Քաղաքացիները փակել են Ազատության պողոտան: Անհնազանդության ակցիայի մասնակիցները բարձրախոսով դիմելով վարորդներին՝ հայտարարում են. «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր հայրենիքն են հանձնում: Դուք ասում եք՝ աշխատանքի ենք գնում: Վաղը այդ աշխատանքը չեք ունենալու: Միացեք անհնազանդության ակցիաներին»:
Նշենք, որ փողոցներ են փակվել նաեւ այլ վայրերում, այդ թվում մարզերում: Մասնավորապես, այս պահին փակվել է Երեւան-Արարատ ճանապարհը: Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, քաղաքացիները չեն համաձայնում:
«Ուսանող ոտքի» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի և Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու կոչեր են անում: Ուսանողները շրջում են համալսարանի միջանցքով ու դասին մասնակցող սակավաթիվ ուսանողներին հորդորում միանալ իրենց:
«Մենք համալսարանականներ ենք, բոլորս մի համայնքի մաս ենք: Մենք խնդրում ենք, որ ունենաք դիրքորոշում, անտարբեր չլինեք»,- դիմելով ուսանողներին` նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Հակոբյանը: ԵՊՀ ուսանողական խորհրդից NEWS.am-ին հայտնեցին, որ միացել են շարժմանը:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ և ֆակուլտետում դաս չկա:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: