Գերի չհանձնված Իգորի շիրիմը գերված է թուրքի կողմից․․․

  • 12:14 10.05.2024

1992 թվականի մայիսի 9-ի հաղթանակի ցնծությունը երկար չտևեց կարմիրավանցի Հասրաթյանների ընտանիքում։ Մայիսի 10-ին, երբ Շուշիի կորստից գազազած թշնամին խոշոր հարձակում էր սկսել Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ, Հասրաթյանների մինուճար որդին դիրքերում կռիվ էր տալիս Հայրենիքի ամեն մի կտոր հողի համար։

Շուշիի հաղթանակով ցնծացող ժողովրդի մի մասը այդ օրը նույնիսկ չնկատեց, որ որդիները կյանքի գնով պաշտպանում են նաև իրենց ուրախությունը, որ այդ կյանքին սիրահարված տղաները ժամանակ անգամ չունեցան վայելելու հաղթանակի բերկրանքը, Շուշիի ազատագրման երազանքը և առհասարակ Հայրենիքի ազատագրման երազանքը, որը Իգորի համար, ինչպես հայրը՝ Ալեքսանդր Հասրաթյանն է ասում, երազ մնաց։

Իգորը անանձնական երազանքի հետ նաև անձնականն ուներ, շատ էր ուզում խորանալ պատմություն, իրավագիտություն ու փիլիսոփայություն գիտությունների մեջ, իսկ գիտականի համար ընտրել էր «Մխիթար Գոշ» թեման։ Ասում էր՝ մինչև 25 տարեկանս ինձ կճանաչի ամբողջ հայությունը, իսկ 30-ից հետո աշխարհը։ Բայց ընդամենը 18 տարեկան էր, որ հայությունը ճանաչեց ցեղակրոն Իգորին։

18 տարեկանում նա հասցրել է անտիպ գիրք թողել, որը հետագայում տպագրվեց ծնողների ջանքերով։ Գիրքն այդ կոչվում է «Զվարթ գիտության», որում ներկայացված է 18 ամյա պատանու, բայց կայացած գիտնականի փիլիսոփայական խոհերն ու ընկալումները։

Սիրած աղջիկ էլ ուներ․․․ նախատեսում էր առնվազն 10 երեխա ունենալ, որից 4-ին անվանակոչելու էր մայրը՝ տիկին Լարիսան։ Քաջածին մայրն արդեն ընտրած անուններ ուներ իր չծված թոռներին․ Անդրանիկ, Մխիթար, Սրբուհի, Թագուհի․․․

17-ամյա Իգորը հիանալի գաղափարախոս, հռետոր ու բանակցող էր։ Այն դժվարին տարիներին հաճախ էր խորհրդային բանակի զինվորների հետ լեզու գտնելով, վտանգավոր բեռ տեղափոխում Արցախի նեղության մեջ հայտնված բնակավայրերին, Կարաչինարից-Ղազանչի, Հովսեփավանից – Չլդրան-Կարմիրավան-Վաղուհաս։ Նա գիտեր, ինչպես բոցավառել սրտերը։ Իսկ ծնողները կարծում էին՝ որդին դասերի է Արցախի պետական համալսարանի պատմության բաժնում, որը ընդունվելուց ձեռք էր բերել հանճարեղ պատանի մականունը, դասախոս Շահեն Աբրահամյանի կողմից։

Մի անգամ ԱրՊՀ հայոց պատմության դասախոս, ԼՂՀ գերագույն խորհրդի քարտուղար, պ․գ․թ․ Վլադիկ Հակոբյանից Իգորի մասին հարցրեցի, ասաց․ ֆենոմենալ պատանի էր, նա պիտի ապրեր, Իգոր Հասրաթյան գիտնականի կարիքը մեր ազգը շատ ունի, ես ինձ մեղավոր եմ զգում․․․

Մի անգամ Ալեքսանդր Հասրաթյանին հարցրեցի, իսկ չե՞ք փորձել հետ պահել նրան, Ձեր միակ որդին էր․ «մենք անշուշտ գիտակցում էինք թե ինչ վտանգների միջով է անցնում Իգորը, բայց հետ պահելու իրավունքը չունեինք, ոչ ես, ոչ Լարիսան, այդպես մենք կփոքրանայինք նրա աչքին, չէ՞ որ ազատության պայքարի կրակը նաև մենք ենք վառել։ Իգորը շատ երիտասարդ էր, այո, բայց շատ հասուն էր դատում, և մեր վերջին հանդիպմանը ասաց,- ազատությունն ու անկախությունը միշտ էլ ձեռք է բերվում ազգի նվիրյալների կյանքի գնով, եթե հանկարծ․․․չափսոսաք, կհպարտանաք․․․»

1992 թվականի մայիսի 9-ին Իգորի վերջին ընթրիքն էր տղաների հետ Սառնաղբյուր գյուղում։ Ներկա էին նաև գյուղացիներ և Իգորի շատ սիրելի Մարուսյա տատիկը, ով նրա համար միշտ գրպանում շաքար էր պահում, ինչի համար Շաքար տատիկ էր կոչվում։ Այդ օրը Մարուսյա տատիկը վերջին անգամ շաքարով թեյ հյուրասիրեց Իգորին ու անընդհատ հորդորեց զգույշ լինել, միգուցե վատ կանխազգացում ուներ, ո՞վ գիտե։

Մայիսի  10-ին գազազած թշնամին 33 տանկով, 60-ից ավել զրահամեքենայով ու բազմաքանակ հետևակով լայնածավալ հարձակում սկսեց Սառնաղբյուրի ուղղությամբ, նրանց դեմ կանգնել էին 17 վահագնածին ցեղակրոն տղաները։

Անհավասար մարտը տևեց 13 ժամ։ Տղաներին երկու անգամ հաջողվեց հետ մղել թշնամուն։ Պաշտպանական ջոկատը արյունաքամ էր լինում, դիմադրելն անհնար էր, հրամայվեց նահանջել։ Իգորը չենթարկվեց նահանջի հրամանին։ – Ես կպահեմ, դուք հետ քաշվեք սարի մյուս կողմը։ Մարտադաշտում Իգորը մեն–մենակ մարտնչեց իրեն շրջապատած թշնամու դեմ։ Երբ փակաղակում մնացել էր վերջին փամփուշտը կանչեց տղաների հետևից,- հայտնեք հորս ու մորս, որ ինձ թուրքը չի սպանել, ու կրակեց սրտին։

18-ամյա ցեղամարդը թույլ չտվեց, որ թուրքն իրեն գերեվարի կամ սպանի, բայց այսօր նրա շիրիմը գերված է հայրենի հողում, այն հողում, որի համար կյանքը չի խնայել Իգորը, ով Միացյալ ու Անկախ Հայաստանի մեծ երազն էր կրում իր սրտում։ Նպատակ ուներ հասնել Վան ու իր հաղթանդամ բազուկներով ջուրը ճողփելով մոտենալ Ախթամարին․․․

2005 թվականին, երբ Արևմտյան Հայաստան պիտի գնայի, տիկին Լարիսան ասաց, մի մեծ խնդրանք ունեմ, Վանա լճից մի քիչ ջուր կբերես, տանեմ Իգորին, նրա երազանքը չիրականացավ, Վան չհասավ․․․

2023 թվականի սեպտեմբերի 7-ին Իգորը կդառնար 50 տարեկան։ Մայր ԲՈՒՀ-ը ծրագրել էր նշել իր գիտնական-ուսանողի 50-ամյակը, հիշել ու կրկին դաս առնել Իգորից, թե ինչպես հաղթահարել անհաղթահարելին։ Շրջափակում էր, խնդիրները շատ, ծննդյան ու հիշատակի օրվան նվիրված միջոցառումը հետաձվեց ու մնաց անկատար․․․

Ինքը Վան չհասավ, իսկ ապիկարների պատճառով այսօր անհասանելի է նրա գերեզմանը։ Իգորը ամփոփված է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում, իր հին ու նոր, ծանոթ-անծանոթ մարտական ընկերների հետ։ Մի առիթով տիկին Լարիսան ասել էր,- իմ դարդն անտանելի է, նույնիսկ մեռնելուց հետո երեխուս մոտ չեմ լինելու․․․Հիմա ինչքա՞ն մեծ է դարդն ու ցավը, որ նույնիսկ կենդանության օրոք չի կարողանում հասնել որդու սրբացած շիրիմին։

Ցավը խեղդելով ասում է, «ես հո գիտեմ, որ երեխուս գերեզմանը քանդելու են, ուղղակի երանի մենք դա չտեսնենք»․․

Իսկ որոշ, կներեք բառիս համար, անմեղսունակներ, հորդորում են ուրախանալ 50 մետրի վրա ադրբեջանցի տեսնելուց։ Ցավն այո տիրոջն է ցավ տալիս, բայց բանական մարդը կարողանում է գոնե պատկերացնել ցավի խորությունն ու համապատասխան վարք ցուցաբերել։ 87-ամյա պատմության ուսուցիչ Ալեքսանդր Հասրաթյանը  ցավը  խեղդելով պիտի հիշատակի գիրք գրեր Արցախը հիշատակ թողած որդու մասին, որ սերունդները Հայրենիքն ավելի շատ սիրեն ու բարձր գնահատեն․․․ ակամայից Թումանյանին հիշեցի․ Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Իգորի մասին հնարավոր չէ գրել, Իգորի մասին պետք է լսել, Իգորին պետք է լսել, որ նրա ու մարտական ընկերների թանկ շիրիմները գերի չմնան։

Արմինե Հայրապետյան

f