Միրզոյան-Բայրամով հանդիպումը, դու մի ասա, 2 օր կտեւեն

  • 18:00 10.05.2024

Մայիսի 10-ին Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները՝ Ղազախստանի նախարար Մուրատ Նուրթլեուի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»։

Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Казахстан-ը։

«Վստահ եմ, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն, և մենք կկարողանանք արդյունավետ աշխատել առաջիկա երկու օրվա ընթացքում՝ առկա բաց հարցերի լուծումներ գտնելու համար», – ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրության ստորագրումն է, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացին։ Բաքվում, նրա խոսքով, հատուկ ուշադրություն են դարձնում այս գործընթացին։

Բայրամովը հավելել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տարածքները, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։ Այս հատվածում սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է։