ԱՄՆ հասկանում է, որ Նիկոլը շարունակում է մնալ Մոսկվայի դաշտում, առ այսօր որեւէ ռեալ քայլ չի արել դեպի Արեւմուտք

  • 20:23 10.05.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացն իրականացվելու է խորհրդային շրջանի վերջին քարտեզներով, բայց միաժամանակ երաշխիք չի տալիս, որ պատերազմ չի լինի։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, Հայաստանի տարածքները զիջվում են թշնամուն, բայց պատերազմ լինելո՞ւ է։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է, որ եթե տարածքները չհանձնի, պատերազմ կլինի։

– Հիմա պատերազմի սպառնալիքը չկա, գուցե նոյեմբեր ամսից հետո իրավիճակը սրվի։ Երկրորդ, այս քաղաքականությունը, որն ինքը վարում է, պատերազմը չի չեզոքացնում։ Պարզապես սրանով մենք թուրքերի համար ստեղծում ենք ավելի նպաստավոր ռազմաքաղաքական հիմքեր՝ հաջորդ պատերազմի համար։ Ռազմականը այն է, որ դիրքերն ենք զիջում՝ ականազերծելով այդ տարածքները, իսկ քաղաքականն այն է, որ ընդունում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, այսինքն՝ իրենց տալիս ենք լեգիտիմ հենք՝ ասելու, որ «ազատագրել» են։ Եթե դու իր ուզածը տալիս ես, Ալիեւն ինչո՞ւ պետք է պատերազմ սկսի։ Բայց խնդիրն այն է, որ տալով՝ մենք չենք ապահովում անգամ սովետական Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը։ Ալիեւը երբեւէ չի հայտարարել, որ ինքը պատրաստ է վերադարձնել սովետական Հայաստանի տարածքից իր գրավածը։ Ինքը երբեք չի ասել, որ Ալմա-Աթայի կեղծ հռչակագիրն է հիմքը։ Կա միջգերատեսչական մի փաստաթուղթ, որը տվյալ հատվածի համար հիմք է ընդունվում։ Բայց մյուս վայրերի համար կարող են լինել այլ լուծումներ։ Այսինքն՝ եթե Ալիեւը հարմար չի գտնի սովետական վարչական գիծը սահման սարքել, ուրիշ մի բան կասի։ Իսկ մենք տեսնում ենք հստակ, որ Ալիեւը գնում է այլ տարբերակի։ Դրա համար մեզ պետք է Արեւմուտքի հետ հարաբերություններ զարգացնել, որը Նիկոլը չի կարող անել եւ չի էլ անի։

Այդ սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, կախարդական փայտիկներ չեն, որ դրանցով զսպես։ Երբ նայում ենք վերջին 20 տարվա պատերազմները Բալկաններում, Միջին Արեւելքում, ի՞նչ է, կարո՞ղ է սյուներ չկային այդ երկրների միջեւ, փաստաթղթեր չկայի՞ն ստորագրված։ Կային, բայց դա չի զսպելու։ Հետո մենք պետք է հասկանանք, որ Ալիեւն իր այս նկրտումները չի խարխսում սովետական Հայաստանի տարածքի վրա։ Եթե անգամ ինքն ընդունի սովետական Հայաստանի սահմանները, ասում է, որ այդ 300 հազար ադրբեջանցիները «բռնագաղթի են ենթարկվել, պետք է վերադառնան»։ Այսինքն՝ կա վերադարձի վտանգը, իսկ հայերը հաստատ Բաքու, Սումգայիթ կամ Գանձակ չեն վերադառնա։ Մյուս հարցն այն է, որ երբ Ալիեւն ասում է՝ «բռնագաղթի ենթարկված ադրբեջանցիներ կան», ինքը խոսում է նրանց հատուցում տալու մասին։ Ավելին, ասում է՝ նրանց անվտանգությունը պետք է ապահովեք, եթե ոչ, ապա ես եմ ապահովելու։

Մյուս հարցը հետեւյալն է՝ երբ Փաշինյանը խոսում է ԽՍՀՄ վերջին քարտեզների մասին, հարց է առաջնում՝ այդ քարտեզներն ինչո՞վ են օրինական, ի՞նչ փաստաթղթի են կցված։ Եթե քարտեզը միջազգային պայմանագրին կից չլինի, ինքը պարզապես նկար է, ոչ ավելին։ Եվ այդ քարտեզին կից անպայման պետք է լինի նկարագրություն։ Ի՞նչ հիմքով են ստեղծվել այդ «անկլավները», որեւէ մեկը կբացատրի՞։ Ի՞նչ հիմքով են ստեղծվել բաժանարար գծերը, դրա հիմքը չկա։ Մեր օրենսդրությունը հստակ ասում է, որ ՀՀ պետական սահմանը որոշվում է միջպետական պայմանագրերով եւ ՀՀ օրենքով։ Այսինքն՝ նախ պետք է ստորագրվի միջպետական պայմանագիր, դա Նիկոլի ցանկություններով չէ, միջպետական պայմանագրով պետք է ֆիքսվի։ Իսկ այսօր այս ամենը չկա, գնում ու աչքաչափով սյուներ են տեղադրում։ Այս քաղաքականությունն իր հայտարարված նպատակներին չի կարող հասնել։ Նիկոլի նպատակն իր իշխանությունը մեկ օր ավելի պահելն է։

Օրերս Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելեց օկուպացված Շուշի, չնայած մինչ այդ հայտարարվել էր, որ նա հրաժարվել էր ընդունել Ադրբեջանի հրավերն ու այցելել Շուշի։ Ի՞նչ փոխվեց մի քանի օրվա ընթացքոմ, ինչի՞ հետ է կապված ԱՄՆ դեսպանի այցը, գուցե պատճառն այն է, որ Հայաստանն Ալմա-Աթայո՞ւմ է մասնակցում բանակցությունների, իսկ Փաշինյանն էլ մեկնեց Մոսկվա։

-Շատ վստահելի աղբյուներ, մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ գործընթացի մեջ եւ իրենք դրա մասին բացահայտ խոսել են, ասել են հետեւյալը։ Երբ 2020 թվականին Ադրբեջանը հարձակվեց ու գրավեց Արցախի 3,5 հազար քկմ-ն, հետո էլ 4,5 հազարը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ԱՄՆ դիրքորոշումը հստակ է եղել, որ դա իր համար ընդունելի չէ։ Եվ հայկական կողմին առաջարկվել է, ձեւակերպումն այսպես է եղել՝ մենք գիտենք, որ դուք չեք ընդունելու այս փոփոխությունները, որովհետեւ դա խախտում է ողջ բանակցային գործընթացը, մենք այդ հարցով ձեզ կաջակցենք։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել ու ստորագրել է, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, այդ դեպքում անտրամաբանական կլիներ կարծել, որ Հայաստանը Շուշին ճանաչում է Ադրբեջանի մաս, իսկ ԱՄՆ-ն չի՞ ճանաչում։ Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը չէր գնում օկուպացված տարածքներ, հիմա դա իներցիայով շարունակվում է, եւ հիմա դա ուղղակի վերատեսության ենթարկվեց, այո, գուցե նաեւ այն պատճառով, որ Նիկոլից հույսը կտրեցին։

Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջան, հետեւաբար, ԱՄՆ-ն չի կարող այլ դիրքորոշում ունենալ։ Երկրորդ, այո, իրենք հասկանում են, որ Նիկոլը շարունակում է մնալ Մոսկվայի դաշտում, առ այսօր որեւէ ռեալ քայլ չի արել դեպի Արեւմուտք։

Ռոզա Հովհաննիսյան