորը։

Եկան, ասացին, որ զոհվել է Տիգրանը։ Չէի ուզում հավատալ։ Մարդիկ հերթով մոտենում, ցավակցում էին մեզ, երեխաներս մնացել էին քարացած։ Զոհերն այնքան շատ էին, որ դագաղ չէինք գտնում ու Տիգրանին հուղարկավորեցինք սեպտեմբերի 24-ին։ Իսկ հաջորդ օրը՝ սարսափելի պայթյունից հետո, հեռացանք Արցախից։

Ավելի քան 40 ժամ ճանապարհ ենք անցել, և այդ ընթացում իմ գլխում լոկ մի միտք էր․ Տիգրանը մնաց առանց մեզ,-պատմում է Տիգրանի կինը՝ Լիանան ու շարունակում։ – Աղջիկս անվճար հիմունքներով սովորում է ԵՊՀ-ում, ավագ որդիս՝ ավագ դպրոցում, միաժամանակ հաճախում է “Թումո” տեխնոլոգիական կենտրոն, իսկ փոքրս գնում է մանկապարտեզ։ Իհարկե, շատ դժվար է՝ հաշվի առնելով, որ դեռևս չեմ աշխատում ու տների վարձավճարները շատ բարձր են։ Արդեն երկու բնակարան ենք փոխել ու այս պահին ևս փնտրում ենք մի քիչ ցածր վարձավճարով տուն։

Ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսել եմ որպես զոհվածի այրի նպաստ ստանալ։ Ամուսինս թեև ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն շարունակում է օգնել մեզ։ Ամուսնուս և իմ հարազատները մեզ մենակ չեն թողնում, նրանք ջերմությամբ են շրջապատում երեխաներիս, սփոփում են մեր ցավը։

Բայց ամենադժվարն այն է, որ չեմ կարողանում փոքրիկ Ալեքսանդրիս պատասխանել, երբ ասում է․ “Բա որ հայրիկը դիրքերից գա ու տեսնի մեր տան դուռը փակ, ու մենք տանը չենք։ Մի՞թե նա չի նեղանա։ Իսկ ինչո՞ւ մանկապարտեզում բոլորը հայրիկ ունեն, իսկ ես՝ ոչ։ Նա ե՞րբ է գալու դիրքերից””․․․

Սրբավայր Արցախում Տիգրանը հավերժ քնով քնած է իր բախտակից ընկերների հետ։ Այսօր ձեր տոնն է, տղանե՛ր։ Փա՜ռք բոլորիդ, հավերժ խնկարկում ձեր հիշատակին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f